Անճառելի մխիթարություններ – Գրադարան – Mashtoz.org

Անճառելի մխիթարություններ

225. Այն ամբողջ ժամանակաշրջանում, որի ընթացքին հասարակությունը փորձվեց այդպիսի ծանր հիվանդությամբ, ես անճառելի մխիթարությունն ունեցա ամենօրյա Սուրբ Հաղորդության: Ա՜հ, քանի՜ցս հոգենորոգ էր այն: Հիսուսն ինձ ավելի զարդարեց Իր պարգևներով, քան Իր մյուս հավատարիմ հարսներին, որովհետև թույլատրեց, որ Իր Մարմինն ու Արյունը ընդունել կարողանայի, մինչ մյուսներն ի վիճակի չէին դա անելու: Ինչպես նաև երջանկագույն էի՝ եկեղեցու սրբազան իրեղեններին հպվելու և Հիսուսին իրենց մեջ ընդունելուն սահմանված սպասները պատրաստելու հնարավորությանս համար: Գիտակցում էի, որ պարտավոր էի շա՜տ եռանդուն լինել և հաճախ էի մտաբերում սուրբ սարկավագներից մեկին ուղղված այս խոսքը. «Սուրբ եղեք դուք, որ հպվում եք Տիրոջ սպասներին»[1]:

Չեմ կարող ասել, թե հաճախ էի մխիթարվում գոհության աղոթքներիս ժամանակ. թերևս ճիշտ դրանք են այն պահերը, որոնց ընթացքում մխիթարություններ եմ ընդունում ամենանվազ չափով: Բայց սա բնական եմ համարում, որովհետև ինքս ինձ Հիսուսին եմ նվիրել որպես մեկը, ով կամենում է Նրա այցելությունը ստանալ ո՛չ թե իր իսկ անձի մխիթարության, այլ մանավանդ՝ հաճույք պատճառելու համար Նրան, Ով Իր Անձը նվիրում է ինձ: Հոգիս պատկերացնում եմ որպես ընդարձակ հողատարածք և Սուրբ Կույսին խնդրում եմ դուրս հանել այնտեղից այն բոլոր ավերակները, որոնք արգելք են հանդիսանում նրա կատարելապես ազատ լինելուն. ապա աղաչում եմ Երկնքի փառքին համապատասխանող տաղավար կանգնեցնել այնտեղ և իր իսկ արժանիքներով զարդարել այն. և վերջում, հրավիրում եմ բոլոր Սրբերին ու Հրեշտակներին, որպեսզի մի սքանչելի նվագահանդես կազմակերպեն այնտեղ: Թվում է ինձ, որ երբ Հիսուսն իջնում է սրտիս մեջ, գոհ է մնում, ընդունելությունն այսքա՜ն լավ պատրաստած լինելուս համար: Ես նույնպես գոհ եմ այս ամենից: Սա, սակայն, չի խանգարում, որպեսզի մտքի ցրվածությունն ու թմրությունը այցելեն ինձ: Բայց, վերջացնելով գոհությունս և տեսնելով, թե որքա՜ն վատորակ էր աղոթքս, առաջադրում եմ օրվա մնացած մասն ապրել շնորհակալության աղոթքներով:

[1] Հմմտ. Ես 52, 11

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։