ՀԱՎԵԼՎԱԾ Դ. – ԹԵ ԻՆՉՈ՛Ւ ԵՄ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ, ՄԱՐԻԱ՜Մ – Գրադարան – Mashtoz.org

ՀԱՎԵԼՎԱԾ Դ. – ԹԵ ԻՆՉՈ՛Ւ ԵՄ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ, ՄԱՐԻԱ՜Մ

1. Կամենում եմ այստեղ սաղմոսել, Մա՜յր իմ, թե ինչո՛ւ եմ քեզ սիրում, և թե ինչո՛ւ է քո քաղցրիկ անունը սիրտս խնդության սարսուռով պատում: Եվ թե ինչո՛ւ խարհրդածումը երկնասլաց մեծությանդ շուրջ՝ չի ներշնչում սարսափ իմ հոգուն: Եթե դիտեի քեզ վսեմաշուք փառքիդ մեջ, որն անհամեմատ գերազանց է, քան բոլոր ընտրյալների շողարձակումը, ա՜հ, չէի կարող հավատալ, թե քո զավակն եմ, Մարիա՜մ, և քո առջև կխոնարհեի հայացքս:

2. Որպեսզի փոքրիկը կարողանա ամբողջովին նվիրվել իր մորը, հարկավոր է, որ մայրը լա իր հետ, կիսի իր վշտերը: Դու, սրտի՜ս Թագուհի, որքա՜ն արտասվեցիր կյանքիդ ընթացքում, ինձ դեպի քեզ ձգելու համար: Ավետարանի միջոցով կյանքիդ շուրջ խորհրդածելով է, որ համարձակվում եմ հայել քեզ և մոտենալ. դժվար չէ ինձ քո զավակը կարծել, որովհետև տեսնում եմ քեզ մահկանացու և տառապանքներին ենթակա, ինչպես ես:

3. Աստվածային խորհրդի հրեշտակային ավետման պահին, երբ Մայր դարձար հավիտյան տիրող Աստծուն, չմոռացար հիշատակել կուսության գանձդ: Ըմբռնում եմ, այո՛, ո՜վ Կույս Անարատ, որ հոգիդ Տիրոջն ավելի է գերադաս, քան դրախտը զմայլելի հրեշտակաբնակ. գիտեմ, որ այդ հոգիդ մաքրափայլ, խոնարհ հովիտը ծաղկազարդ, կրում է իր մեջ Հիսուսին, որ օվկիանն է Սիրո:

4. Ես սիրում եմ քեզ, կոչում Տիրոջ Աղախին, որ հմայում ես քո խոնարհությամբ: Այս մեծամեծ առաքինությունը դարձնում է քեզ ամենակարող, իսկ սիրտդ՝ տաճար Ամենասուրբ Երրորդության: Սրա շնորհիվ է, որ սիրո Սուրբ Հոգու հովանու ներքո[1], Հորն համահավասար Որդին մարմնացավ, մարդացավ քեզնում: Եվ քո միջոցով, Մա՜յր մարդկության, եղբայրներն Իր լինելու էին այնքան, որ ստիպված կոչվեց «Հիսուս, քո անդրանիկը»[2]:

5. Շա՜տ ու շա՜տ փոքր եմ ես, Մարիա՜մ, և դու տեղյակ ես իմ փոքրկությանը: Սրանով հանդերձ, սակայն, ինձնում հյուրընկալում եմ Ամենակարողին: Տկարությունս նույնպես չի սարսափեցնում ինձ, քանի որ մոր հարստությունները պատկանում են նաև զավակին: Ես քո դուստրն եմ, Մա՜յր իմ շա՜տ սիրելի: Առաքինություններդ ու սերդ մի՞թե իմը չեն: Նմանապես, երբ Ամենասուրբ Հաղորդության միջոցով քո քաղցրիկ Գառնուկը՝ Հիսուսն, իջնում է, հանգչում սրտիս մեջ, հոգուդ դղյակում է Նա կարծում Իրեն:

6. Ո՜վ ընտրյալների Թագուհի, դու հասկացնում ես ինձ, որ քայլ առ քայլ դժվար չէ հետևելը քեզ դեպի Երկինք տանող արահետում[3]: Դու այն տեսանելի դարձրեցիր ամենապարզ առաքինությունների քո գործադրումով: Քո թիկունքում, Մարիամ, կամենում եմ մնալ փոքրիկ, ինչպես հիմա: Շատ լավ եմ տեսնում ունայնությունը երկրային մեծությունների: Եվ ջանում եմ ուսանել սաստիկ սերը Սրբուհի Եղիսաբեթի, որ արժանացավ քո այցելությանը:

7. Այնտեղ ես նույնպես ծնրադրելով, ո՜վ հրեշտակների քաղցրիկ Թագուհի, ունկնդրում եմ քո սրտաբուխ օրհներգը. դու ուսուցանում ես ինձ երգել գովքն աստվածային, և անձիս երջանկությունը գտնել Հիսուսի մեջ, իմ Փրկչի: Ապագա դարերի համար սփոփիչ բալասան է սիրավառ խոսքերիդ խարհրդավոր վարդը: Ամենակարողը մեծամեծ գործեր կատարեց քո մեջ[4]: Ուզում եմ խորհրդածել այս իրողության շուրջ՝ իր Հեղինակին օրհնելու համար:

8. Մինչ Սուրբ Հովսեփն անգիտանում էր կատարված հրաշքը, դու ըստ քո մեծ խոնարհության կամեցար թաքցնել այն, թողնելով նրան իր կսկիծների մեջ, մոտ տապանակին, որ սքողում է Փրկչի աստվածային գեղեցկությունը: Ա՜հ, քանի՜ցս քաղցր է ինձ քո խոսուն լռությունը: Այն իմ համար ախորժալուր նվագահանդես է, որ հռչակում է մեծությունն ու զորությունը այն հոգու, որն իր միակ օգնությունը Երկնքից է սպասում:

9. Ապա Բեթհեղեմում, ո՜վ Հովսեփ, Մարիամ, տեսնում եմ ձեզ բոլորից մերժված: Ոչ ոք չի ուզում հյուրընկալել աղքատ օտարականներին, ... տեղ կա միայն մեծամեծների համար: Եվ Երկնքի Թագուհին հարկադրված է մսուրում ծնել Աստծուն: Ո՜վ Մայր Փրկչի, որքա՜ն գեղեցիկ ես դու և որքա՜ն վեհաշուք եմ տեսնում քեզ վայրի աղքատության մեջ:

10. Երբ տեսնում եմ Հավիտենականին բարուրում նիրհած, կամ երբ լսում եմ Աստծո Խոսքի ճիչերը տկար ... , Մարիա՜մ, մի՞թե կարծում ես, թե նախանձում եմ Հրեշտակներին: Նրանց երկրպագելի Տերն իմ սիրասուն Եղբայրն է: Որքա՜ն եմ քեզ երախտապարտ, Մարիա՜մ. քեզ, որ այս ափերում ծաղկեցրիր աստվածային Ծաղիկը: Եվ որքա՜ն ես ինձ հմայում, մինչ ունկնդրում ես հովիվներին ու մոգերին և պահում այս բոլոր բաները քեզնում[5]:

11. Դու գերում ես սիրտս, երբ ընթանում ես ընդմեջ կանանց, որոնք իրենց քայլերն ուղղում են դեպի տաճար. երբ մեր անձերի Փրկչին ներկայացնում ես այն բախտավոր ծերունուն, որ սեղմում է Նրան իր կրծքին: Նախ ժպիտով լսում եմ իր օրհներգը, բայց շուտով այդ խոսքերն արտասվել են ինձ ստիպում. Սիմեոնն իր մարգարեական հայացքն ապագայից ներս մխրճելով՝ վշտակրության սուր է քեզ ավետում[6]:

12. Մարտիրոսների Թագուհի, սուր էր միայն, որ անցնելու էր սրտիդ միջով, քանի դեռ ապրում էիր այստեղ՝ երկրի վրա: Ահա՛ արդեն իսկ հարկադրված եմ տեսնում քեզ թողնելու բնակավայրդ, խուսափելու համար նախանձ թագավորի կատաղությունից: Հիսուսը խաղաղ նիրհում էր գրկիդ մեջ, երբ Հովսեփը տեղեկացրեց, թե հարկավոր է մեկնել առանց հապաղման: Եվ ի հայտ է գալիս այստեղ քո հնազանդությունը, երբ ճանապարհ ես ընկնում առանց իմանալու ուղևորությանդ պատճառը:

13. Եգիպտոսում նույնպես, հետին աղքատության մեջ, ինձ այնպես է թվում, Մարիա՜մ, թե սիրտդ լի էր մնում զվարթությամբ. Հիսուսը քո հետ է, ի՞նչ ավելի գեղեցիկ հայրենիք, քան Նա: Ի՞նչ կարևորություն ունի աքսորը: Դու տիրում ես երկինքներն ամբողջ: Եվ այնուամենայնիվ, Երուսաղեմում դառը թախիծի օվկիանն է հեղեղում սիրտդ. Հիսուսը երեք օրով թաքնվում է քո հայացքից: Ա՜հ, այդ օրերին իրոք կրում ես աքսորի բոլոր հեծեծանքները:

14. Սիրո մեծ խանդավառությամբ Նրան վերագտար, և ասացիր գիտուններին շփոթության մատնող այդ Մանկանը. «Որդի՜, այս ի՞նչ արեցիր Դու մեզ. ահավասիկ հայրդ ու ես տագնապած Քեզ էինք փնտրում»[7]: Իսկ Մանուկ Աստվածորդին, Իր Մորը, որն Իրեն պահում էր գրկում, պատասխանեց (ահա՛ մի խորհուրդ խորին). «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում: Չգիտեի՞ք, որ Հորս տանը ես պետք է լինեմ»[8]:

15. Ավետարանն ուսուցանում է ինձ, թե Հիսուսն աճելով իմաստությամբ ու խոհեմությամբ, միշտ ենթարկվում էր Մարիամին ու Հովսեփին: Եվ սիրտս հուշում է ինձ, թե ինչպիսի՜ սիրով էր Նա հնազանդվում իր ծնողներին: Բայց այժմ հասկանում եմ Տաճարում կատարվածի իմաստը, իմ քաղցրիկ Թագավորի պատասխանն ու Իր ձայներանգը: Մարիա՜մ, այս անուշիկ Մանուկն ուզեց, որ տիպար օրինակը լինես այն հոգու, որն Իրեն փնտրում է հավատքի գիշերվա խորքում:

16. Իսկ եթե Աստծո Որդին ուզեց, որ Իր Մայրը նույնպես կրի սրտի խավարն ու անձկությունը, բարիք է ուրեմն տառապելն այստեղ՝ երկրի վրա: Այո՛, նեղություններին սիրով համբերելը երջանկությունների մեջ ամենաանխառն է: Հիսուսը կարող է ետ վերցնել ինձնից այն ամենը, որ տվել է. ասա՜ Նրան, որ ինձնով չմտահոգվի: Եթե Իր կամքն է, կարող է շա՜տ լավ թաքնվել. պատրաստ եմ սպասելու Իրեն մինչև այն անմայրամուտ օրը, երբ հավատքս այլևս մայր կմտնի, հասնելով իր նպատակակետին՝ Աստծո տեսությանը:

17. Կույս շնորհներով լի՜, գիտեմ, որ Նազարեթում ապրեցիր աղքատ, առանց խնդրելու առավել ոչինչ. ո՛չ հափշտակությունները գեղեցկացրեցին քո կյանքը, ո՛չ հրաշքներն ու ուսուցումները, ո՜վ ընտրյալների դու Մայր Թագուհի: Աղքատներն ու մերժվածները բազմաթիվ են այս աշխարհում. նրանք կարող են իրենց հայացքներն անվախորեն ուղղել դեպի քեզ: Դու, ո՜վ Մայր աննման, քայլում ես նրանց հետ ընդհանուր պարզ պողոտայով, նրանց դեպի Երկինք առաջնորդելու համար:

18. Ուզում եմ ապրել քո հետ, Մա՜յր գորովագութ, այս վայրագ աքսորում, և ուզում եմ նմանվել քեզ ամեն օր: Ապշում եմ քեզ դիտելիս, քննելիս սրտիդ սիրո անհատակությունը: Բոլոր երկյուղներս վերանում են մայրական հայացքիդ ներքո, որ սովորեցնում է ինձ ինչպես լալ, այնպես էլ՝ ժպտալ: Դու չես արհամարհում սուրբ տոնախմբությունները, կիսում ես դրանք մեր հետ, օրհնում դրանք:

19. Տեղեկացար կանայաբնակ նորապսակների մտատանջությանը, որոնց հարսանյաց գինին վերջացել էր, և ըստ քո մեծ հոգատարության հայտնեցիր Փրկչին իրավիճակը, հուսալով Իր աստվածային ուժին: Նախ թվաց, թե Հիսուսը մերժում է քո  խնդրանքը: Պատասխանեց. «Դա չի վերաբերվում, ո՜վ կին, ո՛չ ինձ, ո՛չ քեզ»[9]: Իր սրտի խորքում, սակայն, Նա ասաց. «Մայրի՜կ», և քո համար կատարեց Իր առաջին հրաշքը[10]:

20. Մի օր, մինչ մեղավորներն ունկնդրում էին վարդապետությունը Նրա, Ով եկել էր իրենց Երկինք ուղղելու, տեսնում եմ քեզ, ո՜վ Մայր, նրանց շարքերում, սպասման մեջ: Ինչ որ մեկն ասում է Հիսուսին, որ կամենում ես բաժանման երկարաձիգ օրերից հետո փարվել Իրեն: Եվ այնժամ, խուռներամ բազմության առաջ, Որդին մեր հանդեպ Իր սիրո անսահմանությունն արտահայտեց, ասելով. «Ո՞վ է իմ եղբայրը կամ քույրը կամ մայրը, եթե ո՛չ նա, ով կատարում է իմ կամքը»[11]:

21. Կույս անարա՜տ, նրբագե՜ղ Մայրիկ, դու, որ լսելով խոսքերն Հիսուսի՝ չմթագնեցիր, այլ՝ ցնծացիր հոգով, որովհետև Նա այդպիսով հասկացրեց մեզ, թե մեր հոգիներն են Իր ընտանիքն այստեղ՝ ներքևում: Այո՛, դու ուրախանում ես, որովհետև Նա մեզ է տալիս Իր կյանքը, Իր աստվածության անհատնում գանձերը: Ինչպե՞ս չսիրել քեզ ու չօրհնել, Մարիա՜մ, մեր հանդեպ տածած այս վիթխարի վեհանձնությանդ համար:

22. Դու իրոք սիրում ես մեզ այնպես, ինչպես սիրում է մեզ Հիսուսը, և հանուն մեր փրկագնման հանձն ես առնում հեռանալ Նրանից: Սիրել՝ նշանակում է տալ ամեն բան, նաև սեփական անձը. դու կամեցար կիրառել սա, մնալով մեզ նեցուկ: Փրկչին հայտնի էին մայրական սրտիդ գաղտնիքները, գորովիդ անսահմանությունը: Հիսուսը մեզ քեզ հանձնեց, ո՜վ Ապաստան մեղավորների, երբ թողեց վշտակրության այս հովիտը՝ մեզ Երկնքում սպասելու համար:

23. Տեսնում եմ քեզ, Մարիա՜մ, գագաթին գողգոթյան, խաչի մոտ կանգնած[12], իբրև քահանա խորան բարձրացած, ընծայելով առ ի գոհացումն Հոր արդարության՝ հեզ Էմմանուելին, քո սիրտ Հիսուսին: Մա՜յր ցավագին, քո մասին է խոսում Մարգարեն. «Չկա տառապանքներիդ հավասար վիշտ»[13]: Ո՜վ մարտիրոսների չքնաղ Թագուհի, լքված, միայնակ, դու մեր համար հեղում ես սրտիդ արյունն անբիծ, անարատ:

24. Սուրբ Հովսեփի տունը դառնում է հարկդ պատսպարան, իսկ Հիսուսի տեղը գրավում է որդին Զեբեդյան: Վերջին տողերն են քո մասին գրված, որ կարդում եմ Ավետարանում. այն այդուհետև լռություն է պահում քո մասին: Բայց նրա խորը համրությունը, Մա՜յր իմ սիրասուն, մի՞թե չի հայտնում, թե Հավիտենական Խոսքն Ինքն է կամենում հռչակել կյանքդ, այդպիսով է՛լ ավելի կատարյալ դարձնելով որդիներիդ՝ Երկնքի ընտրյալների բերկրանքը:

25. Շուտո՜վ, շա՜տ շուտով կմասնակցեմ ունկնդրմանը այդ հրաշք երգի, կգամ Երկնքում քեզ տեսնելու: Դու, որ ժպտացիր ինձ կենացս ծագին, ե՜կ, ժպտա՜ ինձ կրկին ... . Մա՜յր իմ, մթնում է արդեն: Այլևս չեմ խուսափում վեհասլաց փառքիդ շողարձակումից. տառապեցի քո հետ ... , և կամենում եմ այսուհետև ծնկներիդ բազմած երգել, ո՜վ Կույս, թե ինչո՛ւ եմ սիրում քեզ ... , նաև կրկնել հավետ, որ քո զավակն եմ ես:

 

Մայիս 1897թ.

 
[1] Ղկս 1, 35
[2] Հմմտ. Ղկս 2, 7
[3] Մտթ 7, 14
[4] Հմմտ. Ղկս 1, 49
[5] Հմմտ. Ղկս 2, 19
[6] Ղկս 2, 35
[7] Ղկս 2, 48
[8] Ղկս 2, 49
[9] Հմմտ. Հվհ 2, 4
[10] Հվհ 2, 11
[11] Հմմտ. Մտթ 12, 50; Մրկ 3, 35
[12] Հվհ 19, 25
[13] Ողբ 1, 12
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։