Դառնություն և վստահություն – Գրադարան – Mashtoz.org

Դառնություն և վստահություն

176. Սիրելի Հայրիկս վշտացավ՝ ունկնդրության ավարտին ինձ ամբողջովին արցունքների մեջ տեսնելով, ամեն ջանք գործադրեց մխիթարելու համար, բայց ի զուր: Սրտիս խորքում մեծ խաղաղություն էի զգում, քանի որ արել էի հնարավոր ամեն բան՝ համապատասխանելու համար Աստծո կամքին, բայց այդ խաղաղությունը խորքում էր միայն, իսկ դառնությունը լցնում էր հոգիս, որովհետև Հիսուսը լռում էր: Թվում էր հեռու, շա՜տ հեռու, չունեի Իր ներկայությունը հայտնող և ո՛չ իսկ մեկ նշան: Այդ օրը արևը նույնպես չհամարձակվեց փայլել և Իտալիայի գեղեցիկ երկինքը, մթին ամպերով ծանրաբեռնված, արտասվեց իմ հետ ժամեր շարունակ: Ա՜հ, վերջացած էր, ճամփորդությունս այլևս անհրապույր էր, որովհետև ձախողվել էր նպատակը: Եվ սակայն, Հռոմի Սրբազան Հոր վերջին խոսքերը պետք է որ մխիթարեին ինձ. իրոք, մի՞թե իրական մարգարեություն չէին դրանք: Չնայած բոլոր խոչընդոտներին, այն, ինչը որ ողորմածն Աստված կամեցավ, կատարված է: Թույլատրեց արարածներին կատարելու ո՛չ այն, ինչ կամենում էին, այլ՝ ինչ կամենում էր Ինքը:

 

177. Որոշ ժամանակից ի վեր անձս Հիսուս Մանկանն էի նվիրել՝ Իր փոքրիկ խաղալիքը լինելու համար: Խնդրել էի Նրան հետս չվարվել իբրև արժեքավոր խաղալիքի (մանուկները գոհանում են նրանց դիտելով միայն, առանց ձեռք տալ համարձակվելու), այլ՝ ինչպես հնամաշ գնդակի, որը Նա կարող էր գետին նետել, ոտքով հարվածել, պատռել, մոռանալ մի մութ սեյակում, կամ էլ՝ սրտին սեղմել, ըստ Իր հաճույքի: Մի խոսքով, կամենում էի զվարճացնել Հիսուս Մանկանը, ուրախություն պատճառել Նրան, կամենում էի անձնատուր լինել Իր մանկական քմահաճույքին։ ... Լսել էր աղոթքս:

Հռոմում Հիսուսը պատռեց Իր խաղալիքը, կամեցավ տեսնել, թե ի՛նչ կար ներսում, և տեսնելուց հետո, գոհ Իր նոր գյուտով, մի կողմ նետեց գնդակն ու գնաց ննջեց: Ի՞նչ արեց արդյոք Իր քաղցրիկ քնի ժամանակ, կամ ի՞նչ եղավ թողլքված գնդակի վախճանը: Հիսուսը երազում տեսավ, թե դեռ խաղում է Իր գնդակով, երբեմն վերցնում, երբեմն թողնում, ապա հեռո՜ւ հեռո՜ւ գլորում, իսկ վերջում սեղմում է Իր կրծքին, առանց այդուհետև թույլատրելու, որ հեռանա Իրենից:

 

178. Հասկանում եք, Մայր իմ սիրելի, թե որքա՜ն տխուր էր գնդակը, իրեն հատակին նետված տեսնելով: Եվ սակայն, չէի դադարում հուսալ ընդդեմ ամեն հույսի[1]: Սրբազան Քահանայապետի ընդունելությունից մի քանի օր անց Հայրիկն այցելության էր գնացել շատ բարեհոգի Եղբայր Սիմեոնին[2], և նրա մոտ գտել էր նաև գերհարգելի Ռէվեռոնիին: Հայրիկն անուշությամբ հանդիմանել էր նրան՝ դժվար ձեռնարկիս մեջ ինձ օգնած չլինելու համար, ապա իր փոքրիկ թագուհու պատմությունը պատմել էր Եղբայր Սիմեոնին: Հարգարժան ծերունին պատմությունն ունկնդրել էր կենդանի հետաքրքրությամբ, վերջում նշումներ էր կատարել իր տետրակում և հուզված ասել. «Այսպիսի բաներ Իտալիայում չեն պատահում»: Կարծում եմ, թե զրույցը բավական տպավորիչ է եղել նաև գերհարգելի Ռէվեռոնիի համար, որովհետև հետագայում ամեն բան փաստում էր, որ վերջապես համոզվել էր կոչմանս իրականությանը:

[1] Հմմտ. Հռմ 4, 18

[2] Եղբայր Սիմեոնը «Քրիստոնյա Դպրոցներ» միաբանության կրոնավորներից էր, «Սուրբ Հովսեփ» վարժարանի տնօրենը. մեծ համբավ ու հարգանք էր վայելում հռոմեացիների կողմից:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։