3. Դարձի եկած մեծագույն մեղավորների օրինակով ... – Գրադարան – Mashtoz.org

3. Դարձի եկած մեծագույն մեղավորների օրինակով ...

3. Դարձի եկած մեծագույն մեղավորների օրինակով, ինչպիսիք են Սրբուհի Մարիամ Մագդաղենացին և Սուրբ Օգոստինոսը, և նույն իր իսկ օրինակով, Թերեզան իր հոգևոր եղբորը քաջալերում է անվերապահ կերպով հանձնվելու Աստծո ողորմությանը:
 
Լիզյոյի Կարմեղոս,
21 Հունիս 1897թ.
Հ.Մ.Հ.Թ.
Հիսուս ✝
 
Սիրելի Եղբայր իմ,
Ձեր հետ միասին երախտագիտությունս եմ հայտնում մեր Տիրոջը՝ Հոգեգալստյան օրը Ձեզ պարգևած մեծ շնորհի համար: Արդարև, հենց այդ գեղեցիկ տոնի օրն էր (10 տարի առաջ), որ ես նույնպես թույլտվությունը ստացա – ո՛չ թե հոգևոր առաջնորդիցս, այլ՝ սիրելի Հորիցս – առաքյալ դառնալու Կարմեղոսում: Ահա՛ մի զուգադիպություն, որն առավել ևս միավորում է մեր հոգիները:
Եղբայր իմ, թող որ երբեք չայցելի Ձեզ այն միտքը, թե Ձեր մասին երկար խոսելով «տաղտուկ կամ մտացրում եք պատճառում ինձ»: Մի՞թե հնարավոր է, որ մի քույր չհետաքրքրվի այն ամեն ինչով, որ վերաբերվում է իր եղբորը: Իսկ մտացրման մասին մտահոգվելու հարկ չկա. Ձեր նամակներն, ընդհակառակը, նոր ավյունով մղում են ինձ դեպի մարդասերն Աստված, քանի որ հնարավորությունն եմ ստանում անմիջական կերպով զմայլվելու Իր ողորմության ու սիրո հրաշակերտներով: Հիսուսը երբեմն նպատակահարմար է գտնում «հայտնել Իր գաղտնիքներն ամենափոքրերին»[1]: Ահա՛ կրկին ու կրկին ձեռքերիս մեջ է այս իրողության փաստը, որովհետև Ձեր 15 Հոկտեմբեր 1895 թվակիր նամակն ընթերցելուց հետո համակարծիք գտնվեցի Ձեր հոգևոր առաջնորդի հետ. Դուք իրավունք չունեք սուրբ լինելու կիսով չափ, այլ՝ հարկավոր է, որ այդպիսին լինեք ամբողջությամբ. հակառակ դեպքում, լավ է՝ թե ընդհանրապես չլինեք: Հասկացա, որ եռանդուն հոգի ունեք, և այդ իսկ պատճառով երջանիկ եմ Ձեր քույրը կոչվելուս համար: Մի՛ կարծեք, թե սարսափեցնում եք ինձ՝ խոսելով Ձեր «կորած գեղեցիկ տարիների» մասին: Ինչ վերաբերվում է ինձ, երախտագիտությունս եմ հայտնում Հիսուսին՝ Ձեզ սիրալիր հայացքով դիտած լինելու համար, ճիշտ ինչպես Ավետարանում հիշվող երիտասարդին[2]: Առավել երջանիկ, քան նա, Դուք հավատարմությամբ պատասխանեցիք Աստվածային Ուսուցչի կանչին, և Նրան հետևելու համար՝ մի կողմ թողեցիք ամեն բան, ամենագեղեցիկ տարիքում, տասնութ տարեկան հասակում:
Ա՜հ, Եղբայր իմ, կարող եք իմ հետ գովերգել Տիրոջ ողորմությունը, որ փայլում է Ձեր մեջ իր ողջ շողարձակմամբ: Դուք Ձեզ հոգեպես ավելի տրամադրված եք զգում հանդեպ Սուրբ Օգոստինոսի, Սրբուհի Մագդաղենացու. այդ հոգիների, որոնց «անհամար մեղքերը ներվեցին իրենց, որովհետև շատ սիրեցին»[3]: Ես նույնպես սիրում եմ նրանց, սիրում եմ նրանց զղջումը, և հատկապես՝ նրանց սիրո համարձակությունը: Երբ մտքիս աչքերի առաջ ուրվագծում եմ պատկերը, թե ինչպես է Մագդաղենացին բազմաթիվ հրավիրվածների ներկայությամբ ընթանում դեպի պաշտելի Վարդապետը, Նրա ոտքերն արցունքներով ողողելու համար, – ոտքեր, որոնց հպվում էր առաջին անգամ, – զգում եմ, որ նրա սիրտն ըմբռնել էր Հիսուսի Սրտի սիրո ու ողորմության անհատակ խորությունը, և որ, որքան էլ մեծ մեղավորուհի լիներ, այդ սիրավառ Սիրտը ո՛չ միայն տրամադիր էր նրան ներելու, այլ՝ նաև շռայլորեն նրան պարգևելու Իր աստվածային մտերմության գանձերը, բարձրացնելու նրան մինչև սրբության ու հայեցողության ամենավերջին գագաթները:
Իմ շա՜տ սիրելի Եղբայր, այն օրից ի վեր, ինչ ինձ նույնպես շնորհվել է ըմբռնել Հիսուսի Սրտի սերը, խոստովանում եմ, որ այդ սերը սրտիցս դուրս է վռնդել բոլոր տեսակի կասկածներն ու վախերը: Հանցանքներիս հիշատակն, այո՛, խոնարհեցնում է ինձ, դրդում է այլևս չվստահելու իմ ուժերին, որոնք գոյություն անգամ չունեն: Բայց այս բոլորից ավելի, այդ հիշատակը խոսում է ինձ սիրո ու ողորմության մասին: Երբ որդիական կատարյալ վստահությամբ այդ հանցանքները նետվում են Սիրո սպառող հնոցի մեջ, ինչպե՞ս կարող են դրանք չանէանալ մեկընդմիշտ:
Գիտեմ, որ կան բազմաթիվ Սրբեր, որոնք իրենց կյանքն անց են կացնում անհավանական ճգնությունների մեջ, քավելու համար իրենց մեղքերը: Բայց մի՛ մոռացեք. «Երկնավոր Հոր տանը բազում օթևաններ կան»[4]: Հիսուսի խոսքերն են սրանք և սրանցով գոտեպնդվելով է, որ քայլում եմ իմ համար Իր իսկ կողմից գծված արահետով: Աշխատում եմ այլևս չզբաղվել ինձնով ոչ մի բանում, և այն ամենը, ինչ Հիսուսը կատարում է իմ հոգու մեջ, հանձնում եմ Իրեն, վստահում եմ Իրեն, որովհետև խստակյաց կյանքը չեմ ընտրել անձիս հանցանքները քավելու համար, այլ՝ քավելու համար հանցանքներն այլոց:
Հենց նոր վերընթերցեցի նամակս և հարցնում եմ ինքս ինձ, թե արդյոք կարողանալո՞ւ եք հասկանալ ինձ, քանի որ շատ վատ եմ արտահայտել մտքերս: Մի՛ կարծեք, թե պախարակում եմ Ձեր զղջումը, որ զգում եք Ձեր հանցանքներին ի տես. ինչպես նաև Ձեր պատրաստակամությունը՝ քավելու դրանք: Առաջարկում եմ Ձեզ ա՛յլ բան. այժմ երկուսով ենք և առաջադրանքը կարող ենք ի կատար ածել ավելի կարճ ժամանակամիջոցում (և ես իմ գործելակերպով ավելին կանեմ, քան Դուք): Այսպիսով հուսով եմ, որ մի օր Հիսուսը կառաջնորդի Ձեզ այն նույն ուղիով, որով ընթանում եմ ես ինքս:
Ներողամիտ եղեք, Եղբայր իմ, չգիտեմ, թե հետս ի՛նչ է կատարվում այսօր. գրում եմ ճիշտ այն, ինչը որ չէի կամենում գրել:
Թղթի վրա այլևս տեղ չունեմ շարունակելու համար, պատասխանելու համար Ձեր հարցերին. դա կանեմ հաջորդ նամակում: Շնորհակալություն, որ գրել էիք Ձեր կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների տարեթվերը: Արդեն տոնեցի Ձեր քսաներեքերորդ տարեդարձը: Աղոթում եմ Ձեր ծնողների համար, որոնց Աստված կանչել է Իր մոտ, և չեմ մոռանում նաև Ձեր թանկագին մորաքրոջը, որը Ձեզ շատ է սիրում:
 
 
Ձեր անարժան քույրիկ
Թերեզա Հիսուս Մանկան և Սուրբ Դեմքի
անարժանաբար՝ կարմեղական միանձնուհի

[1] Մտթ 11, 25; Ղկս 10, 21

[2] Հմմտ. Մրկ 10, 21

[3] Ղկս 7, 47

[4] Հվհ 4, 2

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։