4. Վստահեցնում է իր հոգևոր եղբորը ... – Գրադարան – Mashtoz.org

4. Վստահեցնում է իր հոգևոր եղբորը ...

4. Վստահեցնում է իր հոգևոր եղբորը, որ երբ ինքն այլևս նավահանգստում կլինի, նրան կուսուցանի աշխարհի փոթորկահույզ ծովում նավարկելու արվեստը. այն է՝ սիրով և վստահությամբ այն մանկան, որը գիտի, որ Հայրը սիրում է իրեն և միայնակ չի թողնելու երբեք:
 
 
18 Հուլիս 1897թ.
Հ.Մ.Հ.Թ.
Հիսուս ✝
 
Իմ խեղճ[1] ու սիրելի եղբայր,
Ձեր վիշտն ինձ խորապես հուզում է, բայց ահա՛ տեսեք, թե որքա՜ն բարի է Հիսուսը: Հնարավորություն է տալիս ինձ գրելու և այսպիսով Ձեր համար մխիթարություն հայթայթելու փորձեր կատարելու. և անկասկած, սա չի լինելու վերջին անգամը: Այդ քաղցրիկ Փրկիչը լսում է Ձեր ողբն ու աղոթքները. այդ իսկ պատճառով է, որ տակավին թողնում է ինձ երկրի վրա: Մի՛ կարծեք, թե սա տհաճություն է պատճառում ինձ: Ո՛չ, իմ սիրելի Եղբայր. ընդհակառակը, որովհետև Հիսուսի այս վարվելաձևում տեսնում եմ, թե որքա՜ն է Ձեզ սիրում:
Անկասկած շատ վատ եմ բացատրել մտքերս իմ նախորդ նամակում, որովհետև գրում եք, թե՝ «չեմ համարձակվում խնդրել այն բերկրանքը, որ Դուք զգում եք երանությանը ավելի ու ավելի մոտենալով»: Ա՜հ, եթե կարողանայիք գեթ մի պահ միայն կարդալ հոգուս խորքերը, ինչպիսի՜ անակնկալի կմատնվեիք: Երկնային երանության մասին միտքը ո՛չ միայն չի ծնում ինձնում որևէ ուրախություն, այլ՝ շատ անգամներ ինքս ինձ ուղղակի հարցնում եմ, թե ինչպե՞ս կարող եմ երջանիկ լինել առանց տառապանքի: Հիսուսն անկասկած լիովին փոխելու է էությունս, այլապես՝ ամբողջ հավիտենականության ընթացքում ողբալու եմ՝ տառապանքից և արցունքների այս հովտից զրկված լինելուս համար: Մարդասեր Աստծուց երբեք չեմ խնդրել մեռնել երիտասարդ հասակում. նմանօրինակ խնդրանքներն ինձ փոքրոգություն կթվային: Բայց Նա մանկությունիցս ի վեր կամեցավ տալ ինձ ներքին մի խորը համոզում, ըստ որի՝ պանդխտությանս ընթացքը լինելու է կարճատև: Հետևաբար, Տիրոջ կամքը կատարելու միտքն է միայն, որ կազմում է իմ երջանկությունը:
Եղբայր իմ, որքա՜ն կուզենայի Ձեր սրտի անոթի մեջ հեղել մխիթարության բալասանը: Ա՛յլ բան չեմ կարող անել, եթե ո՛չ միայն՝ կրկնել Վերջին Ընթրիքի ժամանակ Հիսուսի կողմից արտասանված խոսքերը: Վստահ եմ, որ տհաճություն չեմ պատճառի Իրեն, որովհետև Իր փոքրիկ հարսնացուն եմ, և հետևաբար՝ Իր ունեցվածքը պատկանում է նաև ինձ: Կրկնում եմ Ձեզ, ուրեմն, այն, ինչը որ Նա ասում էր Իր մտերիմներին. «Գնում եմ Հորս մոտ: Սակայն, որովհետև ձեզ այս բաներն ասացի, տրտմությունը լցրեց ձեր սրտերը: Բայց ես ճշմարիտն եմ ասում ձեզ. լա՛վ է ձեր համար, որ ես գնամ: Դուք այժմ տրտմում եք, բայց ես կրկին տեսնելու եմ ձեզ, և ձեր սրտերն ուրախանալու են. և ձեր ուրախությունը ոչ ոք չի կարողանալու հեռացնել»[2]: Այո՛, վստահ եմ, որ կյանքի մեջ մուտք գործելուցս հետո սիրելի Եղբորս տրամադրությունը կփոխվի ջինջ ու վճիտ բերկրանքի, որը ոչ մի արարած չի կարողանա խլել նրանից:
Մենք, զգում եմ, պարտավոր ենք միևնույն ճանապարհով քայլել դեպի Երկինք. այն է՝ սիրույն միացած տառապանքով: Երբ այլևս նավահանգստում կլինեմ, կուսուցանեմ Ձեզ, իմ հոգու սիրելի Եղբայր, թե ինչպե՛ս պետք է նավարկեք ընդմեջ այն փոթորկահույզ ծովի, որ կոչվում է աշխարհ. մանկական սիրով ու վստահությամբ, որով այդ փոքրիկ հոգիները համոզված են, որ Հայրը սիրում է իրենց և չի կարող իրենց միայնակ թողնել վտանգի պահին:
Ա՜հ, որքա՜ն կուզենայի հասկացնել Ձեզ Հիսուսի Սրտի քնքշանքը, նաև այն, ինչը որ ակնկալում է Ձեզնից: Ձեր այս ամսվա նամակը ցնծությամբ լցրեց սիրտս: Հասկացա առավել քան երբեք, թե մինչև ո՛ր աստիճան են մեր հոգիները նման միմյանց, որովհետև տեսա, որ Դուք նույնպես կանչված եք առ Աստված բարձրանալու շնորհիվ սիրո վերելակի, և ո՛չ թե վախի անհարթ ու դժնդակ աստիճաններով: Ինձ չի զարմացնում այն հանգամանքը, որ Հիսուսի հետ բարեկամության, ընտանի մտերմության գործադրումը թվում է Ձեզ մի քիչ դժվար իրագործելի: Հնարավոր չէ հասնել դրան մեկ օրում, բայց վստահ եմ, որ Ձեզ ավելի շատ կօգնեմ ընթանալու այդ խնկաբույր ճանապարհով երբ այլևս ազատված կլինեմ իմ այս մահկանացու բանտից, և շա՜տ շուտով ի վիճակի կլինեք կրկնելու Սուրբ Օգոստինոսի հետ. «Սերն այն կշիռն է, որ կրում է ինձ»[3]:
Կուզենայի փորձել հասկացնել Ձեզ, մի պարզունակ համեմատության միջոցով, թե Հիսուսը որքա՜ն է սիրում այն անձանց, որոնք նույնիսկ անկատար լինելով՝ վստահում են Իրեն:
Ենթադրենք, թե մի հայր երկու որդի ունի, երկուսն էլ կարճամիտ ու անհնազանդ: Մի օր, երբ վերջիններիս անկարգությունների համար հայրը կամենում է պատժել նրանց, տեսնում է, որ նրանցից մեկը դողում է ու, մի անկյուն քաշվելով, սարսափահար կծկվում, սրտում ունենալով հանդերձ պատժին արժանացած լինելու մի խորը զգացում: Մինչդեռ մյուսը հոր գիրկն է նետվում ասելով, որ զղջում է նրան պատճառած վշտի համար, որ սիրում է նրան և որ այդուհետև ընթանալու է արդարության շավիղներում: Եվ եթե այդքանից հետո այդ պատանին ուղղակի խնդրի հորը պատժել իրեն մի համբույրով, չեմ կարծում, թե այդ բախտավոր հոր սիրտը կկարողանա դիմադրել իր զավակի որդիական վստահությանը. զավակ, որի անկեղծությունն ու սերը հայտնի են իրեն: Այդ հայրը չի անգիտանում, անշուշտ, որ որդին մեկից ավելի անգամներ ընկնելու է իր նույն թերությունների մեջ, բայց տրամադիր է միշտ ներելու նրան, եթե նա միշտ բռնի իրեն սրտի կողմից: Մյուս որդու մասին, սիրելի Եղբայր իմ, չեմ ասում ոչինչ: Դուք ինքներդ կարող եք հասկանալ, որ հայրը կարող է սիրել նրան նո՛ւյնքան և վարվել նրա հետ միևնո՛ւյն ներողամտությամբ, ինչպես վստահասիրտ եղբոր հետ:
Բայց ինչո՞ւ եմ գրում Ձեզ վստահության ու սիրո մասին: Մտքերս բացատրում եմ այնքա՜ն վատ, որ հարկադրված եմ սպասել Երկնքին՝ Ձեզ այդ երջանիկ կյանքի մասին խոսելու համար: Այսօրվա նպատակս պարզապես Ձեզ մխիթարելն էր: Քանի՜ցս երջանիկ կլինեի, եթե Դուք նույնպես ընդունեիք իմ մահն այնպես, ինչպես այն ընդունում է Մայր Ագնես Հիսուսին: Դուք բնականաբար չգիտեք, որ նա ինձ քույր է կրկին անգամ, և որ իմ համար մայր է եղել մանկությանս օրերին: Մեր վերապատվելի Մայրը մեծապես վախենում էր, թե նրա դյուրազգաց նկարագիրն ու իմ հանդեպ տածած մեծ սերը չափազանց դառը կդարձնեին իր համար մեկնումս: Բայց կատարվեց ճիշտ հակառակը, նա մահվանս մասին խոսում է ինչպես մի տոնի մասին, և սա է իմ համար մեծագույն մխիթարությունը:
Խնդրում եմ Ձեզ, Եղբայր իմ, Դուք նույնպես ջանացեք այդպես վարվել և համոզվել, որ փոխանակ կորցնելու՝ կգտնեք ինձ, և ես չեմ լքի Ձեզ երբեք:
Միևնույն շնորհը խնդրեցեք նաև մեր վերապատվելի Մոր համար, որը շատ է սիրում ինձ, և ես սիրում եմ իրեն է՛լ ավելի, որովհետև նա իմ տեսանելի Հիսուսն է: Սիրով կտայի Ձեզ այն, ինչ խնդրում եք[4], եթե աղքատություն ուխտած չլինեի, որի պատճառով չեմ կարող տնօրինել մի փոքրիկ նկար անգամ: Մեր վերապատվելի Մայրն է միայն, որ կարող է ընդառաջել Ձեզ, և գիտեմ, որ դրական կպատասխանի Ձեր խնդրանքներին: Այս առումով. ի նկատի ունենալով մոտակա մահս, միաբանակից քույրերիցս մեկը լուսանկարեց ինձ մեր Մոր անվան տոնի կապակցությամբ: Նորընծայուհիները, երբ տեսան այդ նկարները, բոլորը միաձայն հաստատեցին, թե չափազանց հանդիսավոր կերպարանք էի ընդունել: Թվում է, թե սովարաբար ավելի ժպտուն եմ, բայց հավատացեք ինձ, Եղբայր իմ, որ թեև չի ժպտում Ձեզ իմ լուսանկարը, հոգիս երբեք չի դադարելու Ձեզ ժպտալուց, երբ այլևս Ձեր կողքին կլինի, Ձեզ մարտակից:
Ցտեսությո՜ւն, իմ շա՜տ սիրելի Եղբայր. վստահ եղեք, որ հավիտյան լինելու եմ Ձեր իրական քույրը:
 
 
Թերեզա Հիսուս Մանկան և Սուրբ Դեմքի
անարժանաբար՝ կարմեղական միանձնուհի

[1] Իր 6 Հուլիս 1897 թվակիր նամակում, որին այժմ պատասխանում է Սրբուհին, Թերեզայի հոգևոր եղբայրը սրտաճմլիկ խոսքերով արտահայտում էր այն ցավը, որ իրեն պատճառում էր իր հոգևոր քրոջ մոտակա անխուսափելի մահը:

[2] Հվհ 16, 5-7.22

[3] Սբ. Օգոստինոս, Խոստովանություններ, ԺԳ 9.10.

[4] Թերեզայի հոգևոր եղբայրը գրում էր. «Խնդրում եմ ինձ որպես հիշատակ թողնել Ձեզ պատկանած առարկաներից որևէ մեկը, եթե հարմար եք գտնում՝ Խաչելությունը»:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։