Ձոն – Գրադարան – Mashtoz.org

Ձոն

Հ.Մ.Հ.Թ.

Հունիս 1897թ.

 

266. Մայր իմ շատ սիրելի[1], փափագեցիք, որ Ձեր հետ լրացնեմ Տիրոջ ողորմության գովերգը[2]: Այս թովիչ երգը սկսել էի թանկագին դստերդ՝ Քույր Ագնեսի հետ, որն Աստծո կողմից նշանակվել էր ինձ մայր՝ առաջնորդելու համար ինձ մանկությանս օրերում: Նրա հետ է, որ պետք է երգեի Սուրբ Կույսի կողմից այս փոքրիկ ծաղիկին տրված շնորհները, երբ ծաղիկը դեռ իր կյանքի գարունն էր ապրում, բայց Ձեր հետ է, որ երգելու եմ այդ փոքրիկ ծաղիկի երջանկությունն այժմ, երբ արշալույսի երկչոտ շողերին հաջորդելու են եկել կեսօրվա կիզիչ ճառագայթները: Այո՛, Ձեր հետ, շատ սիրելի Մայր, և Ձեր փափագին պատասխանելու համար[3], կփորձեմ կրկին հայտնել հոգուս զգացումները, երախտագիտությունս Աստծո հանդեպ, նաև Ձեր հանդեպ, որ իմ համար Նրա ներկայացուցիչն եք տեսանելի կերպով: Մի՞թե Ձեր մայրական ձեռքերի մեջ չէր, որ ամբողջովին նվիրվեցի Տիրոջ ծառայությանը: Հիշո՞ւմ եք, Մայր իմ, այդ օրը[4]: Զգում եմ, որ Ձեր սիրտը չէր կարող մոռանալ այն: Իսկ ինչ վերաբերվում է ինձ, ստիպված եմ սպասել գեղեցիկ Երկնքին, որովհետև այստեղ՝ ներքևում, չեմ գտնում բառեր, կարող՝ արտահայտելու այն, ինչ տեղի ունեցավ իմ սրտում այդ օրհնյալ օրվա ընթացքում:

 

267. Մայր թանկագին, կա մի ուրիշ օր ևս, որի ընթացքում հոգիս ավելի միացավ Ձերինին (եթե, անշուշտ, այդ «ավելի»ն հնարավոր է), և եղավ այն օրը, երբ Հիսուսը կրկին Ձեր ուսերին դրեց մեծավորության բեռը: Այդ օրը սերմանեցիք արցունքների մեջ, բայց Երկնքում լիանալու եք ուրախությամբ, տեսնելով Ձեզ ցորենի թանկարժեք խուրձերով ճոխացած[5]: Ո՜վ Մայր իմ, ներող եղեք ինձ մանկական պարզությանս համար. զգում եմ, որ թույլատրում եք ինձ խոսել առանց փնտրելու այն, ինչ երիտասարդ միանձնուհուն թույլատրված է ասել իր Մեծավոր Մորը: Թերևս գրությանս մեջ երբեմն դուրս կգամ ենթակաների համար գծված սահմաններից, բայց համարձակվում եմ ասել ... , որ դա Ձեր հանցանքն է: Ձեր նկատմամբ վարվում եմ ինչպես մի մանուկ, որովհետև Դուք ինքներդ իմ նկատմամբ չեք վարվում որպես Մեծավորուհի, այլ՝ որպես Մայր:

 

[1] Մայր Մարիամ Գոնձական, որ Մեծավորուհի էր վերընտրվել 1896ի Մարտի 21ին, Սրբուհու քրոջ՝ Մայր Ագնես Հիսուսի եռամյա կառավարումից հետո:

[2] Սղմ 88, 1

[3] Թերեզային հրամայվեց շարունակել իր հուշերի գրառումը 1897ի Հունիսի 3ին:

[4] Սրբուհին ի նկատի ունի իր վանական ուխտադրության օրը՝ 1890ի Սեպտեմբերի 8ը:

[5] Հմմտ. Սղմ 125, 5-6: Թերեզան մեծ նրբությամբ ակնարկում է Մայր Մարիամ Գոնձակայի բավական դժվարությամբ կատարված վերընտրությանը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։