Հաղթական մարտավարության օրինակներ – Գրադարան – Mashtoz.org

Հաղթական մարտավարության օրինակներ

292. Մայր իմ, կարդալով այն, ինչ գրեցի քիչ առաջ, կարող եք կարծել, թե եղբայրսիրության գործադրումն այնքան էլ դժվարին չի եղել իմ համար: Ճիշտ է, արդեն մի քանի ամիս է, ինչ պայքարելու կարիքը չեմ զգում այս գեղեցիկ առաքինության գործադրման հարցում. սրանով, սակայն, չեմ կամենում ասել, թե երբեք չեմ սխալվում: Ա՜հ, չափազանց անկատար եմ դրա համար: Բայց եթե երբեմն ընկնում եմ, շատ դժվարություն չեմ զգում իսկույն ոտքի կանգնելու համար, որովհետև պայքարներից մեկի ժամանակ հաղթական դուրս եկա: Երկնային զորքն այժմ օգնության է հասնում ինձ, չկարողանալով հաշտվել ինձ պարտված տեսնելու մտքի հետ, այժմ՝ փառահեղ ճակատամարտում հաղթանակ տոնելուցս հետո, որն հիմա կփորձեմ նկարագրել:

Վանքում մի միանձնուհի կա, որն ունի ամեն ինչում ինձ տհաճություն պատճառելու տաղանդը. նրա շարժուձևերը, խոսքերն ու բնավորությունը թվում են ինձ շա՜տ անախորժ: Եվ սակայն, սրբակյաց միանձնուհի է և պետք է որ շատ հաճելի լինի Տիրոջը: Այդ իսկ պատճառով ես, չկամենալով տեղի տալ բնական հակակրանքին, որ զգում էի, ասում էի ինքս ինձ, որ սերը չպետք է կայանա զգացումների մեջ, այլ՝ գործերի: Այնժամ նվիրվեցի անելու այդ քրոջ համար այն, ինչը որ կանեի ամենասիրելի անձի համար միայն: Ամեն անգամ իրեն հանդիպելիս աղոթում էի Աստծուն իր համար, նվիրելով իր բոլոր առաքինություններն ու արժանիքները: Զգում էի, որ արարքս հաճույք էր պատճառում Հիսուսին, քանի որ չկա մի արվեստագետ, որին հաճելի չլինի իր գործերի համար գովասանք ընդունելը. և Հիսուսը՝ հոգիների Արվեստագործը, նույնպես երջանիկ է, երբ կանգ չենք առնում արտաքին երևույթների առաջ, այլ՝ ներթափանցելով մինչև ներքին սրբարանը, որը Նա ընտրել է որպես Իր բնակավայր, հիանում ենք այդ ճոխ գեղեցկությամբ: Բայց չէի գոհանում այդ քրոջ համար շա՜տ աղոթելով, – քույր, որ զանազան ներքին պայքարներ էր ինձնում առաջացնում, – այլ՝ աշխատում էի նրան մատուցել հնարավոր բոլոր ծառայությունները, իսկ երբ փորձությունն էի ունենում կոպտությամբ պատասխանելու, գոհանում էի ամենագեղեցիկ ժպիտներիցս մեկն իրեն նվիրելով, ինչպես նաև ջանում էի փոխել խոսակցության նյութը, որովհետև Նմանության գրքում ասվում է. «Նախընտրելի է թողնել յուրաքանչյուրին իր տեսակետի մեջ, քան ունայն վեճեր հարուցանել»[1]:

Հաճախ, երբ զբոսանքի մեջ չէի (ուզում եմ ասել, երբ աշխատանքի ժամին էի), այդ քրոջ հետ համատեղ գործ ունենալիս, երբ ներքին պայքարներս սաստկանում էին, թողնում փախչում էի ինչպես դասալիք: Քանի որ բացարձակ կերպով անգիտանում էր իր հանդեպ տածած զգացումներս, երբեք էլ տարակույս չունեցավ վարվելակերպիս պատճառների վերաբերյալ, և մնում է համոզված, թե իր բնավորությունը հաճելի է ինձ: Մի օր, զբոսանքի պահին ասաց մոտավորապես այս խոսքերը, ամբողջովին գոհ. «Կարո՞ղ ես ասել, Քույր Թերեզա Հիսուս Մանկան, թե ի՛նչն է քեզ ձգում դեպի ինձ, որովհետև ամեն անգամ, որ նայում ես ինձ, ժպտում ես»: Ա՜հ, այն, ինչը որ ձգում էր ինձ, Հիսուսն Ինքն էր, որ թաքնված էր նրա հոգու խորքում ... . Հիսուսը, որ քաղցրացնում է նաև ամենամեծ դառնությունները[2]: Բայց իրեն պատասխանեցի, թե ժպտում էի, որովհետև ուրախ էի իրեն տեսնելուս համար (անշուշտ չավելացրեցի, որ դա՝ հոգևոր տեսանկյունից դիտված):

 

293. Մայր իմ, արդեն ասացի ձեզ․ պայքարներում չհաղթվելու լավագույն միջոցս փախուստն է։ Այն գործադրում եմ նորընծայությունիցս սկսած և միշտ էլ կատարյալ հաջողության եմ հասել։ Ուզում եմ հիշատակել այստեղ մի օրինակ, որը Ձեզ, Մայր իմ, ժպիտ կպատճառի։ Ձեր թոքաբորբներից մեկի ժամանակ, մի առավոտ կամացո՜ւկ կամացո՜ւկ եկա բերելու Հաղորդության վանդակապատի բանալիները, որովհետև այդ շրջանում ես էի ավանդապահուհին։ Սրտիս խորքում հակառակ չէի Ձեզ տեսնելու այդ առիթն ունենալուս, ընդհակառակն՝ շատ գոհ էի, բայց մեծ հոգատարությամբ ջանացի ծածկել գոհունակությունս, որպեսզի չարտահայտվեր դիմագծերիս վրա։ Միաբանակից քույրերից մեկը, սակայն, ներշնչված սուրբ նախանձախնդրությամբ (և որն իրոք սիրում էր ինձ հարազատ քրոջ նման), տեսնելով իմ ներս մտնելը, Մայր իմ, կարծեց, թե կամենում էի արթնացնել Ձեզ։ Այդ իսկ պատճառով ցանկանում էր վերցնել ինձնից բանալիները, բայց ես այնքան էլ տրամադիր չէի դրանք իրեն տալու և իրավունքներս զիջելու։ Ամենայն քաղաքավարությամբ պատասխանեցի, որ ես նույնպես չէի կամենում արթնացնել Ձեզ, որ իմն էր բանալիները վերադարձնելու պարտականությունը։ Այժմ հասկանում եմ, որ ավելի կատարյալ կլիներ, եթե տեղի տայի այդ քրոջը, որ երիտասարդ էր, այո՛, բայց ինձնից ավելի մեծ։ Այնժամ չէի հասկանում և ուզում էի անպայման ներս մտնել, թեև նա հրում էր դուռը և փակում ճանապարհը։ Շուտով պատահեց այն, ինչից վախենում էինք․ աղմուկն արթնացրեց Ձեզ։ Եվ ահա՛, Մայր իմ, ամեն ինչ բարդվեց իմ վրա․ քույրը, որին դիմադրել էի, սկսեց մի ամբողջական պատմվածք հյուսել, որի առանցքային իմաստը սա էր․ «Հիսուս Մանկան Քույր Թերեզան է, որ աղմուկ հանեց։ Աստված իմ, որքա՜ն անախորժ մեկն է նա»։ Ես, որ ճիշտ հակառակն էի զգում, կամենում էի պաշտպանվել։ Բարեբախտաբար, մի լուսավոր գաղափար ծագեց մտքումս․ ինքս ինձ ասացի, որ եթե սկսեի ինքնարդարացումս, անկասկած կկորցնեի հոգուս խաղաղությունը, բայց նաև զգում էի, որ առաքինությանս չափը բավարար չէր՝ ոչ մի խոսք չասելու համար։ Հետևաբար, փրկությանս վերջին լաստանավը փախուստն էր։ Մտածելս ու գործադրելս մեկ եղավ․ հեռացա առանց թմբուկի ու շեփորի, մինչ միաբանակից քույրս շարունակում էր իր բողոքարկումը, որ նման էր Քամիլլոսի կողմից Հռոմի դեմ արձակված չարախոսություններին։ Սիրտս այնքա՜ն արագ էր բաբախում, որ չկարողացա շատ հեռու գնալ, այլ՝ նստեցի աստիճանների վրա, խաղաղության մեջ վայելելու համար հաղթանակիս արդյունքը։ Մեծարժեք քաջություն չէր, ճիշտ չէ՞, Մայր սիրելի․ սակայն կարծում եմ, թե նախընտրելի է ինքներս մեզ կռվելու վտանգի չենթարկել, երբ պարտությունն ապահով է։

 

[1] Նմանություն Հիսուս Քրիստոսի, Գ, ԽԴ 1

[2] Նմանություն Հիսուս Քրիստոսի, Գ, Ե 3

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։