Բացատրություններ «Ձգի՜ր ինձ» և «Սիրեցյալի անուշահոտ բուրմունք» խոսքերի վերաբերյալ – Գրադարան – Mashtoz.org

Բացատրություններ «Ձգի՜ր ինձ» և «Սիրեցյալի անուշահոտ բուրմունք» խոսքերի վերաբերյալ

337. Մայր իմ թանկագին, վերջապես վերադառնում եմ Ձեզ. ամբողջովին ապշած եմ գրածներիս համար, որովհետև դրանք թղթին հանձնելու մտադրությունը չունեի: Բայց քանի որ գրվեց, հարկավոր է, որ մնա: Սակայն, եղբայրներիս պատմությունը վերսկսելուց առաջ, կուզենայի ասել Ձեզ, Մայր իմ, որ ո՛չ թե իրենց, այլ՝ փոքրիկ քույրերիս եմ վերագրում Ավետարանից վերցված առաջին խոսքերը. «Հաղորդեցի նրանց այն, ինչը որ Դո՛ւ ինձ հաղորդեցիր»[1], որովհետև ինձ չեմ կարծում առաքյալներ կրթելու ընդունակ. բարեբախտաբար, դեռ բավական հպարտ չեմ դրա համար: Նմանապես, ի վիճակի չէի լինի խորհուրդներ տալու քույրերիս, եթե Դուք, Մայր իմ, որ իմ համար Տիրոջ ներկայացուցիչն եք, չօգնեիք ինձ:

Ընդհակառակն, Ձեր թանկագին հոգեզավակների՝ իմ եղբայրների մասին մտածում էի, երբ գրում էի Հիսուսի այս և սրանց հետևող խոսքերը. «Չեմ խնդրում Քեզ հանել նրանց աշխարհից ... , խնդրում եմ Քեզ նրանց խոսքով բոլոր ինձ հավատացողների համար նաև»[2]: Եվ իրոք, ինչպե՞ս կարող եմ չաղոթել այն հոգիների համար, որոնց նրանք կփրկեն իրենց հեռավոր առաքելավայրերում, տառապանքով ու քարոզչությամբ:

 

338. Մայր իմ, կարծում եմ, թե դեռ պետք է որոշ բացատրություններ տամ Երգ Երգոցի «Ձգի՜ր ինձ, ընթանա՜նք» հատվածի շուրջ, որովհետև այն, ինչը որ գրել եմ, բավական անըմբռնելի է թվում ինձ: «Ոչ ոք», ասում է Հիսուսը, «չի կարող հետևել ինձ, եթե նրան չձգի Հայրը, որ ուղարկեց ինձ»[3]: Ապա, վեհիմաստ առակների շնորհիվ, բայց հաճախ նաև առանց օգտագործելու ժողովրդին ընտանի այդ միջոցը, Նա հայտնում է մեզ, որ բավական է բախել, որպեսզի մեր առաջ բացվի, փնտրել՝ գտնելու, և խոնարհաբար խնդրել՝ ստանալու համար[4]: Ինչպես նաև ասում է, թե ի՛նչ խնդրենք Հորից Իր անունով, կտա մեզ[5]: Այս պատճառով էր անկասկած, որ Սուրբ Հոգին, Հիսուսի ծննդից առաջ, նահապետին թելադրեց մարգարեական այս աղոթքը. «Ձգի՜ր ինձ, ընթանա՜նք ... »:

Ի՞նչ է, սակայն, նշանակում ձգվածություն, եթե ո՛չ՝ սերտորեն միանալ նրան, ով առինքնում է մեր սիրտը: Եթե կրակն ու երկաթը բանական լինեին, և այս վերջինն ասեր առաջինին. «Ձգի՜ր ինձ», չէ՞ր փաստի արդյոք, որ կամենում է նույնանալ կրակի հետ, այնպես՝ որ այն ներթափանցի իր մեջ, պատի իրեն իր այրող էությամբ և թվա մեկ միասնություն իր հետ: Մայր իմ թանկագին, ահա՛ իմ աղոթքը. խնդրում եմ Հիսուսին ձգել ինձ Իր սիրո կրակների մեջ, միավորել ինձ Իր հետ այնքա՜ն սերտորեն, որ նույն Ինքն ապրի ու գործի իմ մեջ: Զգում եմ, որ սիրո կրակը որքան ավելի հրկիզի սիրտս, այնքան ավելի կգոչեմ. «Ձգի՜ր ինձ», և այնքան ավելի հոգիները, որ կմոտենան ինձ (որ մետաղի ողորմելի չնչին թափոն եմ միայն, եթե հեռանամ աստվածային հնոցից), իրենք նույնպես ճեպընթաց կսլանան Սիրեցյալի անուշահոտ բուրմունքների ետևից, որովհետև սիրով բոցավառված հոգին չի կարող անգործ մնալ: Անշուշտ, մնում է Հիսուսի ոտքերի առաջ, ինչպես Սրբուհի Մագդաղենացին, ունկնդրում է Նրա քաղցրիկ ու հրաշունչ խոսքերը: Նույնիսկ եթե թվում է, թե ոչինչ չի տալիս, իրականում, սակայն, տալիս է շա՜տ ու շա՜տ ավելի, քան Մարթան, որ մտահոգվում էր, զբաղվում զանազան գործերով, և նույնիսկ պահանջում, որ քույրը նույնպես իրեն նմանվի[6]: Հիսուսը չի պախարակում Մարթայի աշխատանքը. Իր երանաշնորհ Մայրն իր ողջ կյանքի ընթացքում խոնարհաբար զբաղվեց այդ նույն աշխատանքով, որովհետև պետք է հոգար Սուրբ Ընտանիքի տնային գործերը: Կամեցավ, սակայն, ուղղման ենթարկել Իր խանդավառ հյուրընկալի չափազանց մտահոգությունը[7]: Բոլոր Սրբերը հասկացել են սա, և հատկապես նրանք, թերևս, որոնք շքեղորեն զարդարեցին տիեզերքը Ավետարանի վարդապետության շաղարձակմամբ: Մի՞թե աղոթքի շնորհիվ չէ, որ այնպիսի Սրբեր, ինչպիսիք են Պողոսը, Օգոստինոսը, Հովհաննես Խաչը, Թովմա Աքվինացին, Ֆրանցիսկոսը, Դոմենիկոսը և Աստծո հռչակավոր մյուս բարեկամները հաղորդակից դարձան աստվածային գիտությանը, որ ներշնչարանն է ամենամեծ հանճարների: Գիտնականներից մեկն ասել է. «Տվեք ինձ մի լծակ, հենման մի կետ, և ես կբարձրացնեմ երկրագունդը»: Այն, ինչը որ Արքիմեդը չկարողացավ ի կատար ածել, որովհետև իր մտքերն ուղղված չէին առ Աստված, այլ՝ արտահայտված էին սոսկ նյութական տեսանկյունից դիտված, լիուլի իրագործեցին Սրբերը: Ամենակարողը նրանց որպես հենման կետ տվեց Իրեն և միայն Իրեն, որպես լծակ՝ աղոթքը, որ հրդեհում է սիրո կրակով, և այդպիսով նրանք վեր բարձրացրեցին աշխարհը. այդպիսով այդ աշխարհը շարունակում են վեր բարձրացնել Եկեղեցու ներկա Սրբերը, և այն դեռ վեր կբարձրացնեն Սրբերն ապագա, մինչև աշխարհի վախճանը:

 

339. Թանկագին Մայր իմ, այժմ կուզենայի մի քանի տող ավելացնել՝ բացատրելու համար, թե ի՛նչ եմ հասկանում «Սիրեցյալի անուշահոտ բուրմունք» ասելով: Քանի որ Հիսուսը համբարձավ Երկինք, կարող եմ հետևել Իր հետքերին միայն. բայց դրանք հետքեր են այնքա՜ն լուսեղեն, այնքա՜ն օծուն ու բուրումնավետ: Հազիվ եմ հայացքս ուղղում Սուրբ Ավետարանին, սկսում եմ զմայլվել ու վայելել բուրումը Հիսուսի կյանքի, և հասկանում եմ, թե ճանապարհի ո՛ր կողմով քայլեմ: Չեմ շտապում գրավելու առաջին տեղը, այլ՝ ուղղվում եմ դեպի վերջինը. փոխանակ առաջ նետվելու՝ փարիսեցու հետ, կրկնում եմ, վստահությամբ լի, մաքսավորի խոնարհ աղոթքը[8]: Բայց բոլորից ավելի հետևում եմ Մագդաղենացու օրինակին: Նրա զարմանահրաշ, կամ ավելի ճիշտ՝ սիրով լի վստահությունը, որ հիացում է պարգևում Հիսուսի Սրտին[9], հմայում է ինձ: Այո՛, շա՜տ լավ եմ զգում, որ նույնիսկ եթե խղճիս վրա ունենայի հնարավոր բոլոր մեղքերը, կգնայի՝ զղջումով տրորված սրտով նետվելու Հիսուսի գիրկը, որովհետև գիտեմ, թե Նա որքա՜ն է սիրում անառակ որդուն, որ վերադառնում է Իր մոտ: Իր նախախնամ ողորմությամբ անձս մահացու մեղքից ազատելու համար չէ, որ դեպի Ինքն եմ ընթանում վստահությամբ ու սիրով[10]:

 

[1] Հվհ 17, 7

[2] Հվհ 17, 15-20

[3] Հվհ 6, 44

[4] Հմմտ․ Մտթ 7, 7-8

[5] Հվհ 16, 23

[6] Ղկս 10, 38-42

[7] Այս տողից սկսած՝ Սրբուհին գրում է մատիտով, որովհետև այլևս ի վիճակի չէ բռնելու գրիչը։ Հուլիսի 8ին նա վերջնականապես թողել էր իր խուցը և փոխադրվել էր հիվանդների բաժին, ուր էլ, ի գին մեծ ջանքերի, գրեց ինքնակենսագրության վերջին տողերը։

[8] Ղկս 18, 9-14

[9] Ղկս 7, 36-50

[10] Այս խոսքերից հետո մատիտը նույնպես ընկնում է Սրբուհու ձեռքից։ Սիրո հուրը լրման կետին է հասցնում հիվանդության քայքայիչ գործունեությունը, և նա, 1897ի Սեպտեմբերի 30ին, ժամը 19։30ին, 24 տարեկան հասակում վերջացնում է իր մարտիրոսական ընթացքը՝ սիրո վսեմ հափշտակության մեջ (տե՛ս՝ Վերջին Խոսքը, 30 Սեպտեմբեր)։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։