1. Շնորհավորում է և ուրախակցում նրան ... – Գրադարան – Mashtoz.org

1. Շնորհավորում է և ուրախակցում նրան ...

1. Շնորհավորում է և ուրախակցում նրան՝ քահանայական կոչման ճգնաժամը քաջությամբ հաղթահարած լինելու համար: Հուսով է, որ Հիսուսը կիրագործի նրա առաքելատենչ փափագները:
 
 
Լիզյոյի Կարմեղոս,
21 Հոկտեմբեր 1896թ.
Հ.Մ.Հ.Թ.
Հիսուս ✝
 
Մեծարգո Եղբայր,
Մեր վերապատվելի Մայրը, լինելով հիվանդ, ինձ հանձնարարեց պատասխանել Ձեր նամակին: Ցավում եմ, որ զրկվում եք այն սուրբ խոսքերից, որոնք կառաքվեին Ձեզ այս բարեգութ Մոր կողմից, բայց նաև երջանիկ եմ իր թարգմանը լինելուս համար, ինչպես նաև հնարավորությունն ունենալուս համար՝ հայտնելու այն բերկրանքը, որ նա ապրում է՝ ըմբռնելով, թե Հիսուսն ինչպիսի՛ իմաստությամբ է գործում Ձեր հոգու մեջ: Հավաստիացնում եմ Ձեզ, որ նա կշարունակի աղոթել, որպեսզի Աստված մինչև վերջին մասնիկն ի կատար ածի Ձեր մեջ Իր աստվածային գործը: Կարծում եմ ավելորդ է նշելը, Մեծարգո Եղբայր, որ ես նույնպես հոգով-սրտով մասնակցեցի մեր Մոր ուրախությանը: Ձեր Հուլիս ամսվա նամակը մեծապես վշտացրել էր ինձ, որովհետև աղոթքների մեջ ջերմեռանդությանս պակասին էի վերագրում այն երկու պայքարները, որ գտել էիք Ձեր առջև: Չէի դադարում Առաքյալների քաղցրիկ Թագուհու մայրական պաշտպանությունը հայցել Ձեր վրա: Եվ ինձ մեծ մխիթարություն պարգևեց ստանալը – որպես անվանս տոնի օրվա նվեր – այն երաշխավորման, որով ավետում էիք խեղճ աղոթքներիս ընդունված լինելու փաստը:
Այժմ, երբ փոթորիկն այլևս ետևում է, երախտագիտությունս եմ հայտնում մարդասեր Աստծուն, Ձեզ դրա միջով անցկացնելու համար, որովհետև ահա՛ թե ինչ խոսքեր ենք կարդում Սուրբ Գրքում. «Երանի՜ այն մարդուն, որ ենթարկվում է փորձությունների և համբերում»[1], ինչպես նաև. «Ի՞նչ գիտի նա, ով փորձություններ չի կրել»[2]: Իրականում, երբ Հիսուսը որևէ մեկին կանչում է ա՛յլ հոգիների հսկա բազմություն առաջնորդելու, փրկելու, անհրաժեշտ է, որ նրան տա այս կյանքին բնորոշ հոգևոր փորձությունների և նյութական փորձանքների փորձառությունը: Եվ քանի որ Ձեզ հաղորդեց պայքարից հաղթական դուրս գալու շնորհը, հուսով եմ, Մեծարգո Եղբայր, որ մեր այնքա՜ն քաղցր Հիսուսն Ինքը կիրագործի Ձեր վեհ փափագները: Ես Նրան խնդրում եմ, որ Ձեզ դարձնի ո՛չ միայն լավ առաքյալ, այլ՝ սուրբ, ով ամբողջովին գրավված է Աստծո և հոգիների սիրուց: Խնդրում եմ Ձեզ իմ համար նույնպես հայցել այդ սերը, որպեսզի կարողանամ օգնել Ձեզ Ձեր առաքելական գործում: Լավ գիտեք, որ եթե կարմեղականը չլինի առաքյալ, կհեռանա իր կոչման նպատակակետից և կդադարի ոգու ժառանգը լինելուց սերովբեանման Սրբուհի Թերեզայի, ով կամենում էր հազարավոր անգամներ զոհաբերել իր կյանքը՝ գեթ մեկ անձ ավելի փրկելու համար:
Չեմ կասկածում, Մեծարգո Եղբայր, որ կշտապեք Ձեր աղոթքները նույնպես միացնել իմ աղերսանքներին, որպեսզի մեր Տերը առողջություն պարգևի մեր վերապատվելի Մորը:
Հիսուսի ու Մարիամի սրբազնասուրբ Սրտերի մեջ, հավիտյան երջանիկ կլինեմ կոչվելու՝
 
Ձեր անարժան քույրիկ
Թերեզա Հիսուս Մանկան և Սուրբ Դեմքի
անարժանաբար՝ կարմեղական միանձնուհի
 

[1] Հկբ 1, 12

[2] Սիր 34, 10

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։