ՀԱՎԵԼՎԱԾ Ա. – ՈՂՈՐՄԱԾ ՍԻՐՈՒՅՆ ՈՐՊԵՍ ՈՂՋԱԿԵԶ ԶՈՀ ՆՎԻՐՎԵԼՈՒ ԱՂՈԹՔԸ – Գրադարան – Mashtoz.org

ՀԱՎԵԼՎԱԾ Ա. – ՈՂՈՐՄԱԾ ՍԻՐՈՒՅՆ ՈՐՊԵՍ ՈՂՋԱԿԵԶ ԶՈՀ ՆՎԻՐՎԵԼՈՒ ԱՂՈԹՔԸ

Հ․Մ․Հ․Թ․
 
մարդասեր Աստծո ողորմած սիրույն
անձս որպես ողջակեզ զոհ նվիրելու աղոթքը
 
Աստված իմ, Երրորդություն երանելի, ուզում եմ սիրել Քեզ և այնպես անել, որ բոլորը սիրեն Քեզ. ուզում եմ աշխատել Սուրբ Եկեղեցու փառքի տարածման համար՝ փրկելով այն հոգիներին, որոնք դեռ աշխարհում են, և ազատագրելով նրանց, որոնք Քավարանում են: Ուզում եմ լիովին գործադրել Քո կամքը և հասնել փառքի այն աստիճանին, որն իմ համար պատրաստել ես Արքայությանդ մեջ: Մի խոսքով, ուզում եմ սուրբ լինել: Բայց քանի որ զգում եմ լիակատար անուժությունս, աղաչում եմ Քեզ, Աստված իմ, Դու Ինքդ եղիր իմ սրբությունը:
Քանի որ այնքա՜ն սիրեցիր ինձ, որ տվեցիր միակ Որդիդ, որպեսզի լինի Փրկիչս ու Փեսաս, Նրա անսահման արժանիքների գանձերը պատկանում են ինձ, և ես դրանք Քեզ եմ ընծայում բերկրանքով, խնդրելով նայել ինձ միմիայն ընդմեջ Հիսուսի Դեմքի ու Սրտի, որ բոցավառվում է սիրով:
Քեզ եմ ընծայում նաև արժանիքները բոլոր Սրբերի (որոնք Երկնքում են և որոնք դեռ երկրի վրա), նրանց և Սուրբ Հրեշտակների սիրո ներգործությունները: Եվ ի վերջո, Քեզ եմ ընծայում, ո՜վ Երրորդություն երանելի, սերն ու արժանիքները Ամենասուրբ Կույսի՝ իմ սիրասուն Մոր: Նրան եմ վստահում նվիրումս և խնդրում եմ ներկայացնել այն Քեզ: Իր աստվածային Որդին՝ իմ սիրելի Փեսան, Իր երկրային կյանքի օրերում խոստացավ, թե. «Ինչ որ խնդրեք Հորից իմ անունով, կտա ձեզ»[1]:
Վստահ եմ, հետևաբար, որ կընդունես խնդրանքս. գիտեմ, Աստված իմ, որ որքան ավելի ես կամենում տալ, այնքան ավելի մեծ փափագներ ես առաջացնում սրտում[2]: Սրտիս խորքում զգում եմ փափագներ վիթխարի, և աղաչում եմ Քեզ մեծ վստահությամբ. ե՜կ և տիրի՜ր հոգուս: Ա՜հ, հնարավորությունը չունեմ հաղորդվելու այնքա՜ն հաճախակի, որքան կամենում եմ. բայց, Տե՜ր, մի՞թե Դու չես Ամենակարողը: Մնա՜ ինձնում ինչպես Տապանակի մեջ, մի՛ հեռացիր Քո փոքրիկ նշխարից:
Կուզենայի մխիթարել Քեզ մեղավորների ապերախտության փոխարեն. պաղատում եմ, զրկի՜ր ինձ Քեզ տհաճություն պատճառելու հնարավորությունից: Իսկ եթե երբեմն տկարությանս պատճառով ընկնեմ, թող որ աստվածային հայացքդ իսկույն մաքրագործի հոգիս՝ այրելով բոլոր թերություններս, ինչպես կրակը, որն իրեն է վերափոխում ամեն ինչ:
Երախտագիտությունս եմ հայտնում Քեզ, Աստված իմ, այն բոլոր շնորհներիդ համար, որ պարգևել ես ինձ, և հատկապես այն մեկի համար, որով անցկացրեցիր ինձ տառապանքի հնոցով: Երջանկագույն կլինեմ՝ տեսնելով գալուստդ, Ահեղ Դատաստանի օրը, արքայական խաչանիշ գավազանովդ: Եվ քանի որ ինձ որպես ժառանգություն տվեցիր այս այնքա՜ն թանկագին խաչը, հուսով եմ նմանվել Քեզ Երկնքում և այլևս փառավորված մարմնիս վրա տեսնել խաչակիր տառապանքիդ սպիերի մեծաշուք փայլը:
Այս երկրաբնակ աքսորից հետո հուսով եմ գալ Հայրենիքում Քեզ վայելելու, բայց չեմ կամենում արժանիքներ դիզել՝ Երկինքը ձեռքբերելու նպատակով, այլ՝ կամենում եմ աշխատել միմիայն սիրույդ համար, որպես միակ նպատակ ունենալով Քեզ հաճույք պատճառելը, Սուրբ Սիրտդ մխիթարելն ու հոգիներ փրկելը, որպեսզի կարողանան սիրել Քեզ հավիտյան:
Այս կյանքի մայրամուտին առջևդ կկանգնեմ դատարկ ձեռքերով, որովհետև չեմ խնդրում, Տե՜ր, որ հաշվի առնես գործերս: Մեր բոլոր դատաստանները, որ համարում ենք արդար, բծավոր ու թերի են աչքերիդ առաջ[3]: Կամենում եմ, հետևաբար, զգեստավորվել Քո՛ իսկ արդարությամբ և սիրույդ ձեռքերից որպես հավերժական ժառանգություն ստանալ ... Քեզ միայն ... : Ա՛յլ գահ չեմ ուզում, և ո՛չ էլ՝ թագ ու պարծանք ... , այլ՝ միայն Քեզ, ո՜վ Սիրելի իմ:
Քո համար ժամանակը ոչինչ է, միայն մեկ օրը հազար տարվա պես է[4]. ուրեմն կարող ես նաև մի վայրկյանում պատրաստել ինձ Քո մոտ գալու:
Ապրելու համար սիրո կատարյալ գործադրումով, նվիրում եմ ինձ որպես անմնացորդ զոհ ողորմած Սիրույդ, պաղատելով այրել ինձ առանց դադարի, հոգուս անոթի մեջ զեղելով կոհակներն անսահման գորովիդ, որ պարփակված են Քեզնում, որպեսզի այդպիսով կարողանամ դառնալ սիրույդ մարտիրոսներից մեկը, ո՜վ Աստված իմ:
Թող որ այս մարտիրոսությունը, դեպի Քեզ սավառնելուն պատրաստելուց հետո, մահ պարգևի ինձ, և հոգիս, առանց որևէ կանգառի, մղվի դեպի ողորմած սիրույդ հավիտենական գրկախառնումը:
Կամքս սա է, Սիրելի իմ. սրտիս յուրաքանչյուր բաբախման հետ կրկին ու կրկին, անթիվ անգամներ վերստին նորոգել այս նվիրումս, մինչև որ, ստվերների փարատումից հետո[5], կկարողանամ սերս խոստովանել Քեզ դեմ առ դեմ, հավիտյան:
 
 
Մարիա Ֆրանչեսկա Թերեզա
Հիսուս Մանկան և Սուրբ Դեմքի
անարժանաբար՝ կարմեղական միանձնուհի
 
Տոն Ամենասուրբ Երրորդության
9 Հունիսի 1895թ.

[1] Հվհ 16, 23-24

[2] Սբ. Հովհաննես Խաչի խոսքերն են:

[3] Ես 64, 6

[4] Սղմ 89, 4

[5] Երգ 4, 6

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։