Ընտանեկան քաղցր մթնոլորտը - Ուրախ բնավորությունը – Գրադարան – Mashtoz.org

Ընտանեկան քաղցր մթնոլորտը - Ուրախ բնավորությունը

13. Հոգուս պատմության մեջ, մինչև Կարմեղոս մտնելս, հստակորեն տեսնում եմ երեք շրջան: Առաջինը, հակառակ իր կարճությանը, հիշողություններով ամենաաղքատը չէ. տարածվում է մտքիս առաջին զարթոնքից մինչև մեր սիրելի մայրիկի մահը:

Աստված կամեցավ ինձ գիտակցություն շնորհել, երբ դեռ շատ փոքր էի, և հիշողությանս մեջ փորագրել մանկությանս մանրամասներն այնքա՜ն խորը կերպով, որ թվում է, թե երեկվա դեպքերն եմ պատմելու: Անկասկած, Հիսուսն Իր սիրո համաձայն կամենում էր, որ լավ ճանաչեի այն անհամեմատելի Մայրիկին, որին տվել էր ինձ, և որին շտապում էր թագադրել Երկնքում:

 

14. Ամբողջ կյանքիս ընթացքում Աստված կամեցավ շրջապատել ինձ սիրով, առաջին իսկ հիշատակներս ժպիտներ ու քնքուշ քաղցրախոսություններ են. բայց եթե այդքան սեր էր տեղադրել իմ շրջապատում, դրել էր նրանից նաև իմ սրտում, ստեղծելով այն սիրող ու զգայուն: Այդպիսով, շա՜տ շա՜տ էի սիրում Հայրիկին ու Մայրիկին և ցուցադրում էի գորովս հազար ու մի ձևերով, որովհետև շա՜տ սրտաբաց էի: Միայն թե միջոցները, որ գործածում էի, երբեմն տարօրինակ էին լինում, ինչը փաստում է Մայրիկի նամակներից քաղված այս հատվածը. «Փոքրիկը մի անգին չարաճճի է, փայփայում է ինձ՝ մաղթելով ինձ մահ. “Ա՜հ, որքա՜ն կկամենայի, որ մահանայիր, խեղճ Մայրիկ իմ ...”։ Իսկ երբ հանդիմանվում է, դառնում է դեպի ինձ. “Բայց որպեսզի կարողանաս Երկինք գնալ։ Չէ՞ որ դու ինքդ ես ասում, որ այնտեղ գնալու համար հարկավոր է նախ մեռնել”: Եվ նմանօրինակ խոսքերով մահ է մաղթում նաև հորը, երբ սիրո խանդավառման մեջ է»[1]:

 

15. 1874ի Հունիսի 25ին, երբ հազիվ տասնութ ամսական էի, ահա՛ թե ինչ է պատմում Մայրիկն իմ մասին. «Ձեր հայրը մի ճոճանակ պատրաստեց: Սելինը երջանիկ է այնքան, որ ավելին անհնարին է, բայց պետք է տեսնել փոքրիկին, երբ խաղում է: Ծիծաղելի է, նստում է ինչպես մեծահասակ, վտանգ չկա, որ հանկարծ թողնի պարանը, որովհետև հենց հոգնում է, սկսում է ճչալ: Առջևից մի ա՛յլ պարան էլ ենք կապում, բայց, այդ բոլորի հետ մեկտեղ, հանգիստ չեմ կարողանում մնալ, երբ տեսնում եմ նրան բարձր տեղ դրված»:

 

16. «Փոքրիկի հետ այս վերջերս հետաքրքրաշարժ արկած պատահեց: Սովորությունն ունեմ Պատարագի գնալ ժամը հինգն անց կեսին։ Սկզբում չէի համարձակվում նրան մենակ թողնել, բայց տեսնելով, որ չի արթնանում, որոշեցի գնալ: Պառկեցրի իմ մահճակալի մեջ և այնպես մոտեցրի օրորոցը, որ այլևս չէր կարող ընկնել: Այսպես էի վարվում օրեր շարունակ: Մի օր, մոռացա մոտեցնել օրորոցը: Վերադարձա, փոքրիկն այնտեղ չէ. միևնույն ակնթարթին ձայն լսեցի. նայեմ, տեսնեմ նստել է աթոռակի վրա, անկողնի մոտ, գլխիկը հենել է բարձին ու քնել, անհարմար դիրքով ընկած: Դեռ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՛ս է կարողացել ընկնել ու նստել աթոռակի վրա, քանի որ պառկած էր: Երախտագիտությունս հայտնեցի Աստծուն, որ նրան ոչինչ չէր պատահել: Իրոք մի նախախնամական դեպք է. պետք է որ գետին ընկներ. իր Պահապան Հրեշտակն է հսկել. նաև Քավարանի հոգիները, որոնց բարեխոսությանն եմ դիմում ամեն օր, պահպանեցին նրան: Ես այսպես եմ մեկնաբանում իրողությունը. դուք մեկնաբանեցեք ինչպե՛ս ձեզ է թվում»:

 

17. Նամակի վերջում Մայրիկը գրում է. «Ահա՛ փոքրիկը, որ թաթիկները երեսիս է դնում ու գրկում ինձ: Խե՜ղճ փոքրիկ, չի ուզում թողնել ինձ, միշտ հետս է. շատ է սիրում պարտեզ ելնել, բայց եթե ես չեմ գնում, չի մնում այնտեղ և լալիս է, մինչև իմ մոտ բերեն»[2]: Ահա՛ մի ուրիշ հատված ևս մի ա՛յլ նամակից. «Երեկ չէ առաջի օրը Թերեզան հարցնում էր, թե արդյոք գնալու՞ է Երկինք: Ասացի՝ այո՛, եթե իսկապես բարի լինի: Պատասխանեց. “Այո՛, բայց եթե չլինեմ բարի՜ բարի՜, կգնամ դժո՞խք։ ... Գիտեմ, թե ի՛նչ կանեմ. կփարվեմ քեզ, որ Երկինք ես գնալու։ Ինչպե՞ս կկարողանա բարին Աստված հեռացնել ինձ քեզնից: Դու ինձ գրկիդ մեջ կպաշտպանես”: Կարդացի աչքերում. համոզված է, որ բարին Աստված իրեն ոչինչ անել չի կարող, եթե մայրիկի գրկում է»[3]:

 

18. «Մարիան շատ է սիրում փոքրիկ քրոջը, քնքշություն է գտնում նրանում, իսկ փոքրիկն իր հերթին վախենում է նրան տհաճություն պատճառելուց: Երեկ կամեցա նրան վարդ նվիրել, գիտեի, որ հաճույք կպատճառեմ. բայց հանկարծ սկսեց աղաչել, թե պետք չէ. “Մարիան արգելել է կտրել դրանք”: Մի տակնուվրա եղած վարդ էր, բայց միևնույնն է, քանի որ տվեցի իրեն երկու հատ, չէր համարձակվում այլևս տուն վերադառնալ: Սկսեցի համոզել, թե վարդերն իմն են. “Ո՛չ, - ասում է,- Մարիայինն են”»:

 

19. «Շատ զգայուն մանուկ է: Հազիվ է մի փոքրիկ չարություն անում, անհրաժեշտություն է, որ դա իմանան բոլորը: Երեկ ակամա վար գցեց սրահակներից մեկը, մի ողորմելի վիճակում էր, պետք է անմիջապես հայտներ հայրիկին։ Նա եկավ չորս ժամ հետո, երբ պատահածի մասին չէր մտածում այլևս ոչ ոք։ Բայց ինքն իսկույն վազեց Մարիայի մոտ. “Արագացրո՛ւ, ասա՛ հայրիկին, որ ես պատռեցի թուղթը”: Մնաց իր տեղում կանգնած ինչպես մի ոճրագործ, որ սպասում է դատավճռի արձակմանը: Իր փոքրիկ ուղեղում համոզված է, որ ավելի հեշտորեն կներվի, եթե հենց ինքն իրեն մեղադրի»[4]:

 

20. Շատ էի սիրում Կնքամորս[5]: Առանց նկատել տալու, ուշադիր էի այն ամենին, ինչ ասվում և արվում էր իմ մոտակայքում. թվում է, թե իրողությունները դատում էի ինչպես այժմ: Մեծ հոգատարությամբ էի ունկնդրում այն, ինչ Մարիան ուսուցանում էր Սելինին, անելու համար այնպես, ինչպես ինքն էր անում: Երբ թողեց Վարժարանը[6], խելո՜ք խելո՜ք էի մնում և ի՛նչ էլ կամենար, անում էի, ստանալու համար Սելինին տրվող դասախոսությունների ժամանակ սենյակում մնալու շնորհը: Եվ նա բազում նվերներ էր շռայլում ինձ, որոնք, փոքրարժեք լինելով հանդերձ, մեծագույն գոհունակություն էին ինձ պատճառում:

 

21. Հպարտ էի երկու քույրերիս համար, բայց նրանցից մեկը մանկությանս գաղափարականն էր. Փոլինը: Երբ սկսեցի խոսել, եթե մայրիկը հարցնում էր. «Ո՞ւմ մասին ես մտածում», պատասխանը երբեք չէր փոխվում. «Փոլինի»: Մի ուրիշ անգամ, մատիկներս ապակուն էի քսում ու ասում. «Գրում եմ “Փոլին”»: Հաճախ էի լսում, որ Փոլինը միանձնուհի էր դառնալու. այնժամ, առանց հստակորեն հասկանալու, թե խոսքն ինչի՛ մասին էր, մտածում էի. «Ուրեմն ես նույնպես միանձնուհի կդառնամ»: Սա առաջին հուշերիցս մեկն է. այդ օրերից ի վեր երբեք չփոխեցի որոշումս: Դո՛ւք եղաք, Մայր սիրելի, որին Հիսուսն ընտրեց՝ ինձ Իրեն նվիրելու համար: Դուք այն ժամանակ իմ հետ չէիք, բայց մի կապ արդեն ստեղծվել էր մեր հոգիների միջև. իմ գաղափարականն էիք, ցանկանում էի ձեզ նմանվել, և ձեր օրինակը եղավ, որ երկու տարեկան հասակիցս ի վեր ձգեց ինձ դեպի Կույսերի Փեսան: Ա՜հ, քանի՜ քանի՜ քաղցր խորհրդածություններ կկամենայի հաղորդել ձեզ: Բայց պետք է շարունակեմ փոքրիկ ծաղկի պատմությունը, ամբողջական և ընդհանուր պատմությունը, որովհետև եթե փորձեի մանրամասնորեն խոսել Փոլինի հետ ունեցած հարաբերություններիս մասին, ստիպված կլինեի մի կողմ թողնել մնացածը:

 

22. Սիրելի Լեոնիաս, նա նույնպես մեծ տեղ էր գրավում իմ սրտում: Շատ բարի էր իմ հանդեպ: Երեկոները նա էր, որ խնամում էր ինձ, մինչ ամբողջ ընտանիքը գնում էր զբոսանքի: Ականջներիս մեջ դեռ ղողանջում են այն գեղեցիկ օրորոցայինները, որ երգում էր անկողնուս մոտ նստած: Բոլոր գործերում աշխատում էր գտնել ինձ հաճույք պատճառելու կերպը, այն աստիճան, որ շատ էր տխրում, եթե հանկարծ հակառակվում էի իրեն:

 

23. Հստակ կերպով հիշում եմ նրա Առաջին Հաղորդությունը[7], և հատկապես այն պահը, երբ գրկեց ինձ՝ ժամատուն մտցնելու համար. մեծ քրոջս կողմից այդ կերպ տարված լինելն ինձ հեքիաթային էր թվում. նա ամբողջովին սպիտակ զգեստների մեջ էր, ինչպես ես: Երեկոյան ինձ անկողին տարան սովորական ժամին, դեռ շատ փոքր էի ճաշկերույթին մասնակցելու համար. բայց այժմ էլ աչքերիս առջև է Հայրիկը, որ քաղցր խմորեղեն բերեց իր փոքրիկ թագուհուն: Հաջորդ օրը, կամ մի քանի օր հետո, Մայրիկի հետ այցելեցինք Լեոնիայի փոքրիկ ընկերուհուն: Կարծեմ այդ օրն էր, որ սիրելի Մայրիկն առաջնորդեց մեզ ինչ որ մի պատից այն կողմ, ճաշից հետո մի քիչ գինի մեզ տալու համար (այն ճաշից, որ մեր համար պատրաստել էր տիկին Դագորոն[8]), որովհետև չէր կամենում մերժելով վիրավորել այդ բարի կնոջը, միաժամանակ կամենալով, որ ոչինչ չպակասի մեզ: Որքա՜ն քնքշալի է մոր սիրտը և ինչպե՜ս է ճառագայթում իր գորովը հազար ու մի խնամքներով, որոնց մասին չէր մտածի թերևս ուրիշ ոչ ոք:

 
 

[1] Տկն. Մարթինի 5 Դեկտեմբեր 1875 թվակիր նամակը Փոլինին:

[2] Տկն. Մարթինի 25 Հունիս 1874 թվակիր նամակը Մարիային ու Փոլինին, որոնք այդ շրջանում ուսանում էին Լը Մանի վարժարանում:

[3] 29 Հոկտեմբեր 1876 թվակիր նամակը Փոլինին:

[4] 21 Մայիս 1876 թվակիր նամակը Փոլինին:

[5] Թերեզայի Մկրտության կնքամայրը իր իսկ քույր Մարիան էր:

[6] Մարիան թողեց Լը Մանի վարժարանը 1875ի Հուլիսին:

[7] 1875ի Մայիսի 23ին: Թերեզան այդ ժամանակ միայն երկուսուկես տարեկան էր:

[8] Տկն. Դագորոն «Լեոնիայի Փոքրիկ Ընկերության» հոգաբարձու մայրն էր:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։