Ապարդյուն փորձը Բեյեոյի Եպիսկոպոսի մոտ – Գրադարան – Mashtoz.org

Ապարդյուն փորձը Բեյեոյի Եպիսկոպոսի մոտ

150. Կարմեղոս մտնելուցս առաջ, կյանքի ու աշխարհի խեղճությունների վերաբերյալ դեռ զանազան ա՛յլ փորձառություններ ևս ունեցա, բայց այդ մանրամասնություններն ինձ նյութիցս շատ հեռու կտանեն. շտապեմ վերադառնալ կոչմանս պատմությանը: Բեյեո գնալու համար օր որոշվեց Հոկտեմբերի 31ը: Ճամփորդեցի միայն Հայրիկի հետ, սիրտս լի էր հույսով, ինչպես նաև հուզմունքով, որովհետև շա՜տ էի մտածում Եպիսկոպոսին ներկայանալու մասին: Կյանքումս առաջին անգամն էի այցելության գնում առանց քույրերիս ընկերակցության, իսկ խոսքը վերաբերվում էր Եպիսկոպոսին[1] այցելելուն: Ես, որ երբեք չէի խոսում առաջինը, այլ՝ միայն պատասխանում էի ինձ ուղղված հարցերին, ստիպված էի ես ինքս բացատրել մեր այցելության նպատակը, լուսաբանել Կարմեղոս շուտով մտնելու կամքիս դրդապատճառները, մի խոսքով՝ պետք է ապացուցեի կոչմանս հաստատուն բնույթը: Քանի՜ցս ծանր էր այդ այցելությունը: Երկչոտությունս հաղթահարելու համար՝ Սուրբ Հոգու հատուկ շնորհներից մեկի կարիքն ունեի: Բայց նաև ճիշտ է, որ «սիրո համար անհնարին բան չկա, որովհետև ամեն բան հնարավոր և արտոնված է համարում իրեն»[2]: Եվ իրոք, Հիսուսի սերն էր միայն, որ զորացնում էր ինձ այդ և հետագա մյուս բոլոր դժվարությունների դեմ, որովհետև Նրան հաճելի եղավ մեծամեծ փորձություններին համբերելու գնով վճարել տալ ինձ կոչմանս արժեքը:

Այժմ, երբ վայելում եմ Կարմեղոսի մենությունը («հանգստանալով Նրա հովանու ներքո, Ում ձգտեցի հասնել այնքա՜ն եռանդով»[3]), թվում է, թե երջանկությունս ստացել եմ ձրի, և եթե դեռ չունենայի, այն ձեռքբերելու համար պատրաստ կլինեի կրելու է՛լ ավելի ծանր տվայտանքներ:

 

151. Երբ հասանք Բեյեո, հեղեղանման անձրև էր տեղում: Հայրիկը, որ չէր կամենում իր թագուհուն Եպիսկոպոսին ներկայացնել թրջված զգեստներով, շտապեց ինձ եկեղեցի մտցնել: Եվ այնտեղ սկսվեցին վայերը: Գերհարգելի Ռէվեռոնին[4], քահանաների մի մեծ խմբի ընկերակցությամբ, հուղարկավորման արարողություն էր կատարում: Եկեղեցին լի էր սևազգեստ տիկիններով, որոնք բոլորն էլ ինձ էին դիտում, իմ բաց գույնի զգեստին ու սպիտակ գլխարկին: Ուզում էի դուրս գալ եկեղեցուց, ինչը, սակայն, անհնարին էր՝ տեղացող անձրևի պատճառով: Եվ ինձ դե՛ռ ավելի խոնարհեցնելու համար Աստված թույլատրեց, որ Հայրիկը, իր նահապետական պարզության համաձայն, հարկադրի ինձ մինչև խորանի մոտ հասնել: Չուզենալով տհաճություն պատճառել իրեն, առաջադրանքս կատարեցի կիրթ ու վայելուչ ձևերով, որոնցով էլ ցրվածություն ապահովեցի Բեյեոյի ազնիվ բնակիչների համար, որոնց կնախընտրեի հանդիպած չլինել երբեք ... : Վերջիվերջո կարողացա Ավագ Խորանի ետևի մատուռը մտնել և ազատ շունչ քաշել. այնտեղ բավական երկար մնացի և շարունակ աղոթեցի, սպասելով անձրևի դադարմանը, որպեսզի կարողանայինք դուրս գալ եկեղեցուց: Աղոթասրահով անցնելիս Հայրիկը փորձում էր ուշադրությունս հրավիրել ճարտարապետական գեղազարդերի վրա. եկեղեցին ավելի ընդարձակ էր թվում այժմ, երբ դատարկ էր: Բայց ինչ վերաբերվում է ինձ, միայն մի միտք էր տիրում հոգուս, որից դուրս ամեն բան անհամ էր իմ համար: Ուղիղ գերհարգելի Ռէվեռոնիի մոտ գնացինք, որն արդեն տեղյակ էր մեր ժամանմանը, որովհետև հենց ինքն էր որոշել այցելության օրը. բայց տեղում չէր: Ստիպված էինք փողոցներում թափառել, որոնք ինձ բավական տխուր էին թվում: Վերջապես վերադարձանք եպիսկոպոսարանի մոտ և Հայրիկը դեպի հյուրանոց առաջնորդեց ինձ, ուր, սակայն, հատուկ պատվի չարժանացրեցի վարպետ խոհարարին: Խեղճ Հայրիկս մի անհավատալի քնքշանքով էր վարվում հետս, ասում էր, որ չպետք է շատ վշտանայի, որ Եպիսկոպոսն անպայման համաձայն էր լինելու:

 

152. Հանգստանալուց հետո կրկին վերադարձանք գերհարգելի Ռէվեռոնիի մոտ: Նույն պահին մի ուրիշ պարոն ևս ժամանեց, բայց Ընդհանուր Աթոռակալը մեծ հարգանքով նրան սպասելու հրավիրեց և առաջին հերթին մեզ ընդունեց աշխատասենյակ (այդ խեղճ պարոնը ձանձրանալու բավական ժամանակ ունեցավ, քանի որ այցելությունը երկար տևեց): Գերհարգելի Ռէվեռոնին շատ ազնիվ գտնվեց, բայց կարծում եմ, որ մեր այցելության նպատակը նրան մեծ զարմանք պատճառեց: Ժպիտը դեմքին ինձ նայելուց և մի քանի հարց տալուց հետո՝ ասաց. «Կամենում եմ ձեզ գերապայծառ Եպիսկոպոսին ներկայացնել, խնդրում եմ հետևեք ինձ»: Ապա աչքերիս մեջ արցունքներ նկատելով, ավելացրեց. «Ա՜ ... , ադամանդներ եմ տեսնում ... , պետք չէ դրանք Գերապայծառին ցուցադրել»: Զանազան եպիսկոպոսների դիմանկարներով զարդարված բազմաքանակ լայնատարած սրահներով էինք անցնում, որոնց մեջ փոքրի՜կ փոքրի՜կ մրջյունի տպավորություն էի թողնում և հարցնում ինքս ինձ, թե ի՞նչ էի ասելու գերապայծառ Եպիսկոպոսին: Երկու քահանաների ընկերակցությամբ՝ նա քայլում էր պատկերասրահներից մեկում, տեսա, թե ինչպե՛ս գերհարգելի Ռէվեռոնին մոտեցավ նրան, մի քանի խոսք ասաց, ապա երկուսով ուղղվեցին մեր կողմ: Մենք նախասրահում էինք սպասում. երեք հսկա բազկաթոռներ շրջապատում էին վառարանը, ուր պար էր բռնել կենսուրախ կրակը: Նորին Գերազանցության ներս մտնելը տեսնելով, ես ու Հայրիկը ծունկի եկանք՝ նրա օրհնությունը ստանալու համար: Ապա Եպիսկոպոսն ինքը հրավիրեց Հայրիկին նստելու բազկաթոռներից մեկի վրա, ինքը նստեց նրա դիմաց, իսկ գերհարգելի Ռէվեռոնին ուզեց ինձ տրամադրել մեջտեղի բազկաթոռը. քաղաքավարությամբ հրաժարվեցի, բայց նա պնդեց՝ ասելով, թե պետք է ցույց տայի, որ գիտեի հնազանդվել: Իսկույն նստեցի, բայց ամոթից կարմրելով, որովհետև Գերհարգելին մի պարզ աթոռի վրա տեղավորվեց, մինչ ես ընկղմվել էի հոյակապ բազկաթոռի մեջ, ուր իմ նման դեռ ուրիշ չորս հոգի կարող էին հանգիստ կերպով բազմել (և ավելի հանգիստ, քան ես, որ բավական հեռու էի ինձ այդպիսի վիճակում զգալուց): Հուսով էի, որ Հայրիկը կսկսեր խոսել, բայց նա ինձ հանձնեց այցելության նպատակի պարզաբանման պաշտոնը: Այն կատարեցի ճարտասանական ուժերիս ներածի չափով: Նորին Մեծությունը, ճարտարախոսությունների վարժված լինելով, ներկայացրածս պատճառաբանումներից շատ ազդված չթվաց: Դրանց փոխարեն, Պարոն Մեծավորի մի պարզ խոսքն ավելի օգտակար կլիներ իմ համար: Բայց դժբախտաբար, այդ խոսքը չունեի: Իսկ նրա ընդդիմությունը ոչ մի կերպ ի նպաստ ինձ չէր հանդիսանում:

 

153. Գերապայծառ Եպիսկոպոսը հարցրեց, թե վաղո՞ւց էի փափագում Կարմեղոս մտնել: «Ա՜հ, այո՛, Ձերդ Վսեմություն», պատասխանեցի ես, «շա՜տ վաղուց»: «Տեսնենք», ժպտալով վրա բերեց գերհարգելի Ռէվեռոնին, «չեք կարող ասել, որ այդ կամքն ունեք տասնհինգ տարուց ի վեր»: «Ճիշտ է», նույնպես ժպտալով պատասխանեցի ես, «բայց շատ տարիներ հանելու հարկ չկա այդ թվից, որովհետև միանձնուհի եմ կամեցել լինել մտքիս առաջին զարթնումից ի վեր[5], և միշտ էլ կամեցել եմ կարմեղական ընտանիքին պատկանել, որովհետև գտնում էի, որ միայն այդ միաբանությունից ներս կկարողանայի բավարարել հոգուս բոլոր պահանջները»: Չգիտեմ, Մայր իմ, թե նույն այս խոսքերով պատասխանեցի կամ ո՛չ. կարծում եմ, որ ավելի վատթար եղանակով եմ բացատրել մտքերս, բայց իմաստը սա էր:

Եպիսկոպոսը կարծելով, թե հաճույք է պատճառում Հայրիկին, ջանաց դեռ մի քանի տարով հետաձգել մեր բաժանումը, բայց որքա՜ն ապշած մնաց և ինչպիսի՜ բարի օրինակ առավ՝ տեսնելով, որ Հայրիկը նույնպես իմ կողմն էր և բարեխոսում էր, որպեսզի դեպի Կարմեղոսի լեռը կարողանայի ճախրել տասնհինգամյա հասակում: Եվ այնուամենայնիվ, ամեն բան ապարդյուն անցավ. Եպիսկոպոսն ասաց, որ վերջնական պատասխան տալուց առաջ կարիքն ուներ խոսելու Կարմեղոսի Մեծավորի հետ: Դրանից ավելի սարսափելի բառ ես չէի կարող լսել, քանի որ շատ լավ գիտեի Մեր Հոր բացասական դիրքորոշումը: Հետևաբար, առանց գերհարգելի Ռէվեռոնիի հանձնարարությունը մտաբերելու, ո՛չ միայն ադամանդներ ցույց տվեցի Եպիսկոպոսին, այլ՝ նաև նվիրեցի, և որքա՜ն: Զգացի, որ նա նույնպես հուզված էր. ձեռքը պարանոցիս դնելով՝ գլուխս իր ուսին հենեց և մի այնպիսի՜ բարությամբ փայփայեց, որով մինչ այդ – թերևս – ոչ ոքի չէր մխիթարել: Ասաց, որ ամեն բան դեռ կորած չէր, որ շատ գոհ էր դեպի Հռոմ կատարվելիք ուխտագնացությանը բերելիք իմ մասնակցությունից, որ այդպիսով կոչումս ավելի պիտի ամրապնդվեր, որ լալու փոխարեն պետք է մեծապես ուրախ լինեի: Վերջում էլ ավելացրեց, որ հաջորդ շաբաթ այցելելու էր Լիզյո, ուստի հնարավորություն կունենար տեսակցելու Սուրբ Հակոբոս եկեղեցու մեծարգո ժողովրդապետի հետ, և որ պատասխանս կկարողանայի ստանալ Իտալիայում: Հասկացա, որ պնդելն անօգուտ էր, ինչպես նաև ասելիք այլևս չունեի, քանի որ պերճախոսությանս ամբողջ պաշարը սպառվել էր:

 

154. Եպիսկոպոսն ուղեկցեց մեզ մինչև պարտեզ. Հայրիկը նրան շատ զվարճացրեց՝ պատմելով, թե ինչպե՛ս էի այդ առավոտյան վարսերս դեպի վեր սանրել՝ ավելի մեծահասակ երևալու մտադրությամբ (սա երբեք չմոռացվեց, որովհետև մինչև այսօր իսկ Գերապայծառը չի խոսում իր «դստեր» մասին առանց վերհիշելու վարսերի պատմությունը): Գերհարգելի Ռէվեռոնին մեզ ընկերացավ մինչև պարտեզի դռնակը, և Հայրիկին ասաց, որ նմանօրինակ բան դեռ չէր տեսել. «Մի հայր, որ նույնքան եռանդով փափագի իր զավակին Տիրոջը նվիրել, որքան որ զավակն ինքն է կամենում նվիրել իրեն»:

Հայրիկը նրանից զանազան բացատրություններ խնդրեց ուխտագնացության վերաբերյալ, նաև՝ թե ինչպե՛ս պետք է հագնվեր Սրբազան Քահանայապետին ներկայանալու համար: Դեռ աչքերիս առջև է, մինչ ետ է դառնում դեպի գերհարգելի Ռէվեռոնին, ասելով. «Բավական լա՞վ է այսպես»: Ինչպես նաև ասել էր նրան, որ եթե ինքը չթույլատրեր ինձ Կարմեղոս մտնել, ես այդ շնորհը կխնդրեի Հռոմի Սրբազան Հորից: Սիրելի թագավորս շատ պարզունակ էր իր խոսքերի ու շարժուձևի մեջ, բայց նաև այնքա՜ն գեղեցիկ: Բնական վեհություն ուներ, որը պետք է որ շատ հաճելի եղած լիներ Եպիսկոպոսին, որը վարժ էր ազնվական հյուրասրահների բոլոր կարգուձևերն իմացող անձնավորություններով շրջապատվելուն, բայց ո՛չ ընդունելու անձամբ Ֆրանսիայի ու Նավարրայի թագավորին, իր փոքրիկ թագուհու հետ միասին:

 

155. Երբ փողոցում հայտնվեցի, արցունքներս վերսկսվեցին, բայց ո՛չ այնքան իմ թախիծի պատճառով, որքան սիրելի Հայրիկիս անօգուտ ճամփորդության: Ինքը, որ տոն էր ուզում կազմակերպել՝ հեռագիր առաքելով Կարմեղոս, ավետելու համար Եպիսկոպոսի երջանիկ պատասխանը, մինչդեռ այժմ ստիպված էր ձեռնունայն ետ վերադառնալ: Որքա՜ն վշտացած էի: Թվում էր, թե ապագաս խորտակվել էր ցմիշտ. որքան ավելի էի մոտենում վախճանին, այնքան ավելի էին խճճվում գործերը: Հոգիս ընկղմված էր դառնությունների մեջ, բայց նաև մե՜ծ խաղաղության, որովհետև միմիայն Աստծո կամքն էի փնտրում:

Հազիվ Լիզյո հասած՝ շտապեցի Կարմեղոս. մխիթարություն էի փնտրում, և այն Ձեզնից ընդունեցի, Մայր իմ: Ա՜հ, երբեք չեմ մոռանա, թե որքա՜ն տառապեցիք իմ պատճառով: Եթե չվախենայի դրանք պղծելուց, կօգտագործեի մատնության երեկոյան Առաքյալներին ուղղված Հիսուսի խոսքերը. «Դուք էիք, որ իմ հետ էիք բոլոր փորձություններիս ժամանակ»[6]: Քաղցրիկ քույրերս ինձ այնքա՜ն հոգենորոգ մխիթարություն պարգևեցին:

 

[1] Գերապայծառ Անթուան Աբել Ֆլավիեն Հյուգոնենը Բեյեոյի և Լիզյոյի եպիսկոպոսն էր 1867ից: Մահացավ 1898ին, Մի Կյանքի Պատմության տպագրությունն արտոնելուց քիչ օրեր անց:

[2] Նմանություն Հիսուս Քրիստոսի, Գ, Ե 4

[3] Երգ 2, 3

[4] Գերհարգելի Ռէվեռոնին թեմի Ընդհանուր Աթոռակալն էր 1879ից: Մահացավ 1891ին, 55 տարեկան հասակում:

[5] Երեք տարեկանից:

[6] Ղկս 22, 28

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։