Անտարբերությունը կարճ կամ երկար, սիրելի քույրերից հեռու կամ նրանց մոտ անցկացված կյանքի նկատմամբ – Գրադարան – Mashtoz.org

Անտարբերությունը կարճ կամ երկար, սիրելի քույրերից հեռու կամ նրանց մոտ անցկացված կյանքի նկատմամբ

281. Մայր իմ, կատարյալ ապշանքի մատնվեցի՝ աչքի անցկացնելով երեկվա գրածներս. ինչպիսի՜ խզբզոց: Ձեռքս այնպես էր դողում, որ անհնարին եղավ շարունակելը, և այժմ զղջում եմ, որ փորձեցի գրել: Հուսով եմ այսօր ավելի ընթեռնելի դարձնել ձեռագիրս, որովհետև այլևս անկողնում չեմ, այլ՝ մի գեղեցիկ սպիտակ բազկաթոռի վրա:

Անդրադառնում եմ, Մայր իմ, որ գրածներս դասավորված չեն ժամանակագրական հաջորդական կարգով, բայց նաև զգում եմ, անցյալի շուրջ խոսելուց առաջ, իմ ներկա զգացումներն արտահայտելու կարիքը. ավելի ուշ թերևս իսպառ մոռանամ դրանք: Նախևառաջ ուզում եմ ասել, թե որքա՜ն զգացված եմ Ձեր բոլոր մայրական փափկանկատություններից: Ա՜հ, հավատացեք, Ձեր դստեր սիրտը լի է երախտագիտությամբ, երբեք չեմ մոռանա այն, ինչ պարտավոր եմ Ձեզ:

Մայր իմ, հուզմունք են պատճառում ինձ հատկապես իննօրյան, որ աղոթում եք Հաղթանակների Տիրամորը[1], և Պատարագները, որ մատուցել եք տալիս առողջությունս ստանալու դիտավորությամբ: Զգում եմ, որ այդ բոլոր հոգևոր գանձերը մեծ բարիք են ազդում հոգուս: Իննօրյայի սկզբում Ձեզ ասում էի, Մայր իմ, որ Սուրբ Կույսը կա՛մ կբժշկի ինձ, կա՛մ կտանի Երկինք, որովհետև Ձեր և քույրերի համար տխուր իրականություն էի համարում մի հիվանդ երիտասարդ միանձնուհի որպես բեռ ունենալը: Մինչդեռ այժմ ասում եմ, որ սիրով հիվանդ կմնամ ամբողջ կյանքիս ընթացքում, եթե դա հաճելի է բարի Աստծուն, ինչպես նաև համաձայն եմ, որ այդ կյանքս շատ երկար լինի: Միակ շնորհը, որ խնդրում եմ, այն է, որ այն բեկվի սիրուց:

 

282. Ո՛չ, չեմ վախենում երկար կյանքից, չեմ խուսափում պայքարից, որովհետև «Տերն է այն վեմը, որի վրա հաստատված եմ, Նա է, որ վարժեցնում է ձեռքերս պատերազմի և մատներս ճակատամարտի։ Իմ վահանն է, Նրա վրա եմ դրել իմ հույսը»[2]: Բարի Աստծուց երբեք չեմ խնդրել մահանալ երիտասարդ հասակում, միշտ սակայն հուսալով, որ դա է Իր կամքը։ Հաճախ Աստված գոհանում է Իր փառքի համար աշխատելու պատրաստակամությամբ միայն, իսկ Դուք գիտեք, Մայր իմ, որ իմ փափագներն անսահմանորեն մեծ են։ Ինչպես նաև գիտեք, որ Հիսուսը ներկայացրել է ինձ մեկից ավելի դառն բաժակներ, բայց դրանք շրթունքներիցս հեռացրել է նախքան իմ ըմպելը, սակայն դառնությունները համտեսելուցս ո՛չ առաջ։

Մայր սիրելի, սուրբ թագավոր Դավիթն իրավացի է, երբ երգում է․ «Որքա՜ն բարի է, որքա՜ն քաղցր, երբ եղբայրները բնակվում են միասին, կատարյալ միությամբ»[3]։ Ճիշտ է, հաճախ եմ լսել այս խոսքերը, բայց հարկավոր է, որ այս միությունը կառուցվի զոհողության հիմքերի վրա[4]: Իրոք, քույրերիս հետ ապրելու համար չէ, որ եկա Կարմեղոս, այլ՝ Հիսուսի կանչին պատասխանելու համար միայն։ Լավ էի նախազգում, որ տևական տառապանքի աղբյուր էր լինելու քույրերիս մոտ գտնվելը, քանի որ ոչինչ չեմ կամենում շնորհել բնությանս։

 

283. Ինչպե՞ս կարելի է ասել, թե ավելի կատարյալ է արյունակից հարազատներից հեռանալը։ Որևէ մեկի մտքով երբևէ կանցնի՞ հանդիմանել երկու եղբայրների, որովհետև կռվում են պատերազմի միևնույն դաշտում, որովհետև կամենում են միասին հասնել մարտիրոսության դափնեպսակին։ Անկասկած, իրավացիությամբ է նկատվում այն հանգամանքը, որ նրանք պետք է փոխադարձաբար քաջալերեն միմյանց, ինչպես նաև՝ որ նրանցից յուրաքանչյուրի մարտիրոսությունը դառնում է նրանց երկուսի մարտիրոսությունը։ Այդպես է պատահում նաև վանական կյանքում, որն աստվածաբաններն անվանում են «մարտիրոսության մի տեսակ»։ Նվիրվելով Աստծուն, սիրտը չի կորցնում իր բնական գորովը, ընդհակառակն՝ այդ խանդաղատանքն աճում է, դառնալով ավելի ջինջ ու աստվածային[5]:

Մայր թանկագին, այդ գորովով է, որ սիրում եմ Ձեզ և միաբանակից բոլոր քույրերիս: Երջանիկ եմ ընտանիքով պայքարելուս համար ի փառս Երկնքի Թագավորի, բայց պատրաստ եմ նաև նետվելու պատերազմի մի ուրիշ դաշտ, եթե աստվածային Զորավարը հայտնի այդ փափագը: Հրամանի կարիք չկա. բավական է մի հայացք, մի պարզ ակնարկ[6]:

 

284. Այն օրից ի վեր, ինչ մտել եմ օրհնյալ տապան, միշտ մտածել եմ, որ եթե Հիսուսը շուտով չտանի ինձ Երկինք, կունենամ Նոյի փոքրիկ աղավնու ճակատագիրը. մի օր Տերը կբացի տապանի պատուհանը ու կպատվիրի ինձ ճախրել հեռո՜ւ հեռո՜ւ, դեպի անհավատ ափերը, տանելով իմ հետ ձիթենու ճյուղը[7]: Մայր իմ, այս խորհրդածությունը բավական հասունություն շնորհեց հոգուս, հնարավորություն տվեց սավառնելու ավելի բարձր, գերիվեր՝ քան ստեղծված իրողությունները: Հասկացա, որ Կարմեղոսում նույնպես հնարավոր են մեկնումներն ու բաժանումները, որ միայն Երկնքում է միությունը լինելու ամբողջական ու հավերժական: Երբ սա հասկացա, կամեցա, որ հոգիս բնակվի Երկնքում ու միայն հեռվից դիտի աշխարհի անցուդարձերը: Ընդունեցի ո՛չ միայն իմ մեկնումը՝ անծանոթ ժողովուրդների մոտ աքսորվելու, այլ՝ նաև, և սա շա՜տ ավելի դառն էր իմ համար, ընդունեցի քույրերիս աքսորը: Երբեք չեմ մոռանա 1896ի Օգոստոսի 2ը՝ առաքյալների մեկնումի օրը[8]: Այդ օրը լրջորեն խոսվեց Մայր Ագնես Հիսուսի մեկնումի մասին: Չէի կամենա մի շարժում անգամ անել՝ նրա մեկնումն արգելելու համար: Զգում էի, սակայն, մի մեծ տրտմություն. գտնում էի, որ նրա այնքա՜ն զգայուն, այնքա՜ն նուրբ հոգին ստեղծված չէր իրեն չհասկացող ժողովուրդների մեջ ապրելու համար: Հազար ու մի ա՛յլ մտքեր էին եռում հոգուս մեջ, իսկ Հիսուսը լռում էր, չէր հրամայում փոթորիկին[9]: Իսկ ես ասում էի Իրեն. «Աստվա՜ծ իմ, ի սեր Քո ընդունում եմ ամեն ինչ, եթե կամենում ես՝ թող տառապեմ, մինչև վշտից մեռնեմ»: Հիսուսը բավարարվեց համակամությամբս, բայց մի քանի ամիս անց խոսվեց Քույր Ժընըվիևի և Քույր Մարիամի մեկնելու հնարավորության մասին: Այնժամ կրեցի մի ուրիշ տեսակ տառապանք, ներքին, շա՜տ խորը. պատկերացնում էի այն բոլոր տառապանքներն ու հուսախաբությունները, որոնց կարող էին ենթարկվել, ու երկնակամարս ամպերով էր ծածկվում: Սրտիս խորքն էր միայն շարունակում մնալ խաղաղ, հանգիստ:

 

285. Մայր սիրելի, Ձեր խոհեմությունը կարողացավ բացահայտել Աստծո կամքը և Դուք արգելեցիք Ձեր նորընծայուհիներին մտածել իրենց վանական մանկության օրրանից հեռանալու մասին: Բայց նրանց բաղձանքներին մոտենում էիք ըմբռնողությամբ, որովհետև Դուք նույնպես, Մայր իմ, Ձեր երիտասարդության օրերին խնդրել էիք մեկնել Սայգոն: Այդպես է, հաճախ են մայրական իղձերն արձագանք գտնում իրենց դուստրերի հոգիներում: Արդ, Ձեր առաքելական եռանդը գտնում է իմ հոգում, գիտեք, արձագանք հավատարիմ: Թույլ տվեք հայտնել Ձեզ, թե ինչո՛ւ էի կամենում (և դեռ շարունակում եմ փափագել, եթե Սուրբ Կույսն ինձ բժշկի) օտար երկրներ մեկնելու համար թողնել այս բուրումնալի օազիսը, ուր ապրում եմ այսքա՜ն երջանիկ, Ձեր մայրական հայացքի ներքո:

Օտար Կարմեղոսներում ապրելու համար հարկավոր է, Մայր իմ, (Դուք եք ինձ ասել), ունենալ յուրահատուկ կոչում: Շատերն են կարծում կանչված լինել, առանց, սակայն, լինելու: Ասել եք ինձ նաև, որ ես ունեմ այդ կոչումը, և որ առողջությունս է միայն խոչընդոտում: Բայց ես լավ գիտեմ, որ այդ խոչընդոտը կվերանար իսկույն, եթե Աստված կանչեր ինձ հեռու. այդ իսկ պատճառով ապրում եմ առանց մտատանջվելու: Այո՛, եթե մի օր պարտավոր լինեմ թողնել իմ սիրելի Կարմեղոսը, դա տեղի չի ունենա առանց սիրտս խոցելու. Հիսուսն անզգա սիրտ չի տվել ինձ, և ճի՛շտ որովհետև սիրտս ընդունակ է տառապելու, ուզում եմ, որ Հիսուսին տա այն ամենը, որ կարող է տալ Նրան: Այստեղ, Մայր սիրելի, ապրում եմ առանց թշվառ երկրին տրվելիք խնամքների մասին մտահոգվելու. կատարելիք ուրիշ գործ չունեմ, եթե ո՛չ միայն՝ այն քաղցր ու դյուրին առաքելությունը, որ Դուք վստահեցիք ինձ: Այստեղ շրջապատված եմ Ձեր մայրական խնամքներով, չեմ զգում աղքատությունը, որովհետև ինձ երբեք ոչինչ չի պակասել[10]: Բայց հատկապես՝ որովհետև այստեղ սիրված եմ Ձեր և միաբանակից բոլոր քույրերիս կողմից, և այս գորովը շա՜տ քաղցր է իմ համար: Ահա՛ թե ինչո՛ւ եմ երազում մի վանք, ուր ոչ ոք ինձ չճանաչի և ուր կարողանամ կրել աղքատությունը, գորովի բացակայությունը, մի խոսքով՝ սրտի աքսորը:

 

286. Ինձ հյուրընկալելու պատրաստ Կարմեղոսին ծառայություններ մատուցելու նպատակով չէ, սակայն, որ կթողնեի այն բոլորը, ինչ հոգեհարազատ է ինձ: Անշուշտ, կանեի հնարավոր ամեն բան, բայց լավ եմ ճանաչում անկարողությունս, ինչպես նաև գիտեմ, որ իմ լավագույնը կատարելով հանդերձ՝ չէի կարողանա բարեգործել, որովհետև չունեմ, ինչպես ասում էի քիչ առաջ, երկրային անցուդարձերի շուրջ որևէ տեղեկություն: Միակ նպատակս, հետևաբար, Աստծո կամքի կատարումն է, նվիրվելով Իրեն այնպես, ինչպես հաճելի է Իրեն:

Քաջ գիտակցում եմ, որ չէի ունենա ոչ մի հուսախաբություն, որովհետև երբ ուրիշ բան չենք ակնկալում, քան միայն՝ զուտ ու անխառն տառապանք, ամենափոքր ուրախությունն անգամ վերածվում է անակնկալ բերկրանքի, և հետո Դուք գիտեք, Մայր իմ, որ տառապանքն ինքնըստինքյան դառնում է հոգու ամենամեծ ուրախությունը, երբ այն փնտրում ենք որպես ամենաանգին գանձ:

Ա՜հ ո՛չ, չէի մեկնի աշխատանքիս արդյունքը վայելելու նպատակով. եթե դա լիներ ձգտումներիս նշանակետը, չէի ճաշակի այն քաղցր խաղաղությունը, որ լիացնում է հոգիս, այլ՝ կչարչարվեի, հեռավոր առաքելությունների կոչումս իրագործել չկարողանալուս համար: Վաղուց ի վեր ինքս ինձ չեմ պատկանում այլևս, այլ՝ ամբողջովին Հիսուսին եմ հանձնել անձս. Նա, հետևաբար, ազատ է օգտագործելու ինձ այնպես, ինչպես նախընտրում է Ինքը: Նա հմայեց ինձ լիակատար աքսորի գեղեցկությամբ, հասկացնելով ինձ այն բոլոր տառապանքները, որ կարող էի գտնել նրանում, հարցնելով ինձ, թե արդյոք կկամենայի՞ խմել այդ բաժակը մինչև վերջին կաթիլը: Իսկույն նետվեցի վերցնելու այդ գավաթը, որ Հիսուսը ներկայացնում էր ինձ, բայց Նա ձեռքը ետ քաշելով հասկացրեց, որ համակամությունս բավական էր Իրեն:

 

[1] Այս իննօրյան սկսվել էր 1897ի Հունիսի 5ին: Սրբուհին գրում է Հունիսի 10ին, իննօրյայի 6րդ օրը:

[2] Սղմ 143, 1-2

[3] Սղմ 132, 1

[4] Սրբուհու այս վերջին խոսքերից ու ողջ համատեքստից պարզ երևում է, որ նա ի նկատի ունի արյունակիցների այն միությունը, որ ստեղծվում է Տիրոջ շուրջ, որպես ընդհանուր միակ գաղափարական ունենալով Աստծո ծառայությունը։ Այդ ընդհանուր միակ գաղափարականը կարևոր է, որովհետև թերևս անհնարին կլիներ «որքա՜ն քաղցր» որակավորել համատեղ կյանքը – օրինակի համար – Սուրբ Ֆրանցիսկոսի ու իր եղբոր միջև, մինչ վերջինս շարունակ ծաղրում ու նվաստացնում էր Սրբին, որը թողել էր իր բավական հարուստ հոր գանձերը (որոնց նաև ժառանգն էր ըստ առաջնեկության օրենքի) և նվիրվել էր Տիրոջ ծառայությանը աղքատության մեջ։

[5] Այդ խռովքը Թերեզայի հոգում առաջացել էր թերևս այն պատճառով, որ Լիզյոյի Կարմեղոսի որոշ միանձնուհիներ (ինչպես Քույր Ամատա Հիսուսին) անպատշաճ էին համարում չորս քույրերի համատեղ կրոնավորությունը (տե՛ս՝ հատ․ 233 և 234)։

[6] Տե՛ս՝ Ձեռագիր Ա., 8րդ գլխի վերջին ծանոթագրությունը։

[7] Հմմտ․ Ծնդ 8, 10-11

[8] 1896ի Օգոստոսի 2ին Հայր Ռուլանը՝ Սրբուհու հոգևոր եղբայրը, ուրիշ բազմաթիվ առաքյալների հետ միասին նավ էր բարձրանում Մարսելում, Չինաստան մեկնելու համար:

[9] Հմմտ. Մտթ 8, 26

[10] Տե՛ս՝ հատ. 209 և 297:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։