Աստվածային գաղտնիքները հայտնելու դժվարությունը – Գրադարան – Mashtoz.org

Աստվածային գաղտնիքները հայտնելու դժվարությունը

Հ.Մ.Հ.Թ.

Սեպտեմբեր 1896թ.

Հիսուս ✝

 

240. Քույր իմ թանկագին, ինձնից հիշատակ խնդրեցիք հոգևոր կրթությանս շուրջ[1]. կրթություն, որ թերևս վերջինն է լինելու[2]: Եվ քանի որ մեր Մայրն[3] արտոնեց այն, իմ համար մեծ ուրախություն է նաև այս կերպ Ձեր հետ հաղորդակցվելը. Ձեր, որ ինձ քույր եք կրկնակի անգամ. Ձեր, որ փոխ տվեցիք ինձ Ձեր ձայնը, իմ անունից խոստանալով, որ կամենում էի ծառայել միմիայն Հիսուսին, երբ ես ինքս դեռ չէի կարող խոսել: Կնքամայր իմ շա՜տ սիրելի, այս երեկոյան Ձեր հետ խոսում է այն մանուկը, որին նվիրեցիք Տիրոջը, և որը սիրում է Ձեզ, ինչպես փոքրիկն է սիրում իր մորը: Միայն Երկնքում կիմանաք չափն այն երախտագիտության, որ հորդում է իմ այս շնորհակալ սրտից:

Քույր իմ թանկագին, կամեցաք ունկնդրել այն գաղտնիքները, որ Հիսուսը հայտնում է իր փոքրիկ դստերը: Այդ գաղտնիքները Նա հաղորդում է նաև Ձեզ, գիտե՛մ, որովհետև Դուք էիք, որ սովորեցրեցիք ինձ ընկալել աստվածային ուսուցումները: Կաշխատեմ մի քանի բառ թոթովել, զգալով հանդերձ, թե քանի՜ցս անհնարին է մարդկային խոսքի համար արտաբերելն այն, ինչը որ սիրտը հազիվ է կարողանում զգալ և տեսնել մտքի աչքերով:

 

[1] Այդ կրթությունը Թերեզան կատարել էր 1896ի Սեպտեմբերի սկզբներին և դրա ընթացքում բազում խորհուրդներ էր ըմբռնել իր կոչման շուրջ, այն աստիճան, որ Քույր Մարիան Սեպտեմբերի 13ին նրան խնդրել էր թղթին հանձնել դրանք, ինչը Թերեզան կատարել էր Սեպտեմբերի 13ից մինչև 16ն ընկած օրերի ընթացքում:

[2] 1896ի Ավագ Ուրբաթ օրը Թերեզան ունեցել էր իր առաջին արյունաթքումը:

[3] Մայր Մարիամ Գոնձական, որ մեծավորուհի էր վերընտրվել 1896ի Մարտի 21ին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։