Մայր Մարիամ Գոնձակայից ստացած խստակրոն դաստիարակությունը – Գրադարան – Mashtoz.org

Մայր Մարիամ Գոնձակայից ստացած խստակրոն դաստիարակությունը

268. Ա՜հ, լավ եմ զգում, Մայր սիրելի, Տերն ինքն է, որ խոսում է ինձ Ձեր միջոցով: Քույրերից ոմանք կարծում են, թե շփացրել եք ինձ, թե այն օրից ի վեր, ինչ մտել եմ տապան, Ձեզնից փաղաքշանք ու գովասանքներ եմ միայն ստացել: Բայց այդպես չէ: Կտեսնեք, Մայր իմ, այն տետրում, որն իր մեջ բովանդակում է մանկությանս հուշերը, թե ես ինքս ի՛նչ կարծիքի եմ այն անաչառ ու մայրական դաստիարակության վերաբերյալ, որ ստացա Ձեզնից: Սրտիս ամենահեռավոր խորքերից երախտագիտությունս եմ հայտնում Ձեզ, ինձ երբեք չխնայելու համար: Հիսուսը լավ գիտեր, որ Իր խեղճ ծաղիկին անհրաժեշտ էին նվաստացման կենսագործիչ ջրերը, որովհետև այն շատ տկար էր՝ առանց այդ օգնության արմատներն հողում ամրացնելու համար: Եվ Ձեր միջոցով էր, Մայր իմ, որ ինձ շնորհվեց այդ բարիքը:

 

269. Մեկուկես տարուց ի վեր Հիսուսը կամեցավ փոխել Իր ծաղիկն աճեցնելու կերպը: Անկասկած նրան բավական ոռոգված գտավ, որովհետև այժմ արևն է, որ ուռճացնում է նրան: Հիսուսը նրան Իր ժպիտն է միայն պարգևում, և դա նույնպես Ձեր միջոցով, Մայր սիրելի:

Ծաղիկը, նվաղելու փոխարեն, այս քաղցր արևի տակ ուժեր է ստանում սքանչելի կերպով, իր թերթիկներից կազմված բաժակի խորքում նա պահում է ստացած մեծարժեք ցողի կաթիլները, և այդ կաթիլները նրան միշտ հիշեցնում են, որ փոքր է ու տկար: Բոլոր արարածները կարող են մեծ հաջողությամբ դեպի նա խոնարհեցնել իրենց հայացքները, զմայլվել նրանով, ծածկել նրան գովասանքներով: Չգիտեմ ինչո՛ւ, բայց այդ բոլորը չէր կարողանա ավելացնել և ո՛չ իսկ մեկ կաթիլ կեղծ ուրախություն այն ճշմարիտ իրական բերկրանքին, որը նա վայելում է իր հոգու խորքում, տեսնելով իրեն այնպիսին, ինչպիսին է ըստ աստվածային գնահատման. խեղճուկրակ փոքրիկ ոչնչություն, և ոչի՛նչ ավելի: Ասում եմ, թե չեմ հասկանում ինչո՛ւ. բայց պատճառը թերևս այն չէ՞, որ նրան չտրվեց գովասանքների ջուրն այն ամբողջ ժամանակվա ընթացքում, երբ իր փոքրիկ բաժակը դեռ բավականին լի չէր խոնարհության ցողով: Այժմ վտանգներ այլևս չկան, ընդհակառակն՝ փոքրիկ ծաղիկն այնքա՜ն քաղցրահամ է գտնում ցողը, որով լի է, որ մեծ աչալրջությամբ զգուշանում է գովասանքների անհամ ջրերի հետ փոխանակելուց:

 

270. Չեմ ուզում խոսել, Մայր սիրելի, այն սիրո ու վստահության մասին, որ Դուք ցուցաբերում եք իմ նկատմամբ: Մի՛ կարծեք, թե Ձեր դստեր սիրտն անզգա է, ո՛չ, այլ՝ պարզապես զգում եմ, թե այժմ կարող եմ չվախենալ ոչնչից, ընդհակառակն՝ կարող եմ վայելել դրանք, Տիրոջը վերագրելով այն բարին, որ Նա Ինքը կամեցավ ստեղծել ինձնում: Եթե Նրան հաճելի է ինձ ավելի լավը թվացնել, քան իրականում եմ (սա ինձ չի վերաբերվում), ազատ է վարվելու այնպես, ինչպես կամենում է: Ա՜հ, Մայր իմ, որքա՜ն տարբեր են ճանապարհները, որոնցով Աստված առաջնորդում է հոգիներին: Սրբերի կենսագրություններում տեսնում ենք, որ կան նրանց մեջ շատերը, որ չեն ցանկացել իրենց մահից հետո թողնել ոչինչ, ոչ մի փոքրիկ հիշատակ, ոչ մի փոքրիկ գրություն: Բայց նաև ընդհակառակն, կան ուրիշներ, որոնք, ինչպես մեր Մայր Սրբուհի Թերեզան[1], հարստացրեցին Եկեղեցին իրենց վսեմ հայտնություններով, չվախենալով հռչակել Թագավորի գաղտնիքները[2], որպեսզի Նա ավելի լավ ճանաչվի ու ավելի սիրվի հոգիների կողմից: Սրբերի այս երկու տարբեր խմբերից ո՞րն է ավելի հաճելի Տիրոջը: Ինձ թվում է, Մայր սիրելի, թե երկուսն էլ հավասարապես հաճելի են Նրան, որովհետև բոլորն էլ հետևել են Սուրբ Հոգու ներշնչումներին, իսկ Տերն Ինքն ասել է. «Ասացեք արդարին, որ ամեն բան բարի է»[3]: Այո՛, ամեն բան լավ ու բարի է, երբ Հիսուսի կամքին ենք միայն հետամուտ լինում: Սա՛ է պատճառը, որից մղվելով ես՝ խեղճ փոքրիկ ծաղիկս, հնազանդվում եմ Հիսուսին, փորձելով հաճույք պատճառել իմ սիրելի Մորը:

 

[1] Տե՛ս՝ Ձեռագիր Ա., 2րդ գլուխ, հատ. 60ի համապատասխան ծանոթագրությունը:

[2] Տբթ 12, 7

[3] Ես 3, 10

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։