Եկեղեցում իր անձնական կոչման բացահայտումը. այդ կոչումը Սերն է – Այն իր մեջ բովանդակում է մյուս բոլոր կոչումները և հավերժական է – Գրադարան – Mashtoz.org

Եկեղեցում իր անձնական կոչման բացահայտումը. այդ կոչումը Սերն է – Այն իր մեջ բովանդակում է մյուս բոլոր կոչումները և հավերժական է

253. Աղոթքներիս ընթացքում, փափագներիս պատճառով իրական մարտիրոսություն էի կրում: Մի որևէ պատասխան գտնելու մտադրությամբ՝ բացեցի Պողոս Առաքյալի նամակները: Աչքերիս առաջ ընկան Կորնթացիներին ուղղված Առաջին Նամակի 12րդ և 13րդ գլուխները: Առաջինում կարդացի, որ բոլորը չեն կարող միայն առաքյալներ լինել, միայն մարգարեներ, վարդապետներ, և այլն: Կարդացի, որ Եկեղեցին կազմված է զանազան անդամներից, և որ աչքը չի կարող միաժամանակ նաև ձեռք լինել[1]: Պատասխանը հստակ էր, սակայն չէր հագեցնում իղձերս, չէր խաղաղեցնում հոգիս: Բայց ինչպես Մագդաղենացին շարունակ կռանալով դատարկ գերեզմանի վրա՝ գտավ այն, ինչ փնտրում էր, ես նույնպես, խոնարհվելով մինչև անդնդախոր հատակն անձիս ոչնչության, այնքա՜ն բարձրացա, որ կարողացա հասնել նպատակիս[2]: Առանց հուսալքվելու, շարունակեցի ընթերցումս և մխիթարվեցի ահա՛ այս տողով. «Եռանդով փնտրեցեք ամենակատարյալ պարգևաշնորհները: Բայց ես առավել ևս գերազանց ճանապարհ ցույց կտամ ձեզ»[3]: Եվ Առաքյալը սկսում է բացատրել, որ ամենակատարյալ շնորհներն անգամ ոչինչ են առանց Սիրո: Սերն է այն գերազանց ուղին, որ անսխալ կերպով առաջնորդում է դեպի Աստված:

 

254. Վերջապես գտա՜ հանգիստս: Դիտելով Եկեղեցու խորհրդավոր մարմինը, ինձ չէի ճանաչել Պողոս Առաքյալի կողմից նկարագրված անդամներից ոչ մեկում, կամ ավելի ճիշտ՝ աշխատում էի ճանաչել ինձ բոլորի մեջ միաժամանակ: Սերը տվեց ինձ կոչմանս բանալին: Հասկացա, որ եթե Եկեղեցին զանազան անդամներից կազմված մարմին ունի, չի պակասում նրան նաև ամենակարևորն ու ամենավեհը. հասկացա, որ Եկեղեցին ունի սիրտ և որ այդ սիրտը բոցավառվում է սիրով: Հասկացա, որ միայն սերն է գործի դնում Եկեղեցու անդամներին. հասկացա, որ եթե սերը հանկարծ սպառվեր, առաքյալներն այլևս չէին տարածի Ավետարանի բարի լուրը և մարտիրոսները նույնպես կմերժեին հեղել իրենց արյունը: Հասկացա, որ Սերն իր մեջ ամփոփում է բոլոր կոչումները, որ Սերն ամեն ինչ է, որ ընդգրկում է բոլոր ժամանակներն ու վայրերը. մի խոսքով, որ հավերժական է:

Այնժամ, խելացնոր բերկրանքիս հեղեղով ծածկված, բացականչեցի. «Հիսո՜ւս, Սե՜ր իմ, կոչումս ... այն վերջապես գտա. իմ կոչումը Սերն է»:

Այո՛, գտա իմ տեղը Եկեղեցու գրկում, և այդ տեղն, Աստվա՜ծ իմ, Դո՛ւ տվեցիր ինձ: Սիրելի Մորս՝ Եկեղեցու սրտում ես կլինեմ Սերը: Այդպիսով կլինեմ ամեն բան ... և այդպես իրագործված կտեսնեմ իղձերս:

 

255. Բայց ինչո՞ւ եմ խոսում խելացնոր բերկրանքի մասին: Ո՛չ, այս արտահայտությունը ճիշտ չէ: Ավելի՝ հանդարտ ու անխռով խաղաղությունն է այն նավավարի, որ նշմարում է լուսափայլ փարոսը, որն իրեն առաջնորդում է դեպի նավահանգիստ: Ո՜վ սիրո լուսաճեմ Փարոս, գիտեմ՝ ինչպե՛ս հասնել Քեզ, գտա բոցերիդ տիրանալու գաղտնիքը:

Մի մանուկ եմ միայն, անկարող ու տկար, և սակայն, հենց տկարությունս է ինձ տալիս, ո՜վ Հիսուս, սիրույդ որպես զոհ նվիրվելու համարձակությունը:

Հին Ուխտի ժամանակներում անարատ ընծաներն էին միայն հաճելի հզոր ու ամենակարող Աստծուն: Աստվածային արդարությանը գոհացում տալու համար հարկավոր էին կատարյալ զոհեր: Բայց վախի օրենքին հաջորդեց Սիրո Օրենքը, և Սերն ընտրեց ինձ որպես զոհ ողջակեզ, ինձ՝ տկար ու թերի արարածիս: Մի՞թե այս ընտրությունն արժանավայել չէ Սիրույն: Այո՛, որովհետև որպեսզի Սերը լիովին բավարարվի, հարկավոր է, որ խոնարհվի, խոնարհվի մինչև ոչնչություն և կրակի գոյափոխի այդ ոչնչությունը:

 

[1] Հմմտ. 1Կր 12, 29

[2] San Giovanni della Croce, Poesie, Altre strofe su argomenti spirituali, 3.

[3] 1Կր 12, 31

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։