Համաճարակ Կարմեղոսում – Գրադարան – Mashtoz.org

Համաճարակ Կարմեղոսում

224. Մեր սուրբ Մոր մահից մեկ ամիս անց հասարակության մեջ տարածվեց ջերմախտը[1]. միայն ես էի ոտքի վրա, երկու ա՛յլ քույրերի հետ: Երբեք չեմ կարողանա արտահայտել այն ամենն, ինչ տեսա, և թե ի՛նչ կարծիք կազմեցի երկրային կյանքի ու իր վաղանցուկ բոլոր իրողությունների շուրջ:

Ծննդյանս տասնիններորդ տարեդարձը տոնախմբվեց մահով[2], որին հաջորդեցին երկու ուրիշ մեկնումներ աշխարհից: Այդ շրջանում միայն ես էի զբաղվում եկեղեցու ավանդատան գործերով. միանձնուհին, որին օգնում էի, ծանրորեն հիվանդ էր, և ես էի պատրաստում հուղարկավորման համար հարկավոր առարկաները, բացում դասի դռները Պատարագի համար, և այլն: Մարդասերն Աստված զորության մեծագույն շնորհներ էր հաղորդում ինձ այդ օրերին, այժմ զարմանքով եմ հարցնում ինքս ինձ, թե ինչպե՛ս եմ կարողացել անվախ կերպով անել այն ամենն, ինչ արել եմ: Մահը տիրում էր ամենուր, ծանր հիվանդները խնամվում էին նրանց կողմից, ովքեր դեռ կարողանում էին մի կերպ քարշ տալ իրենց ոտքերը. հազիվ էր քույրերից մեկն իր վերջին շունչն արձակում, ստիպված էինք լինում նրան միայնակ թողնել: Մի առավոտ, արթնանալիս նախազգացումն ունեցա, որ Քույր Մագդաղինեն մահացել էր: Սրահում խավար էր, ոչ ոք դուրս չէր գալիս խուցերից, բայց վերջապես որոշեցի մտնել Քույր Մագդաղինեի սենյակ, որի դուռը բաց էր: Տեսա նրան, իրոք, հագնված ու անկողնու վրա տարածված: Չվախեցա: Տեսնելով, որ սենյակում մոմ չուներ, գնացի նրա համար մոմ գտնելու, ինչպես նաև՝ վարդերի պսակ:

Այն երեկոյան, որում մահացավ մեր Փոխմեծավորուհի Մայրը[3], մենակ էի հիվանդապահուհու հետ: Անհնարին է նկարագրել հասարակության այդ ժամանակվա թախծոտ հոգեվիճակը, միայն նրանք, որ ոտքի վրա էին, կարող են մոտավոր գաղափար կազմել դրա շուրջ: Բայց ես այդ կատարյալ լքվածության մեջ շարունակում էի զգալ, որ Աստված հսկում էր մեր վրա: Մահամերձներն առանց որևէ ճիգի էին անցնում դեպի լավագույն կյանք, մահից անմիջապես հետո նրանց դեմքերի վրա տարածվում էին ուրախության ու խաղաղության արտահայտություններ. թվում էր, թե քաղցրանուշ քնի մեջ էին: Եվ այդպես էր իրականում, որովհետև այս աշխարհի խաբուսիկ երևույթների անէացումից հետո նրանք կրկին արթնանալու են՝ վայելելու համար ընտրյալներին վերապահված հավերժական երանությունը:

 

[1] Ջերմախտի համաճարակը Կարմեղոսում սկսվեց 1891ի Դեկտեմբերի վերջերին:

[2] 1892ի Հունվարի 2ին մահացավ վանքի կարգերեց միանձնուհին:

[3] 1892ի Հունվարի 4ին։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։