Անբաժանելի Սելինը – Գրադարան – Mashtoz.org

Անբաժանելի Սելինը

24. Այժմ մնում է խոսել իմ սիրելի Սելինի՝ մանկությանս ընկերուհու մասին, բայց հուշերս այնքա՜ն բազմաթիվ են, որ չգիտեմ, թե որո՛նք ընտրեմ: Ավելի լավ է մի քանի հատված մեջբերեմ այն նամակներից, որոնք Մայրիկի կողմից գրվում էին վարժարանի համար, բայց չեմ արտագրի ամբողջությամբ, ապա թե ոչ՝ շատ երկար կստացվի ... : 1873ի Հուլիսի 10ին, ծննդյանս տարին, գրում է. «Հինգշաբթի դայակն[1] այստեղ էր բերել Թերեզային, որը ծիծաղելուց բացի ուրիշ ոչինչ չարեց. հատկապես Սելինը հաճույք պատճառեց նրան, շարունակ քրքջում էին միասին: Արդեն ուզում է խաղալ, և շուտով կսկսի. տոտիկների վրա կանգնում է ուղիղ, կարծես փայտե ձող լինի: Համոզված եմ, որ շուտով կսկսի քայլել, և որ բարի բնավորության տեր կլինի. շատ խելացի է թվում, իսկ դեմքը՝ նախասահմանվածի դեմք է ... »:

Բայց հատկապես դայակի մոտից վերջնականապես տուն վերադառնալուցս հետո հայտնեցի Սելինի հանդեպ ունեցած մեծագույն համակրանքս: Հասկանում էինք միմյանց հրաշալի կերպով, միայն թե ես ավելի աշխույժ էի և նվազ միամիտ, քան նա. այդ ժամանակ կլինեի նվազագույնը երեք ու կես տարեկան, բայց ինձ թվում էր, թե նա իմ նույն տարիքին է:

 

25. Ահա՛ մի հատված Մայրիկի նամակից, որը Ձեր առաջ կգծագրի Սելինին քաղցրաբարո, իսկ ինձ՝ չար. «Սելինն իրոք տրամադիր է առաքինությանը, դա իր էության մտերիմ զգացումն է, մաքուր հոգի է, որ ատելություն ունի չարի հանդեպ: Իսկ ինչ վերաբերվում է չարաճճիին, չգիտեմ, թե ի՛նչ է դառնալու: Անպիտանը փոքրիկ է ու այնքա՜ն ցրված: Ավելի խելացի է, քան Սելինը, բայց նվազ անուշիկ և գրեթե անհաղթելի համառ. երբ ասաց “ո՛չ”, վե՛րջ. դու բանտարկիր նրան նկուղում ամբողջ օրը, կգերադասի քնել այնտեղ, քան ասել “այո”:

 

26. Սիրտը, սակայն, ոսկի է, ազնվաբարո է և անկեղծ. հետաքրքիր է նրան տեսնելը, երբ կանգնում է ետևս՝ խոստովանանքի համար. “Մայրիկ, մի անգամ հրեցի Սելինին, միայն մի անգամ, մի անգամ էլ հարվածեցի, բայց այլևս չեմ անի”։ (Այսպես այն բոլորը, որ անում է): Հինգշաբթի երեկոները զբոսանքի ենք ելնում երկաթուղային կայարանի մոտակայքում, ամեն կերպ ջանում է սպասասրահ մտնել՝ Փոլինին փնտրելու համար, առջևս է վազում այնպիսի ուրախությամբ, որ խանդավառում է նաև ինձ. բայց երբ տեսնում է, որ պետք է տուն վերադառնանք առանց գնացք նստելու՝ “Փոլինի փնտրելու” գնալու համար, լալիս է ողջ ճանապարհին ... »[2]:

 

27. Այս վերջին տողերը հիշեցնում են ինձ այն երջանկությունը, որ ապրում էի, երբ տեսնում էի ձեզ Լը Մանից վերադառնալիս. դուք, Մայր իմ, գրկում էիք ինձ, իսկ Մարիան՝ Սելինին: Ես ողողում էի ձեզ հարյուրավոր քաղցրախոսություններով և դեպի ետ էի ձգվում, հիանալու համար ձեր երկար հյուսերով. ապա տալիս էիք ինձ մի կոլոհատ, որն իմ համար էիք պահած լինում երեք ամիս: Մի պահ մտածում էի, որ այդ մասունքն իմ համար էր: Հիշում եմ նաև Լը Ման կատարված ճամփորդությունը[3]. առաջին անգամ էի գնացք նստում: Ինչպիսի՜ երջանկություն էր միայն Մայրիկի հետ ճամփորդելը: Բայց սկսեցի լալ, այժմ չեմ հիշում ինչո՛ւ, և խեղճ Մայրիկս չկարողացավ Լը Մանի մորաքրոջս[4] ներկայացնել ա՛յլ բան, եթե ոչ՝ մի տգեղ աղջնակ, որն ամբողջովին կարմրել էր՝ ճանապարհին հեղած արցունքների պատճառով: Խոսակցություններից ոչինչ չեմ հիշում, այլ՝ միայն այն պահը, երբ մորաքույրը քաղցրավենիքներով լի մի կողովիկ տվեց ինձ, որոնց վրա գահակալում էին շաքարի երկու օղակներ, ճիշտ իմ մատի հաստության: Անմիջապես աղաղակեցի. «Ինչպիսի՜ գեղեցկություն: Մի օղակ էլ Սելինի համար կա»: Ա՜հ, դժբախտություն: Վերցրեցի կողովիկը, մյուս ձեռքս տվեցի մայրիկին և գնացինք: Մի քանի քայլ հետո հայացք նետեցի կողովին և ի՞նչ տեսնեմ. բոլոր քաղցրեղենները թափվել էին ճանապարհին: Լավ նայեցի ու տեսա, որ օղակներից մեկը նույնպես արժանացել էր քաղցրեղենների ողբերգական ճակատագրին. այլևս ոչինչ էլ չկար Սելինի համար: Այդ պահին վիշտս ժայթքեց ինչպես հրաբուխ, խնդրում էի ետ վերադառնալ, բայց մայրիկն ուշադրություն չդարձրեց. իսկ դա արդեն շատ էր, արցունքներին հաջորդեցին ճիչերը ... ։ Չէի հասկանում, թե ինչպե՛ս էր կարողանում չկիսել վիշտս, և այդ իսկ պատճառով տառապում էի շատ ... :

 

28. Վերադառնամ նամակներին, որոնցում մայրիկը խոսում է իմ ու Սելինի մասին. սա լավագույն միջոցն է՝ ծանոթացնելու համար Ձեզ իմ բնավորությանը: Ահա՛ մի հատված, որում թերություններս փայլում են կենդանի գույներով. «Սելինը զբաղվում է փոքրիկի հետ խորանարդների խաղով. երբեմն վիճում են, բայց Սելինը զիջում է՝ առաքինությունների իր թագի վրա մի մարգարիտ ավելի ունենալու համար: Ստիպված եմ երբեմն բացատրել ու հասկացնել խեղճ փոքրիկին, որ վտանգավոր աճապարանք ունի. երբ իրերն իր ուզածի համաձայն չեն ընթանում, գետին է գլորվում ինչպես հուսահատ: Պահեր կան, որ իր ուժերից վեր են, դրանցում կարծես խեղդված լինի: Շատ ջղային մանուկ է, բայց նաև անուշիկ ու շատ խելացի. հիշում է ամեն բան»[5]:

 

29. Տեսնում եք, հետևաբար, Մայր իմ, թե որքա՜ն հեռու էի անթերի մանուկ լինելուց: Եվ նույնիսկ չէին կարողանում ասել, թե հանգիստ էի գեթ քնած ժամանակ, որովհետև գիշերն ավելի աշխույժ էի, քան ցերեկը. մի կողմ էի նետում բոլոր ծածկոցները, ապա (միշտ քնած) հարվածներ էի իջեցնում փոքրիկ անկողնուս ճաղերին, այնպես, որ ցավից ստիպվում էի արթնանալ: Այդպիսի դեպքերում հեծկլտում էի. «Մայրի՜կ, “ծեծված” եմ»: Խե՜ղճ մայրիկ, ստիպված էր վեր կենալ ու հավաստել, որ իրոք կապտուկներ ունեի երեսիս. “ծեծված” էի: Մի լավ ծածկում էր ինձ, ապա վերադառնում անկողին, բայց մի րոպե չանցած՝ ես կրկին սկսում էի “ծեծված” լինել, այն աստիճան, որ ստիպված էին ինձ անկողնուն շղթայել: Ամեն երեկո Սելինը գալիս էր կապելու այն բազմաթիվ ժապավենները, որոնք սահմանված էին չարաճճիին “ծեծվել” ու մայրիկին արթնացնել արգելելու գործին: Եվ այդ միջոցը մեծ հաջողություններ ունեցավ. ավելի խոհեմ դարձա քնած ժամանակ:

 
 

[1] Ծննդից երկու ամիս անց Թերեզային ստիպված հանձնում են Տկն. Ռոզ Թայյեի խնամքին, որն ապրում էր գյուղում, Ալանսոնից ո՛չ շատ հեռու:

[2] 14 Մայիս 1876 թվակիր նամակը Փոլինին:

[3] Երկուշաբթի, 29 Մարտ 1875:

[4] Մարիա Լուիզա Գերենը՝ Թերեզայի ավագ մորաքույրը նույնպես միանձնուհի էր (մինչև 1858թ. Լը Մանում): Մահացավ 1877ի Փետրվարի 24ին:

[5] Տկն. Մարթինի 5 Դեկտեմբեր 1875 թվակիր նամակը Փոլինին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։