Հիսուսի հետ առաջին հանդիպումը Ամենասուրբ Հաղորդության միջոցով – Դրոշմը – Գրադարան – Mashtoz.org

Հիսուսի հետ առաջին հանդիպումը Ամենասուրբ Հաղորդության միջոցով – Դրոշմը

101. Գուցե Հիսուսն ինձ տալիք Իր առաջին այցելությունից առաջ կամենում էր ծանոթացնել ինձ աշխարհին, որպեսզի լիակատար ազատությամբ կարողանայի ընտրել այն ճանապարհը, որով քայլելու էի Իր հետ: Առաջին Հաղորդությանս օրը սրտիս մեջ տպավորվել է որպես անամպ հիշատակ, թվում է ինձ, որ ավելի լավ տրամադրված չէի կարող լինել, և հոգուս վշտակրությունը նույնպես գրեթե մի տարով հեռացվեց ինձնից: Հիսուսը կամենում էր սնուցել ինձ մի այնպիսի կատարյալ ուրախությամբ, որից ավելին այլևս անհնարին լիներ գտնել արցունքների այս հովտում:

 

102. Հիշո՞ւմ եք, Մայր իմ, այն սքանչելի ձեռագիր գրքույկը, որ տվեցիք ինձ Առաջին Հաղորդությունիցս երեք ամիս առաջ[1]: Ճիշտ այդ էջերն էին, որ օգնեցին ինձ պատրաստելու սիրտս նպատակահարմար ու արագ կերպով, որովհետև, թեև արդեն վաղուց ի վեր պատրաստվում էի այդ իրադարձությանը, հարկավոր էր այնուամենայնիվ մի նոր սլացք հաղորդել նրան, նոր ծաղիկներով զարդարել այն, որպեսզի այնտեղ Հիսուսը հաճույքով հանգստանար: Ամեն օր մեծաթիվ հոգևոր հրահանգներ էի գործադրում, որոնք նույնքան ծաղիկներ էին կազմում, և դե՛ռ ավելի բազմաթիվ «սիրո հառաչանքներ»[2] էի կատարում, որոնք Դուք գրել էիք իմ փոքրիկ գրքույկիս մեջ ամեն օրվա համար և որոնք էլ հենց կազմում էին իմ ծաղիկների բողբոջները:

Ամեն շաբաթ Ձեզնից մի գեղեցիկ նամակ էի ստանում, որը հոգիս խորը մտածումներով էր լցնում և օգնում էր գործադրելու առաքինությունները. մխիթարություններ էին դրանք Ձեր փոքրիկ դստեր սրտին, որի համար իրոք մեծ զոհողություն էր ընդունելը, որ Առաջին Հաղորդությանը չպետք է պատրաստվեր ամեն երեկո Ձեր ծնկներին նստած, Մայր իմ, ինչպես պատրաստվել էր Սելինը:

 

103. Սակայն կար Մարիան, որն իմ համար փոխարինում էր Փոլինին: Նստում էի նրա մոտ ու ծարավով լսում իր խոսքերը, թվում էր, թե նրա սիրտը, որն այնքա՜ն մեծ էր ու այնքա՜ն վեհանձն, բաբախում էր այլևս իմ կրծքում: Ինչպես քաջարի ռազմիկներն են ուսուցանում իրենց որդիներին զենքերի արվեստը, այնպես էլ Մարիան պատմում էր ինձ կյանքի ճակամարտների մասին, և այն դափնեպսակի, որ վերապահված է հաղթականներին միայն: Խոսում էր նաև հավիտենական հարստությունների մասին, որոնք շատ հեշտությամբ կարելի է ձեռքբերել ամեն օր. ինչպես նաև հիշեցնում էր դրանք ոտնակոխ անելու դժբախտությունը, որը դրանց կողքով անտարբերությամբ անցնելը և հավաքելու համար ձեռք չերկարելն է:

Եվ որքա՜ն պերճախոս էր սիրելի Կնքամայրս: Մեծագույն փափագս էր, որ ո՛չ թե միայն ես, այլ՝ ուրիշները նույնպես կարողանային լսել իր խոսքերը. ինձ այնքա՜ն հուզված էի զգում, որ կարծում էի միամտաբար, թե մեծ մեղավորներն անգամ, եթե լսեին իր խոսքերը, կհուզվեին ինչպես ես, դարձի կգային և թողնելով իրենց վաղանցուկ հարստությունները, կսկսեին փնտրել հավիտենական գանձերը:

 

104. Այն ժամանակ դեռ ոչ ոք չէր սովորեցրել ինձ մտածական աղոթքի կատարման եղանակը[3], և սակայն ես շատ էի փափագում իմանալ այն: Միայն թե Մարիան արդեն իսկ բավական բարեպաշտ էր համարում ինձ և ամենօրյա սովորական աղոթքների կատարումն էր միայն թույլատրում: Մի օր վարժարանի ուսուցչուհիներիցս մեկը հարցրեց, թե արձակուրդի օրերին ինչո՞վ էի զբաղվում տանը: Պատասխանեցի, որ կծկվում էի անկողնուս մի անկյունում և այն վարագույրով փակում. այնտեղ «մտածում էի»: «Բայց ինչի՞ մասին ես մտածում», կրկին հարցրեց նա: «Մտածում եմ Աստծո մասին, կյանքի, ... հավիտենականության մասին. մի խոսքով, մտածում եմ»: Այդ դեպքը տպավորվեց բարի միանձնուհու հիշողության մեջ և, ավելի ուշ, հիշեցնում էր ինձ ու հարցնում. «Դեռ մտածո՞ւմ ես»: Այժմ եմ միայն հասկանում, որ իրական մտածական աղոթքն էի կատարում, առանց տեղյակ լինելու սակայն, և որ մարդասերն Աստված ուսուցանում էր ինձ թաքուն եղանակով:

 

105. Պատրաստությանս առաջին երեք ամիսները շատ արագ անցան, եկան հոգևոր կրթության վերջին օրերը, որոնց ընթացքում հարկավոր էր վարժարանում գիշերել[4]: Չեմ կարող խոսքերով արտահայտել այն քաղցր հիշատակը, որ հոգուս խորքում թողեց այդ հոգևոր կրթությունը. իրոք, եթե շատ տառապեցի վարժարանում, ապա միևնույն ժամանակ առատորեն վարձատրվեցի այդ սակավաթիվ օրերի[5] աննկարագրելի երջանկությամբ: Օրեր Հիսուսի սպասման: Չեմ կարծում, որ հնարավոր է ճաշակել այդ ուրախությունը վանական տներից դուրս: Քանի որ պատրաստվողները թվով քիչ էին, միանձնուհիների համար հեշտ էր յուրաքանչյուրի հետ առանձին զբաղվելը, և իրոք, մեր ուսուցչուհիները խնամում էին մեզ մայրական քնքշանքով: Չգիտեմ ինչո՛ւ, բայց նկատում էի, որ ավելի իմ վրա էին հսկում, քան ուրիշների. ամեն երեկո Առաջին Ուսուցչուհին իր փոքրիկ կանթեղով գալիս էր անկողնուս մոտ և մի գողտրիկ համբույր դրոշմում ճակատիս: Մի երեկո, հուզված իր բարությունից, ասացի, որ կամենում էի իրեն վստահել մի գաղտնիք. ապա բարձիս տակից խորհրդավոր կերպով դուրս հանեցի իմ անգին գրքույկը և ուրախությունից փայլող աչքերով ցույց տվեցի իրեն: Ուշադրությամբ թերթեց և լուռ հայացքով հասկացրեց, թե որքա՜ն առանձնաշնորհյալ էի: Առավոտյան շատ հաճելի էր տեսնելը, թե ինչպե՛ս էին բոլոր աշակերտուհիները, հազիվ արթնացած, անկողիններից դուրս ցատկում. ես նույնպես հետևում էի իրենց օրինակին, բայց վարժված չէի մենակ հագնվելու և չէի կարողանում ինձ կարգուկանոնի բերել: Մարիան այնտեղ չէր՝ վարսերս հարդարելու համար, և ստիպված էի, վախվորած դեմքով, սանրս հանդերձասրահի պատասխանատու միանձնուհուն ներկայացնել, որը ծիծաղից թուլանում էր՝ տեսնելով տասնմեկ տարեկան մի աղջնակ, որն ի վիճակի չէ հագնվելու առանց ուրիշի օգնության: Այո՛, սանրում էր, բայց ո՛չ Մարիայի քնքշությամբ, և ես էլ իմ հերթին չէի համարձակվում ճչալ, ինչը պատահում էր ամեն օր Կնքամորս քնքուշ ձեռքի տակ: Այս կրթությանս ընթացքում փորձով համոզվեցի, որ մանուկ էի այնքա՜ն խնամված, որքան շատ քչերն այս աշխարհում, հատկապես նրանց թվում, որոնք զուրկ են մայրական խնամքներից: Ամեն օր Մարիան ու Լեոնիան Հայրիկի հետ գալիս էին ինձ այցելելու, այնպես՝ որ երբեք չզգացի ընտանիքից հեռու գտնվելուս փաստը և ո՛չ մի ամպ չմթագնեց հոգևոր կրթությանս ջինջ երկինքը:

 

106. Մեծագույն ուշադրությամբ էի ունկնդրում Տեր Դոմենի[6] ուսուցումները և տետրիս մեջ համառոտագրում էի դրանք[7]. իսկ ինչ վերաբերվում է իմ մտքերին, չկամեցա գրի առնել, մտածելով, որ դրանք երբեք չէի մոռանա: Դա ամբողջովին իրականություն դարձավ:

Ինչպիսի՜ ուրախությամբ էի մասնակցում բոլոր ժամերգություններին, ուխտյալ միանձնուհիների հետ միասին: Ընկերուհիներիցս տարբերվում էի մի մեծ խաչով, որ նվեր էի ստացել Լեոնիայից և կրում էի գոտուս վրա, ինչպես առաքված քարոզիչները: Այդ խաչը հիացում էր պատճառում բարի միանձնուհիներին, որոնք համոզված էին, որ դա անում էի կարմեղական քրոջս նմանվելու համար: Եվ իրոք, ամբողջ սիրտս ու միտքս նրա հետ էին: Գիտեի, որ նա նույնպես հոգևոր կրթության մեջ էր, բայց ո՛չ որպեսզի Հիսուսն իրեն նվիրվեր, այլ՝ որպեսզի ինքն ամբողջովին նվիրվեր Հիսուսին, և այն էլ՝ ճիշտ Առաջին Հաղորդությանս օրը[8]: Այդ էր պատճառը, որի համար սպասմանս ընթացքում կրած միայնությունս կրկնակի քաղցր էր ինձ:

 

107. Հիշում եմ, թե ինչպե՛ս մի առավոտ ինձ բուժսենյակ ուղարկեցին, որովհետև շատ էի հազում (այն օրվանից, ինչ հիվանդացել էի, ուսուցչուհիներս մեծ ուշադրություն էին դարձնում վրաս, թեթև գլխացավի համար ուղարկում էին մաքուր օդի կամ բուժսենյակում հանգստանալու, և նույնը, եթե սովորականից մի քիչ ավելի գունատ էի լինում): Ներս մտավ Սելինը, որ թույլտվություն էր ստացել ինձ տեսնելու, և տվեց այն նկարը, որն այնքա՜ն հաճելի էր ինձ. «Աստվածային Բանտարկյալի Ծաղիկը»: Իմ համար մեծ ուրախություն էր Սելինի ձեռքից այդ հիշատակի ստացումը: Քանի՜ քանի՜ սիրավառ մտածումներ ունեցա այդ պատկերի շնորհիվ:

 

108. Մեծ օրվա նախօրյակին արձակում ստացա երկրորդ անգամ. ընդհանուր խոստովանանքը համատարած խաղաղություն հաստատեց հոգուս մեջ և մարդասերն Աստված թույլ չտվեց, որ որևէ հողմ խռովեր այն: Նամակ էի գրել Հայր Փիշոնին և հանձնել էի ինձ իր աղոթքներին, ասելով, որ շուտով ես նույնպես դառնալու էի կարմեղական և այնժամ նա էր լինելու իմ հոգևոր առաջնորդը (սա իրականացավ չորս տարի հետո. նա էր, որին առաջին անգամ հայտնեցի հոգուս գաղտնիքները, երբ արդեն Կարմեղոսում էի): Մարիան բերեց նրա պատասխան նամակը. իրոք, շատ երջանիկ էի: Բոլոր ուրախություններն այդ շրջանում միասին էին տեղում վրաս: Իր նամակի մեջ ինձ ամենահաճելի հատվածը սա էր. «Վաղը խորան եմ բարձրանալու քո և Փոլինիդ համար»: Մայիսի 8ին Փոլինն ու Թերեզան իրար միացան ինչպես երբեք, քանի որ Հիսուսը ողողեց նրանց Իր սահման չճանաչող շնորհներով:

 

109. Եվ վերջապես հասավ կյանքիս բոլոր օրերի մեջ ամենագեղեցիկը: Ինչպիսի՜ անմոռանալի հուշեր թողեցին հոգուս խորքում այդ երկնային օրվա ամենափոքրիկ մանրամասներն անգամ: Ուրախ զարթոնքը արշալույսին, հարգալի և միևնույն ժամանակ մտերիմ համբույրները ուսուցչուհիների ու մեծահասակ աշակերտուհիների: Հանդերձասրահը լի էր ձյան փաթիլների նմանվող սպիտակ զգեստներով, որոնցով զգեստավորվում էին այդ հանդիսավոր օրվա փոքրիկ հերոսուհիները: Հատկապես մեր մուտքը մատուռ և առավոտյան այնքա՜ն գեղեցիկ օրհներգը. «Ո՜վ Սուրբ Խորան, շուրջ բոլորդ հրեշտակներով պատված»:

Բայց չեմ կարող և չեմ ուզում պատմել ամեն բան. կան բաներ, որ կորցնում են իրենց բույրը, հազիվ թե ի ցույց են դրվում բաց օդի մեջ: Կան հոգևոր մտածումներ, որոնք անհնարին է երկրային լեզվին թարգմանել առանց կորցնելու դրանց խոր ու երկնային իմաստը. նման են այն «սպիտակ քարին, որ տրվելու է հաղթողներին, և որի վրա գրված է լինելու մի անուն, որը ոչ ոք չգիտի, բացի նրանից, ով այն ստանում է»[9]: Ա՜հ, քանի՜ցս քաղցր եղավ հոգուս տրված Հիսուսի առաջին համբույրը:

Դա սիրո համբույր էր, ինձ զգում էի սիրված և անդադար կրկնում էի. «Սիրո՜ւմ եմ Քեզ, Աստվա՜ծ իմ, անձս Քեզ եմ նվիրում հավիտյան»: Այդտեղ չկար ոչ մի խնդրանք, ոչ մի պայքար, ոչ մի զոհողություն. վաղուց ի վեր Հիսուսն ու փոքրիկ խեղճ Թերեզան դիտել էին միմյանց ու հասկացել ... : Այդ օրվա դեպքը մի պարզ հայացք չէր այլևս, այլ՝ խառնում: Երկու տարբեր անձինք չէին, Թերեզան անտեսանելի էր դարձել, ինչպես ջրի կաթիլն օվկիանոսում: Միայն Հիսուսն էր մնացել. Տերն էր, Թագավորը: Թերեզան Նրանից խնդրել էր վերցնել իր ազատությունը, որովհետև ազատությունը նրան սարսափեցնում էր. նա իրեն զգում էր այնքա՜ն տկար, այնքա՜ն դյուրաբեկ, որ տենչում էր առհավետ միանալ աստվածային Զորությանը: Նրա ուրախությունը չափազանց մեծ էր, չափազանց խորը, և նա չէր կարող զսպել իրեն: Քաղցր արցունքները ողողեցին նրան շուտով, ի զարմանս ընկերուհիների, որոնք ավելի ուշ հարցնում էին միմյանց. «Ինչո՞ւ արտասվեց: Արդյոք խղճի խա՞յթ ունեցավ»: «Ո՛չ, ամենահավանական պատճառն այն է, որ Մայրիկն իր հետ չէ, ինչպես նաև քույրը, որին շատ է սիրում և որը կարմեղական է»: Չէին հասկանում, որ երկնային ամբողջ ուրախությունը մեկ սրտի մեջ լցվելով, դեռ աքսոր կրող այդ սիրտը չէր կարող դիմանալ դրան առանց արցունքներ հեղելու: Ա՜հ, ո՛չ, Մայրիկի բացակայությունը ցավ չէր պատճառում ինձ. մի՞թե Երկինքը չէր իմ սրտում: Եվ մի՞թե Մայրիկս Երկնքում չէր վաղուց ի վեր: Ո՛չ էլ Փոլինի բացակայության համար էի արտասվում. այո՛, կնախընտրեի նրան իմ հետ տեսնել, բայց զոհս ընդունված էր Երկնքի կողմից: Այդ օրը միայն ուրախությունն էր լցնում սիրտս. ես ինձ միացնում էի նրան, ով Հիսուսին էր ձոնում իր կյանքն անվերադարձ կերպով, իսկ Հիսուսն ինձ էր նվիրվում այնքա՜ն սիրով:

 

110. Կեսօրին ես ընթերցեցի Սուրբ Կույսին նվիրվելու աղոթքը: Ուսուցչուհիներս ինձ էին ընտրել թերևս այն պատճառով, որ մանուկ հասակիցս ի վեր զրկված էի մայրիկից: Ամբողջ սրտով խոսեցի իր հետ, նվիրվեցի իրեն, ինչպես մանուկն է նետվում մոր բազուկների մեջ և խնդրում, որ պաշտպանի իրեն:Եվ ինձ թվում է, թե Սուրբ Կույսը բարեգութ ակնարկ է ուղղել իր փոքրիկ ծաղկի վրա և ժպտացել է նրան. նույն ինքը չէ՞ր, որ առողջացրել էր ինձ իր տեսանելի ժպիտով. նույն ինքը չէ՞ր, որ իր խոնարհ ծաղկի բաժակի մեջ էր դրել իր Հիսուսին, որ դաշտերի Ծաղիկն է, դալարագեղ հովիտները զարդարող Շուշանը[10]:

 

111. Այդ գեղեցիկ օրվա երեկոյան կրկին իմ երկրային ընտանիքում էի. առավոտյան, Պատարագից հետո, արդեն իսկ կարողացել էի կրծքիս սեղմել սիրելի Հայրիկիս և մյուս բոլոր ազգականներիս, բայց ի մի հավաքումը միայն այնժամ եղավ իրական ու ամբողջական, երբ Հայրիկն իր փոքրիկ թագուհու ձեռքը բռնելով՝ ուղղվեց դեպի Կարմեղոս: Այնտեղ տեսա իմ Փոլինին՝ Հիսուսի հարս դարձած, տեսա նրան իմ քողի պես սպիտակ քողով, վարդերի պսակով: Ա՜հ, ուրախությունս դառնությամբ խառը չէր, հույսն ունեի իրեն շուտով հասնելու և միասին սպասելու դեպի Երկինք մեկնումին: Անտարբեր չգտնվեցի նաև Բուիսոնեում պատրաստված ընտանեկան հանդեսի հանդեպ, որ կազմակերպվել էր Առաջին Հաղորդությանս օրվա երեկոյան: Գեղեցիկ ժամացույցը, որ նվեր ստացա թագավորիս կողմից, մեծ հաճույք պատճառեց ինձ. ուրախությունս, սակայն, հանդարտ էր և ոչինչ չկարողացավ խռովել ներքին անդորրս: Այդ գիշեր Մարիան իր սենյակում պառկեցրեց ինձ. գիշեր, որ հաջորդեց այդ զմայլելի օրվան, քանի որ ամենապայծառ օրերին անգամ հաջորդում է խավարը: Միմիայն Երկնքի առաջին, միակ, հավերժական Հաղորդության օրն է լինելու առանց մայրամուտի:

 

112. Գեղեցիկ էր նաև հաջորդ օրը, միայն թե մի քիչ թախծոտ: Նոր զգեստը, որն իմ համար գնել էր Մարիան, բոլոր նվերները, որ ստացել էի, չէին հագեցնում սիրտս. Հիսուսն էր միայն, որ կարող էր գոհացնել ինձ և այն հոգեպարար պահն էի երազում, երբ կկարողանայի Իրեն միանալ երկրորդ անգամ: Առաջին Հաղորդությունիցս մոտ մեկ ամիս անց գնացի խոստովանվելու, Համբարձման տոնի կապակցությամբ, և համարձակվեցի հաղորդվելու թույլտվություն խնդրել: Երջանկությունն ունեցա տեսնելու հույսերիս լիուլի իրականացումը. քահանան թույլ տվեց և հնարավորությունն ունեցա Խորանի առջև ծնրադրելու՝ Հայրիկի ու Մարիայի հետ միասին: Հիսուսի այս երկրորդ այցելության վերաբերյալ ինչպիսի՜ քաղցրիկ հուշեր են պահպանվել հոգուս խորքում: Արցունքներս կրկին հոսեցին անպատմելի քաղցրությամբ, մտովին անդադար կրկնում էի Պողոս Առաքյալի խոսքերը. «Այլևս ես չէ, որ ապրում եմ, այլ՝ ապրում է ինձնում Քրիստոսը»[11]: Այդ հաղորդությունից հետո, Աստծո հետ միանալու փափագս գնալով ավելի ու ավելի աճեց և հաղորդվելու թույլտվություն ստացա բոլոր մեծ տոների առթիվ: Այդ երջանիկ օրերի նախօրյակներին Մարիան իր ծնկների վրա էր առնում ինձ և պատրաստում այնպես, ինչպես Առաջին Հաղորդության օրը. հիշում եմ, թե ինչպես մի օր խոսեց վշտակրության մասին, ասելով, որ թերևս երբեք էլ չքայլեմ նրա արահետներում, այլ՝ որ բարին Աստված ինձ Իր ձեռքերում կկրի ինչպես մի մանուկ:

 

113. Զրույցից հետո, հիշողությանս մեջ կրկին լսեցի Մարիայի խոսքերը. զգացի, որ սրտիս խորքում ծնվում էր վշտակրության հանդեպ մի մեծ ծարավ, և միևնույն ժամանակ խորը վստահություն, որ Հիսուսն իմ համար պատրաստել էր բազմաթիվ խաչեր: Այնքա՜ն վիթխարի մխիթարությամբ ողողվեցի, որի նմանը այլևս չվայելեցի ողջ կյանքիս ընթացքում: Տառապանքը գաղափարականս դարձավ, այնպիսի՜ հմայք ուներ, որ հիացնում էր ինձ, թեև այն այնքան էլ լավ չէի ճանաչում: Մինչ այդ տառապել էի առանց սիրելու տառապանքը. այդ օրվանից սկսած մի տեսակ հակում զգացի նրա հանդեպ: Զգում էի նաև միմիայն Աստծուն սիրելու բաղձանքը, միմիայն Նրանում երջանկություն գտնելու փափագը: Հաճախ էի հաղորդություններիս պահին կրկնում Նմանության գրքի խոսքերը. «Ո՜վ Աստված իմ, անպատում քաղցրություն, իմ համար դառնացրո՜ւ նյութական բոլոր մխիթարությունները»[12]: Այս աղոթքը շուրթերիցս հորդում էր առանց որևէ ջանքի, առանց ինքս ինձ ստիպելու. թվում էր, թե իմ կամքով չէ, որ բարբառում էի այն, այլ՝ նմանվում էի փոքրիկ մանկանը, որն ակամա կրկնում է իրեն հարազատ անձանց խոսքերը: Կհայտնեմ ավելի ուշ, Մայր իմ, թե Հիսուսն ինչպե՛ս կամեցավ իրագործել Իր կամքը, և թե ինչպե՛ս միայն Ինքը եղավ իմ անպատում քաղցրությունը: Եթե դրա մասին խոսեմ այժմ, ստիպված կլինեմ անցնել կյանքիս երիտասարդական շրջանին, մինչդեռ բավական դեպքեր ունեմ պատմելիք մանկությանս տարիների մասին:

 

114. Առաջին Հաղորդությունիցս շատ չանցած կրկին հոգևոր կրթության մեջ մտա. այս անգամ, սակայն, Դրոշմի խորհուրդը ստանալու համար[13]: Մեծ խնամքով էի պատրաստվել Սուրբ Հոգու այցելությանը. չէի կարողանում հասկանալ, թե ինչպե՛ս ոմանք մեծ կարևորություն չէին տալիս այդ Սիրո Խորհրդին: Սովորաբար մեկ օր էր տևում Դրոշմին նախապատրաստող հոգևոր կրթությունը, բայց քանի որ Գերապայծառը չկարողացավ ժամանել որոշված օրը, հնարավորությունն ունեցա ճաշակելու միայնությունը երկու օրերի: Որքա՜ն զվարթ էր հոգիս: Առաքյալներին նմանվելով, կարոտով էի սպասում Սուրբ Հոգու այցելությանը: Հատկապես այն միտքն էր ուրախություն պատճառում, որ շուտով կատարյալ քրիստոնյա էի դառնալու և այլևս հավետ ճակատիս վրա կրելու էի մյուռոնահետք խորհրդավոր խաչը, որով Եպիսկոպոսը ճակատս կնքեց ծիսական արարողության ընթացքում: Վերջապես հասավ երջանիկ պահը. Հոգեգալստյան սաստիկ հողմը չզգացի, այլ ավելի՝ այն մեղմ զեփյուռը, որի շչյունը լսեց Եղիա մարգարեն Քորեբ լեռան վրա[14]: Այդ օրն անսպառ ուժեր ստացա վշտակրության համար, որովհետև այլևս շուտով սկսվելու էր հոգուս մարտիրոսությունը: Դրոշմիս կնքամայրը եղավ Լեոնիան. այնքա՜ն էր հուզվել, որ չկարողացավ արցունքների զեղումը զսպել ողջ ծիսակատարության ժամանակ: Միասին ընդունեցինք Սուրբ Հաղորդությունը, որովհետև այդ օրը նույնպես Հիսուսին միանալու երանությունն ունեցա:

 

[1] Այդ գրքույկը հետագայում հրատարակվեց այս վերնագրով. Deux mois et neuf jours de préparation a ma Première Communion, Boumard Fils, 1909.

[2] Այս «սիրո հառաչանք»ները կամ «ներգործություն»ները կայանում են մի փոքրիկ նախադասության մեջ, այն է. «Հիսո՜ւս, սիրո՜ւմ եմ Քեզ»: Իր վերջին հայտնություններից մեկի ժամանակ ահա՛ թե ի՛նչ խոստումներ է տալիս մեր Տերը. «Յուրաքանչյուր սիրո ներգործությունդ մնում է հավիտյան: Քո յուրաքանչյուր ''Հիսո՜ւս, սիրո՜ւմ եմ Քեզ''ը ձգում է ինձ դեպի սրտիդ խորքերը: Յուրաքանչյուր սիրո ներգործությունդ փոխհատուցում է հազար անհավատ խոսքերի փոխարեն: Յուրաքանչյուր սիրո ներգործությունդ մի հոգի է, որ փրկվում է: Որովհետև ծարավն ունեմ քո սիրո, քո մի սիրո ներգործության համար անգամ կստեղծեի դրախտը: Սիրո ներգործությունն օգնում է քեզ առավելագույն չափով արժևորելու այս երկրավոր օրերի յուրաքանչյուր պահը, քանի որ զորավիգ է քեզ՝ պահելու առաջին ու մեծագույն պատվիրանը.''Սիրիր Աստծուն ամբողջ սրտովդ, ամբողջ հոգիովդ, ամբողջ մտքովդ, ամբողջ ուժերովդ''» (Հիսուսը Քույր Մարիա Կոնսոլատա Բեթռոնե միանձնուհուն, և նրա միջոցով՝ մեզ բոլորիս)։

[3] Մտածական աղոթքը կայանում է հավիտենական ճշմարտությունների մասին խորհրդածելու մեջ (օրինակ՝ այս կյանքի անցողիկությունը, մահը, դատաստանը, հոգու անմահությունը, մարմինների հարությունը Հիսուսի երկրորդ գալստյան օրը, Վերջին ահեղ դատաստանը, դժոխքի սարսափելի միայնությունը և դրախտի հավիտենական ու բերկրալի երանությունը Աստծո հետ, Հիսուսի աստվածային սերն ու ներողամտությունը զղջացող մեղավորների հանդեպ, Սուրբ Խաչի խորհուրդն ու իմաստը մեր առօրյա կյանքում, Սուրբ Կույս Աստվածածին Մարիամի մայրական պաշտպան բարեխոսությունը աստվածային արդարության առաջ՝ ի նպաստ դարձի եկող մեղավորների, անհատների կյանքը Սուրբ Եկեղեցու՝ Աստծո մեկ ընտանիքի մեջ, և այլն, և այլն): Խորհրդածելու առատ նյութ ունեն բոլոր նրանք, ովքեր ամենօրյա ընթերցողներն են Աստվածաշնչի և վերջինի շուրջ Եկեղեցու տված բացատրությունների:

[4] Թերեզան իր Առաջին Հաղորդությունը ստացավ 1884ի Մայիսի 8ին:

[5] Միայն երեք օր:

[6] Տեր Վիկտոր Լուի Դոմենը Լիզյոյի Բենեդիկտյան միանձնուհիների խոստովանահայրն էր:

[7] Այդ փոքրիկ տետրակն այժմ պահվում է Լիզյոյի Կարմեղոսի դիվանում:

[8] Քույր Ագնես Հիսուսի ուխտադրության օրը համընկնում էր Թերեզայի Առաջին Հաղորդության օրվա հետ:

[9] Հյտ 2, 17

[10] Երգ 2, 1

[11] Գղտ 2, 20

[12] Նմանություն Հիսուս Քրիստոսի, Գ, ԻԶ 3

[13] Թերեզան Դրոշմը ստացավ Բեյեոյի եպիսկոպոսի՝ գերապայծառ Հյուգոնենի ձեռքով, 1884ի Հունիսի 14ին, շաբաթ:

[14] 1Թգ 19, 12

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։