Կամովին նվիրումը Սիրույն – Գրադարան – Mashtoz.org

Կամովին նվիրումը Սիրույն

256. Հիսո՜ւս, լա՛վ գիտեմ, այո՛, որ սերը սիրով է միայն փոխհատուցվում[1], և այս է պատճառը, որից մղվելով փնտրեցի և հոգևոր սփոփանք գտա սիրույդ փոխարեն սեր հատուցելով միայն: «Անիրավ հարստություններն օգտագործելով, ձեր համար բարեկամներ շահեցեք նրանց, ովքեր ընդունելու են ձեզ հավիտենական հարկերի տակ»[2]: Ահա՛, Տե՜ր, այն խորհուրդը, որ տվեցիր աշակերտներիդ, հետևյալ խոսքերը նրանց ասելուց հետո. «Այս աշխարհի որդիներն իրենց գործարքներում ավելի իմաստուն են, քան լույսի որդիները»[3]: Լույսի որդիս հասկացա, որ ամեն ինչ լինելու փափագս, բոլոր կոչումներն իմը դարձնելու կամքս, հարստություն էր, որ կարող էր ինձ անօրեն մեկը դարձնել: Այն օգտագործեցի՝ ինձ բարեկամներ շահելու համար: Հիշելով Եղիսեի կողմից իր հայր Եղիային ուղղված խնդրանքը, որով համարձակվեց հայցել նրա հոգին կրկնապատիկ չափով[4], կանգնեցի Հրեշտակների ու Սրբերի առաջ և ասացի. «Ես արարածն եմ ամենափոքր, ճանաչում եմ և՛ խեղճությունս, և՛ տկարությունս, բայց գիտեմ նաև, թե ազնվազարմ ու վեհանձն սրտերի համար որքա՜ն հաճելի է բարեգործությունը: Այդ իսկ պատճառով աղաչում եմ ձեզ, ո՜վ երանելի երկնաբնակներ, աղաչում եմ ձեզ որդեգրել ինձ որպես դուստր: Ամբողջովին ձերն է լինելու այն փառքը, որ կօգնեք ինձ ձեռք բերել, բայց ... բարեհաճությամբ գոհացրեք խնդրանքս, որն հանդուգն է, գիտե՜մ ... , և սակայն համարձակվում եմ խնդրել ձեզ ընդունել իմ համար ձեր սերը կրկնապատիկ չափով»։

 

257. Հիսո՜ւս, չեմ կարող շարունակել աղոթքս, վախենում եմ ընկճվեմ, հանդուգն փափագներիս ծանրության ներքո: Չքմեղանքս այն է, որ մանուկ եմ, իսկ մանուկները չեն մտածում իրենց խոսքերի տարողության մասին, և սակայն՝ նրանց ծնողները, եթե բազմում են գահերի վրա, եթե տիրում են անթիվ ու անհամար գանձերի, չեն վարանում բավարարել փափագներն այն փոքրիկ արարածների, որոնց սիրում են, որքան իրենք իրենց: Նրանց հաճույք պատճառելու համար կատարում են խենթություններ, հասնում տկարության: Լա՛վ ուրեմն, ես դուստրն եմ Եկեղեցու, իսկ Եկեղեցին Թագուհին է, քանի որ Քո Հարսն է, ո՜վ թագավորների աստվածային Թագավոր: Հարստությունների ու փառքի (նաև Երկնային Փառքի) տենչը չէ, որ ունի մանկական սիրտս: Նա հասկանում է, որ փառքն ըստ իրավունքի պատկանում է իր եղբայրներին՝ Հրեշտակներին ու Սրբերին: Իսկ իրենը, իր փառքը թող լինի անդրադարձն այն լույսի, որ ճառագայթում է իր Մոր դեմքից: Այն, ինչը որ խնդրում է, սերն է, միայն մի բան գիտի. սիրել Քեզ, Հիսո՜ւս: Նրան արգելված են համբավ շահող գործերը, չի կարող քարոզել ավետարանը, չի կարող հեղել իր արյունը: Բայց դա կարևորություն չունի. իր եղբայրներն աշխատում են նաև իր փոխարեն, իսկ նա, մի փոքրիկ մանուկ, մնում է Թագավորի ու Թագուհու գահի մոտ, սիրում է իր եղբայրների փոխարեն, որոնք պայքարում են: Իսկ ինչպե՞ս է փաստելու նա իր սերը, քանի որ սերը գործերով է ապացուցվում: Լա՛վ ուրեմն, փոքրիկ մանուկը սփռելու է ծաղիկներ և դրանց անուշահոտ բուրումնավետությամբ պատելու է թագավորական գահը, իր արծաթյա ձայնով երգելու է սիրո մեղեդին:

 

[1] San Giovanni della Croce, Cantico Spirituale, str. 9.

[2] Հմմտ. Ղկս 16, 9

[3] Ղկս 16, 8

[4] Հմմտ. 2Թգ 2, 9

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։