2. Իր հոգևոր եղբորը հրավիրում է միասին անվախորեն ... – Գրադարան – Mashtoz.org

2. Իր հոգևոր եղբորը հրավիրում է միասին անվախորեն ...

2. Իր հոգևոր եղբորը հրավիրում է միասին անվախորեն խմելու Հիսուսի դառը բաժակը՝ որպես նպատակ ունենալով հոգիների փրկությունը: Իրենց առջև տեսնում է հավիտենական երանությունը:
 
 
Լիզյոյի Կարմեղոս,
26 Դեկտեմբեր 1896թ.
Հ.Մ.Հ.Թ.
Հիսուս ✝
 
Մեծարգո Եղբայր,
Մեծապես կամենում էի շուտով պատասխանել Ձեր նամակին, բայց մեր կարմեղական օրենքները չթույլատրեցին ինձ ո՛չ գրել, և ո՛չ էլ նամակներ ստանալ Հիսնակաց շրջանում, Սուրբ Ծննդից առաջ: Մեր վերապատվելի Մայրը, սակայն, թույլատրեց ինձ – որպես բացառություն – կարդալ Ձեր նամակը, ըմբռնելով, թե որքա՜ն կարիք ունեք աղոթքի հատուկ օգնության[1]:
Վստահեցնում եմ Ձեզ, Մեծարգո Եղբայր, որ անում եմ այն ամենը, որ մտնում է ուժերիս սահմաններից ներս, ընդունելու համար այն շնորհները, որ հարկավոր են Ձեզ: Այդ շնորհներն անկասկած կընդունեք, որովհետև մեր Տերը երբեք չի պահանջում մեզնից զոհողություններ, որոնք գերազանցում են մեր ուժերին: Որոշ անգամներ, այո՛, այս պաշտելի Փրկիչը զգացնում է մեզ գավաթի ողջ դառնությունը, որ առաջարկում է մեր հոգիներին: Երբ պահանջում է զոհել այն ամենը, ինչը որ մեր ամենասիրելին է այս աշխարհում, անհնարին է, առանց մի բացառիկ շնորհի օգնության, չաղաղակել՝ ինչպես Ինքը Ձիթենյաց պարտեզում. «Հա՜յր, հեռացրո՜ւ ինձնից այս բաժակը: Բայց թող որ Քո՛ կամքը կատարվի, ո՛չ՝ իմը»[2]:
Մեր համար շա՜տ ու շա՜տ մխիթարական է մտածելը, որ Հիսուսը՝ հզորն Աստված, փորձառությամբ ճանաչել է մեր տկարությունները, որ դողացել է ի տես դառը գավաթի. այն նույն գավաթի, որն առաջ անձկությամբ էր փափագում խմել:
Ձեզ վիճակված մասը, Մեծարգո Եղբայր, հիրավի գեղեցիկ է, որովհետև այն մասն է, որը Հիսուսն ընտրեց Իր համար և Նա Ինքը առաջին հերթին մոտեցրեց շուրթերն այն բաժակին, որն այժմ առաջարկում է Ձեզ:
Սրբերից մեկն ասում է. «Մեծագույն պատիվը, որ Աստված կարող է շնորհել որևիցէ մի հոգու, ո՛չ թե նրան շատ տալն է, այլ՝ նրանից շատ պահանջելը»: Հիսուսն, ուրեմն, կամենում է Ձեզ առաձնաշնորհված տեսնել: Կամենում է, որ այժմ իսկ սկսեք հոգիների փրկության Ձեր առաքելությունը, շնորհիվ տառապանքի: Մի՞թե չարչարվելով ու մեռնելով չէ, որ Նա փրկեց աշխարհը: Գիտեմ, որ Ձեր կյանքը աստվածային Վարդապետի համար զոհելու փառքի ծարավն ունեք, բայց ասում եմ Ձեզ, որ սրտի մարտիրոսությունը պակաս պտղառատ չէ, քան արյան հեղումը, և ա՛յս վայրկյանից սկսած Ձեր մարտիրոսությունը սա է: Հետևաբար, իրավացի ու հիմնավոր է ասածս, թե Ձեզ վիճակված մասը գեղեցիկ է, վայել է Քրիստոսի առաքյալին:
Մեծարգո Եղբայր, եկել եք մխիթարություն փնտրելու նրա մոտ, ում Հիսուսը նվիրել է Ձեզ իբրև քույր, և ունեք այդ իրավունքը: Քանի որ վերապատվելի Մայրը թույլատրում է ինձ գրել, կամենում եմ համապատասխանել այն քաղցր առաքելությանը, որ վստահվել է ինձ, զգալով հանդերձ, թե որևիցէ մեկին մխիթարելու ամենաապահով միջոցը աղոթքի ու տառապանքի միջոցն է: Աշխատենք միասին՝ հոգիների փրկության գործում: Մեր տրամադրության տակ միայն մեկ օր ունենք, միակ օրն այս կյանքի, նրանց փրկելու և այդպիսով Տիրոջ հանդեպ մեր սիրո գրավականն ու ապացույցը փաստելու համար: Այս վերոհիշյալ օրվա վաղը լինելու է հավիտենականությունը. այնժամ Հիսուսը հարյուրապատիկ չափով վերադարձնելու է Ձեզ այն քաղցրիկ ու հոգեհարազատ ուրախությունները, որոնք այժմ ընծայաբերում եք իրեն: Նա շատ լավ գիտի Ձեր զոհողության կշիռը: Բայց չէ՞ որ Նա նույնպես կրեց այս մարտիրոսությունը՝ ի փրկություն մեր անձերի: Լքեց Իր Մորը, տեսավ անարատ Կույսին խաչի ստորոտում, տեսավ նաև այն վշտանյութ սուրը, որ խոցեց այդ գորովալի Մոր սիրտը. հուսով եմ, որ մեր աստվածային Փրկիչը կմխիթարի Իր սիրելի Մորը. սա խնդրում եմ Իրենից անդադար: Ա՜հ, եթե մեր աստվածային Վարդապետը թույլատրեր նրանց, որոնց Դուք պատրաստվում եք թողնել հանուն Իր սիրո, եթե նրանց թույլատրեր նախապես տեսնել այն փառքը, որ Նա վերապահել է իրենց, և այն բազմությունը հոգիների, որոնք Ձեր պարծանքն են կազմելու Երկնքում, իրենց արդեն իսկ վարձատրված կզգային այն մեծ զոհողության փոխարեն, որն իրենց պատճառում է Ձեր մեկնումը:
Մեր Մայրը դեռ վատառողջ է, թեև արդեն մի քանի օր է, ինչ մի քիչ ավելի լավ է զգում իրեն: Հուսով եմ, որ Մանուկ Հիսուսը մի փոքր ավելի կզորացնի նրան այս անգամ. այդ ուժերն ինչպես միշտ ծառայելու են Իր փառքին: Այս վերապատվելի Մայրը Ձեզ է ուղարկում Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզացու նկարը, որպեսզի Սուրբը ուսուցանի Ձեզ այս կյանքի նեղությունների ու պայքարների բովում հոգու իրական զվարթությունը գտնելու միջոցը: Հուսով եմ, Մեծարգո Եղբայր, որ կշարունակեք աղոթել իմ համար, որ հրեշտակ չեմ, ինչպես կարծում եք Դուք, այլ՝ բավական անկատար խեղճ փոքրիկ կարմեղական միանձնուհի, որը սակայն, հակառակ իր ոչնչությանը, կամենում է, ինչպես Դուք, աշխատել մեծն Աստծո փառքի համար:
Մնանք ցմիշտ Մանուկ Հիսուսի օրորոցի մոտ միացած, շնորհիվ աղոթքի ու տառապանքի:
 
 
Ձեր անարժան քույրիկ
Թերեզա Հիսուս Մանկան և Սուրբ Դեմքի
անարժանաբար՝ կարմեղական միանձնուհի

[1] Իր Նոյեմբեր ամսվա նամակում Թերեզայի հոգևոր եղբայրը, որն այնժամ գտնվում էր Լագրունում (Քալվադոս), իր ընտանիքի մոտ, խոսում էր իր առաքելական կոչման մասին և ընդգծում էր նաև այն խորը ցավը, որ պատճառում էր իրեն ծնողներին և բոլոր սիրելիներին լքելու, նրանցից հեռանալու (այդժամ թեկուզև միայն ծրագրված) հեռանկարը:

[2] Մտթ 26, 39; Մրկ 14, 36; Ղկս 22, 42

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։