Ժամանումը Հռոմ – Գրադարան – Mashtoz.org

Ժամանումը Հռոմ

168. Այժմ ինձ մնում է խոսել Հռոմի մասին. Հռոմի, որ մեր ճամփորդության նպատակակետն էր, ուր հույսն ունեի մխիթարություններ գտնել վշտերիս մեջ և գտա, մինչդեռ, խաչը: Երբ քաղաք հասանք, գիշեր էր և մենք քնած էինք. արթնացանք կայարանի պաշտոնյաների աղաղակից միայն. «Հռո՜մ ... , Հռո՜մ ... »: Ո՛չ, երազում չէի, իրո՛ք Հռոմն էր[1]:

Առաջին օրն անցկացրեցինք քաղաքային պարիսպներից դուրս, բայց թերևս հենց դա եղավ ամենագեղեցիկը, որովհետև այդ շրջանի բոլոր հուշարձանները պահպանել էին իրենց հնագույն կերպարանքը, մինչդեռ քաղաքի կենտրոնում թվում էր, թե դեռևս Փարիզում էի, այնքան նորաձև էին բոլոր հյուրանոցներն ու խանութները: Հռոմեական դաշտերում կատարված այդ զբոսանքը թովիչ տպավորություններ դրոշմեց հոգուս խորքում: Չեմ խոսի այն վայրերի մասին, որոնք այցելեցինք (դրանց մասին նկարագրական բազում ընդարձակ աշխատություններ կան), այլ՝ կշարադրեմ այն գլխավոր ապրումները միայն, որ ունեցա դրանց ի տես: Եվ որոնցից մեկը Քոլոսսեումն էր: Վերջիվերջո տեսնելու էի այն բեմահարթակը, ուր այնքա՜ն մարտիրոսներ իրենց արյունն էին հեղել ի վկայություն Հիսուսի Անվան, և արդեն երազում էի նվիրական համբույրով շուրթերս մոտեցնել նրանց արյամբ սրբագործված հողին ... , բայց ինչպիսի՜ պատրանք: Կենտրոնն ուրիշ բան չէր, եթե ո՛չ՝ ավերակների կույտ, որն ուխտավորները հեռվից միայն կարող էին դիտել և վե՛րջ, որովհետև երկաթյա վանդակապատն արգելում էր մուտք գործել այնտեղ, չեմ ասում արդեն, որ ոչ ոքի մտքով էլ չէր անցնում քայլել ամեն պահ փլվելու վտանգին ենթակա ավերակների միջով: Ուրեմն ի՞նչ, Հռոմ էինք եկել Քոլոսսեում չիջնելո՞ւ համար: Դա իմ համար անընդունելի էր, չէի կարողանում ուշադրություն դարձնել խմբավարի բացատրություններին, միայն մի միտք էր գրավում ինձ. իջնել բեմահարթակ: Տեսնելով, որ փայտե աստիճաններով բեռնավորված մի բանվոր էր անցնում մեզնից քիչ հեռու, մեծապես կամեցա նրանից օգնություն խնդրել, բայց բարեբախտաբար չիրագործեցի գաղափարս, որովհետև այդպիսի դեպքում կնայեր ինձ ինչպես մի խենթի: Ավետարանում պատմվում է, որ Մագդաղենացին Հիսուսի գերեզմանի մոտ մնալով և դեպի այն շարունակաբար կռանալով, ի վերջո երկու հրեշտակներ տեսավ[2]: Ինչպես նա, այնպես էլ ես, փափագներիս իրագործման անկարելիությունը ճանաչելով հանդերձ՝ շարունակեցի դիտել դեպի այն ավերակները, որոնց մոտ կամենում էի իջնել: Վերջապես, հրեշտակներ չտեսա, բայց գտա այն, ինչ փնտրում էի: Ուրախությունս մեծ էր, Սելինին դարձա՝ ասելով. «Արթնացի՛ր, գնա՛նք, այնտեղով կարող ենք անցնել»: Մի քանի ակնթարթ անց ցանկապատի մյուս կողմում էինք արդեն և քայլում էինք մեր ոտքերի տակ քանդվող ավերակների վրայով:

Հայրիկն ապշած մնաց մեր համարձակության դիմաց, հրամայեց ետ վերադառնալ ... , բայց երկու փախստականները չէին լսում այլևս ոչինչ: Ինչպես պատերազմող մարտիկների քաջությունն է աճում վտանգների մեջ, այնպես էր հորդում նաև մեր ուրախությունը, ուղիղ համեմատվելով այն դժվարությանը, որ զգում էինք դեպի մեր իղձերի նպատակակետը հասնելու ճանապարհին: Սելինը, ինձնից ավելի ուշադիր, լսել էր բացատրություններից մի քանիսը, որ վերաբերվում էին հատակի այն խաչանիշ մասին, որի վրա էին իրենց արյունը հեղել Սուրբ Մարտիրոսները: Փնտրեց այդ մասը և շուտով գտավ, միասին ծունկի եկանք այդ սրբազան հողի վրա և մեր հոգիներն իրար խառնվեցին միևնույն աղոթքում: Սիրտս արագորեն բաբախել սկսեց, երբ շուրթերս մոտեցրի առաջին քրիստոնյաների արյամբ ներկված հողին. խնդրեցի նրանց ինձ նույնպես պարգևել Հիսուսի Անվան համար մարտիրոսանալու շնորհը, և սրտիս խորքում զգացի, որ աղոթքս ընդունելի եղավ: Այդ ամբողջը կատարվեց մի քանի կարճատև րոպեների ընթացքում. հիշատակի համար մեկ երկու քար հավաքելուց հետո վերադարձանք դեպի ավերակների պատերը, ուր վերսկսեցինք մեր վտանգալի արկածախնդրությունը: Հայրիկը, մեզ այդքան երջանիկ տեսնելով, չկարողացավ հանդիմանել, ինչպես նաև զգացի, որ հպարտ էր մեր քաջասրտությանն ի տես: Մարդասերն Աստված պաշտպանեց մեզ զգալի կերպով, որովհետև ուխտավորները, մի քիչ ավելի հեռու գտնվելով և զբաղված լինելով շքեղ կամարների դիտմամբ, ուր առաջնորդը նրանց ուշադրությունը հրավիրում էր փոքր ցցվածքների և դրանց վրա զետեղված արձանիկների վրա, չանդրադարձան մեր բացակայությանը: Այդպիսով ո՛չ բացատրող խմբավարը, և ո՛չ էլ վարդապետ եկեղեցականները չկարողացան հաղորդակից լինել այն երջանկությանը, որով լի էին մեր սրտերը:

 

169. Հիշողությանս մեջ քաղցրիկ տպավորություններ թողեցին նաև ստորգետնյա դամբանները[3]. ճիշտ այնպիսին էին, ինչպիսին պատկերացնում էի՝ կարդալով մարտիրոսների կենսագրություններում տրվող նկարագրությունները: Օրվա մի մասն այնտեղ անցկացնելուց հետո անգամ թվում էր ինձ, թե այնտեղ էի մի քանի րոպե միայն, այնքա՜ն թարմ ու բուրումնավետ էր օդը, որ շնչում էի: Եվ քանի որ հարկավոր էր տուն տանել ինչ որ մի հիշատակ, Սելինն ու Թերեզան սպասեցին, որպեսզի խումբը մի քիչ հեռանա իրենցից, ապա միասին դեպի ավելի խորքերը թափանցեցին՝ հասնելով Սրբուհի Չեչիլիայի բազմադարյա դամբանին, որտեղից էլ Սրբուհու ներկայությամբ սրբացված հողից վերցրեցին իրենց հետ: Մինչ այդ, յուրահատուկ ջերմեռանդություն չունեի այդ Սրբուհու հանդեպ, բայց եկեղեցու վերածված իր տունն այցելելուց հետո[4], որն իր մարտիրոսության վայրն է նաև, և տեղեկանալով, որ նա հռչակված է եղել «Ներդաշնակության Թագուհի» ո՛չ թե իր գեղեցիկ ձայնի կամ երաժշտական հանճարի, այլ՝ այն կուսական երգի համար, որ հնչեցրել է իր սրտի խորքում թաքնված երկնային Փեսային ի լուր, զգացի ավելին, քան պարզ ջերմեռանդությունն է. զգացի իրական ընկերային գորով: Նա իմ նախասիրած Սրբուհին դարձավ ու հավատարիմ խորհրդակիցս: Նրա մեջ ամեն բան հիացնում էր ինձ, հատկապես իր ինքնահանձնումը Աստծո ձեռքերին, իր անսահմանափակ վստահությունը, որոնք իրեն ի վիճակի դարձրեցին կուսական մաքրության հասցնելու այն հոգիներին, որոնք մինչ իրեն հանդիպելը չունեին ա՛յլ բերկրանք, եթե ո՛չ միայն՝ այս ներկա կյանքի հաճույքները:

Սրբուհի Չեչիլիան նման է Երգ Երգոցի հարսնացուին, նրա մեջ տեսնում եմ «խմբերգ՝ զինվորների բանակի մեջ»[5]: Նրա կյանքն ա՛յլ բան չի եղել, եթե ո՛չ միայն՝ ներդաշնակ երգ, նույնիսկ մեծագույն տառապանքների պահին. սա ինձ չի ապշեցնում, քանի որ «Սուրբ Ավետարանը հանգչում էր նրա սրտի վրա», իսկ այդ սրտի ներսում հանգչում էր Կույսերի Փեսան:

 

170. «Սրբուհի Ագնես» եկեղեցու այցելությունը նույնպես ինձ մեծ ուրախություն պատճառեց, քանի որ մանկությանս օրերի ընկերուհիներիցս մեկն էր. շա՜տ երկար խոսեցի նրա հետ այն մեկի մասին, որ կրում է իր նույն անունը: Ամեն ջանք գործադրեցի սիրելի Մորս հրեշտակային Պաշտպան Սրբուհու մասունքներից ձեռք բերելու համար, ցանկանում էի հաճելի նվեր մատուցել Ձեզ, բայց ի զուր: Քարի մի կարմրավուն կտոր միայն ստացա, որ պոկվելով ոտքերիս առաջ ընկավ մի ճոխ խճանկարից, որի պատմությունը ձգվում է մինչև իր՝ Սրբուհի Ագնեսի ժամանակները և որին նա նույնպես թերևս հաճախ է դիտել ու զմայլվել: Մի՞թե գեղեցիկ չէ սա, որ Սրբուհին  ինքը տվեց ինձ այն, ինչ փնտրում էի և որն արգելված էր ինձ վերցնել: Սա իմ համար ապացույց է, թե ինչպիսի՜ սիրով է Սրբուհի Ագնեսը հովանավորում ու պաշտպանում իմ այնքա՜ն սիրելի Մորը:

 

[1] Նոյեմբերի 13-ին:

[2] Հմմտ. Հվհ 20, 11-12

[3] Այդ ստորգետնյա դամբանները կամ գետնադամբանները սովորաբար հայտնի են իրենց «կատակոմբներ» անվամբ:

[4] «Սրբուհի Չեչիլիա» եկեղեցին Հռոմի Տռասթէվեռէ թաղամասում:

[5] Երգ 7, 1

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։