Հարկավոր է գործերով փաստել Սերը – Գրադարան – Mashtoz.org

Հարկավոր է գործերով փաստել Սերը

294. Ավա՜ղ, երբ մտովին վերադառնում եմ նորընծայությանս շրջան, տեսնում եմ, թե որքա՜ն անկատար էի։ Վշտանում էի այնքա՜ն չնչին բաների համար, որոնք այժմ ինձ ծիծաղ են միայն պատճառում։ Ա՜հ, որքա՜ն բարի է Աստված, որ հասունություն շնորհեց հոգուս և տվեց  նրան թևեր։ Որսորդների վարմերն ու որոգայթները չեն կարող այլևս սարսափեցնել ինձ, որովհետև «ի զուր է թևավորների դեմ ցանցեր նետելը»[1]: Ավելի ուշ, անկասկած, ներկա վիճակս կթվա ինձ թերություններով լի, բայց այլևս չեմ զարմանում ոչնչի համար, չեմ վշտանում տեսնելով, որ ինքնին մարմնավորված տկարությունն եմ։ Ընդհակառակը՝ անուժությունս է պարծանքս[2], և ես սպասում եմ ինձնում օրեցօր նորանոր անկատարություններ բացահայտելուն։

 

295. Հիշելով, որ «սերը ծածկում է մեղքերի բազմությունը»[3], դիմում եմ այս բարեբեր հանքին, որ Հիսուսը բացել է իմ առաջ։ Ավետարանում մեր Տերը բացատրում է, թե ինչում է կայանում Իր «նոր պատվիրանը»։ Ասում է․ «Լսել եք արդարև, թե ի՛նչ ասվեց նախնիներին․ “Պիտի սիրես քո ընկերոջը և պիտի ատես քո թշնամուն”։ Իսկ ես ասում եմ ձեզ․ Սիրեցե՛ք ձեր թշնամիներին և աղոթեցե՛ք նրանց համար, ովքեր չարչարում են ձեզ ու հալածում»[4]: Կարմեղոսում թշնամիներ անշուշտ չունենք, բայց զգացվում է համակրանքների ներկայությունը: Մեզ ավելի մղված ենք զգում դեպի ա՛յս անձը, փոխանակ մյուսի, որին հանդիպելուց խուսափելու համար փոխում ենք մեր ճանապարհը: Այդպիսով, ակամա, անգիտակից կերպով, վերջինս դառնում է հալածանքի առարկա: Մինչդեռ Հիսուսն ինձ ասում է, որ պետք է սիրեմ այդ միաբանակցին, աղոթեմ իր համար, նույնիսկ երբ իր վարվելակերպից ինձ թվում է, թե նա ինձ չի գնահատում: «Եթե ձեզ սիրողներին միայն սիրեք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետև մեղավորներն էլ են սիրում իրենց սիրողներին»[5]:

 

296. Բայց բավական չէ լոկ սիրելը, հարկավոր է փաստել, գործի վերածել սերը: Բնականաբար, մեր համար մեծ ուրախություն է մեր մտերիմներին նվերներ տալը, հատկապես հաճելի է անակնկալներ մատուցելը. սա, սակայն, բուն սերը չէ, որովհետև այս նույն սովորությունը ունեն նաև մեղավորները: Ահա՛ թե ի՛նչ է դեռ ուսուցանում ինձ Հիսուսը. «Ամեն մարդու, որ քեզնից խնդրում է, տո՛ւր, և ի՛նչ էլ մեկը քեզնից խնդրի, ետ մի՛ պահանջիր»[6]: Բոլոր խնդրողներին գոհացնելը նվազ քաղցր է, քան սրտի ազդակներից մղված՝ ինքնաբերաբար նվիրելը: Նաև, երբ խնդրում են մեծ քաղաքավարությամբ, դժվար չէ տալը, բայց եթե դժբախտաբար չեն գործածում փափկանկատ խոսքեր, հոգիդ իսկույն ապստամբում է, եթե հիմնված չէ սիրո վրա: Գտնում է հազար ու մի պատճառներ՝ մերժելու համար, և խնդրողի անփափկանկատությունը նրա երեսին շրմփացնելուց հետո է միայն, որ որպես ողորմություն տալիս է այն, ինչ նա խնդրում էր: Եվ կամ մի թեթև ծառայություն է մատուցում, որը կատարելու համար քսան անգամ նվազ ժամանակ էր պահանջվում, քան իր երևակայական իրավունքների պաշտպանման համար: Բայց եթե դժվար է տալ ամեն մարդու, որ խնդրում է, առավել դժվար է թողնելը, որ վերցնեն մեզ պատկանող իրերը, առանց պարտադրելու, որ դրանք ետ վերադարձվեն մեզ: Մայր իմ, ասում եմ, թե դժվար է, բայց պետք է ասեի, որ թվում է դժվար, որովհետև Տիրոջ բեռը քաղցր է ու թեթև[7]: Երբ այն հանձն ենք առնում սիրով, իսկույն զգում ենք նրա քաղցրությունը և բացականչում ենք Սաղմոսերգուի հետ. «Սիրտս ընդարձակելուցդ հետո սրընթաց արշավում եմ պատվիրաններիդ ճանապարհով»[8]: Միայն սերն է կարողանում ընդարձակել իմ սիրտը: Ա՜հ, Հիսո՜ւս, այն օրից ի վեր, ինչ այս քաղցրիկ բոցը սպառում է ինձ, մեծ ուրախությամբ եմ ընթանում նոր պատվիրանիդ ճանապարհով: Ուզում եմ ընթանալ նրանով մինչև այն երջանիկ օրը, երբ արքայական շքախմբիդ միանալով՝ կկարողանամ հետևել Քեզ անսահմանափակ տարածքներում, երգելով Քո նոր երգը[9], այն է՝ երգը Սիրո:

 

297. Ասում էի՝ Հիսուսը չի կամենում, որ պահանջեմ այն, ինչ պատկանում է ինձ: Սա պետք է հեշտ ու բնական թվա, քանի որ անձամբ ես ոչինչ չունեմ: Աշխարհի բարիքներից հրաժարվեցի աղքատության ուխտով, հետևաբար՝ իրավունք չունեմ դժգոհելու, երբ զրկվում եմ այն իրերից, որոնք տրամադրված են ինձ առ ի գործածություն. ավելին՝ պետք է ուրախանամ, երբ զգում եմ աղքատությունը: Մի ժամանակ թվում էր ինձ, թե կապված չէի ոչնչի, բայց երբ հասկացա Հիսուսի խոսքերը, տեսա, թե գործնականում որքա՜ն թերի էի: Օրինակ, նկարչական գործիքներից ոչ մեկն իմը չէ, դա լավ գիտեմ. բայց եթե հանկարծ գործի անցնելիս գտնում եմ վրձիններն ու գունաներկերը ամբողջովին տակնուվրա արված, եթե անկյունագիծներից կամ փոքր դանակներից մեկն անհետացած է լինում, համբերությունս քիչ է մնում լքի ինձ, և ստիպված եմ լինում բոլոր ուժերովս զսպել ինձ՝ որոշ դառնությամբ ետ չպահանջելու համար ինձ հարկավոր իրերը։ Երբեմն, այո՛, պետք է խնդրենք մեզ հարկավոր իրերը, բայց դա խոնարհությամբ անելով՝ չենք թերանում Հիսուսի պատվիրանի գործադրման մեջ, ավելին՝ վարվում ենք ինչպես իրական աղքատներ, որոնք մեկնում են իրենց ձեռքի ափը՝ ստանալու համար այն, ինչ իրենց հարկավոր է. իսկ եթե մերժվում են, չեն զարմանում, որովհետև ոչ ոք իրենց ոչինչ պարտավոր չէ: Ա՜հ, ինչպիսի՜ խաղաղությամբ է ողողվում հոգին, երբ բարձրանում է գերիվեր, քան բնական զգացումները: Չկա ուրախություն, որն հնարավոր լինի համեմատել այն խնդության հետ, որ ճաշակում է հոգով իրական աղքատը: Եթե անջատված հոգու ազատությամբ խնդրում է որևիցե մի բան, և ո՛չ միայն խնդրանքն են մերժում, այլ՝ նաև փորձում են տիրել ունեցածին, նա հետևում է Հիսուսի խորհրդին. «Եթե մեկը կամենա քեզ բռնադատել ու քո շապիկն առնել, նրան բաճկոնդ էլ թող» [10]:

 

298. Ինձ այնպես է թվում, թե բաճկոնը թողնելը մեր վերջին իրավունքներից հրաժարվելն է, համարվելով բոլորի ծառան: Երբ մի կողմ է նետվում բաճկոնը, ավելի հեշտ է դառնում քայլքը, ընթացքը: Այս իսկ պատճառով Հիսուսն ավելացնում է. «Եվ եթե հարկադրի քեզ իր հետ մի մղոն ճանապարհ անցնել, դու երկու մղոն գնա»[11]: Այսպես, բավական չէ խնդրողներին որևիցէ առարկա տալը, կարևոր է խնդրանքներին, կարիքներին ընդառաջ ելնելը, ծառայություն մատուցելու, օգտակար լինելու համար ուրախ և գոհունակ հոգեվիճակը, և եթե վերցնում են ինձ պիտանի իրերը, չպետք է ողբամ կամ արտասվեմ, այլ՝ ընդհակառակը, ցույց տամ դրանցից ձերբազատվելու երջանկությունս: Մայր սիրելի, բավական հեռու եմ գործադրելուց այն, ինչ ըմբռնում եմ, և սակայն՝ սիրո այդ աստիճանին հասնելու լոկ փափագն անգամ անձս խաղաղությամբ է լիացնում:

 

299. Զգում եմ ավելի, քան ուրիշ անգամներ, որ շատ վատ եմ բացատրում մտքերս: Մի տեսակ ճառ խոսեցի սիրո վերաբերյալ և ընթերցելիս այն թերևս հոգնեցրեց Ձեզ: Ներող եղեք, Մայր իմ, և մտածեցեք, որ հիվանդապահուհիներն այս պահին գործադրում են իմ հանդեպ այն, ինչը որ ես գրում եմ. չեն վարանում երկու հազար քայլ կատարել այնտեղ, ուր բավական են նաև քսանը: Հնարավորությունն ունեցա, հետևաբար, ականատես լինելու գործով փաստված սիրույն: Անկասկած, հոգիս զգում է իրեն դրանով օծված, բայց ինչ վերաբերվում է բանականությանս, խոստովանում եմ, որ այն մի քիչ անդամալուծված է նմանօրինակ անձնանվիրմանն ի տես, և գրիչս նույնպես կորցրել է իր թեթևությունը: Որպեսզի կարողանամ շարադրել մտքերս, հարկավոր է, որ լինեմ միայնակ ճնճղուկի նման[12], իսկ դա պատահում է ինձ շատ հազվադեպ: Հազիվ եմ գրիչը ձեռքս վերցնում, ահա՛ հայտնվում է մի բարի քույր, որ եռաժանին ուսին անցնում է մոտակայքովս: Կարծում է հանգստացնել ինձ մտքերիցս՝ մի քանի փոքրիկ շատախոսություն կազմակերպելով. հավաքելիք հարդը, բադերը, հավերը, բժշկի այցելությունը. ամեն բան սեղանի վրա է նետվում: Ճիշտն ասած՝ շատ երկար չի տևում, բայց բարի տրամադրված քույրերը վանքում մեկից ավելի են և ահա՛ մի ակնթարթ անց՝ խոտի հավաքումը ստանձնած քույրերից մեկը ծնկներիս է դնում ծաղիկների մի փունջ, այդպիսով համարելով, թերևս, ներշնչել ինձ բանաստեղծական մտքեր: Ես, որ այս պահին դրանց կարիքը չունեմ, կնախընտրեի, որ այդ ծաղիկները շարունակեին օրորվել իրենց ցողունների վրա: Վերջիվերջո, այս հռչակավոր տետրը բացել փակելուց հոգնած, բացում եմ մի գիրք (որը նույնպես չի կամենում երկար ժամանակ բաց մնալ) և վճռականորեն ասում, որ տողեր եմ արտագրում Սաղմոսներից ու Ավետարանից՝ մեր Մոր տոնի համար[13]: Սա կատարյալ ճշմարտություն է, որովհետև մեջբերումների խնայողություն չեմ անում:

 

300. Մայր իմ, բավական զվարճացրեցի Ձեզ, կարծում եմ, պատմելով Կարմեղոսի պուրակում պատահած բոլոր արկածներս. չգիտեմ, թե կարողացա՞ արդյոք տասը տող գրել առանց խանգարվելու: Այս հանգամանքը չպետք է ժպիտ պատճառեր ինձ, և ո՛չ էլ զվարճացներ, բայց ի սեր Աստծո և իմ քույրերի (որոնք այսքա՜ն սիրալի են իմ հանդեպ), աշխատում եմ գոհունակ դիմագծեր ունենալ, և հատկապես՝ լինել այդպիսին: Ահա՛ հեռանում է ինձնից հարդի հավաքմամբ զբաղվող քույրերից մեկը, ցավակցող ձայներանգով այս խոսքերն ասելուց հետո. «Խե՜ղճ փոքրիկ քույրիկ, բավական հոգնում ես ամբողջ օրը գրելով»: «Հանգիստ եղիր», պատասխանեցի, «թվում է, թե շատ եմ գրում, մինչ իրականում չեմ գրում գրեթե ոչինչ»: «Ավելի լավ», շարունակեց ինքնավստահ շեշտով, «բայց ոչինչ, ես գոհ եմ, որ խոտ չորացնելով ենք զբաղված և այստեղ ենք. կարող եմ մի քիչ ցրում պարգևել քեզ»: Եվ իրոք, սա իմ համար մի այնքա՜ն մեծ ցրվածություն է (չհաշված հիվանդապահուհի քույրերի այցելությունները), որ չեմ ստում ասելով՝ «չեմ գրում գրեթե ոչինչ»:

Բարեբախտաբար, հեշտորեն չեմ վհատվում. սա Ձեզ ցույց տալու համար, Մայր իմ, կվերջացնեմ բացատրելով Ձեզ այն, ինչը որ Հիսուսը հասկացրեց ինձ սիրո վերաբերյալ: Մինչ այժմ խոսեցի միայն արտաքին տեսանկյունից դիտված. այժմ կուզենայի հայտնել Ձեզ, թե ինչպե՛ս եմ ես հասկանում զուտ հոգևոր սերը: Վստահ եմ, որ չեմ ուշանա մեկը մյուսին խառնելու գործում, բայց, Մայր իմ, քանի որ գրում եմ Ձեզ, ապահով եմ, որ Ձեր համար դժվար չի լինի ըմբռնել միտքս և քանդել Ձեր դստեր խճճած կծիկը:

 

301. Միշտ չէ, որ Կարմեղոսում հնարավոր է գործադրել Ավետարանը տառացի կերպով. երբեմն, պարտականությունների բերումով, ստիպված ենք լինում մերժել մի խնդրանք կամ ծառայություն: Բայց երբ սերը խորը արմատներ է նետում հոգու մեջ, տեսանելի է դառնում նաև դրսից: Կա մերժելու մի այնքա՜ն ազնիվ կերպ, որ մերժումը նույնքան հաճելի է ստացվում, որքան մատուցվելիք ծառայությունը: Այո՛, ճիշտ է, ավելի մեծ համարձակությամբ ենք օգնություն խնդրում այն միաբանակիցներից, որոնք միշտ տրամադիր են կատարելու, և սակայն Հիսուսն ասում է. «Ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից»[14]: Այսպիսով, ստիպված մերժելու պատճառաբանությամբ չպետք է հեռանանք այն միաբանակիցներից, որոնք ծառայություններ խնդրելու տևական սովորությունն ունեն: Բայց նաև չպետք է ծառայական լինենք առաքինի երևալու նպատակով, կամ հուսալով, թե մի ուրիշ անգամ այն անձը, որի հանդեպ ազնիվ գտնվեցինք, կփոխհատուցի մեզ, որովհետև մեր Տերն ասում է. «Եթե փոխ եք տալիս միայն նրանց, որոնցից ետ ստանալու ակնկալությունն ունեք, ո՞րն է ձեր արած շնորհը, քանի որ մեղավորներն էլ են փոխ տալիս մեղավորներին, որպեսզի նույն չափով ետ ստանան: Բայց ինչ վերաբերվում է ձեզ, բարեգործեցե՛ք, փոխ տվե՛ք նրանց, որոնցից ետ ստանալու ակնկալությունը չունեք: Եվ ձեր վարձը մեծ կլինի»[15]: Այո՛, վարձը մեծ է նաև երկրի վրա: Այս ճանապարհում միայն առաջին քայլերն են ծանր նստում մեր ուսերին: Առանց փոխհատուցում հուսալու փոխ տալը բավական կոշտ է թվում բնությանը, կնախընտրեինք նվիրել, որովհետև նվիրված առարկան մեզ այլևս չի պատկանում: Երբ գալիս են համոզված արտահայտությամբ ձեզ ասելու. «Մի քանի ժամով օգնությանդ կարիքն ունեմ, բայց մի՛ մտահոգվիր, թույլտվություն եմ ստացել մեր Մորից և կվերադարձնեմ քեզ այն ժամանակը, որ տրամադրում ես ինձ, որովհետև գիտեմ, թե որքա՜ն զբաղված ես», իրոք, երբ շատ լավ գիտենք, որ փոխ տրված այդ ժամանակը երբեք չի վերադարձվելու մեզ, կնախընտրեինք ասել. «Ես այն քեզ նվիրում եմ»: Սա գոհացում կպատճառեր մեր անձնասիրությանը, որովհետև նվիրելն ավելի վեհ արարք է, քան փոխ տալը. ինչպես նաև՝ այդպիսով զգացրած կլինեինք խնդրարկուին, որ մեր համար այնքան էլ արժեքավոր չեն փոխադարձ ծառայությունները: Ա՜հ, Հիսուսի ուսուցումները որքա՜ն հակընթաց են բնական զգացումներին: Առանց Իր շնորհի օգնության, ո՛չ միայն անհնարին կլիներ դրանց գործադրումը, այլ՝ նաև ըմբռնումն իսկ:

 

[1] Առկ 1, 17

[2] Հմմտ․ 2Կր 12, 5

[3] Առկ 10, 12

[4] Մտթ 5, 43-44

[5] Ղկս 6, 32

[6] Ղկս 6, 30

[7] Մտթ 11, 30

[8] Սղմ 118, 32

[9] Հմմտ. Հյտ 14, 3

[10] Մտթ 5, 40

[11] Մտթ 5, 41

[12] Հմմտ. Սղմ 102, 7

[13] Մայր Մարիամ Գոնձակայի անվան տոնը միաբանակիցները նշում էին Հունիսի 21ին, Սբ. Ալոզիոս Գոնձակայի տոնի օրը:

[14] Մտթ, 42

[15] Հմմտ. Ղկս 6, 34-35

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։