Այցելությունը Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն Տասներեքերորդ Պապին – Գրադարան – Mashtoz.org

Այցելությունը Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն Տասներեքերորդ Պապին

171. Վեց օր շարունակ այցելեցինք Հռոմի հրաշալիքները, և յոթներորդ օրը տեսա դրանցից ամենամեծը. «Լևոն Տասներեքերորդ»ը: Փափագում էի այդ օրվան, բայց նաև վախենում. նրանից էր կախված կոչումս, որովհետև պատասխանը, որ ստանալու էի Գերապայծառից, դեռևս չէր հասել և գիտեի նաև Ձեր նամակներից մեկից, Մայր իմ, որ նա այլևս այնքան էլ բարետրամադիր չէր իմ հանդեպ, այնպես որ՝ փրկությանս միակ միջոցը Հռոմի Սրբազան Հոր թույլտվությունն էր ... , բայց այն ստանալու համար հարկավոր էր նաև խնդրել, հարկավոր էր համարձակվել խոսել Քահանայապետի հետ բոլորի ներկայությամբ, իսկ այդ միտքը սարսափ էր ազդում վրաս: Թե որքա՜ն տառապեցի ընդունելությունից առաջ, դա միայն Աստված գիտի, Սելինի հետ միասին: Երբեք չեմ մոռանա, թե ինչպե՛ս սիրելի քույրս մասնակցեց բոլոր տվայտանքներիս, կարծես թե կոչումս իրենը լիներ: Երկուսիս փոխադարձ սերը մեր խմբի քահանաներից ոմանց ուշադրությունն էր նաև գրավում: Մի երեկո այնքան շատ անձինք խմբվեցին սրահում, որ աթոռները պակասեցին. այնժամ Սելինը ինձ իր ծնկներին առավ և երկու քույրերս այնպիսի սիրալի հայացքով նայեցինք միմյանց, որ քահանաներից մեկը բացականչեց. «Որքա՜ն են սիրում իրար: Այս երկու քույրերը երբեք չեն կարող միմյանցից բաժանվել»: Այո՛, ճիշտ է, սիրում էինք իրար, բայց մեր հոգիների հարաբերությունն այնքա՜ն մաքուր էր ու հզոր, որ բաժանվելու միտքը մեզ չէր անհանգստացնում, քանի որ զգում էինք, որ ոչինչ, և ո՛չ իսկ օվկիանոսը, չէր կարող հեռացնել մեզ իրարից: Սրտի խաղաղությամբ էր Սելինը դիտում, թե ինչպես էր իմ նավակը խարիսխ գցում Կարմեղոսի ափին. նա համակերպվում էր մնալու աշխարհի փոթորկահույզ ծովում դեռ այնքան ժամանակ, որքան Աստված կկամենար, բայց միշտ վստահ, որ ինքը նույնպես հասնելու էր փափագած ափին:

 

172. Նոյեմբերի 20ին, Կիրակի, հագնվեցինք Վատիկանի ծիսական սովորության համաձայն (սև զգեստներ և գլուխներս ծածկող ժանեկավոր քողեր), և կապույտ ու սպիտակ ժապավենների վրա ամրացված Լևոն Տասներեքերորդին պատկերող շքանշաններով զարդարված՝ մուտք գործեցինք Վատիկան և հասանք Գերագույն Քահանայապետի մատուռ: Ժամը 8ին հանդիսավոր կերպով ժամանեց ինքը՝ Լևոն Տասներեքերորդը՝ Սուրբ Պատարագը մատուցելու համար: Օրհնեց իր շուրջը խմբված բազմաթիվ ուխտավորներին, ապա խորանի աստիճաններով վեր բարձրացավ և ցույց տվեց, – Քրիստոսի Փոխանորդին արժանավայել բարեպաշտությամբ, – որ իրոք «Հռոմի Սրբազան Հայրն» էր: Սիրտս բաբախում էր արա՜գ արա՜գ և աղոթում էի մեծ ջերմեռանդությամբ, մինչ Հիսուսն իջնում էր Իր Քահանայապետի ձեռքերի մեջ: Լի էի վստահությամբ, Ավետարանի այդ օրն ընթերցված հատվածը պարունակում էր հետևյալ հափշտակիչ խոսքերը. «Մի՛ վախեցիր, հոտ փոքրիկ, որովհետև ձեր Հայրը կամեցավ ձեզ տալ Արքայությունը»[1]: Ո՛չ, ես չէի վախենում, հույսն ունեի, որ Կարմեղոսի արքայությունը շուտով ինձ էր պատկանելու, չէի մտածում Հիսուսի մյուս խոսքերի մասին. «Ձեր համար պատրաստում եմ Արքայությունն այնպես, ինչպես Հայրը պատրաստեց այն իմ համար»[2], այսինքն՝ վերապահում եմ ձեզ խաչեր ու փորձություններ, որոնցո՛վ միայն կարող եք արժանի դառնալ Արքայությանը, որին դուք անձկագին ձգտում եք. քանի որ Քրիստոսը պետք է այդ չարչարանքները կրեր և այդպես մտներ փառքի մեջ[3], եթե կամենում եք տեղ գրավել Իր կողքին, ուրեմն խմեք այն բաժակը, որից Նա Ինքը խմեց[4]: Այդ բաժակն ինձ ներկայացրեց Սրբազան Քահանայապետն ինքը, և իմ արցունքները խառնվեցին այն դառն ըմպելիքին, որ առաջարկվում էր ինձ:

 

173. Գոհության աղոթքից հետո սկսվեց ընդունելությունը: Լևոն Տասներեքերորդը մեծ բազկաթոռի վրա էր նստել, պարզ սպիտակ կապա հագած: Շրջապատված էր կարդինալներով, արքեպիսկոպոսներով ու եպիսկոպոսներով, որոնց, սակայն, ես խմբովին էի միայն տեսնում, որովհետև մտասևեռմանս միակ կետը Սրբազան Քահանայապետն էր: Շարքով անցնում էինք նրա առջևով, յուրաքանչյուր ուխտավոր ծնրադրում էր իր հերթին, համբուրում Քահանայապետի աջն ու մուճակը[5], ընդունում նրա օրհնությունը. ապա երկու ազնվատոհմ թիկնապահներ ձեռքի քաղաքավարի ու հարգալի հպումով ուխտավորին հասկացնում էին, որ պետք է ելներ ու անցներ մի ա՛յլ սրահ: Քահանայապետական հարկի տակ մուտք գործելուց առաջ հաստատորեն որոշել էի խոսել, բայց այդ պահին զգացի, որ քաջությունս պակասում էր, որովհետև Սրբազան Քահանայապետի աջ կողմում կանգնած տեսա գերհարգելի Ռէվեռոնիին: Գրեթե միևնույն պահին մեզ զգուշացվեց, նրա կողմից, որ խստորեն արգելված էր խոսել Լևոն Տասներեքերորդի հետ, որովհետև այդպիսի դեպքում ընդունելությունը չափազանց երկար կտևեր: Շրջվեցի դեպի Սելինը, իր կարծիքն իմանալու համար: «Խոսի՛ր», պատասխանեց: Եվս մի ակնթարթ և ահա՛ Սրբազան Հոր առաջ էի. համբուրեցի մուճակը, նա դեպի ինձ երկարեց աջը, բայց ես այն համբուրելու փոխարեն՝ միացրի ձեռքերս և դեպի իր դեմքը բարձրացնելով արտասվաթոր աչքերս, գոչեցի. «Սրբազան Հայր, մի մե՜ծ շնորհ եմ Ձեզնից խնդրում»: Նա իսկույն դեպի իմ կողմ կռացավ, այնպես՝ որ երեսս գրեթե իր դեմքին էր հպվում, ապա իր մութ ու խորին աչքերի վրաս սևեռվելը տեսա, կարծես կամենում էր հոգուս խորքերը թափանցել. «Սրբազան Հայր», ասացի, «ի պատիվ Ձեր Հոբելյանի, թույլատրեցեք ինձ Կարմեղոս մտնել տասնհինգ տարեկան հասակում»:

 

174. Հուզմունքս անշուշտ դողացրեց ձայնս, այնպես՝ որ Սրբազան Քահանայապետը, դեպի գերհարգելի Ռէվեռոնին շրջվելով, որն ինձ էր նայում ապշած ու դժգոհ հայացքով, ասաց. «Շատ լավ չեմ հասկանում»: Եթե մարդասերն Աստված թույլատրեր, գերհարգելի Ռէվեռոնին այդ պահին շատ հեշտորեն կկարողանար ստանալ այն, ինչ խնդրում էի. բայց կամեցավ ներկայացնել ինձ խաչը և ո՛չ դեռևս մխիթարություններ: «Երանաշնորհ Հայր», պատասխանեց Ընդհանուր Աթոռակալը, «մի երեխա է, որ փափագում է Կարմեղոս մտնել տասնհինգամյա հասակում, բայց մեծավորները դեռ քննում են հարցը»:

«Շատ լավ, դուստր իմ», անչափ բարությամբ պատասխանեց Նորին Սրբությունը, «արեք այն, ինչ կպատվիրեն Ձեզ Ձեր մեծավորները»: Այնժամ ձեռքերս իր ծնկներին հենելով, վերջին ճիգս գործադրեցի ու աղաչական ձայնով ասացի. «Ա՜հ, Երանաշնորհ Հայր, եթե Դուք ասեք ''այո՛'', բոլորն այլևս համաձայն կլինեն»: Ինձ նայեց սևեռուն հայացքով և յուրաքանչյուր վանկի վրա շեշտելով՝ արտասանեց հետևյալ խոսքերը. «Առա՛ջ, առա՛ջ: Կմտնեք, եթե Աստված դա կկամենա»: Նրա ձայներանգն այնքա՜ն հոգեթափանց էր ու համոզիչ, որ ականջներիս մեջ զրնգում է մինչև այսօր: Քանի որ Սրբազան Հոր բարությունն ինձ ոգևորում էր, կամեցա շարունակել խոսակցությունը, բայց երկու թիկնապահները քաղաքավարի հպումով հրավիրեցին ինձ ոտքի կանգնելու, և տեսնելով, որ այդքանը բավական չէր, բազուկներիցս բռնեցին և գերհարգելի Ռէվեռոնին նույնպես օգնեց նրանց վեր բարձրացնել ինձ: Քանի որ շարունակում էի ձեռքերս իրար միացած Լևոն Տասներեքերորդի ծնկներին հենած պահել, բռնի ուժով պոկեցին ինձ Սրբազան Քահանայապետի ոտքերից: Մինչ այդպես ինձ փոխադրում էին, Նորին Սրբությունն իր աջը նախ հպեց շուրթերիս, ապա այն վեր բարձրացրեց և օրհնեց ինձ. այնժամ աչքերս արցունքներով լցվեցին և գերհարգելի Ռէվեռոնին կարողացավ նույնքան ադամանդներ տեսնել, որքան տեսել էր Բեյեոյում:

 

175. Երկու թիկնապահներն ուղեկցեցին ինձ մինչև դուռը, ուր մի ուրիշը Լևոն Տասներեքերորդին պատկերող հուշամեդալ նվիրեց ինձ: Սելինը, որ գալիս էր իմ ետևից, ականատես էր եղել ողջ ներկայացմանը. հուզված գրեթե նույնքան, որքան ես, այնուամենայնիվ քաջությունն էր ունեցել Սրբազան Հորից օրհնություն խնդրելու Կարմեղոսի համար: Գերհարգելի Ռէվեռոնին դժգոհ ձայներանգով միջամտել էր. «Կարմեղոսն արդեն իսկ օրհնված է»: Բարեհոգի Քահանայապետը կրկնել էր քաղցրությամբ. «Ա՜հ, այո՛, արդեն իսկ օրհնված է»: Հայրիկը մեզնից առաջ էր ներկայացել Լևոն Տասներեքերորդին (մյուս բոլոր տղամարդկանց հետ միասին): Գերհարգելի Ռէվեռոնին բավական բարյացակամ էր գտնվել նրա նկատմամբ, ներկայացրել էր նրան որպես հայրը երկու կարմեղականների: Նորին Սրբությունը, ի նշան յուրահատուկ բարեհաճության, իր երկու ձեռքերը դրել էր իմ սիրելի թագավորի ալեզարդ գլխին հանուն Նրա, Ում իրական ներկայացուցիչն է ինքը երկրի վրա: Ա՜հ, այժմ, երբ նա Երկնքում է, այդ հայրը չո՛րս կարմեղականների, այլևս Քահանայապետի աջը չէ, որ հանգչում է նրա ճակատին, մարգարեանալով գալիք մարտիրոսությունը: Աջն է Կույսերի Փեսայի, փառքի Թագավորի, որը կրկնակի շող է հաղորդում Իր հավատարիմ ծառայի դեմքին, և ընդմիշտ այլևս այդ պաշտելի Աջը կմնա որպես հովանի այն գլխին, որին փառավորեց:

[1] Ղկս 12, 32

[2] Հմմտ. Ղկս 22, 29

[3] Ղկս 24, 26

[4] Հմմտ. Մտթ 20, 20-23

[5] Այդ սովորությունը, որ ներմուծել էին գերմանական կայսրերը, այժմ գոյություն չունի. համբուրում են Սրբազան Քահանայապետի միայն աջը:

 
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։