Ընտանիքի տեղափոխումը Լիզյո - Հանդարտ կյանքը Բուիսոնեում – Գրադարան – Mashtoz.org

Ընտանիքի տեղափոխումը Լիզյո - Հանդարտ կյանքը Բուիսոնեում

46. Այնքան էլ տխուր չէի Ալոնսոնից հեռանալիս։ Մանուկներին հաճելի են փոփոխությունները։ Եվ ես նույնպես Լիզյո եկա ուրախությամբ։ Շատ լավ եմ հիշում ճամփորդությունը, ժամանումը երեկոյան, քեռակինս[1], Հովհաննան ու Մարիամը[2], որ մեզ սպասում էին դռան մոտ կանգնած։ Երջանիկ էի զարմուհիներ ունենալուս համար և շատ լավ էի տրամադրված նրանց, քեռակնոջս, մորեղբորս նկատմամբ․ միայն թե այս վերջինն էր ինձ մի քիչ վախեցնում և այնքան էլ խաղաղ ու հանգիստ չէի զգում ինձ իր ներկայությամբ, ինչը, սակայն, տարբեր էր Բուիսոնեում[3]. այնտեղ՝ Բուիսոնեում, կյանքս դառնում էր իրոք երջանիկ։ Առավոտյան այցելում էիք ինձ, Մայր իմ, և հարցնում, թե սիրտս նվիրե՞լ էի Տիրոջը, ապա զգեստներս էիք հագցնում՝ միշտ Աստծո մասին խոսելով․ իսկ հետո, ձեր կողքին ասում էի առավոտյան աղոթքներս։ Ապա սովորում էի կարդալ։ Առաջին բառը, որի տառերը կարողացա միմյանց կապել, եղավ «Երկինք»ը։ Կնքամայրս հանձն առավ ինձ գրել սովորեցնելու պաշտոնը, իսկ դուք, Մայր իմ, տալիս էիք ինձ զանազան ա՛յլ դասախոսություններ։ Այնքան էլ մեծ հեշտությամբ չէի սովորում, բայց լավ հիշողություն ունեի։ Նախընտրում էի Քրիստոնեական Կրոնագիտությունը, և հատկապես՝ Աստվածաշնչի Սրբազան Պատմությունը․ սրանք սովորում էի ուրախությամբ։ Իսկ քերականությունը ... , քերականության պատճառով շա՜տ եմ լացել։ Ե՛կ ու հիշի՜ր, թե ո՛րն է արական, ո՛րը՝ իգական ... ։

 

47. Դասերը հազիվ վերջացրած, բարձրանում էի պատշգամբ[4] և Հայրիկին ցուցադրում տետրն ու թվանշաններս։ Որքա՜ն երջանիկ էի լինում, երբ կարողանում էի ասել․ «Հինգ[5] ստացա առանց վերապահումների, Փոլինն ինքնուրույն ասաց»։ Որովհետև պատահում էր նաև այսպես․ երբ ես ինքս էի հարցնում, թե հինգը, որ ստացել եմ, առանց վերապահումների՞ է, թե՝ ո՛չ, ստանալով դրական պատասխան, աչքիս այն մի քիչ թերի էր թվում։ Այսպիսով, Դուք ինձ բարձր էիք գնահատում, և երբ դրանք իրար կողքի դնելով մի որոշակի թիվ էի ամբողջացնում, արժանանում էի պարգևի ու արձակուրդի օրվա։ Այդ օրերը, սակայն, մյուսներից շատ ավելի երկար էին թվում ինձ, ինչը Ձեզ մեծ հաճույք էր պատճառում, որովհետև հայտնում էր, որ պարապ մնալու քաղցրությունն այնքան էլ սիրելի չէր իմ համար։

 

48. Ամեն օր կեսօրից հետո մի փոքրիկ շրջագայություն էի կատարում Հայրիկի հետ, միասին այցելություններ էինք տալիս Սուրբ Հաղորդությանը, օրեցօր փոխելով եկեղեցին. և այսպես, մի օր, առաջին անգամ լինելով, մտա Կարմեղոսի մատուռը[6]: Հայրիկն ուշադրությունս հրավիրեց երկաթյա մեծ ճաղերի վրա ու ասաց, որ դրանց ետևում ապրում են միանձնուհիներ։ Բավական հեռու էի այն մտքից, որ ինը տարի հետո այնտեղ էի լինելու նաև ես։

Զբոսանքի ժամանակ Հայրիկը միշտ նվերներ էր գնում իմ համար, մեկ կամ երկու դրամի արժողության, հետո վերադառնում էինք տուն, ուր նախ տնային առաջադրանքներս էի կատարում, ապա մնացած ամբողջ ժամանակը մնում էի պարտեզում ու ցատկոտում էի Հայրիկի չորս կողմը, որովհետև այնքան էլ հմուտ չէի տիկնիկով խաղալու գործում։ Իմ համար կատարյալ երջանկություն էր ծառերի սերմերից ու կեղևներից բուսական հյութեր պատրաստելը։ Երբ հեղուկներս գեղեցիկ գույներ էին ստանում, դրանք լցնում էի զարդարուն բաժակի մեջ, որն իր տեսքով միայն՝ պարունակությունը ճաշակելու ցանկություն էր առաջացնում արդեն, և ապա հյուրասիրում էի դրանով Հայրիկին, որն իսկույն մի կողմ էր թողնում աշխատանքը և խմել ձևացնում։ Բաժակն ինձ վերադարձնելուց առաջ հարցնում էր (կամացուկ ձայնով), թե արդյոք պետք է թափի՞ պարունակությունը․ երբեմն դրական էի պատասխանում, բայց մեծ մասամբ ետ էի տանում իմ թանկարժեք բուսահյութը, որը դեռ կարող էր ծառայել տարբեր առիթներով։

 

49. Սիրում էի նաև ծաղիկներ մշակել պարտեզի այն հատվածում, որն ինձ էր տրամադրվել Հայրիկի կողմից։ Զվարճանում էի նաև խորանիկներ պատրաստելով այն խոռոչում, որ գտնվում էր պարտեզի պարսպապատի մեջ։ Երբ ամեն բան պատրաստ էր լինում, վազում էի Հայրիկի մոտ և, ձեռքից քաշելով, պահանջում էի փակել աչքերը և չբացել առանց իմ զգուշացման։ Ենթարկվում էր ինձ ամեն ինչում և թույլատրում, որ առաջնորդեմ իրեն դեպի իմ պարտեզը, ուր հասնելով՝ աղաղակում էի․ «Հայրի՜կ, բացի՛ր աչքերդ»։ Բացում էր ու անակնկալի եկած ձևացնում իրեն և, ինձ հաճույք պատճառելու համար, հիանում նրանցով, որոնք ես գլուխգործոց էի համարում։ Այո՛, գրությունս վերջ չէր ունենա, եթե փորձեի պատմել հարանման այն հազարավոր դեպքերը, որ պտտվում են հիշողությանս մեջ։ Ա՜հ, ինչպե՞ս կարող եմ խոսքերով պատմել այն բոլոր գգվանքները, որ Հայրիկը շռայլում էր իր թագուհուն։ Կան բաներ, որոնք զգում է սիրտը, իսկ խոսքը, և միտքն անգամ, չեն կարողանում արտահայտել։

 

50. Իմ համար շատ գեղեցիկ օրեր էին, երբ իմ «սիրելի թագավորը»[7] ձկնորսության էր տանում ինձ իր հետ․ այնքա՜ն հաճելի էր իր ընկերությունը, այնքա՜ն հաճելի էին ծաղիկներն ու թռչունները։ Երբեմն ես նույնպես փորձում էի որսալ իմ փոքրիկ կարթով, բայց ավելի նախընտրում էի միայնակ նստել ծաղկած խոտերի վրա․ այդպիսի պահերին մտածումներս խորանում էին և հոգիս, առանց իմանալու, թե ի՛նչ է խոկումը[8], ընկղմվում էր ճշմարիտ մտածական աղոթքի մեջ։ Ունկնդրում էի հեռավոր աղմուկները, իսկ քամու սոսափյունը, ինչպես նաև քաղաքից հասնող զինվորական անորոշ երաժշտությունը, քաղցր մելամաղձոտությամբ էին լցնում սիրտս։ Երկիրն ինձ աքսոր էր թվում, երազում էի Երկինքը։ Կեսօրն արագ էր անցնում, անհրաժեշտ էր լինում շուտով Բուիսոնե վերադառնալ, բայց մեկնելուց առաջ՝ նախընթրիքս էի կատարում, որն իմ հետ տարած էի լինում փոքրիկ կողովով․ ավա՜ղ, վրան մրգանուշ քսված գեղեցիկ հացը, որը Դուք էիք պատրաստում իմ համար, փոխած էր լինում իր տեսքը, կենդանի գույների փոխարեն գունատ վարդի երանգ էի տեսնում, ամբողջովին հնացած ու թառամած։ Այնժամ երկիրն ինձ է՛լ ավելի տխուր էր թվում, և հասկանում էի, որ ուրախությունը միայն Երկնքում է լինելու անամպ։

 

51. Ինչ վերաբերվում է ամպերին, հիշում եմ, որ մի օր գյուղական կապույտ գեղեցիկ երկինքը ամպերով ծածկվեց, իսկ քիչ անց՝ փոթորիկի գալուստն ավետվեց կայծակներով, որ հրավառ էին դարձնում մթին երկնակամարը: Տեսա, թե ինչպե՛ս էին դրանք շանթահարում երկիրը մեզնից ո՛չ այնքան հեռու. չէի վախենում, ապշած էի: Այնքա՜ն մոտ էր թվում ինձ մարդասերն Աստված: Բայց Հայրիկն իմ նման գոհ չէր. ո՛չ թե որովհետև վախենում էր փոթորիկից, այլ՝ որովհետև խոտն ու մարգարտածաղիկները (որոնք ավելի բարձր էին, քան ես) արդեն ծածկվում էին ցողի նուրբ շղարշով, իսկ մենք, փողոց դուրս գալուց առաջ, դեռ մի քանի մարգ ունեինք անցնելիք: Այնժամ սիրելի Հայրիկս ինձ իր ուսերին առավ, թեև կրում էր ձկնորսական գործիքների արդեն իսկ ծանր բեռը, որովհետև չէր կարողանում հանդուրժել, որ ցողերը թրջեին իր մանկանը: Իսկ ես, բարձրից դիտում էի այդ ադամանդները և մի քիչ նաև ափսոսում, որ ծածկված ու ողողված չէի դրանցով:

 

52. Զբոսանքների ժամանակ Հայրիկն իմ ձեռքով էր աղքատներին ողորմություն բաժանում. նրանցից շատերի էինք հանդիպում ճանապարհին: Մի օր մի աղքատ ծերունի տեսանք, որ հազիվ էր քայլում ձեռնափայտերի վրա կռթնած: Մոտեցա, որպեսզի դրամ տամ, բայց նա իրեն այնքան էլ աղքատ չհամարեց՝ ողորմությունս վերցնելու համար: Գրեթե աննշմարելի ժպիտով վրաս հառեց իր տխուր հայացքը և հրաժարվեց վերցնել այն, ինչը որ կամենում էի նվիրել իրեն: Չեմ կարող բացատրել այն ցավը, որ զգացի հոգուս խորքում. կամենում էի օգնել իրեն, մխիթարել, սակայն ճնշում էր վրաս այն միտքը, որ տհաճություն էի պատճառել իրեն ու նվաստացրել: Բայց հուսով եմ, որ այդ խեղճ ծերունին անկասկած հասկացավ իմ բարի նպատակը, որովհետև մի քանի քայլ հետո ետ նայեց ու կրկին ժպտաց: Մի քանի րոպե առաջ Հայրիկն իմ համար կարկանդակ էր գնել, կամեցա գեթ դա տալ, բայց չհամարձակվեցի: Եվ սակայն, չէի հրաժարվում նրան որևէ բան տալու մտքից, որևէ բան, որից չկարողանար հրաժարվել, որովհետև ինչ որ մի համակրանք էի զգում իր հանդեպ: Այդ պահին հիշեցի, որ Աստված անպայման կատարում է Առաջին Հաղորդության օրվա խնդրանքները. այդ միտքն ինձ մխիթարեց և, քանի որ վեց տարեկան անգամ չկայի, ասացի ինքս ինձ. «Կաղոթեմ իմ աղքատի համար Առաջին Հաղորդությանս օրը»: Անցան հինգ տարիներ և ես կատարեցի խոստումս. նաև վստահ եմ, որ Տերն ընդունեց աղոթքս, որ Իրեն ուղղեցի Իր տառապող ծառաներից մեկի համար:

 

[1] Պրն․ Մարթինը որոշեց Լիզյո փոխադրվել՝ ապահովելու համար իր դստրերին իրենց քեռակնոջ խնամքը։ Փոխադրումը տեղի ունեցաց 1877ի Նոյեմբերի 15ին։ Տկն․ Մարթինի եղբայրը՝ Իզիդոր Գերենը, սեփականատերն էր մի դեղատան, որ գտնվում էր Saint Pierre հրապարակի վրա։

[2] Գերեն ամուսիններն ունեին երկու դուստր․ Հովհաննան, որն այդ ժամանակ ինը տարեկան էր, և Մարիամը, յոթ տարեկան։

[3] Նոյեմբերի 16ին Մարթին ընտանիքը բնակություն հաստատեց այդ օրհնյալ ամառանոցում, որ գտնվում էր մի բլրան վրա, Pont l'Eveque փողոցում։

[4] Գտնվում էր տան վերնահարկի վրա և ուներ դեպի պարտեզները բացվող լայն պատուհաններ։

[5] Այն ժամանակ Ֆրանսիայում գնահատումը կատարվում էր հնգանիշ համակարգով։ Այժմ ամենաբարձր թվանշանը 10ն է։

[6] Լիզյոյի Կարմեղոսը գտնվում է  Livarot փողոցում, հիմնադրվել է 1838ին։

[7] Թերեզան «իմ թագուհի» էր կոչվում Պրն․ Մարթինի կողմից, ուստի ինքն էլ «թագավոր» էր անվանում իր սիրելի հորը։

[8] Խոկալ ասելով հասկանում ենք նախագծել, մտքում ծրագրել, մտածել, անդրադառնալ։ Ինչպես բանտարկյալը կարող է ծրագրել (խոկալ) իր փախուստը բանտից, այնպես էլ հոգևոր մակարդակներում մեղավորը խոկում է (անդրադառնում) իր անցած գործերը, հասկանում, որ ստրուկ է իր իսկ կրքերին, և փնտրում է ազատագրման միջոցներ։ Խոկումով է նա բացահայտում իր համար Աստծո մեծ ողորմությունն ու հայրական սերը, որ ներում է իրեն և տալիս սրբվելու (ուղղվելու) հնարավորություն։ Խոկումով նա իր մտքում ծրագրում է իր անձի սրբությունը և ջանում իրագործել կյանքում։ Նաև խոկումով է իր առջև արդեն իսկ տեսնում իր արդարության պտուղը՝ երկնային հավիտենական երանությունը, որն Աստված իրեն տալիս է որպես ձրի պարգև, քանի որ այն աշխատանքով շահել անհնարին է։ Հոգևոր կյանքում առաջադիմելուն համաքայլ, սակայն, խոկման աղոթքը կամաց կամաց իր տեղը զիջում է աղոթքի ա՛յլ կերպերին (գոհությանը, միջնորդությանը, և այլն), որովհետև խոկումը նորածին հոգևոր կյանքին բնորոշ հատկություն է։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։