Թե ինչի՛ մեջ է կայանում իրական կատարյալ Սերը – Գրադարան – Mashtoz.org

Թե ինչի՛ մեջ է կայանում իրական կատարյալ Սերը

288. Այս տարի, Մայր իմ, Աստված պարգևեց ինձ շնորհը՝ ըմբռնելու, թե ի՛նչ է եղբայրսիրությունը։ Առաջ նույնպես հասկանում էի, բայց ո՛չ կատարյալ կերպով, դեռ բավական չէի խորհրդածել Հիսուսի այս խոսքերի շուրջ․ «Երկրորդ պատվիրանը նման է առաջինին․ սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»[1]: Նվիրվում էի հատկապես Աստծո սիրույն, և Իրեն սիրելով հասկացա, որ սերը չպետք է արտահայտվի խոսքերով միայն, որովհետև ասված է․ «Ո՛չ ամեն մարդ, որ ինձ “Տե՜ր, Տե՜ր” է ասում, կմտնի Երկնքի Արքայություն, այլ՝ նա, ով կատարում է կամքն իմ Հոր, որ Երկնքում է»[2]: Այդ կամքը Հիսուսն ինձ հայտնեց բազմաթիվ անգամներ, կասեի՝ Ավետարանի յուրաքանչյուր էջում։ Վերջին Ընթրիքի ժամանակ, երբ Նա գիտեր, որ Առաքյալների սիրտն այրվում էր ավելի Իր հանդեպ սիրով, – Իր, որ նրանց նվիրվեց Հաղորդության անճառելի խորհրդով, – այս բարեգութ Փրկիչը կամեցավ տալ նրանց մի նոր պատվիրան։ Ասաց աննկարագրելի խանդաղատանքով․ «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ՝ սիրե՛ք միմյանց․ ինչպե՛ս ես ձեզ սիրեցի, դուք էլ այդպե՛ս սիրեցեք միմյանց։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք»[3]:

Բայց ինչպե՞ս սիրեց Հիսուսն Իր աշակերտներին, և ինչո՞ւ սիրեց նրանց։ Ա՜հ, նրանց բնական հատկությունները չէին, որ գրավում էին Նրան․ նրանց ու Իր միջև բաժանարար ահռելի վիհ կար։ Նա Ինքնին Գիտությունն էր, հավիտենական Իմաստությունը․ իսկ նրանք՝ երկրային մտածումներով լի, խեղճ տգետ ձկնորսներ։ Եվ սակայն, Հիսուսը կոչում է նրանց բարեկամներ, եղբայրներ[4]: Կամենում է տեսնել նրանց Իր հետ թագավորելիս Իր Հոր Արքայության մեջ, և նրանց առջև այդ Արքայության դռները բացելու համար կամենում է մեռնել Խաչի վրա, քանի որ ասել էր․ «Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքը զոհում է իր բարեկամների համար»[5]:

 

289. Մայր սիրելի, Հիսուսի այս խոսքերի շուրջ մտածելով հասկացա, թե միաբանակից քույրերիս հանդեպ ունեցած սերս որքա՜ն թերի էր․ տեսա, որ չէի սիրում նրանց այնպես, ինչպես սիրում է նրանց Աստված։ Այժմ հասկանում եմ, որ կատարյալ սերը կայանում է ուրիշների թերություններին համբերելու մեջ, չզարմանալով նրանց տկարությունների դիմաց, բարի օրինակ առնելով այն բոլոր փոքրագույն առաքինություններից, որ նրանք գործադրում են։ Բայց հատկապես հասկացա, որ սերը չպետք է մնա փակված սրտի խորքում։ «Ոչ ոք», ասում է Հիսուսը, «կանթեղը չի վառում գրվանի տակ թաքցնելու համար, այլ՝ դնում է աշտանակի վրա, և այն լույս է տալիս բոլոր նրանց, ովքեր տան մեջ են»[6]: Ինձ թվում է, թե այդ կանթեղն այլաբանական կանթեղն է սիրո, որ պարտավոր է լուսավորել, զվարթացնել, ո՛չ միայն նրանց, ովքեր մտերիմ են մեզ, այլ բոլոր նրանց, ովքեր տան մեջ են, առանց որևէ բացառության։

 

290. Երբ Աստված Իր ժողովրդին պատվիրում էր սիրել իրենց մերձավորներին իրենց անձերի նման[7], դեռ չէր եկել երկիր: Եվ այդպես, լավ իմանալով, թե մարդկանց համար որքա՜ն սիրելի է իրենց սեփական անձը, չէր կարող մերձավորի հանդեպ ավելի մեծ սեր պահանջել Իր արարածներից: Մինչդեռ երբ Հիսուսն Առաքյալներին տալիս էր նոր պատվիրանը, Ի՛ր պատվիրանը, ինչպես արտահայտվում է մի ա՛յլ տեղ[8], չի պահանջում սիրել մերձավորին ինչպես ինքներս մեզ, այլ՝ սիրել նրանց ինչպես Ինքն է նրանց սիրում, ինչպես սիրելու է նրանց հավետ:

Տեր իմ, գիտեմ, որ Դու չես պահանջում անհնարին բաներ, Դու ինձնից ավելի լավ ես ճանաչում իմ տկարությունն ու անկատարությունը, Դու քաջ գիտես, որ չէի կարող սիրել մերձավորներիս այնպես, ինչպես Դու ես սիրում նրանց, եթե Դու Ինքդ, Հիսո՜ւս իմ, չսիրեիր նրանց ինձնում: Եվ ինձ այս շնորհը պարգևելու համար է, որ տվեցիր նոր պատվիրանը: Ա՜հ, որքա՜ն սիրելի է ինձ այն՝ Քո պատվիրանը, որովհետև ներշնչում է ինձ ապահովություն, որ կամքդ սա՛ է. սիրել ինձնում բոլոր նրանց, որոնց սիրել ես ինձ պատվիրում:

Այո՛, զգում եմ. երբ եղբայրասեր եմ, Հիսուսն է միայն, որ գործում է ինձնում. որքան ավելի եմ միանում Նրան, այնքան ավելի եմ սիրում նաև բոլոր մերձավորներիս: Երբ կամենում եմ բազմապատկել ինձնում այս սերը, հատկապես երբ սատանան ջանում է աչքերիս առջև դնել ինձ նվազ համակրելի միաբանակից ա՛յս կամ ա՛յն քրոջ թերությունները, շտապում եմ փնտրել վերջինիս առաքինությունները, բարի փափագները: Ասում եմ ինքս ինձ, որ եթե տեսա նրան մի անգամ ընկած, դա չի նշանակում, որ նա չունի տարած բազում հաղթանակներ, որոնք թաքցնում է հանուն խոնարհության, ինչպես նաև՝ որ այն, ինչը թվում է ինձ սխալ, կարող է լինել, նպատակի համաձայն, գործ առաքինության:

 

291. Մեծ ճիգեր չեմ գործադրում սրանում համոզվելու համար, որովհետև մի օր մի փոքրիկ փորձառություն ունեցա, որը ցույց տվեց ինձ, թե ինչպե՛ս չպետք է դատել երբեք: Զբոսանքի պահն էր, երբ դռնապան քույրը զանգը հնչեցրեց երկու անգամ. հարկավոր էր բացել բանվորների մեծ դուռը՝ ներս բերելու համար Մսուրի կառուցմանը սահմանված զանազան նոր ծառեր: Զբոսանքը այնքան էլ զվարթ չէր, որովհետև Դուք ներկա չէիք, Մայր սիրելի, այդ իսկ պատճառով մտածում էի, որ եթե ինձ ուղարկեին որպես «երրորդ»[9], բավական գոհ կլինեի: Փոխմեծավորուհին պատվիրեց գնալ կա՛մ ես, կա՛մ այն քույրը, որ կանգնած էր իմ կողքին: Սկսեցի անմիջապես քանդել գոգնոցս, բայց հանդա՜րտ հանդա՜րտ, որպեսզի մյուս քույրն ինձնից ավելի շուտ ազատվեր, որովհետև կարծում էի, որ հաճույք կպատճառեի նրան, իրեն թողնելով «երրորդ» լինելու հնարավորությունը: Միանձնուհին, որ փոխարինում էր դռնապան քրոջը, մեզ էր նայում ժպտալով, և տեսնելով, որ ոտքի կանգնեցի վերջինը, ասաց. «Արդեն իսկ գիտեի, որ չէիր կատարի այս զոհողությունը և մի մարգարիտ ավելի չէիր շահի առաքինությունների թագիդ համար: Շատ դանդաղ ես շարժվում»:

Անկասկած, միաբանակից բոլոր քույրերը կարծեցին, թե գործեցի ըստ բնության, և չեմ կարող խոսքերով արտահայտել, թե որքա՜ն բարի ազդեցություն ունեցավ հոգուս վրա այդ աննշան միջադեպը, դարձնելով ինձ ուրիշների տկարությունների հանդեպ ավելի ներողամիտ: Եվ սա արգելում է ինձ նաև սնափառության զգացումներ ունենալ, երբ դատավճիռ է արձակվում հօգուտ իմ, որովհետև ասում եմ ինքս ինձ. «Քանի որ թերություն են համարում իմ փոքրիկ առաքինությունները, կարող են նմանապես սխալվել՝ առաքինություն համարելով այն, ինչը սոսկ թերություն է»: Այդպիսի դեպքերում կրկնում եմ Պողոս Առաքյալի խոսքերը. «Բնավ չեմ վշտանում մարդկային դատաստանների պատճառով: Ես ինքս էլ ինձ չեմ դատում. Նա, որ դատում է ինձ, Տերն է» [10]: Ուստի, այս տերունական դատաստանն իմ նկատմամբ նպաստավոր դարձնելու համար, կամ ավելի ճիշտը՝ ընդհանրապես չդատվելու համար, կամենում եմ, որ մտածումներս միշտ եղբայրասեր լինեն, որովհետև Հիսուսն ասում է. «Մի՛ դատեք և չեք դատվի»[11]:

 

[1] Մտթ 22, 39

[2] Մտթ 7, 21

[3] Հվհ 13, 34-35

[4] Հմմտ․ Հվհ 15, 15

[5] Հվհ 15, 13

[6] Մտթ 5, 15

[7] Հմմտ․ Ղևտ 19, 18

[8] Հմմտ․ Հվհ 15, 12

[9] Կարմեղոսում «երրորդ» է կոչվում այն միանձնուհին, ով ընկերակցում է դռնապան քրոջը, երբ աշխատավորները մտնում են փակարանից ներս:

[10] Հմմտ. 1Կր 4, 3-4

[11] Ղկս 6, 37

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։