Ապահովություն և խաղաղություն հնազանդության մեջ – Գրադարան – Mashtoz.org

Ապահովություն և խաղաղություն հնազանդության մեջ

287. Մայր իմ, ինչպիսի՜ մտատանջություններից ենք ազատվում՝ կատարելով հնազանդության ուխտը: Որքա՜ն երջանիկ են պարզասիրտ վանականները: Նրանց միակ կողմնացույցը մեծավորների կամքն է, և միշտ վստահ են, թե գտնվում են ճիշտ ուղու վրա: Խաբվելու վախ չունեն, նույնիսկ երբ նրանց թվում է, թե մեծավորները բացահայտորեն սխալվում են: Իսկ երբ հոգին դադարում է հետևել անսխալ կողմնացույցին, երբ հեռանում է նրա կողմից մատնանշված ճանապարհից, և այդ բոլորն անում է Աստծո կամքը կատարելու պատրվակով (կարծես թե Նա լավ չի լուսավորում նրանց, ովքեր Իր տեղապահներն են), այդ հոգին իսկույն մոլորվում է ցամաք արահետներում, ուր շուտով սկսում է պակասել իրեն շնորհի ջուրը:

Մայր թանկագին, Դուք եք այն կողմնացույցը, որին Հիսուսը տվել է ինձ, որպեսզի մեծ ապահովությամբ առաջնորդեք ինձ դեպի հավիտենական նավահանգիստ: Քանի՜ցս քաղցր է իմ համար՝ Ձեր վրա սևեռել հայացքս և ապա կատարել Տիրոջ կամքը: Երբ Նա կամեցավ, որ կրեմ հավատքի դեմ ուղղված փորձությունները, նույն Ինքն ավելացրեց սրտիս մեջ հավատքի հոգին, և այս վերջինն օգնում է ինձ՝ տեսնելու Ձեր անձում ո՛չ միայն մի մայր, որ սիրում է ինձ և որին ես սիրում եմ փոխադարձաբար, այլ՝ օգնում է ինձ տեսնելու Հիսուսին՝ կենդանի Ձեր հոգում, Հիսուսին, որ հաղորդում է ինձ Իր կամքը Ձեր միջոցով: Լավ գիտեմ, Մայր իմ, որ հետս վարվում եք ինչպես մի տկար հոգու հետ, ինչպես շփացած մանկան հետ. այս իսկ պատճառով ինձ դժվար չէ կրել հնազանդության բեռը: Բայց ինձ թվում է, հոգուս խորքում զգացածիս համաձայն, որ վարվելակերպս չէր փոխվի և Ձեր հանդեպ տածած որդիական սերս չէր ենթարկվի նվազման, եթե ավելի խստորեն վարվեիք հետս, որովհետև կշարունակեի Հիսուսի կամքը տեսնել Ձեր գործելաձևում, ի շահ և ի մեծ օգուտ իմ հոգու:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։