Երկու փոքրիկ պայքար – Գրադարան – Mashtoz.org

Երկու փոքրիկ պայքար

327. Բայց միշտ ուրախության այս զգացումներով չէ, որ գործադրել եմ եղբայրսիրությունը, այլ՝ վանական կյանքիս սկզբում Հիսուսը կամեցավ զգացնել ինձ, թե որքա՜ն քաղցր է միաբանակիցներիս հոգիներում Իրեն տեսնելը: Այնպես, որ երբ առաջնորդում էի Քույր Սեն Պիեռին, դա անում էի այնքա՜ն սիրով, որ ավելին անհնարին էր, նույնիսկ եթե Իրեն Հիսուսին ուղեկցեի: Սիրո գործադրումը միշտ չէ, որ քաղցր եղավ իմ համար, ասում էի հենց նոր, Մայր իմ. օրինակ տալու համար՝ այժմ կպատմեմ երկու փոքրիկ պայքար, որոնք Ձեզ անկասկած ժպիտ կպատճառեն: Բավական երկար ժամանակ երեկոյան աղոթքին տեղս գտնվում էր մի միաբանակից քրոջ դիմաց, որը տարօրինակ սովորություններ ուներ և, կարծում եմ, հոգեմտավոր բավական լույսեր, որովհետև հազվադեպ էի տեսնում նրան մի որևէ գիրք ընթերցելիս: Ահա՛ թե ինչումն էր կայանում այդ տարօրինակություններից մեկը. հազիվ էր նա տեղ հասնում, սկսում էր մի արտասովոր փոքրիկ աղմուկ հանել, որ նմանվում էր իրար շփվող երկու խեցիների ձայնին: Այդ ձայնը միայն ես էի լսում, որովհետև շատ սուր լսողություն ունեմ (երբեմն նաև մի քիչ չափազանց): Անհնարին է ասել, Մայր իմ, թե ի՜նչ աստիճանի էր հոգնեցնում ինձ այդ ժխորիկը, շա՜տ մեծ փափագ ունեի գլուխս ետ շրջելու և մեղապարտին հայացքով հասկացնելու, որն անկասկած չէր անդրադառնում իր հանած աղմուկին. նրան դեպի իրականություն ետ կանչելու միակ միջոցն էր: Բայց սրտիս խորքում զգում էի, որ ավելի լավ էր համբերել՝ ի սեր Աստծո և միաբանակցին տհաճություն չպատճառելու համար: Զսպում էի ինձ, հետևաբար, և մնում էի խելո՜ք խելոք, աշխատում էի միանալ մարդասերն Աստծուն, մոռանալով ժխորիկը ... : ... Ապարդյուն ... : Քրտինքով ծածկվելս էի զգում և աղոթքս տառապանքի էր վերածվում, բայց տառապանքի հետ մեկտեղ՝ փնտրում էի այն գոնե հոգուս խորքում առանց ջղայնության, խաղաղությամբ ու զվարթությամբ կատարելու միջոցը: Աշխատում էի սիրել այդ այնքա՜ն տհաճ ժխորիկը. փոխանակ այն այլևս չլսել փորձելու (անհնարին բան), ուշադրություն էի դարձնում այն լավ ունկնդրելու, կարծես հմայիչ նվագահանդես լիներ: Եվ իմ ամբողջ աղոթքը (որն այնքան էլ անդորր հափշտակության աղոթք չէր), կայանում էր այդ նվագահանդեսիկը Հիսուսին նվիրելու մեջ:

 

328. Մի ուրիշ անգամ լվացքատանն էի, մի միաբանակից քրոջ դիմաց, որը կեղտոտ ջրի շիթերով էր ծածկում դեմքս ամեն անգամ, երբ ջրից դուրս էր հանում ու լվացարանի վրա դնում թաշկինակները: Առաջին շարժումս եղավ մի քայլ դեպի ետ ցատկելն ու երեսս չորացնելը, ցույց տալու համար միաբանակից քրոջը, թե լավ ծառայություն մատուցած կլիներ ինձ, եթե մի քիչ ավելի խելամիտ լիներ: Բայց իսկույն մտածեցի, թե որքա՜ն անմիտ էի՝ մերժելով այդ գանձերը, որ ինձ մատուցվում էին այդքա՜ն վեհանձն կերպով, և զգուշացա ներքին պայքարս արտաքուստ հայտնելուց: Գործադրեցի բոլոր ճիգերս՝ կեղտոտ ավելի ջուր ստանալ ցանկանալու համար, այնպես՝ որ վերջավորության իսկապես հաճույք էի ստանում ցողման այդ նոր տեսակից, և ինքս ինձ խոստացա կրկին վերադառնալ՝ գրավելու իմ այդ երջանիկ տեղը, ուր հնարավորությունն ունեի ընդունելու այնքա՜ն գանձեր:

Մայր թանկագին, տեսնում եք, որ շատ փոքր հոգի եմ, որ չի կարող նվիրել մարդասերն Աստծուն ուրիշ ոչինչ, եթե ո՛չ միայն՝ շա՜տ փոքր գործեր: Հաճախ է պատահում ինձ կորցնել այդ աննշան զոհողությունների պատեհ առիթներից մի քանիսը, – զոհողություններ, որ այնքա՜ն խաղաղություն են պարգևում հոգուն. – չեմ վհատվում, սակայն. բավարարվում եմ իմ մի քիչ սակավ խաղաղությամբ և աշխատում եմ ավելի աչալուրջ լինել հաջորդ անգամ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։