ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՁԵՌԱԳԻՐԸ – Գրադարան – Mashtoz.org

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՁԵՌԱԳԻՐԸ

Պատմությունն է Թերեզայի մանկապատանեկական տարիների, գրված՝ Մայր Ագնես Հիսուսի հրամանով։ Կրում է հետևյալ վերնագիրը. «Histoire printanière d'une petite Fleur blanche», և ծավալվում է 86 թերթերի վրա, հավասար՝ 172 էջերի։ Գրված է մանրիկ տառերով, չգծված սպիտակ թղթի վրա, որի էջերում կարելի է հաշվել 25, 26 և երբեմն նույնիսկ 27 տող։ Աղքատությունը սրբազան պարտականություն էր խոնարհ կարմեղուհու համար, որ ջանում էր գրելու ընթացքում սպառել թղթի հնարավոր նվազագույն քանակը։ Ձեռագրի պատմությունը համապատասխանում է նախկին Մի Կյանքի Պատմության առաջին ութ գլուխներին և ընդգրկում է իր մեջ Սրբուհու կենսագրությունը մինչև Սելինի մուտքը Կարմեղոս (14 Սեպ. 1894) և իր իսկ Սրբուհու ինքնանվիրումը Աստծո Ողորմած Սիրույն (9 Հուն. 1895 ?)։

Ձմեռային մի երեկո, 1895ի սկզբին, Լիզյոյի կարմեղականները հավաքված էին վանքի միակ տաքացվող սենյակում և մտերմորեն զրուցում էին։ Ահա՛ մի զարմանալի ու արտասովոր իրողություն. վառարանի մոտ ուրվագծվում են երեք սև քողեր։ Մարթին քույրերն են. Մայր Ագնես Հիսուսի, Քույր Մարիա Սուրբ Սրտի, Քույր Թերեզա Հիսուս Մանկան։ Շատ հազվադեպ է նրանց միասին տեսնելը։ Քույր Թերեզան ոգևորում է խոսակցությունը, կենդանի գույներով պատմելով իրենց մանկության որոշ դրվագներ։ Քույր Մարիան – նույն ինքն է այս դեպքը պատմողը – պատմության թարմությունից զմայլված և մի ակնհայտ ներշնչումից մղված, շրջվում է դեպի Մայր Ագնես Հիսուսին (վանքի այդ օրերի մեծավորուհին), և առանց ավելորդ նախաբանների ասում. «Հնարավո՞ր բան է արդյոք, որ թույլատրում եք նրան [Թերեզային] զանազան բանաստեղծություններ շարադրել այս կամ այն միաբանակցին հաճույք պատճառելու համար, և որ չեք պատվիրում թղթին հանձնել իր մանկության հուշերը։ Կտեսնեք, [Թերեզան] մի հրեշտակ է, որ երկար չի մնալու երկրի վրա, իսկ մենք զրկված ենք մնալու այս բոլոր մանրամասներից՝ այնքա՜ն հետաքրքիր մեր համար»։ Մայր Ագնեսն իր հերթին վկայում է, որ Թերեզան, լսելով այդ խոսքերը, պատասխանել է մի պարզունակ ծիծաղով, կարծես թե իր ավագ քույրը կամենում էր ծաղրել իրեն: Մեծավորուհին առաջին հերթին չհամաձայնվեց Քույր Մարիայի առաջարկին, բայց քիչ անց շրջվեց դեպի Քույր Թերեզան և հրամայեց նրան հանուն հնազանդության գրի առնել այն ամենը, որ հիշում էր իր մանկությունից. ավելացնելով նաև, որ իր համար մեծ հաճույք կլիներ այդ գրությունն իր անվան տոնին ստանալը, այսինքն՝ 1896ի Հունվարի 21ին:

Մի պահ վախվորած ապշանք ապրելուց հետո, Սրբուհին հարցնում է Մեծավորուհուն և քրոջը. «Ի՞նչ եք կամենում, որ գրեմ և նորություն լինի ձեր համար»: Եվ սակայն, հանուն հնազանդության, գործի է լծվում: Հավանաբար 1895ի Հունվարի վերջերին է, որ «Ժպիտի» Աստվածամոր արձանիկի առաջ ծնրադրելուց և իր ձեռքը ղեկավարել խնդրելուց, հոգու մեջ գլուխ բարձրացնող ներքին խռովքի առաջին զգացումները հաղթահարելուց հետո, Թերեզան սկսում է գովերգել Տիրոջ ողորմությունը: Հիսուսը նրան հասկացրել էր, որ պարզասիրտ հնազանդությամբ հաճելի կլիներ Իրեն, ուստի նա խոնարհաբար գործի էր անցել: Մայր Ագնես Հիսուսին նրան էր փոխանցել իրենց մոր՝ Ձելիա Գերենի թանկագին նամակներից մի քանիսը, որպեսզի օգնեին Թերեզային հիշելու մանկության մանրամասները: Սրբուհին որոշ մեջբերումներ է կատարում դրանցից իր կենսագրության մեջ, բայց խիստ չափավոր կերպով: Նախընտրում է անմնացորդ կերպով հանձնվել Սուրբ Հոգու ներքին առաջնորդությանը, գրելով պարզապես այն, ինչ բխում է սրտի խորքում:

Կարծում էր, թե գրում է միայն իր քույրերի համար, որոնք իր պես միանձնուհիներ էին միևնույն վանքում,  և հոգու բացարձակ ազատությամբ թողնում է գրչին նշանագրել թղթի վրա այն ամենը, որ կրում է իր հոգու խորքում, և որն անխաբ կերպով օգտակար էր սեպում բոլոր նրան համար, ովքեր ընթերցելու էին իր պատմությունը: Լինելով նորընծայուհիների փոխմեծավորուհին, վանական ա՛յլ պարտականություններով հանդերձ, համոզված, որ «ժամանակն իրեն չի պատկանում», աշխատում էր առանց որևէ ինքնախնայման, նյութական գործերին տրվելով ո՛չ միայն աղքատության ուխտը լավագույնս ապրելու համար, այլ հատկապես՝ փայփայելով իր մեջ առաքելական նպատակներ: Կամենում էր – լրջորեն ու աստվածաբանական բարձրագույն մաքրափայլ սիրով աշխատելով – «կյանք շահել իր որդիների համար», իր բոլոր եղբայրների ու քույրերի, այսինքն՝ ամբողջ մեղավոր մարդկության համար: Ահա այս պատճառով է, որ ժամանակը պետք է գործածեր ծայրագույն հավատարմությամբ: Գեղեցիկ է նորընծայուհիներից մեկին ուղղված իր այս հանդիմանությունը, մինչ նա հմայված դիտում էր պարտեզի ծաղիկները. «Այսպե՞ս է, որ մեզ ազատություն ենք տալիս, երբ որդիներ ունենք սնելու և պարտավոր ենք աշխատել՝ նրանց կյանքն ապահովելու համար: Ոտքի՛ ել, շտապե՛նք, որովհետև եթե մենք ժամանակ կորցնենք, մեր որդիները սովից կմեռնեն»:

«Իր կյանքի պատմությունը» գրի առնելու համար Թերեզան իր տրամադրության տակ ուներ տոնական օրերի սակավաքանակ ազատ ժամերը միայն: Ճանաչելով Սրբուհու սիրալիությունը բոլորի հանդեպ, և նրա պատրաստակամությունը՝ նվիրելու սեփական ժամանակն ինչ որ մեկին գեթ փոքրիկ հաճույք պարգևելու համար, կարողանում ենք ըմբռնել, որ նա չէր կարող գրել, եթե ո՛չ միայն՝ «à batons rompus», – ինչպես վկայում է Սելինը, – այսինքն՝ փոքրիկ հատվածներով ու հաճախակի ընդմիջումներով, այն սակավաթիվ ազատ պահերին, որ իրեն շնորհում էին վանական օրենքը, նորընծայուհիներն ու միաբանակիցները, թողնելով իրեն իր սենյակի առանձնության մեջ, ազատ՝ այլևայլ պարտականություններից։ Սրբուհու միևնույն քույրը նաև նշում է, որ նա պատմությունը շարադրում էր առանց սևագրության, թողնելով գրչին սահել անցնել՝ մեկ անգամ գրվածի վրա այլևս չվերադառնալու համար:

Թովիչ է նրան պատկերացնելը խիստ լռության ժամերին, հոգնաշատ օրվա վերջում, ամփոփված իր խցի մի անկյունում, զբաղված հուշագրությամբ։ Փոքրիկ աթոռակի վրա նստած, ծնկներին ունի ողորկ մակերեսով արկղանման մի «գրասեղան», որ գտել է ձեղունում (գրեթե անգործածելի), և որը հետագայում զիջելու է Սելինին, վերջինիս Կարմեղոս մտնելուց հետո։ Այդ «գրասեղանն» իր համար նկատում էր «չափազանց գեղեցիկ»։ Սենյակը լուսավորված է ձեթի ճրագի տժգույն լույսով․ այս ճրագը նվեր է ստացել իր զարմուհուց՝ Մարիամ Գերենից։ Սա նույնպես գրեթե անգործածելի փոքրիկ ճրագ-ջահ է․ հորինվածքը խափանված է վաղուց ի վեր և Թերեզան հարկադրված է ժամանակ առ ժամանակ վեր բարձրացնել պատրույգը՝ փոքրիկ գնդասեղի օգնությամբ։ Դա անում է առանց համբերությունը կորցնելու, ամենայն պարզությամբ․ և իրական աղքատության ոգուց մղված՝ միշտ ուշադիր է, որ պատրույգը անհրաժեշտ լույսը տալու բարձրության վրա լինի միայն, ո՛չ ավելի։

Պատմությունը սկսում է իր ընթացքը պարզ ու ներդաշնակ կերպով։ «Սպիտակ փոքրիկ ծաղկի գարնանային պատմության» մեջ իսկույն ճանաչվում է «Մի Կյանքի Պատմությունը», և մանկության ու պատանեկության հուշերը վերածվում են Հիսուսի նախախնամ ողորմությանն ուղղված սիրո գովերգի։ Առաջին թոթովանքները հայրական տան մեջ, մոր մահը, տեղափոխումը Լիզյո, հոր և քույրերի հոգատար խնամքները, դաստիարակությունն ու կրթությունը, առաջին խոստովանանքն ու առաջին Հաղորդությունը, հիվանդությունը և Սուրբ Կույսի ժպիտը, կարմեղական կոչման հասունացումը, ուխտագնացությունը Հռոմ, մուտքը «օրհնյալ տապան», վանական առաջին փորձությունները։ Այս բոլորը Թերեզայի գրչի տակ երանգավորվում են մի շնորհալի լույսով, որ ներկա ու տեսանելի է դարձնում – կարելի է ասել – Հիսուսի խորհրդավոր ծածուկ գործունեությունը, որ պատրաստում, տրամադրում և գեղեցկացնում է նրան, ում ընտրել է լինելու ավետարանիչը Իր Ողորմած Սիրո։ Թերեզան այս տողերը գրում է «ավետարանական մանկության փոքրիկ ճանապարհի» բացահայտման կամ առնվազն՝ արժեքավորման և կատարյալ ըմբռնման տարվա ընթացքում, այն տարվա, որում տեղի է ունենում սրբության հանդեպ իր մեծագույն դիրքորոշումը, որին կամենում է հասնել․ մնալ փոքր՝ հաճելի լինելու համար Ողորմությանը։ Հունիս ամսվա մեջ որպես ողջակեզ զոհ է նվիրվում Ողորմած Սիրույն, պաղատելով Աստծուն գոհացնել իր «անսահմանորեն վիթխարի» փափագները՝ նույն Ինքը դառնալով իր Սրբությունը։ Եվ Սերը տարածվում է նրա ամբողջ էությամբ մեկ․ «Այդ երջանիկ օրից ի վեր թվում է ինձ, որ Սերը ներթափանցում է ամբողջ էությամբս մեկ և պատում է ինձ, վերանորոգում է ու մաքրագործում հոգիս ․․․ »։

Չունի այլևս փափագներ, բացի այն մեկից․ «Սիրել Հիսուսին խենթի նման»։ Այս «փոքրիկ» փափագն իրական համառոտումն է ինքնանվիրման աղոթքում ներկայ առաջադրության․ «Կամենում եմ աշխատել միմիայն սիրույդ համար, որպես միակ նպատակ ունենալով Քեզ հաճույք պարգևելը, Սուրբ Սիրտդ մխիթարելն ու հոգիներ փրկելը, որպեսզի կարողանան սիրել Քեզ հավիտյան»։ Հոգիներ փրկելու փափագը, որ աճել է Փռանցինիի նշանավոր դարձի շնորհից հետո, ձուլվում է Աստծո և Իր Սիրո վիթխարի միակ փափագի մեջ․ «Ուզում եմ սիրել Քեզ և այնպես անել, որ բոլորը սիրեն Քեզ․ ուզում եմ աշխատել Սուրբ Եկեղեցու փառքի տարածման համար՝ փրկելով հոգիներին ․․․ »։

«Ողորմության գովերգը» փակվում է Տիրոջ բարության հանդեպ անսասան վստահության արտահայտություններով։ Գրության բոլոր առանցքային նյութերը համառոտվում և շաղկապվում են «սպիտակ փոքրիկ ծաղկի» կերպարի մեջ, որը վստահ է, որ «Աստծո ողորմությունն ընկերակցելու է իրեն միշտ և ամենուր», և որի բաղձանքն է հավիտյան եղանակել «Սիրո միշտ նոր երգը»։

Այս առաջին գրությունը Թերեզան ավարտեց 1895ի վերջերին, և 1896ի Հունվարի 20ին, Մայր Ագնես Հիսուսի անվան տոնի նախօրյակին, անհապաղ ճշգրտությամբ հանձնեց այն պահանջողին։

«Մի քանի րոպեից սկսվելու էր Երեկոյան ժամերգությունը», պատմում է նույն ինքն Մայր Ագնեսը: «Իմ մոտով անցնելիս, Քույր Թերեզան աղոթարանիս վրա դրեց այս գանձը: Պատասխանեցի գլխի թեթև շարժումով և դարակի մեջ դրեցի ձեռագիրն առանց բացելու, և ժամանակ չգտա այն ընթերցելու համար, եթե ո՛չ՝ այդ տարվա ընտրություններից հետո միայն, գարնանը: Այդպիսով հնարավորությունն ունեցա նկատելու Աստծո Աղախնի առաքինություններից ևս մեկը, որովհետև հնազանդության իր պարտքը վճարելուց հետո այլևս երբեք չհետաքրքրվեց իր հուշատետրով, ո՛չ հարցնելով, թե արդյոք կարդացի այն, ո՛չ էլ ջանալով իմանալ, թե ի՛նչ կարծիքի էի դրա մասին: Մի օր, մինչ ես ինքս հայտնեցի, որ դեռևս ժամանակ չէի գտել այն ընթերցելու համար, տրտմության ո՛չ մի նշույլ չուրվագծվեց նրա հայացքում»:

Երկու ամիս հետո միայն, Մայր Մարիամ Գոնձակայի Մեծավորուհի ընտրվելուց հետո (21 Մարտ 1896), Մայր Ագնես Հիսուսին – այլևս պարզ միանձնուհի – կարողացավ ընթերցել Թերեզայի ինքնակենսագրությունը և տոնական ազատ օրերի ընթացքում հատված առ հատված պատմել քույրերին: Մարթին քույրերից բացի ուրիշ ոչ ոք, և ո՛չ իսկ իրենց միևնույն վանքի միանձնուհիները, այդ շրջանում տեղյակ չէր նմանօրինակ ձեռագրի գոյությանը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։