Հոգիներ առաջնորդելու դժվարին գործը – Գրադարան – Mashtoz.org

Հոգիներ առաջնորդելու դժվարին գործը

309. Հիշում եմ, որ երբ հայցվորուհի էի, երբեմն ուրախության մի քանի կաթիլ գտնելու այնպիսի՜ բուռն փորձություններ էի ունենում, ինքս ինձ գոհացում տալու համար Ձեր մոտ մտնելու, որ Ձեր աշխատասենյակի մոտով անցնելիս, Մայր իմ, ստիպված էի լինում արագացնել քայլերս, գրեթե վազելով փախչել և պինդ բռնել աստիճանների բազրիքից: Մտքումս պտտվում էր խնդրվելիք թույլտվությունների մի ահռելի բազմություն. մի խոսքով, Մայր իմ, գտնում էի հազար ու մի պատճառ՝ գոհացնելու համար բնությունս: Որքա՜ն գոհ եմ այժմ, վանական կյանքիս սկզբից ի վեր ինքս ինձ դրանցից զրկած լինելուս համար: Արդեն իսկ վայելում եմ այն վարձը, որ խոստացված է քաջությամբ պայքարողներին: Այլևս անհրաժեշտ չեմ համարում զրկելն ինձ սրտի բոլոր մխիթարություններից, որովհետև հոգիս նորանոր ուժեր է ստանում Նրանից, Ո՛ւմ էի միմիայն կամենում սիրել: Տեսնում եմ մեծ ուրախությամբ, որ Իրեն սիրելով՝ սիրտն ընդարձակվում է և կարողանում է անհամեմատելիորեն ավելի շատ քնքշանք բաշխել իր սիրելիներին, քան եթե ամփոփվեր եսակենտրոն ու անպտուղ սիրո մեջ:

 

310. Մայր թանկագին, հիշեցրի Ձեզ այն առաջին գործը, որն Հիսուսը և Դուք ի կատար ածեցիք իմ միջոցով: Սա միայն նախերգանքն էր այն հաջորդների, որ հանձնարարվելու էին ինձ: Երբ հրամայեցիք ինձ մուտք գործել հոգիների սրբարանից ներս[1], իսկույն տեսա, որ գործը գերազանցում էր իմ կարողություններին: Այնժամ նետվեցի Տիրոջ բազուկների մեջ, ինչպես մի մանուկ, և դեմքս Իր ուսին հենելով՝ ասացի. «Տե՜ր իմ, չափազանց տկար եմ դուստրերիդ սնել կարողանալու համար: Եթե կամենում ես իմ միջոցով բաշխել այն, ինչը որ անհրաժեշտ է յուրաքանչյուրին, լցրո՜ւ և լիացրո՜ւ փոքրիկ ձեռքերս, և ես, առանց գրկիցդ հեռանալու, առանց նույնիսկ գլուխս շրջելու, կտամ գանձերդ այն հոգուն, որը կխնդրի ինձնից իր սնունդը: Եթե այն համապատասխան գտնի իր պահանջներին, ես երբեք չեմ մոռանա, որ այն պարտական չէ ինձ, այլ՝ Քեզ: Եվ ընդհակառակն, եթե գանգատվի ու դառն համարի այն, ինչ կներկայացնեմ իրեն, հոգուս խաղաղությունը չի խռովվի, այլ՝ կաշխատեմ համոզել իրեն, որ այդ կերակրատեսակը գալիս է Քեզնից, և կխուսափեմ իր համար մի ա՛յլ սնունդ հայթայթելուց»:

 

311. Մայր իմ, երբ համոզվեցի, որ ինձ անհնարին է մի որևէ բարի գործ կատարել իմ սեփական ուժերով, Ձեր կողմից ինձ պարտադրված գործն այդուհետև դադարեց դժվար թվալուց: Զգացի, որ միակ անհրաժեշտ բանը միշտ ավելի ու ավելի միանալն է Տիրոջը, իսկ «մնացածը կտրվի ինձ ավելիով»[2]: Եվ իրոք, հույսերս երբեք ամոթով չթողեցին ինձ, մարդասերն Աստված միշտ լիացրեց այս փոքրիկ ձեռքերս ամեն անգամ, երբ անհրաժեշտ եղավ հոգևոր սնունդ մատակարարել քույրերիս: Խոստովանում եմ, Մայր իմ, որ եթե նույնիսկ մի քիչ կռթնեի իմ ուժերին, շուտով զենքերս վայր կդնեի: Հեռվից այնքա՜ն հեշտ է թվում հոգիներին բարեգործելը, մղելը նրանց դեպի Աստծո սերը, որպեսզի Նրան միշտ ավելի սիրեն ու ավելի լավ, մի խոսքով՝ նրանց կաղապարելն ըստ մեր աշխարհայացքի և մեր անձնական գաղափարների: Մոտիկից, սակայն, ամբողջովին հակառակն է, վարդագույնն անհետանում է, շա՜տ լավ է զգացվում, որ բարեգործելն առանց Տիրոջ օգնության նույնքան անհնարին է, որքան գիշերվա մեջ արևին փայլել տալը: Զգացվում է, որ հարկավոր է բացարձակ կերպով մոռանալ անձնական ճաշակները, անձնական գաղափարները, և առաջնորդել հոգիներին ա՛յն ճանապարհով, որը Հիսուսն Ինքն է գծել տվյալ հոգիների համար. որ չպետք է փորձենք առաջնորդել նրանց այն ուղիով, որով քայլում ենք մենք ինքներս:

 

312. Բայց դեռ սա չէ ամենադժվարը. այն, ինչը որ ամեն ինչից ավելի ծանր է կշռում ուսերիս, ամենաչնչին սխալներն ու անկատարությունները նկատել տալն է, և դրանց դեմ կենաց-մահու պատերազմ մղելը: Ուզում էի գրել՝ ի դժբախտություն իմ, բայց ո՛չ, վատասրտություն կլիներ. ասում եմ, ուրեմն, բարեբախտաբար՝ քույրերիս համար, այն պահից ի վեր, ինչ որպես մանուկ բնակություն եմ հաստատել Հիսուսի գրկում, նմանվում եմ դիտորդներին, որ հսկում են թշնամուն՝ ամրոցի պահակային ամենաբարձր աշտարակների վրայից: Ոչինչ չի խուսափում իմ հայացքից: Հաճախ եմ նաև ես ինքս ապշում այս հստակատեսությանս դիմաց, ինչպես նաև գտնում, որ արդարացման մեծ հնարավորություններ ունի Հովնան Մարգարեն, որ նախընտրեց փախչել, քան գնալ գուժելու Նինվեի կործանումը: Գերադասում եմ հազար անգամ հանդիմանվել, քան ուրիշին հանդիմանել, բայց նաև զգում եմ, թե որքա՜ն կարևոր է, որ ես տառապեմ դրանց պատճառով: Որովհետև երբ գործում ենք ըստ բնության, անհնարին է, որ հոգին, որին կամենում ենք հայտնել իր հանցանքները, հասկանա իր սխալները: Նա կտեսնի միայն մի բան. «Քույրը, որ պարտականությունն ունի ուղղելու ինձ, զայրացած է իմ դեմ և ամեն հանցանք իմ վրա է բարդում. իմ, որ լի եմ բարի նպատակներով»:

 

313. Շատ լավ գիտեմ, որ Ձեր փոքրիկ գառնուկները գտնում են ինձ խիստ: Եթե հնարավորությունն ունենային կարդալու այս տողերը, կասեին, թե իմ համար այնքան էլ դժվար չէ իրենց հետևելը, իրենց հետ խիստ շեշտով խոսելը՝ ցույց տալով իրենց գեղեցիկ, բայց մրոտված բուրդը, կամ ճանապարհից հավաքելն ու իրենց վերադարձնելը այդ բրդից փշերի վրա մնացած ծվենները: Փոքրիկ գառնուկները կարող են ասել այն ամենն, ինչ ուզում են. խորքում զգում են, որ իրենց սիրում եմ իրական սիրով, և որ երբեք չեմ նմանվի «վարձկանին, որը երբ տեսնում է, թե գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում»[3]: Պատրաստ եմ կյանքս տալու նրանց համար, բայց իմ սերն այնքա՜ն մաքուր է, որ չեմ կամենում, որ տեղյակ լինեն դրան: Երբեք, Հիսուսի շնորհով, չփորձեցի դեպի ինձ ձգել նրանց սրտերը: Հասկացա, որ իմ առաքելությունը նրանց դեպի Աստված առաջնորդելն է, ինչպես նաև՝ հասկացնելն այս իրողությունը. այստեղ՝ ներքևում, Դուք եք, Մայր սիրելի, իրենց տեսանելի Հիսուսը, որին պարտավոր են սիրել ու հարգել[4]:

 

314. Արդեն ասացի, Մայր սիրելի, որ ուրիշներին ուսուցանելով՝ շա՜տ սովորեցի նաև ես ինքս: Տեսա, առաջին հերթին, որ բոլոր հոգիներն էլ քիչ թե շատ նույն պայքարներն է, որ մղում են, բայց նաև, մյուս կողմից, որ այդ հոգիներն այնքա՜ն տարբեր են մեկը մյուսից: Հասկացա այն, ինչ ասում էր Հայր Փիշոնը. «Ավելի տարբեր են հոգիները, քան դեմքերը»: Այդ իսկ պատճառով, անհնարին է բոլորի հետ միևնույն կերպ վարվելը: Որոշ հոգիների հետ զգում եմ, որ պարտավոր եմ լինել փոքրիկ, չվախենալ խոնարհվելուց, խոստովանելով ներքին պայքարներս, պարտություններս: Տեսնելով, որ ես նույնպես ունեմ իրենց նույն թերությունները, թանկագին քույրիկներս իրենց հերթին հայտնում են այն բոլոր սխալները, որոնց համար իրենք իրենց ամբաստանում են. բայց հատկապես մխիթարվում են այն փաստով, որ ես դրանց փորձառությամբ եմ ծանոթ: Իսկ ուրիշների հետ զգացի, որ նրանց բարեգործելու համար հարկավոր է լինել բավական հաստատակամ, երբեք չվերադառնալով արդեն մի անգամ ասված խոսքին: Ցածրանալն այդպիսի դեպքերում խոնարհություն չէ, այլ ավելի՝ թուլություն: Տիրոջից ստացա պատերազմներից չսարսափելու շնորհը. պարտավոր եմ ի կատար ածել պարտքս, ի՛նչ գնով էլ դա լինի: Մեկից ավելի անգամներ են ինձ ասել. «Եթե կամենում եք ինձնից որևէ բան ստանալ, պետք է հետս քաղցրությամբ վարվեք: Ոչինչ չեք ստանա ուժով»: Ես, սակայն, լավ գիտեմ, որ ոչ ոք արդար դատավոր չէ իրեն վերաբերվող հարցերում, և որ մի մանուկ, որին բժիշկը ցավալի վիրահատության է ենթարկում, ճչում է ամբողջ կոկորդով ու աղաղակում, թե դարմանը հիվանդությունից վատթար է: Սակայն երբ առողջանում է, մի քանի օր հետո, բավական ուրախ է լինում վազել ու խաղալ կարողանալու համար: Նույնն է պատահում նաև հոգիներին. շուտով ընդունում են, որ մի քիչ անախորժ թուրմերը նախընտրելի են, քան շաքարը, և չեն խուսափում դա խոստովանելուց:

 

315. Երբեմն չեմ կարողանում զսպել ինձ և ներքուստ ժպտում եմ, տեսնելով, թե ինչպիսի՛ փոփոխություն է տեղի ունեցել մեկ օրվա ընթացքում. ապշեցուցիչ է, անհավատալի: Ասում են. «Երեկ խիստ էիք, այո՛, բայց իրավացի: Սկզբում շատ զայրացա, բայց հետո ամեն բան վերհիշելով հասկացա, թե որքա՛ն արդարացի էիք: Երբ երեկ հեռացա Ձեր սենյակից, մտածում էի. “Վե՛րջ այլևս, գնում եմ Մայր Մարիամին ասելու, թե այսպես չեմ կարող շարունակել Հիսուս Մանկան Քույր Թերեզայի հետ”: Բայց հետո զգացի, որ սատանան էր ներշնչում ինձ այդ մտքերը, ու նաև թվաց ինձ, որ աղոթում էիք իմ համար: Խաղաղվեցի և լույսը սկսեց փայլել: Այժմ խնդրում եմ, որ շարունակեք ամբողջովին լուսավորել ինձ. այդ նպատակով եմ եկել»: Զրույցն իսկույն ծավալվում է և ես ինձ գերերջանկագույն եմ զգում սրտի զառիվայրով անցնելուս համար, այս անգամ նվազ դառն կերակուրներ հրամցնելով: Այո՛, բայց ... շուտով անդրադառնում եմ, որ չպետք է չափից դուրս վազենք. մի խոսքն անգամ կարող է ավերակների վերածել արցունքների գնով կառուցված գեղեցիկ շենքը: Եթե դժբախտությունն եմ ունենում արտասանելու մի որևիցէ վանկ, որ թվում է, թե նրբացնում ու մեղմում է այն, ինչը որ ասել էի նախորդ օրը, զգում եմ, որ փոքրիկ քույրիկս սկսում է վերադառնալ իր նախկին տրամադրություններին: Այդպիսի դեպքում, հոգուս խորքում իսկույն մի փոքրիկ աղոթք եմ անում, և ճշմարտությունը միշտ հաղթում է:

Ա՜հ, աղոթքն ու զոհողությունն են կազմում իմ ամբողջ ուժը. իմ անխորտակելի զենքերն են, որ շնորհել է ինձ Հիսուսը, և որոնք հոգիներին ավելի են գրավում, քան խոսքերը: Սրան փորձառությամբ եմ համոզվել, և հաճա՛խ: Այդ փորձառություններիցս մեկը քաղցր ու խորը տպավորություն է թողել ինձնում:

 

[1] Թերեզան նորընծայուհիներով զբաղվեց 1893ի Փետրվարից մինչև իր մահը:

[2] Հմմտ. Մտթ 6, 33

[3] Հմմտ. Հվհ 10, 12

[4] Տվյալ դեպքում Թերեզան ի նկատի չունի Մայր Մարիամ Գոնձակայի անձը, այլ՝ վանքի Մեծավորուհուն:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։