Հավատքի փորձությունը – Գրադարան – Mashtoz.org

Հավատքի փորձությունը

276. Այնքա՜ն կենդանի, այնքա՜ն հստակ հավատք էի վայելում, որ Երկնքի մասին մտածումն էր կազմում իմ ամբողջ երջանկությունը, չէի կարողանում հասկանալ, թե անաստվածներն ինչպե՛ս չէին հավատում: Համարում էի, որ իրենք իրենց մտածելակերպի դեմ էին արտահայտվում, երբ մերժում էին գոյությունը Երկնքի, այն սքանչելի Երկնքի, ուր Աստված կամենում է Ինքը լինել նրանց հավիտենական վարձատրությունը: Զատկական այդ զվարթ օրերին Հիսուսը հասկացրեց ինձ, որ իսկապես գոյություն ունեն անհավատ հոգիներ, որոնք իրենց տրված շնորհը չարաչար գործածելու պատճառով կորցրել են այդ վիթխարի գանձը, ակունքը միակ մաքուր ու իրական բերկրանքի: Թույլատրեց, որ հոգիս ընկղմվի թանձր խավարի մեջ, և որ Երկնքի մասին խորհրդածությունը – ինձ այնքա՜ն քաղցր – դառնար պայքար միայն ու տառապանք: Այդ փորձությունը չէր տևելու մի քանի օր, մի քանի շաբաթ. վերջանալու է ողորմած Աստծո կողմից սահմանված ժամին միայն, իսկ այդ ժամը ... դեռ չի հասել: Կուզենայի արտահայտել այն, ինչ մտածում եմ, բայց ավա՜ղ, կարծում եմ, թե անհնարին է: Հարկավոր է այդ մթին լեռնանցքով անցած լինել՝ հասկանալու համար նրանում տիրող խավարը: Կաշխատեմ, սակայն, համեմատության միջոցով բացատրել:

 

277. Ենթադրենք, թե ծնվել եմ թանձր մառախուղով պատված մի երկրում և երբեք չեմ տեսել արևի ճառագայթներով ողողված ու կերպարանափոխված ժպտուն բնությունը։ Մանկությունիցս ի վեր, այո՛, հաճախ եմ լսել այդ հրաշալիքների մասին, գիտեմ, որ երկիրն, ուր ծնվել եմ, հայրենիքս չէ, գիտեմ, որ կա մի ա՛յլ Հայրենիք, որին պարտավոր եմ անդադար ձգտել։ Տխուր երկրի բնակիչներից մեկի կողմից հորինված հեքիաթ չէ սա, այլ՝ ապահով իրականություն, որովհետև լուսաշող Հայրենիքի Թագավորը եկավ ստվերածածկ երկրում երեսուներեք տարի ապրելու։ Ավա՜ղ, ստվերները չհասկացան, որ այդ աստվածային Թագավորը աշխարհի լույսն էր[1]: Բայց, ո՜վ Տեր, դուստրդ հասկացավ Քո աստվածային լույսը, նա ներում է հայցում իր եղբայրների համար. համաձայն է սնվել, որքան ժամանակ կկամենաս, վշտակրության հացով, և չի կամենում հեռանալ այս դառնություններով լի սեղանից, որից կերակրվում են խեղճ մեղավորները, մինչև այն օրը, որ սահմանել ես իր համար։ Բայց նա համարձակվում է նաև աղաղակել իր ու իր եղբայրների անունից․ «Ողորմի՜ր մեզ, Տե՜ր, որովհետև մենք խեղճ մեղավորներ ենք»[2]: Ո՜վ Տեր, ետ ուղարկիր մեզ արդարացած. թող որ բոլոր նրանք, ովքեր լուսավորված չեն հավատքի ջինջ ու պայծառ ջահով, վերջապես տեսնեն այն։ Հիսո՜ւս, եթե հարկավոր է, որ նրանց պղծած սեղանը մաքրվի մի հոգու կողմից, որ սիրում է Քեզ, պատրաստ եմ ես մենակ ուտել տառապանքի հացը, մինչև այն օրը, երբ կկամենաս ընդունել ինձ լուսապայծառ Արքայությանդ մեջ։ Միակ շնորհը, որ խնդրում եմ, այն է, որ չվշտացնեմ Քեզ երբեք։

 

278. Մայր սիրելի, գրությունս շատ խառնիխուռն է․ փոքրիկ պատմությունս, որ նմանվում էր առասպելի, հանկարծ աղոթքի փոխվեց։ Չգիտեմ, թե ի՛նչ հետաքրքրություն կկարողանաք գտնել՝ կարդալով այսքա՜ն շփոթ և վատ արտահայտված մտքերս։ Բայց ես չեմ գրում գրական աշխատանք կատերելու համար, այլ՝ հնազանդության։ Եթե ձանձրացնում եմ Ձեզ, գոնե կտեսնեք, որ Ձեր դուստրը տալիս է իր բարի կամքի ապացույցը։ Կշարունակեմ, հետևաբար, առանց վհատվելու, իմ փոքրիկ համեմատությունն այն կետից, ուր թողել էի այն։ Ասում էի, որ տխուր ու ստվերածածկ երկրից մի օր շա՜տ շա՜տ հեռու մեկնելու վստահությունը տրվել է ինձ մանկությունիցս ի վեր։ Ոչ միայն հավատում էի այն խոսքերին, որ լսում էի ինձնից ավելի գիտուն անձերից, այլ՝ նաև սրտիս խորքում զգում էի մի տենչ՝ դեպի լավագույն, ավելի գեղեցիկ մի աշխարհ։ Ինչպես Քրիստոփոր Կոլոմբոսի հանճարը նախազգացումն ունեցավ, որ գոյություն ուներ մի նոր աշխարհ, որի մասին մինչ այդ ոչ ոք չէր մտածում, այնպես էլ ես զգում էի, որ մի ա՛յլ երկիր ծառայելու էր ինձ որպես տևական բնակավայր։ Բայց մառախուղը, որ պատում էր ինձ, մի ակնթարթում դարձավ է՛լ ավելի թանձրամած, ներթափանցեց մինչև հոգուս խորքերը և այն այնպես քողարկեց, որ նրանում չեմ կարողանում այլևս վերագտնել Հայրենիքիս այնքա՜ն քաղցր պատկերը․ ամեն ինչ անհետացավ։ Երբ սիրտս պատող այդ մթնշաղից հոգնած, կամենում եմ հանգստացնել այն, վերհիշելով բաղձանքիս առարկան հանդիսացող լուսապայծառ Արքայությունը, տառապանքս կրկնապատկվում է։ Թվում է ինձ, թե խավարը, ներկայացնելով մեղավորների ձայնը, ծաղրելով ասում է ինձ. «Երազում ես լո՜ւյս, ամենաախորժելի բուրմունքների հայրենի՜ք, երազում ես հավիտենականության մեջ վայելել այս բոլոր սքանչելիքների Արարչի՜ն, կարծում ես, թե մի օր դուրս ես գալու քեզ շրջապատող խավարից: Առա՜ջ ... , առա՜ջ ... ։ Ուրախացի՛ր մահվամբդ, որ տալու է քեզ ո՛չ թե այն, ինչ փափագում ես, այլ՝ մի գիշեր է՛լ ավելի խավար, գիշերն անգոյության»:

Մայր իմ շատ սիրելի, հոգիս մթագնող ստվերների պատկերը, որ կամեցա տալ, այնքան թերի է, որքան գծագրությունը շինության համեմատ: Բայց այլևս չեմ ուզում շարունակել, վախենում եմ անարգել աստվածայինը ... , վախենում եմ, թե արդեն իսկ շատ ասացի ... :

 

279. Թող որ Հիսուսը ների ինձ, եթե տհաճություն պատճառեցի Իրեն, բայց Նա լավ գիտի, որ հավատքի վայելքը չունենանալով հանդերձ, ջանք եմ գործադրում կատարելու նրա գործերը: Կարծում եմ, թե այս մի տարվա ընթացքում հավատքի ավելի շատ ներգործություններ կատարեցի, քան մնացած ողջ կյանքիս օրերում: Պայքարի յուրաքանչյուր նոր առիթի դեպքում, երբ թշնամին գրգռում է ինձ, օգտագործում եմ ամենաարժեքավոր միջոցը. իմանալով, որ վատասրտությունը կայանում է հենց մենամարտի նետվելու մեջ, թիկունք եմ դարձնում հակառակորդին, չարժանացնելով նրան հայացքիս անգամ: Իսկույն վազում եմ իմ Հիսուսի մոտ, ասում եմ Նրան, որ պատրաստ եմ արյունս հեղել մինչև վերջին կաթիլը՝ վկայելու համար, որ գոյություն ունի Երկինքը: Ասում եմ Նրան, որ երջանիկ եմ այստեղ երկրի վրա այդ գեղեցիկ Երկինքը չվայելելուս համար, որպեսզի բացվեն նրա դռները, հավիտյա՛ն, խեղճ անհավատների առաջ: Այսպիսով, չնայած այս փորձությանը, որ խլում է ինձնից հանգիստս, կարող եմ ասել. «Տե՜ր, Դու ինձ բերկրանքով ես լցնում, այն բոլոր գործերովդ, որ կատարում ես»[3]: Որովհետև արդյոք գոյություն ունի՞ ավելի մեծ ուրախություն, քան տառապելը Քո սիրո համար: Որքան տառապանքը ներքին է ու արարածների աչքերին անտեսանելի, այնքան ավելի հաճելի է Քեզ, Աստված իմ: Բայց եթե Դու էլ – անհնարին բան – տեղյակ չլինեիր իմ տառապանքին, դարձյալ երջանիկ կլինեի այն կրելուս համար, եթե նրա միջոցով կարողանայի արգելել կամ քավել հավատքի դեմ գործված նույնիսկ մեկ հանցանք:

 

280. Մայր սիրելի, Ձեզ թերևս թվում է, թե ուռճացնում եմ փորձությունս: Իրոք, եթե դատեք ըստ այն զգացումների, որ արտահայտել եմ այս մեկ տարվա ընթացքում գրածս բանաստեղծություններում, կթվամ մխիթարությամբ լիացած հոգի, որի համար հավատքի քողը գրեթե պատռված է: Եվ սակայն ... : Իմ համար այն այլևս քող չէ, պարիսպ է, որ բարձրանում է մինչև երկինք ու ծածկում աստղազարդ երկինքը: Երբ գովերգում եմ Երկնքի երանությունը, Աստծո հետ հավիտենական միությունը, չեմ զգում ո՛չ մի ուրախություն, որովհետև երգում եմ պարզապես այն, ինչին ուզում եմ հավատալ: Երբեմն, ճիշտ է, մի փոքրիկ ճառագայթ իջնում է լուսավորելու հոգուս գիշերը, այդպիսի պահերին փորձությունը մի պահ ընդհատվում է ... , բայց անմիջապես հետո այդ ճառագայթի հիշատակն իսկ, ինձ ուրախացնելու փոխարեն, դե՛ռ ավելի խիտ է դարձնում խավարը:

Մայր իմ, երբեք ավելի լավ չեմ զգացել, քան այժմ, թե Աստված որքա՜ն բարեգութ է ու ողորմած: Այս փորձությունն ուղարկեց ինձ միայն այն ժամանակ, երբ այն կրելու ուժն ունեի արդեն: Այո՛, եթե ենթարկվեի սրան ավելի շուտ, կխորասուզվեի վհատության մեջ: Մինչ այժմ, այն անհետ վերացնում է բավարարվածության բոլոր բնական զգացումները, որ կարողանում էին խցկվել Երկինք մեկնելու բաղձանքիս մեջ: Այժմ ինձ թվում է, թե ոչինչ չի արգելում ինձ թռչել, որովհետև այլևս չունեմ մեծամեծ փափագներ, եթե ո՛չ միայն այն, որ սիրեմ՝ սիրուց մեռնելու աստիճան:

 

[1] Հմմտ. Հվհ 1, 4-5.9

[2] Հմմտ․ Ղկս 18, 13

[3] Սղմ 91, 5

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։