Առաջաբանը
-
01
-
-
02
-
- 1886 թվականի Սուրբ Ծննդյան շնորհը
- Հոգիներ փրկելու եռանդն ու առաջին արդյունքը
- Հրապուրվելը պատմությամբ ու գիտություններով – Բարեպաշտ ընթերցումները
- Մտերմությունը Սելինի հետ – 15 տարեկանում Կարմեղոս մտնելու փափագը
- Հոր համաձայնությունը
- Խոչընդոտներ Գերեն մորեղբոր և վանքի խոստովանահոր կողմից
- Ապարդյուն փորձը Բեյեոյի Եպիսկոպոսի մոտ
-
- Ուխտագնացությունը Հռոմ՝ հոր և Սելինի հետ – Փարիզի «Հաղթանակների Տիրամոր» եկեղեցին
- Շվեյցարիան
- Միլանում, Վենետիկում, Պադովայում, Բոլոնիայում
- Լորեթոյի Սուրբ Տան մոտ
- Ժամանումը Հռոմ
- Այցելությունը Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն Տասներեքերորդ Պապին
- Դառնություն և վստահություն
- Վերադարձի ճանապարհին. Պոմպեյ, Նապոլի, Ասսիզի, Ջենովա
- Նամակներ Բեյեոյի Եպիսկոպոսին – Սպասման երեք ամիսները
-
03
-
- Մի մխիթարիչ երազ
- Վիթխարի և ընդդիմադիր փափագներ
- Եկեղեցում իր անձնական կոչման բացահայտումը. այդ կոչումը Սերն է – Այն իր մեջ բովանդակում է մյուս բոլոր կոչումները և հավերժական է
- Կամովին նվիրումը Սիրույն
- Ծաղիկներ սփռել երգելով
- Պաշտելի Արծվին վստահությամբ սպասող տկար թռչնակի նման
- Աղաչանք «փոքրիկ» հոգիների համար
-
04
-
- Ձոն
- Մայր Մարիամ Գոնձակայից ստացած խստակրոն դաստիարակությունը
- Աստվածային վերելակը
- Առաքելությունը նորընծաների մոտ
- Փեսայի գալստյան ավետումը
- Հավատքի փորձությունը
- Անտարբերությունը կարճ կամ երկար, սիրելի քույրերից հեռու կամ նրանց մոտ անցկացված կյանքի նկատմամբ
- Ապահովություն և խաղաղություն հնազանդության մեջ
- Թե ինչի՛ մեջ է կայանում իրական կատարյալ Սերը
- Հաղթական մարտավարության օրինակներ
- Հարկավոր է գործերով փաստել Սերը
-
- Հոգու աղքատությունը
- Սերը զոհողություններով է սնվում
- Հոգիներ առաջնորդելու դժվարին գործը
- Աղոթքի ուժը
- Նվաստացման կենսատու հացը
- Չդատել
- Քույր Սեն Պիեռը
- Երկու փոքրիկ պայքար
- Երկու քահանա և առաքյալ «եղբայրներ»ը
- «Ձգի՜ր ինձ, ընթանա՜նք ... » – Վերջին երեկոյի աղոթքը
- Բացատրություններ «Ձգի՜ր ինձ» և «Սիրեցյալի անուշահոտ բուրմունք» խոսքերի վերաբերյալ
-
-
05
-
- 06
-
07
-
Հ.Մ.Հ.Թ. [1]
Հունվար 1895
Հիսուս ✝
Սպիտակ փոքրիկ ծաղկի գարնանային պատմությունը
Իր իսկ կողմից գրված
Եվ ուղղված մեծարգո Մայր Ագնես Հիսուսին
1. Ձեզ, Մայր իմ սիրելի, ձեզ, որ ինձ մայր եք կրկին անգամ [2],հանձնում եմ հոգուս պատմությունը …: Երբ պատվիրեցիք գրել այն, մտածեցի, թե սիրտս կապականվի ինքն իրենով զբաղվելով: Բայց Հիսուսն ինձ զգացրեց, որ պարզությամբ հնազանդվելով՝ հաճույք կպատճառեմ իրեն: Հետևաբար, այժմ մի բան եմ միայն կամենում անել. սկսում եմ երգել այն, ինչը որ պարտավոր եմ կրկնել հավերժ. Տիրոջ ողորմությունը [3]:
2. Գրիչը ձեռքս առնելուց առաջ ծունկի եկա Աստվածամոր արձանի դիմաց [4] (նրա, որ մայրական հոգատարության բազում ապացույցներ տվեց մեր ընտանիքին Երկնքի Թագուհու կողմից): Աղաչեցի նրան ղեկավարել ձեռքս: Մի տող անգամ չեմ կամենում գրել, եթե հաճելի չէ իրեն: Ապա բացեցի Ավետարանը, և հայացքս ահա՛ այս խոսքերի վրա ընկավ. «Հիսուսը, լեռ բարձրանալով, Իր մոտ կանչեց նրանց, որոնց Ինքը կամեցավ. և նրանք գնացին Նրա մոտ» (Մրկ 3, 13):
3. Սա՛, իսկ և իսկ սա՛ է խորհուրդը իմ կոչման, իմ ամբողջ կյանքի, և հատկապես՝ խորհուրդն այն առանձնաշնորհումների, որոնք Հիսուսը պարգևեց հոգուս: Հիսուսը չի կանչում նրանց, ովքեր արժանի են, այլ՝ ո՛ւմ կամենում է Ինքը, կամ, ինչպես ասում է Պողոս Առաքյալը. «Աստված ողորմում է նրան, ում կամենում է ողորմել, և գթառատ է նրա հանդեպ, ում հանդեպ կամենում է գթառատ լինել: Հետևաբար, դա կախում չունի նրանից, ով փափագում է, և ո՛չ էլ նրանից, ով ջանում է, այլ՝ Աստծուց, որ ողորմում է» (Հռմ 9, 15-16):
4. Վաղուց ի վեր ինքս ինձ հարցնում էի, թե ինչո՞ւ է Աստված առավելություններ շնորհում ոմանց, իսկ ոմանց՝ ոչ. ինչո՞ւ բոլոր հոգիները չեն շնորհազարդվում համաչափ կերպով: Ապշում էի, թե ինչո՞ւ է զարմանալի շնորհներ շռայլում Սրբերին, որոնք Իր երբեմնի թշնամիներն էին, ինչպես Պողոս Առաքյալը, Սուրբ Օգոստինոսը, և ինչո՞ւ է, պիտի ասեմ, գրեթե ստիպում նրանց ընդունելու Իր պարգևը: Ապա, երբ կարդում էի այն Սրբերի կենսագրությունները, որոնց մեր Տերը փայփայեց օրորոցից մինչև գերեզման, մաքրելով նրանց ճանապարհից բոլոր խոչընդոտները, որոնք կարող էին խանգարել դեպի Ինքն ուղղված նրանց ընթացքին, պաշտպանելով նրանց հոգիներն այնքա՜ն շնորհներով, որ գրեթե անհնարին էր դառնում նրանց Մկրտության զգեստների անարատ շողարձակման մթագնումը, հարցնում էի ինքս ինձ. ինչո՞ւ են խեղճ վայրենիներն, օրինակ, հազար հազարներով մահանում առանց ստանալու Աստծո անունն արտասանելու կարողությունը:
5. Բայց Հիսուսը պարզաբանումներ տվեց ինձ այս խորհրդի շուրջ: Աչքերիս առաջ բացեց բնության գիրքը, և հասկացա, որ արարչագործության բոլոր ծաղիկներն էլ գեղեցիկ են. հոյակապ վարդերն ու սպիտակափայլ շուշանները չեն խափանում մանուշակի բուրմունքը կամ մարգարտածաղկի անպատմելի պարզությունը ... : Եթե բոլոր փոքրիկ ծաղիկները ցանկանային վարդեր լինել, բնությունը կկորցներ իր գարնանային զգեստը և դաշտերն այլևս չէին զարդարվի ծաղիկների երփներանգությամբ:
Այդպես է նաև հոգիների աշխարհում, որն Հիսուսի պարտեզն է: Աստված կամեցավ ստեղծել մեծ Սրբերին, որոնք կարող են համեմատվել շուշանների ու վարդերի հետ, բայց ստեղծեց նաև փոքրիկ Սրբերին, և սրանք նույնպես պարտավոր են գոհանալ մարգարտածաղիկներ կամ մանուշակներ լինելով, որովհետև արարվել են բերկրանք պատճառելու համար Տիրոջ հայացքին, երբ Նա խոնարհվում է իրենց մոտ: Կատարելությունը կայանում է Իր կամքը կատարելու մեջ՝ լինելով այնպիսին, ինչպիսին կամենում է Ինքը:
6. Հասկացա մի ուրիշ բան ևս: Մեր Տիրոջ սերը նույնքան լավ է արտահայտվում պարզ հոգիներում, որոնք չեն դիմադրում Իր շնորհին երբեք, որքան վեհ հոգիներում: Իրականում, սիրուն է հատուկ խոնարհվելը, և եթե բոլոր հոգիները նմանվեին Սուրբ Հայրապետներին, որոնք լուսավորեցին Եկեղեցին իրենց ուսմունքի կանթեղներով, կկարծվեր, թե մարդասերն Աստված այնքան էլ շատ չի խոնարհվում ՝ նրանց հասնելու համար: Բայց նա ստեղծեց մանկանը, որ չգիտի ոչինչ և տկա՜ր տկա՜ր ճիչերով է միայն արտահայտվում. ստեղծեց վայրենուն, որն իր ամբողջական խեղճության մեջ՝ առաջնորդվելու համար բնական օրենքն ունի միայն: Եվ Աստված խոնարհվում է նրանց մոտ: Ավելին, այս վայրի ծաղիկներն են, որ հիացնում են Նրան, որովհետև այնքա՜ն պարզ են:
7. Այս աստիճան խոնարհվելով, Աստված մեզ հայտնվում է որպես անսահմանորեն մեծ: Միևնույն ձևով, ինչպես արևը լուսավորում է հսկա մայրիներին ու փոքրիկ ծաղիկներին, որոնք թվում է՝ ոչինչ են, բայց և կարծես յուրաքանչյուրը միակն է աշխարհում, այնպես էլ մեր Տերն է զբաղվում յուրաքանչյուր հոգու հետ այնպիսի սիրով, կարծես միայն այդ հոգին գոյություն ունի: Եվ ինչպես բնության մեջ եղանակները դասավորված են այնպիսի կերպով, որ որոշված օրը ծաղկել են տալիս ամենախոնարհ մարգարտածաղկին, այնպես էլ ամեն բան համապատասխանում է յուրաքանչյուր հոգու օգտին:
8. Անկասկած, Մայր սիրելի, դուք կհարցնեք, թե արդյոք ո՞ւր եմ կամենում հասնել, որովհետև մինչև հիմա մի խոսք անգամ չասացի, որ նմանվեր կյանքիս պատմությանը: Բայց դուք հրամայեցիք ինձ ազատորեն գրել այն, ինչ ծնվում է մտքումս: Այդ իսկ պատճառով, այնքան չեմ պատմելու իրական ու անձնական կյանքս, որքան մտքերս այն շնորհների շուրջ, որոնք Աստված պարգևեց ինձ: Գտնվում եմ գոյությանս մի կետում, որտեղից այլևս կարող եմ դիտել անցյալը. հոգիս հասունության է հասել արտաքին ու ներքին փորձերի մեջ. այժմ, ինչպես փոթորկից ուժասպառ մի կոկոն [5], կրկին վերագտնում եմ ինձ և տեսնում, որ ինձնում ևս իրականանում են 22րդ սաղմոսի խոսքերը. «Տերն է իմ հովիվը և կարոտություն չեմ ունենա: Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ և հանդարտ ջրերի մոտ է տանում ինձ: Իմ անձին հանգիստ է շնորհում, առաջնորդում է ինձ արդարության շավիղներում Իր Անվան համար: Նույնիսկ եթե մահվան ստվերներով լի ձորերում քայլեմ, չարիքից չեմ վախենա, որովհետև Դու իմ հետ ես, Տեր» [6]:
9. Աստված իմ հանդեպ միշտ լի եղավ կարեկցանքով ու քաղցրությամբ: Դանդաղաշարժ՝ պատժելու մեջ, և շռայլ՝ ողորմությամբ (Սղմ 103, 8): Այսպիսով, Մայր իմ, երջանիկ եմ, որովհետև հնարավորությունն ունեմ ձեր համար երգելու Տիրոջ ողորմությունը: Միայն ձեր համար եմ գրում Հիսուսի ձեռքով պոկված խոնարհ ծաղկի պատմությունը, և խոսելու եմ ՝ լքելով ինքս ինձ, առանց մտահոգվելու ոճի մասին, կամ այն բազմաթիվ շեղումների, որոնք անկասկած թույլ կտամ: Մոր սիրտը միշտ էլ հասկանում է իր փոքրիկին, նույնիսկ եթե այս վերջինս թոթովում է միայն: Սրա համար էլ վստահ եմ, որ կհասկացվեմ, գուշակվելով ձեր իսկ կողմից. դուք եք, որ կազմավորեցիք սիրտս և նվիրեցիք Հիսուսին:
10. Ինձ այնպես է թվում, որ եթե ծաղիկները կարողանային խոսել, կպատմեին, ամենայն պարզությամբ, այն՝ ինչ Տերն արեց իրենց համար, և չէին ջանա թաքցնել աստվածային պարգևները: Կեղծ խոնարհության պատճառով չէին ասի. «Ապաշնորհ եմ, գարշահոտ, արևը նվաստացրեց իմ փայլը, մրրիկը փշրեց իմ ցողունը», երբ իրենց ներսում կտեսնեին ճիշտ հակառակը:
11. Ծաղիկը, որ այստեղ պատմում է իր պատմությունը, ուրախանում է, որովհետև հռչակելու է Հիսուսի կողմից ձրիաբար ստացած խնամքները. նա չունի ոչինչ, - և նա լա՛վ գիտի դա, – որով կկարողանար իր վրա հրավիրել Աստծո հայացքը, բայց նաև գիտի, որ աստվածային ողորմությունն է միայն, որ ստեղծեց իր մեջ գոյութուն ունեցող բարին: Ծնեց նրան մի սուրբ երկրում, որը գրեթե ամբողջովին թափանցված էր կուսական բուրմունքով: Նրանից առաջ ծլարձակեցին ձյունափայլ ութ ա՛յլ շուշաններ [7]: Իր անհուն սիրո համաձայն, կամեցավ խոնարհ ծաղկին պաշտպանել աշխարհի թունավոր շնչից. արդեն պատրաստվում էին բացվել նրա թերթիկները, երբ Փրկիչը նրան Կարմեղոսի լեռ փոխադրեց [8], ուր արդեն իսկ բուրում էին երկու ա՛յլ շուշաններ. ճիշտ այն երկուսը, որոնք նրան բարուրում ու քաղցրորեն օրորում էին իր առաջին ծլարձակման օրերին [9] ... : Ահա՛ յոթ տարիներ են, ինչ ծաղիկն արմատներ է գցել կույսերի Փեսայի պարտեզում. կույսեր, որ այժմ Նրա մոտ ծածանում են իրենց երեք անուշահոտ ծաղկեպսակները [10]. ո՛չ շատ հեռու, մի ա՛յլ ծաղիկ է բացվում Հիսուսի հայացքի ներքո [11], իսկ երկու օրհնյալ աստղերը, որ ծնեցին նրանց, այլևս հավիտյան իրար են միացել երկնային Հայրենիքում [12]: Այնտեղ կրկին գտել են այն չորս շուշաններին, որոնց ծաղկելը երկիրը չտեսավ [13]: Ա՜հ, թող որ Հիսուսը չկամենա երկար թողնել այս օտար ափերում նրանց, որոնք մնացել են աքսորում: Թող որ շուտով ամբողջ սպիտակ ծաղկեփունջը լրանա Երկնքում:
12. Մայր իմ, կարճառոտ խոսքերով համառոտեցի այն, ինչ Տերն արեց իմ համար: Իսկ այժմ, մուտք եմ գործում մանկությանս տարիներից ներս: Գիտեմ, որ այնտեղ, ուր ուրիշ որևէ մեկը չէր տեսնի ա՛յլ բան, եթե ոչ՝ ձանձրալի շատախոսություն միայն, ձեր մայրական սիրտը կգտնի մի թովիչ պատմություն: Իսկ հիշատակները, որ արթնացնելու եմ, նաև ձերն են, որովհետև մանկությունս ձեր կողքին անցավ, և ես երջանկությունն ունեմ զավակը լինելու այն ծնողների, որոնք պարուրեցին մեզ միևնույն խնամքներով և միևնույն քնքշությամբ: Թող որ նրանք օրհնեն իրենց զավակներից փոքրագույնին և օգնեն երգելու Տիրոջ ողորմությունը:
[1] Սկզբնատառերն են Հիսուս, Մարիամ, Հովսեփ և Թերեզա անունների:
[2] Մոր մահից հետո Թերեզան իրեն որպես մայր էր ընտրել իր քույր Փոլինին, որն այժմ Մայրն էր (մեծավորուհին) ամբողջ վանքի, Մայր Ագնես Հիսուսի անվամբ:
[3] Սղմ 88, 1
[4] Ժպիտի Աստվածամայրն է, որն այժմ պահվում է Լիզյոյի Կարմեղոսի մատուռում, ուր գտնվում են Սրբուհու մասունքները:
[5] Երբ Թերեզան գրում էր այս տողերը, հազիվ մի քանի ամիս էր անցել հոր մահից:
[6] Սղմ 22, 1-4
[7] Թերեզան խոսում է իր առանձնաշնորհյալ ընտանիքի մասին: Նրա ծնողներն էին Լուի Մարթինը (ծն. 22 Օգ. 1823) և Ձելիա Գերենը (ծն. 23 Դեկտ. 1831): Սկզբում երկուսն էլ կամենում էին ընդգրկել վանական կյանքը: Ամուսնանում են 1858ի Հուլիսի 13ին: Այդ օրհնյալ միությունից ծնվում են ինը զավակներ. Մարի Լուիզ, Կարմեղոսում՝ Քույր Մարիա Սուրբ Սրտի (ծն. 22 Փետր. 1860, † 19 Հունիս 1940). Մարի Փոլին, Կարմեղոսում՝ Քույր Ագնես Հիսուսի (ծն. 7 Սեպտ. 1861, † 28 Հուլիս 1951). Մարի Լեոնի, Քույր Ֆրանսուազ Թերեզ (ծն. 3 Հունիս 1863, † 16 Հունիս 1941). Մարի Էլեն (ծն. 13 Հոկտ. 1864, † 22 Փետր. 1870). Մարի Ժոզեֆ Լուի (ծն. 20 Սեպտ. 1866, † 14 Փետր. 1867). Մարի Ժոզեֆ Ժան (ծն. 19 Դեկտ. 1867, † 24 Օգոստ. 1868). Մարի Սելին, Կարմեղոսում՝ Քույր Ժընըվիև (ծն. 28 Ապրիլ 1869, † 25 Փետր. 1959). Մարի Մելանի Թերեզ (ծն. 16 Օգոստ. 1870, † 8 Հոկտ. 1870). և վերջինը՝ Սրբուհին, Մարի Ֆրանսուազ Թերեզ, Կարմեղոսում՝ Քույր Թերեզա Հիսուս Մանկան և Սուրբ Դեմքի: Նա ծնվեց Ալանսոնում 1873ի Հունվարի 2ին և թողեց երկիրը Լիզյոյում, 1897ի Սեպտ. 30ին, 24 տարեկան հասակում: Թերեզան իրավացիորեն կարող է ասել, որ սերում է «ձյունափայլ ութ ա՛յլ շուշաններից». երկու քույրիկներն ու երկու եղբայրները երկինք մեկնեցին մանուկ հասակում, իսկ մյուս բոլոր չորս քույրերը, ինչպես և ինքը, ընդգրկեցին վանական կյանքը:
[8] Թերեզան Լիզյոյի Կարմեղոս մտավ տասնհինգ տարեկան հասակում:
[9] Սրբուհու ավագ քույրերն են. Մայր Ագնես Հիսուսի և Քույր Մարիա Սուրբ Սրտի:
[10] Կատարելով իր որդիական պարտականությունը հիվանդ հոր հանդեպ, վերջինիս մահից հետո Սելինը նույնպես շտապեց միանալ Կարմեղոսի իր քույրերին 1894ի Սեպտ. 14ին: Ուստի Սրբուհին, որ գրում է 1895ին, կարող է խոսել իր մոտակայքում ծփացող «երեք ծաղկեպսակների» մասին:
[11] Լեոնիա քույրն է, որ միանձնուհի էր դարձել մի ա՛յլ վանքում:
[12] Թերեզայի մայրը մահացել էր 1877ի Օգոստոսի 28ին, իսկ հայրը՝ 1894ի Հուլիսի 29ին: Նրանք երկուսն էլ՝ Լուի Մարթինն ու Ձելիա Գերենը 2008 թվականի Հոկտեմբերի 19-ին Ն.Ս. Բենեդիկտոս Տասնվեցերորդ Պապի կողմից հռչակվեցին Երանելի, իսկ 2015 թվականի Հոկտեմբերի 18-ին Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապի կողմից՝ Սուրբ։ Սբ. Լուի Մարթինի ծիսական հիշատակը կատարվում է Հուլիսի 29-ին, իսկ Սբ. Ձելիա Գերենի ծիսական հիշատակը՝ Օգոստոսի 28-ին (նրանցից յուրաքանչյուրի մահվան, այսինքն՝ Երկինք մուտք գործելու օրը, ըստ քրիստոնեական մշտական ավանդության)։
[13] Խոսքը վերաբերվում է Թերեզայի վաղամեռ երկու եղայրներին և երկու քույրերին: