Աղքատության և ա՛յլ «փոքրիկ» առաքինությունների գործադրումը – Գրադարան – Mashtoz.org

Աղքատության և ա՛յլ «փոքրիկ» առաքինությունների գործադրումը

208. Ահա՛ այսպես անցավ հարսնախոսությանս շրջանը․ այն բավական երկար տևեց խեղճ Թերեզայի համար։ Նորընծայությանս տարվա վերջում մեր Մայրը պատվիրեց ինձ մտքիցս հանել ուխտադրություն խնդրելը, որովհետև Մեծավորն անկասկած կմերժեր խնդրանքս․ պարտավոր էի ևս ութ ամիս սպասել։ Սկզբում շա՜տ դժվար եղավ այդպիսի վիթխարի զոհողության ընդունումը, բայց աստվածային լույսը չուշացավ, այլ՝ շուտով ծագեց հոգուս խորքում։ Այդ շրջանում մտածական աղոթքիս նյութն էի դարձրել Հայր Սյուրենի «Հոգևոր Կյանքի Սկզբունքներ» գիրքը[1]: Մի օր աղոթքի պահին հասկացա, որ ուխտադրելու բոցավառ փափագս մեծ անձնասիրության հետ էր խառնված․ քանի որ ինքս ինձ Հիսուսին էի նվիրել՝ Իրեն հաճույք պատճառելու և Իր տառապանքներում Իրեն մխիթարելու համար, չպետք է պարտադրեի Իրեն կատարել իմ կամքը, Իր կամքը կատարելու փոխարեն։ Հասկացա, որ հարսնացուն հարսանյաց հանդեսի օրը պետք է զարդարված լինի, մինչ ես ոչինչ չէի արել այդ նպատակին հասնելու համար։ Այնժամ ասացի Հիսուսին․ «Ա՜հ, Աստված իմ, այլևս սուրբ ուխտադրությունս չէ, որ խնդրում եմ Քեզնից․ կսպասեմ այնքան, որքան Դու կկամենաս։ Միայն թե չեմ ուզում, որ իմ թերությունների պատճառով հետաձգվի Քո հետ միությունս։ Այդ իսկ պատճառով, ամենայն պարտաճանաչությամբ առաջադրում եմ մի գոհարազարդ զգեստ պատրաստել այդ տոնի համար։ Երբ այն բավական զարդարուն կգտնես, վստահ եմ, որ ոչ ոք չի կարողանա արգելք հանդիսանալ Քեզ՝ իջնելու դեպի ինձ, որպեսզի ցմիշտ միանամ Քեզ, ո՜վ սիրելիդ իմ Աստված»։

 

209. Վանական զգեստառությանս օրից սկսած, մտքի առատ լույսեր էի ընդունում վանական կատարելության շուրջ, հատկապես՝ աղքատության ուխտի վերաբերյալ։ Նորընծայությանս ընթացքում գոհ էի, որովհետև գործածածս առարկաները գեղեցիկ էին և տրամադրությանս տակ ունեի անհրաժեշտ ամեն բան։ Սա «հոգևոր Առաջնորդս»[2] հանդուրժում էր մեծ համբերությամբ, որովհետև Իրեն հաճելի չէ հոգիներին ամեն բան միայն մեկ ակնթարթում հասկացնելը։ Սովորաբար, նրանց մտքերը լուսավորում է կամաց կամաց։ Հոգևոր կյանքիս սկզբում, գրեթե տասներեք կամ տասնչորս տարեկան հասակում, զարմանքով էի ինքս ինձ հարցնում, թե կատարելության ասպարեզում ի՞նչ ունեի ավելի լավ ըմբռնելու, որովհետև կարծում էի, թե այլևս անհնարին էր որևէ բան ավելի ձեռքբերելը։ Շատ շուտով համոզվեցի, որ որքան ավելի ենք առաջադիմում այդ ճանապարհում, այնքան ավելի ենք մեզ նպատակից հեռու տեսնում։ Այնպես, որ այժմ այլևս համբերությամբ եմ դիտում տևական անկատարությունս, բայց և որի մեջ եմ գտնում ուրախությունս։ Վերադառնամ այն դասախոսություններին, որոնք տալիս էր ինձ «հոգևոր Առաջնորդս»։ Մի երեկո, Հանգստյան ժամերգությունից հետո, ապարդյուն փնտրեցի լապտերս այն սեղանի վրա, որի վրա էին դրանք սովորաբար դրվում․ լռություն էր տիրում, անհնարին էր ձայն հանել[3]: Մտածեցի, որ թերևս քույրերից մեկը, կարծելով, թե իրենն է վերցնում, վերցրել է իմը, որի կարիքն այդ պահին շատ ունեի։ Կորուստիս պատճառով տրտմելու փոխարեն բավական երջանիկ զգացի ինձ, հասկանալով, որ աղքատությունը կայանում է ո՛չ միայն հաճելի առարկաներից, այլ՝ նաև անհրաժեշտներից զրկվելու մեջ։ Այդպիսով, արտաքին խավարի մեջ՝ լուսավորվեցի ներքուստ։ Այդ օրից ի վեր իրական սեր փայփայեցի տգեղ ու նվազ հարմարավետ առարկաների հանդեպ, այնպես՝ որ ուրախությամբ տեսա, թե ինչպես սենյակիցս խլեցին գեղեցիկ սափորս և փոխարինեցին կոպիտ ու ամբողջովին ավերակ դարձած կուժով։

 

210. Բավական ճիգեր էի գործադրում նաև անձս չարդարացնելու համար. սա ինձ դժվարագույն էր թվում, հատկապես վերակացու Մոր առաջ, որից ոչինչ չէի կամենում թաքցնել: Ահա՛ առաջին հաղթանակս, որն այնքան էլ մեծ չէ, բայց թանկ արժեց ինձ: Պատուհանի ետևում դրված ծաղկամաններից մեկը կոտրված գտնվեց, և մեր վերակացու Մայրը, կարծելով, թե ես եմ այն վար գցել, պատվիրեց հաջորդ անգամ ավելի ուշադիր լինել: Առանց որևէ խոսքի համբուրեցի հատակը, ապա խոստացա ավելի զգաստ լինել ապագայում: Անբավարար առաքինությանս պատճառով, այդպիսի դեպքերը ծանր էին նստում վրաս և կարիքն էի զգում մտածելու, որ Վերջին Դատաստանի օրն ամեն բան հայտնի է դառնալու: Որովհետև նկատել էի մի իրողություն. երբ պարտականությունները կատարվում են առանց սեփական անձն արդարացնելու, ոչ ոք չի տեսնում դրանք, մինչ ընդհակառակն՝ թերություններն ի հայտ են գալիս անմիջապես:

 

211. Բայց հատկապես աշխատում էի գործադրել փոքրիկ առաքինությունները, որովհետև չափազանց տկար էի մեծերով զբաղվելու համար: Օրինակ, ինձ մեծագույն հաճույք էր պատճառում քույրերի կողմից մոռացված զգեստները ծալելը, ինչպես նաև փոքրիկ ծառայություններ մատուցելը ուժերիս ներածի չափով: Այդ շրջանում բոցավառվեցի նաև զոհողությունների հանդեպ սիրով և այդ սերն այնքան մեծ էր, որքան արգելված էր: Միակ փոքրագույն զոհողությունը, որ կատարում էի այս աշխարհում և որ կայանում էր նստած ժամանակ չհենվելու մեջ, արգելվեց՝ կուզի գոյացումից խուսափելու պատճառով: Ավա՜ղ: Եռանդս անկասկած երկար չէր տևի, եթե բազում ապաշխարանքներ ինձ թույլատրվեին: Այն ապաշխարանքները, որոնք ինձ շնորհում էին առանց իմ խնդրելու, կայանում էին անձնասիրությանս ոտնահարման մեջ, և դրանք ավելի օգտակար էին հանդիսանում, քան մարմնավոր ապաշխարանքները:

 

212. Սեղանատունը, ուր պաշտոնյա նշանակվեցի զգեստառությունիցս անմիջապես հետո, մեկից շա՜տ ավելի առիթներ տվեց՝ անձնասիրությունս իրեն պատշաճ տեղը դնելու համար, այն է՝ ոտքերիս տակ: Ճիշտ է, որ մեծապես մխիթարված էի, որովհետև Ձեր միևնույն պաշտոնն ունեի, Մայր իմ սիրելի, և կարողանում էի մոտիկից տեսնել Ձեր առաքինությունները, բայց այս մոտեցումն իմ համար առիթ էր բազում տառապանքների. ինձ ազատ չէի զգում, ինչպես երբեմն, Ձեզ ամեն բան ասելու, պետք է պահպանեի օրենքը, չէի կարող հոգիս Ձեր առաջ բացել, մի խոսքով՝ Կարմեղոսում էի և ո՛չ այլևս Բուիսոնեում, հայրական հարկի տակ:

 

213. Այնուամենայնիվ, Ամենասուրբ Կույսն ինձ օգնում էր հոգևոր զգեստներիս պատրաստման գործում. հազիվ դրանք պատրաստ եղան, խոչընդոտներն ինքնաբերաբար անհետացան: Գերապայծառ Եպիսկոպոսը ստորագրեց խնդրածս թույլտվությունը, հասարակությունն ընդունեց ինձ և որպես ուխտադրությանս օր որոշվեց Սեպտեմբերի 8ը:

Այն, ինչը որ գրեցի կարճառոտ խոսքերով, իրականում բազում էջեր կարող էր լցնել, եթե շարադրեի մանրամասն կերպով, բայց այդ էջերը երբեք չեն կարդացվի երկրի վրա: Շուտով, Մայր իմ սիրելի, այդ բոլորի մասին Ձեր հետ կխոսեմ մեր հայրական տանը, այն գեղեցկագույն Երկնքում, դեպի որն են բարձրանում մեր սրտերի հառաչանքները:

Հարսանեկան զգեստս պատրաստ էր և հնագույն գոհարներով զարդարված, որոնք ինձ նվիրել էր Փեսաս, բայց դեռ արժանավայել չէր Իր վեհությանը: Կամենում էր անթիվ ու անհամար գունագեղությամբ փայլփլող մի ադամանդ նվիրել ինձ: Հայրիկի հետ կապված տառապանքները, իրենց բոլոր վշտալի հետևանքներով հանդերձ, հին գոհարներն էին, մինչ նորը տեսքով չափազանց փոքրիկ մի վիշտ եղավ, որը սակայն բավական տվայտանքներ պատճառեց հոգուս:

 

214. Որոշ ժամանակից ի վեր, քանի որ մեր սիրելի խեղճ Հայրիկը մի քիչ ավելի լավ էր զգում իրեն, նրան պտույտների էին հանում անդամալույծների համար նախատեսված հատուկ սայլակով, ուստի նույնիսկ մտածում էին գնացքով ճամփորդություն կազմակերպել մինչև Կարմեղոս: Բնականաբար, Սելինը իսկույն մտածել էր, որ հարկավոր էր ընտրել քողարկմանս օրը: «Հայրիկին շատ չհոգնեցնելու համար», ասում էր, «մասնակից չեմ դարձնի ամբողջ արարողությանը, միայն վերջում կբերեմ և զգուշությամբ կառաջնորդեմ մինչև վանդակապատը, որպեսզի Թերեզան կարողանա ստանալ նրա օրհնությունը»: Լա՜վ եմ ճանաչում Սելինի սիրտը: Եվ ճիշտ է նաև, որ «սերն անհնարինության մասին չի խորհում, որովհետև ամեն բան հնարավոր և արտոնված է համարում իր համար»[4]: Իսկ մարդկային խոհեմությունը դողում է ամեն քայլափոխի և չի համարձակվում – այսպես ասած – ոտքը գետին դնել: Այդպիսով, մարդասերն Աստված, որ կամենում էր ինձ փորձել, Ձեզ գործածեց որպես հնազանդ գործիք և հարսանիքիս օրն իսկապես որբ եղա. այլևս Հայր չունեի երկրի վրա, բայց կարող էի ամենայն վստահությամբ դեպի Երկինք բարձրացնել հայացքս և ասել լիուլի ճշմարտությամբ. «Հայր մեր, որ Երկնքում ես ... »։

 

[1] P. Surin S.J., Les Fondaments de la Vie Spirituelle, tirés du livre de l'Imitation de Jésus Christ, Paris 1732.

[2] Ինչպես Թերեզան արդեն նշել է, իր «հոգևոր Առաջնորդը» Հիսուսն Ինքն էր (տե՛ս՝ հատ․ 196ի վերջին տողերը և հատ․ 199)։

[3] Կարմեղոսում Հանգստյան ժամերգությունից հետո մինչև հաջորդ օրվա Առավոտյան ժամերգությունը արգելված է խոսել։ Եթե ինչ որ մի բան բացարձակապես անհրաժեշտ է հաղորդել, դա կատարվում է նշաններով կամ գրավոր կերպով։

[4] Նմանություն Հիսուս Քրիստոսի, Գ, Ե 4

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։