Աղոթքի ուժը – Գրադարան – Mashtoz.org

Աղոթքի ուժը

316. Մեծ Պահքի շրջանն էր. այնժամ զբաղվում էի միայն մի նորընծայով[1], որ գտնվում էր այստեղ և որի «հրեշտակն»[2] էի: Մի առավոտ սենյակս եկավ, ամբողջովին ուրախություն էր ճառագայթում. «Ա՜հ, եթե իմանայիք», ասաց, «թե այս գիշեր ի՛նչ երազ տեսա: Քրոջս մոտ էի և աշխատում էի անջատել նրան բոլոր ունայնություններից, որոնք նրան շատ հաճելի են, և այդ նպատակով բացատրում էի նրան Ձեր «Ապրել սիրելով»[3] բանաստեղծության այս տողը. “Սիրել Քեզ, Հիսո՜ւս, ի՜նչ կորուստ շահավետ: Իմ բոլոր արժանիքները Քոնն են, ընդմիշտ”: Զգում էի, որ խոսքերս թափանցում էին նրա հոգու խորքերը, և ես ուրախությունիցս հափշտակված էի: Այսօր առավոտյան արթնանալով իսկույն մտածեցի, որ Տերը թերևս կամենում է, որ Իրեն նվիրեմ այդ հոգին: Ի՞նչ եք կարծում, գրե՞մ նրան Մեծ Պահքից հետո, պատմեմ նրան երազս ու ասեմ, որ Հիսուսը կամենում է ամբողջովին Իր մոտ ունենալ իրեն»:

Ես առանց երկար մտածելու պատասխանեցի, թե կարող էր փորձել, բայց նախ պետք է թույլտվություն խնդրեինք մեր Մորից: Քանի որ Մեծ Պահքը դեռ բավական հեռու էր վերջանալուց, Դուք, Մայր իմ, անակնկալի եկաք մեր տարաժամ խնդրանքին ի լուր, և, անկասկած Տիրոջից ներշնչված, պատասխանեցիք, որ կարմեղականները հոգիներին փրկում են ո՛չ թե նամակներով, այլ՝ աղոթքներով:

Ձեր որոշումը լսելով իսկույն հասկացա, որ Հիսուսն Ինքն էր խոսողը, և ասացի Քույր Մարիային. «Հարկավոր է, որ գործի անցնենք, շա՛տ աղոթենք: Ի՜նչ ուրախություն կլինի մեր համար, եթե Աստված ընդունի մեր աղոթքները»: Ա՜հ, որքա՜ն անսահման է Տիրոջ ողորմությունը. Նրան հաճելի եղավ ի կատար ածել Իր դուստրերի խնդրանքը: Մեծ Պահքի վերջավորությանը մի հոգի ևս ընծայվում էր Տիրոջը: Շնորհի իրական հրաշքներից մեկն էր, խոնարհ նորընծայուհու ջերմեռանդ աղոթքների միջոցով ստացված:

 

317. Քանի՜ցս մեծ է, ուրեմն, աղոթքի ուժը: Այն կարելի է համեմատել թագուհու հետ, որն ամեն վայրկյան ազատ մուտք ունի թագավորի մոտ, և որ կարող է ստանալ այն ամենն, ինչ խնդրում է: Եվ որպեսզի Աստված ընդունի մեր աղոթքը, անհրաժեշտ պայման չէ տվյալ իրավիճակի համար շարադրված գեղեցիկ աղոթք-բանաձևերի ընթերցումը աղոթագրքերից մեկում. եթե այդպես լիներ, ավա՜ղ, ինչպիսի՜ թշվառ ու ողորմելի վիճակում կհայտնվեի ես:

Ժամերգություններից բացի, որոնք կատարում եմ անարժան լինելով հանդերձ, քաջությունը չունեմ ստիպելու ինձ՝ գեղեցիկ աղոթքներ փնտրել գրքերում: Դա ինձ գլխացավ է պատճառում, որովհետև շարադրված աղոթքներն այնքա՜ն շատ են, ինչպես նաև՝ բոլորն էլ գեղեցիկ են, մեկը մյուսից ավելի:

Չեմ կարող ընթերցել դրանք բոլորը և, չիմանալով թե ո՛րն ընտրեմ, վարվում եմ ինչպես մանուկները, որոնք կարդալ չգիտեն: Ասում եմ մարդասերն Աստծուն այն, ինչ կամենում եմ ասել, առանց գեղեցիկ նախադասությունների, և միշտ էլ հասկանում է ինձ: Իմ համար՝ աղոթքը սրտի սլացք է, դեպի Երկինք ուղղված մի պարզ հայացք, երախտագիտության և սիրո աղաղակ է՝ թե՛ փորձությունների մեջ և թե՛ ուրախությունների, մի խոսքով՝ ինչ-որ մի մեծ բան է, գերբնական, որ ընդարձակում է հոգիս և Հիսուսին միացնում:

 

318. Չեմ ուզում, սակայն, Մայր սիրելի, այն տպավորությունը թողնել, թե առանց որևէ ջերմեռանդության եմ կատարում հասարակաց աղոթքներս, լինեն դրանք եկեղեցում կատարված, թե՝ խցում միայնակ: Ընդհակառակն, շատ եմ սիրում հասարակաց աղոթքները, որովհետև Հիսուսը խոստացել է «լինել նրանց հետ, ովքեր համախմբվում են հանուն Իր»[4]: Դրանց կատարման ժամանակ զգում եմ, որ միաբանակիցներիս եռանդը լրացնում է ջերմեռանդությանս պակասը: Բայց (ամոթով եմ խոստովանում) երբ ասում եմ Վարդարանը մենակ, այն ավելի ծանր է նստում ուսերիս, քան եթե ապաշխարության գործիքներ կրեի մարմնիս վրա: Զգում եմ, որ այն այնքա՜ն վատ եմ աղոթում: Իզուր եմ ջանում մտածել Վարդարանի խորհուրդների շուրջ. չեմ կարողանում կենտրոնացնել միտքս: Երկար ժամանակ տխրում էի ջերմեռանդությանս այս պակասի համար, որ զարմացնում էր ինձ, որովհետև այնքա՜ն շատ եմ սիրում Սուրբ Կույսին, այնքա՜ն, որ իմ համար պետք է բավական հեշտ լիներ կատարումը իրեն ի պատիվ արվող աղոթքների, որոնք իրեն հաճելի են: Բայց հիմա ավելի քիչ եմ տխրում. մտածում եմ, որ Երկնքի Թագուհին իմ Մայրն է, անկասկած տեսնում է բարի կամքս ու գոհանում:

Երբեմն, մինչ հոգիս այնպիսի ցամաքության մեջ է ընկնում, որ իմ համար անհնարին է դառնում Աստծո հետ միանալուս նպաստող մի որևէ խորհրդածության կատարումը, դանդա՜ղ դանդա՜ղ, առանց շտապելու ասում եմ մի «Հայր մեր», և ապա նաև հրեշտակային ողջույնը: Այդ դեպքում, այս աղոթքներն հափշտակում են ինձ, սնում հոգիս ավելի, քան եթե ասեի դրանք հարյուրավոր անգամներ արագ արագ:

Սուրբ Կույսն ինձ հայտնում է, որ ինձնից չի նեղանում. երբեք չի զլանում պաշտպանել ինձ, անմիջապես, հազիվ թե կանչում եմ իրեն: Եթե հանկարծ վրաս է հարձակվում մի մտահոգություն, մի դժվարություն, իսկույն դեպի ինքն եմ ուղղվում, և միշտ, որպես բոլոր մայրերի մեջ ամենաքնքշալին, նա պաշտպանում է իմ շահերը: Քանի՜ քանի՜ անգամներ եմ նրան օգնության կանչել նորընծայուհիների հետ խոսելիս և զգացել նրա մայրական խնամքների բարերար զեղումը:

 

[1] Խոսքը վերաբերվում է նորընծայուհի Քույր Մարիային (Քույր Մարիա Ամենասուրբ Երրորդության), որ Լիզյոյի Կարմեղոս մտավ 1894ի Հունիսի 16ին: Այդ շրջանում ճիշտ է՝ կային չորս ա՛յլ նորընծայուհիներ ևս, բայց Քույր Մարիան յուրահատուկ կերպով հանձնվեց Քույր Թերեզայի խնամքին: Տվյալ դեպքը, որի մասին խոսվում է, ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել 1895ի Մեծ Պահքի շրջանում:

[2] Այդպես էր անվանվում այն միանձնուհին, որն օգնում էր նորեկ հայցվորուհիներին ծանոթանալու և հարմարվելու տվյալ վանքի առօրյային ու կենսաձևին:

[3] Այդ բանաստեղծությունը Սրբուհին գրել է 1895ի Փետրվարի 26ին: Տե՛ս՝ Հավելված Բ.:

[4] Մտթ 8, 20

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։