ՀԱՎԵԼՎԱԾ Բ. – ԱՊՐԵԼ ՍԻՐԵԼՈՎ – Գրադարան – Mashtoz.org

ՀԱՎԵԼՎԱԾ Բ. – ԱՊՐԵԼ ՍԻՐԵԼՈՎ

1. Հիսուսը, սիրո պատվիրանի տրման երեկոյան, առանց առակների ու փոխաբերական իմաստների, ասաց. «Եթե մեկը կամենում է սիրել ինձ, թող իմ խոսքը պահի հավատարմությամբ, և ես ու իմ Հայրը կգանք նրա մոտ ու նրա մոտ կօթևանենք: Նրա սրտում կհաստատենք մեր բնակությունը, նրան կդարձնենք մեր դղյակը, մեր կենդանի բնակավայրը, որովհետև ուզում ենք, որ նա հաստատուն մնա մեր սիրո մեջ»[1]:
 
2. Ապրել ըստ սիրո՝ նշանակում է պահպանել Քեզ, ո՜վ Խոսք անստեղծ, Խոսք իմ Աստծո։ Ես սիրում եմ Քեզ, և Դու դա գիտես, ո՜վ Աստված իմ, Հիսո՜ւս։ Սիրո Սուրբ Հոգին հրդեհում է ինձ Իր բոցերով։ Քեզ սիրելով՝ դեպի ինձ եմ ձգում Հորը, որպեսզի հսկի այս տկար սրտիս վրա, առանց փախուստի որևէ հնարավորություն տալու։ Ո՜վ Երրորդություն, Դու իմ սիրո բանտարկյալն ես։
 
3. Ապրել ըստ սիրո՝ նշանակում է ապրել Քո կյանքը, Արքա՜ փառահեղ, բերկրա՜նք ընտրյալների։ Դու իմ համար ապրում ես մի փոքրիկ նշխարում ծածկված։ Ես նույնպես կամենում եմ թաքնվել Քո համար, Հիսո՜ւս։ Հարկավոր է միայնություն սիրեցյալներին, սիրտ սրտի, որ տևի օր ու գիշեր։ Քո մի ակնարկն անգամ ինձ երանությամբ է լցնում․ ես ապրում եմ ըստ սիրո։
 
4. Ապրել ըստ սիրո՝ չի նշանակում հաստատել այստեղ՝ երկրի վրա, Թաբոր լեռան գագաթին, սեփական վրանը․ այլ՝ բարձրանալ Հիսուսի հետ Գողգոթա, և փնտրել Խաչի գանձը։ Կապրեմ բերկրալի՝ Երկնքում, երբ բոլոր փորձություններն անցած կլինեն մեկընդմիշտ։ Բայց այստեղ կամենում եմ ապրել սերը տառապանքի բովում։
 
5. Ապրել ըստ սիրո այստեղ՝ ներքևում, նշանակում է տրվել առանց չափի զգացման, առանց հատուցում պահանջելու: Ես նվիրում եմ ինձ անմնացորդ կերպով, որովհետև վստահ եմ, որ երբ սիրում են, հաշվարկներ չեն կատարում: Ես ամեն բան տվել եմ աստվածային Սրտին, որ լի է գորովով, և ընթանում եմ թեթև: Չունեմ այլևս ոչինչ, և իմ միակ հարստությունն է ապրել ըստ սիրո:
 
6. Ապրել ըստ սիրո՝ նշանակում է մոռացության մատնել որևէ միտք, որևէ հուշ անցյալ սխալների: Չեմ տեսնում և ո՛չ իսկ հետքը մեղքերիցս մեկի, նրանցից յուրաքանչյուրն անէացել է աստվածային կրակի բովում: Ո՜վ սրբազան բոց, քաղցրագույն հնոց, կրակներիդ ներսում եմ հաստատում բնակությունս: Եվ այստեղ, ըստ իմ հաճույքի, երգում եմ, Հիսո՜ւս, և ապրում եմ ըստ սիրո:
 
7. Ապրել ըստ սիրո՝ նշանակում է պահել այս մահկանացու անոթներում մի անհատնում գանձ: Ո՜վ Սիրելի իմ, ես շա՜տ եմ տկար և ոչնչով նման չեմ երկնային հրեշտակներին: Բայց եթե նույնիսկ ընկնում եմ ամեն քայլափոխի, Դու հասնում ես ինձ, վեր բարձրացնում, պահում Քո գրկում, և տալիս ես ինձ Քո շնորհը: Ես ապրում եմ ըստ սիրո:
 
8. Ապրել ըստ սիրո՝ նշանակում է նավարկել անդադար, սրտերից ներս սերմանելով հոգեզվարթ խաղաղություն: Առաջնո՜րդ իմ սիրելի, տո՜ւր ինձ Քո սերը, որպեսզի կարողանամ տեսնել Քեզ բոլոր մերձավորներիս հոգիներում: Սե՜ր. ահա՛ իմ միակ աստղը, նրա լույսի ներքո նավարկում եմ ուղիղ, անսխալ: Եվ իմ առագաստի վրա գրված է նշանաբանս. «Ապրել ըստ սիրո»:
 
9. Ապրել ըստ սիրո, երբ Հիսուսը նիրհում է, նշանակում է հանգստանալ փոթորկահույզ ալիքների վրա: Ա՜հ, ո՛չ, Հիսո՜ւս, Քեզ չեմ արթնացնի, ես խաղաղությամբ սպասում եմ երկնային նավահանգիստ հասնելուն: Շատ շուտով հավատքը կպատռի իր քողը, հույսս կլինի միայն մի օրվա համար. սերը փքում ու առաջ է մղում առագաստս: Եվ ես ապրում եմ ըստ սիրո:
 
10. Ապրել ըստ սիրո, ո՜վ Աստվածային Ուսուցիչ իմ, նշանակում է աղաչել Քեզ՝ սփռել ճառագայթներդ քահանաների ընտրյալ ու սուրբ հոգիների վրա, որպեսզի նրանք ավելին լինեն, քան երկնային Սերովբեները: Անառիկ պահիր Քո անմահ Եկեղեցին. պաղատում եմ Քեզ սրա համար ամեն վայրկյան: Ես՝ նրա դուստրը, զոհաբերում եմ ինձ իր համար, և ապրում եմ ըստ սիրո:
 
11. Ապրել ըստ սիրո՝ նշանակում է չորացնել արնածոր Դեմքդ և ներում աղերսել մեղավորների համար. թող որ վերստին ստանան Քո շնորհը, ո՜վ Աստված սիրո, և հավետ օրհնեն Քո անունը: Ամեն սրբապղծություն, աստվածայինի դեմ ուղղված ամեն անարգանք խոցում է սիրտս, և որպես դարման միշտ կրկնում եմ. Սիրո՜ւմ եմ Քեզ, պաշտո՜ւմ եմ Քեզ, ո՜վ Անուն Սրբազան: Ես ապրում եմ ըստ սիրո:
 
12. Ապրել ըստ սիրո՝ նշանակում է հետևել Մարիամ Մագդաղենացու օրինակին, որն արցունքներով ու անուշաբույր յուղերով էր պատում աստվածային ոտքերդ, համբուրում դրանք հափշտակված, ապա սրբում իր երկար վարսերով: Իսկ հետո, սուրբ հանդգնությամբ ոտքի ելնելով, քաղցրիկ երեսդ նույնպես օծում էր բուրումնավետ յուղով: Իմ հոտավետ օծանելիքը, որ հղում եմ Քո Դեմքին, սերս է:
 
13. Ապրել ըստ սիրո, ի՞նչ արտասովոր խենթություն է սա: Ասում է ինձ աշխարհը. «Դադարի՛ր այն գովերգելուց և ուշադրությո՛ւն դարձրու, որ չվատնես արժեքներդ, կյանքդ. օգտագործի՛ր դրանք խելացիորեն»: Բայց սիրել Քեզ, Հիսո՜ւս, ի՜նչ կորուստ շահավետ: Իմ բոլոր արժեքները Քոնն են, ընդմի՛շտ: Ես ուզում եմ երգել, մի կողմ թողնելով աշխարհը. Ես մեռնում եմ սիրուց:
 
14. Մեռնել ըստ սիրո. ահա՛ այն քաղցր մարտիրոսությունը, որ կամենում եմ կրել: Ո՜վ Քերովբեներ բոլոր, հնչեցրե՜ք նվագարանները, որովհետև աքսորս, զգում եմ, վերջանում է: Գեղա՜րդ հրավառ, սպառի՜ր ինձ անդադար, խոցի՜ր սիրտս այս տխուր բնակավայրում: Աստվա՜ծ իմ, Հիսո՜ւս, ի կատար ածիր երազանքս. մեռնել ըստ սիրո:
 
15. Մեռնել ըստ սիրո. ահա՛ իմ հույսն ու ակնկալությունը: Երբ կործանված կտեսնեմ իմ բոլոր շղթաները, Աստված Ինքը կլինի իմ միակ վարձատրումը. ա՛յլ բարիքներ չեմ ուզում: Ամբողջովին գրավված եմ Իր սիրուց, և թող որ գա, ուրեմն, սեղմելու ինձ Իր կրծքին, ընդմի՜շտ: Ահա՛ իմ երկինքը, ճակատագիրն իմ. Ապրել ըստ սիրո:
 
 
26 Փետրվար 1895թ.

[1] Հմմտ. Հվհ 14, 23; 15, 9

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։