Մարիան մտնում է Կարմեղոս – Լեոնիան – Երկնային պատասխանը – Գրադարան – Mashtoz.org

Մարիան մտնում է Կարմեղոս – Լեոնիան – Երկնային պատասխանը

126. Բայց նախքան Երկնքի հայրական հարկի տակ ընտանիքս վերամիավորված տեսնելը, պետք է անցնեի բազում բաժանումների բովով: Այն տարին, որում ընդունվեցի «Մարիամի Որդիների» շարքերը, ինձնից հափշտակվեց սիրելի Մարիաս, հոգուս միակ նեցուկը[1]: Մարիան էր, որ առաջնորդում էր ինձ, մխիթարում, օգնում գործադրելու առաքինությունները: Անկասկած Փոլինը պահել էր իր մնայուն տեղը սրտիս մեջ, բայց Փոլինը հեռու էր, ինձնից շա՜տ հեռու: Այնքա՜ն էի տառապել՝ առանց նրա ապրելուն վարժվելու համար, հաշտվելու համար իմ և իր միջև անթափանցելի պատերի գոյության հետ. բայց ի վերջո ընդունել էի տխուր իրականությունը: Փոլինը կորած էր իմ համար, չէի կարող հաղորդակցվել իր հետ, գրեթե այնպես, ինչպես եթե մեռած լիներ: Ինձ դեռ սիրում էր, աղոթում էր իմ համար, բայց հոգուս աչքերին այնքա՜ն սիրելի Փոլինը դարձել էր մի Սրբուհի, որը չպետք է որ այլևս հասկանար երկրային խնդիրները. ինչպես նաև տկարությունները խեղճ Թերեզայի, եթե նա տեղեկանար դրանց, շատ կզարմանար, և թերևս դրանք արգելք կհանդիսանային իրեն՝ իր փոքրիկ քրոջը սիրելու համար: Մյուս կողմից, եթե նույնիսկ կամենայի վստահել իրեն մտքերս, ինչպես Բուիսոնեում, չէի կարող, քանի որ խոսարանի մի քանի սրընթաց րոպեները Մարիային էին վերապահված: Սելինն ու ես իրավունք ունեինք խոսելու միայն վերջում ... : Այդպիսով, իրո՛ք միայն Մարիային ունեի, նրա ներկայությունն իմ համար անհրաժեշտություն էր, միայն իրեն էի պատմում խղճահարություններս, և այնքա՜ն հնազանդ էի, որ խոստովանահայրս անգամ երբեք չիմացավ սարսափելի հիվանդությամբ բռնված լինելս. խոստովանում էի մեղքերի այն քանակը, որոնց համար խոստովանվելու թույլտվություն էի ստանում Մարիայից, ոչ մի հատ ավելի: Հետևաբար, Մարիան տեղյակ էր հոգուս խորքում կատարվող իրադարձություններին, գիտեր նաև Կարմեղոս մտնելու փափագս. և ես նրան այնքա՜ն էի սիրում, որ առանց իր չէի կարողանում մնալ:

 

127. Ամեն տարի մորեղբորս կինը մեզ հերթով հրավիրում էր Թռուվիլ. ես սիրում էի այնտեղ գնալ, բայց Մարիայի հետ: Երբ նա իմ հետ չէր, շատ էի ձանձրանում: Եվ սակայն, մի տարի իմ համար իրոք հաճելի եղավ Թռուվիլը: Հայրիկի դեպի Կոստանդնուպոլիս կատարած ճամփորդության տարին էր[2]: Մեզ մի քիչ սթափում շնորհելու համար (քանի որ շա՜տ էինք տխրել Հայրիկի բացակայության պատճառով) Մարիան ինձ ու Սելինին երկու շաբաթով ծովափ ուղարկեց: Մորեղբորս կինը մեր համար հոգաց հնարավոր գրեթե բոլոր զվարճությունները. զբոսանք ջորիի վրա հեծած, ձկնորսություն կարթով, և այլն: Դեռ բավական մանուկ էի, հակառակ տասներկուսուկես տարիներիս. հիշում եմ ուրախությունս, երբ վարսերս պճնեցի այն կապտավուն ժապավեններով, որոնք նույն օրը նվեր էի ստացել մորեղբորս կնոջից: Նաև հիշում եմ, որ հենց Թռուվիլում խոստովանվեցի այդ մանկական հաճույքը, որն այնժամ ինձ ծանր հանցանք էր թվում: Օգտակար փորձառություններ էլ ունեցա: Մորեղբորս աղջիկը հաճախ էր գլխացավ ունենում և արցունքներ հեղում. այդպիսի պահերին մորեղբորս կինը փայփայում էր նրան, քնքշալի անուններ տալիս: Սիրասուն զարմուհիս, սակայն, չնայած այդ ամենին, շարունակում էր լալ ու ճչալ, թե գլխացավ ունի: Ես, որ գրեթե ամեն օր գլխացավ ունեի, բայց երբեք չէի տրտնջում, մի օր ուզեցի նմանվել Մարիամին. այդ նպատակի համար ինձ պարտավորված զգացի արցունքներ հեղելու, հյուրասենյակի անկյուններից մեկում գտնվող բազկաթոռի վրա: Իսկույն իմ մոտ փութացին մորեղբորս կինն ու մեծ զարմուհիս՝ Հովհաննան. «Ի՞նչ է պատահել»: «Գլուխս է ցավում»: Չհավատացին, սակայն, որ գլխացավն էր արտասվելուս պատճառը, և այդպես էլ չկարողացա նրանց համոզել, որ անկեղծ էի իրենց հետ: Փայփայելու փոխարեն, հետս խոսեցին ինչպես մեծահասակ անձի հետ, իսկ Հովհաննան նույնիսկ հանդիմանեց, ասելով, որ թերանում էի մորեղբորս կնոջ հանդեպ վստահության մեջ. որովհետև կարծում էին, թե խղճահարություններս էին լացիս բուն պատճառը: Մի խոսքով, ձախողումս փորձառության առիթ եղավ և առաջադրեցի այդուհետև չտարվել ուրիշներին նմանվելու ցանկությունից: Ինչպես նաև հասկացա «Ավանակի ու շնիկի» առակը[3]: Ես էի այդ ավանակը, որ տեսնելով շնիկին շռայլված գուրգուրանքները, իր տձև սմբակը սեղանին էր դրել՝ հուսալով ընդունել համբույրների իրեն հասանելիք բաժինը: Բայց ավա՜ղ. եթե խեղճ կենդանու նման դուրս չվռնդվեցի գավազանի հարվածների տակ, ապա լիովին վարձատրվեցի արարքիս համար, և այդ վարձատրությունն ինձ մեկընդմիշտ բժշկեց անձիս վրա ուշադրություն գրավելու փափագից: Այդ նպատակով գործադրած միակ ջանքս իմ համար խիստ թանկ արժեց:

Հաջորդ տարի, այսինքն՝ այն տարին, որում սիրելի Կնքամայրս հեռացավ տնից, մորեղբորս կինը ևս մեկ անգամ հրավիրեց Թռուվիլ, բայց այս անգամ միայն ինձ: Այնքա՜ն աքսորված զգացի ինձ, որ երկու կամ երեք օրերի ընթացքում հիվանդ մնացի, այնպես՝ որ անհրաժեշտ եղավ ինձ Լիզյո վերադարձնել[4]. վախենում էին, որ միգուցե կրկին ծանր հիվանդություն էր, բայց իրականում Բուիսոնեի կարոտն էր: Հազիվ ոտքս տուն դրեցի, առողջությունս վերականգնվեց: Եվ այդ փոքրիկ մանկիկից էր, որ Աստված կամենում էր խլել կյանքի միակ նեցուկը:

 

128. Երբ տեղեկացա Մարիայի որոշմանը[5], առաջադրեցի այլևս ոչ մի հաճույք կամ սփոփանք չակնկալել այս աշխարհում: Այն ժամանակից ի վեր, ինչ դուրս էի ելել վարժարանից, զետեղել էի ինձ Փոլինի նախկին նկարչական սենյակում[6], որը կահավորել էի ճաշակիս համաձայն: Իսկական շուկա էր, հետաքրքրաշարժ ու խղճալի իրերի հավաքածու, պարտեզ ու թռչնանոց: Այսպիսով, պատուհանն իր մեջ ներառնող պատի վրա կախված էին սև փայտից պատրաստված, բայց առանց Քրիստոսի մի մեծ խաչ և ինձ հաճելի մի քանի նկարներ: Մյուս պատի վրա ամրացված էր մի կավե ծաղկաման՝ նուրբ խոտերով ու ծաղիկներով: Չորրորդ պատի վրա միայնակ իշխում էր Փոլինի նկարներից մեկը՝ տասնամյա հասակում: Այդ նկարի ներքևում մի սեղան կար, որի վրա տեղադրել էի մի ընդարձակ վանդակ, բազմաթիվ փոքրիկ թռչնակներով, որոնք իրենց երաժշտական ճռվողյունով գլխացավ էին պատճառում այցելուներին, բայց ո՛չ երբեք իրենց տիրուհուն, որն իրենց շա՜տ էր սիրում: Այնտեղ էր նաև սպիտակ պահարանը, լի՝ դպրոցական գրքերով, տետրակներով, և այլն: Այդ փոքրիկ պահարանի վրա էի տեղադրել Սուրբ Կույսի արձանիկը, միշտ բնական ծաղիկներով լի ծաղկամաններով ու մոմակալներով զարդարված և շրջապատված ուրիշ Սրբերի ու Սրբուհիների ավելի փոքրադիր արձանիկներով. ոստրեներով շինված փոքրիկ կողովներ, ստվարաթղթե տուփիկներ և այլն: Վերջապես պարտեզս, որ կախված էր պատուհանի առաջ, ուր թաղարների մեջ խնամում էի այն ամենահազվագյուտ ծաղիկները, որ կարողանում էի գտնել: Դեռ մի փոքրիկ պարտեզ էլ «թանգարանիս» ներսում ունեի, ուր պահում էի նախասիրածս բույսը: Պատուհանի առջև էր գտնվում կանաչ սփռոցով ծածկված սեղանս, որի ճիշտ կենտրոնում դրել էի մի ջրի ժամացույց, Սուրբ Հովսեփի արձանիկը, մի ծաղկաման, մի թանաքաման, և այլն: Մի քանի կաղ աթոռներն ու Փոլինի տիկնիկին հատկացված անկողինը լրացնում էին սենյակիս ամբողջ կահկարասին: Իրոք, այդ սենյակը մի առանձին աշխարհ էր իմ համար, և պարոն Դը Մեսթրը մեծ հաջողությամբ կարող էր գիրք գրել այնտեղ՝ անվանելով «Ճամփորդություն սենյակիս ներսում»: Այդ փոքրիկ տարածքում փակվում էի ժամե՜ր ու ժամե՜ր, սովորելով և մտածելով այն գեղատեսիլ բնապատկերի թողած ներշնչման ազդեցությամբ, որ տարածվում էր սենյակիս առջև:

 

129. Երբ Մարիայի մեկնման օրը մոտեցավ, սենյակս կորցրեց իր ամբողջ հմայքը, չէի կարողանում գեթ մի պահ հեռանալ սիրելի քրոջս մոտից, որ շուտով մեկընդմիշտ հեռանալու էր մեզնից: Համբերություն գործադրելու քանի՜ քանի՜ առիթներ տվեցի նրան: Իր սենյակի դռան մոտով ամեն անցնելուս բախում էի և սպասում մինչև որ բացի, ապա գրկում էի նրան ամբողջ ուժով, կամենում էի համբույրների պաշար հավաքել այն ամբողջ ժամանակվա համար, որ նրան չէի տեսնելու: Մարիայի Կարմեղոս մտնելուց մի ամիս առաջ Հայրիկը մեզ կրկին Ալանսոն տարավ, բայց այդ ճամփորդությունն արդեն բավական հեռու էր առաջինին նմանվելուց. ամեն բան իմ համար թախիծ էր ու դառնություն: Չեմ կարող խոսքերով նկարագրել, թե որքա՜ն արցունք հոսեց Մայրիկի գերեզմանի առաջ, որովհետև մոռացել էի շուշանների ծաղկեփունջ տանել իր համար: Վշտանում էի ամեն ինչի համար: Այժմվա ճիշտ հակառակն էի. այժմվա, որովհետև մարդասերն Աստված տվեց ինձ մի շնորհ, որի օգնությամբ չեմ կապնվում անցողիկ իրերին և չեմ պայքարում դրանք ձեռքբերելու համար: Երբ հիշում եմ անցյալը, հոգիս երախտագիտությամբ է լցվում, որովհետև տեսնում եմ այն բոլոր շնորհները, որ ստացա Երկնքից և որոնք այնպե՜ս կերպարանափոխեցին ինձ, որ այլևս անճանաչելի եմ դարձել: Եվ իրո՛ք կամենում էի ստանալ այդ շնորհները, որոնց զինակցությամբ «լիակատար տիրապետություն կունենայի գործերիս վրա, ձգտումներիս տիրուհին կլինեի, և ո՛չ երբեք ստրկուհին»[7]: Նմանության գրքի այս խոսքերը ալեկոծում էին հոգիս, բայց ես դե՛ռ պետք է ձեռք բերեի, գրեթե իմ վիթխարի փափագներով միայն, այդ անգին շնորհը: Տակավին մանուկ էի, որը թվում է, թե ուրիշ փափագ չուներ, եթե ոչ միայն՝ ուրիշների կամքի կատարումը: Եվ դա Ալանսոնի ծանոթ անձանց տեղի էր տալիս ասելու, թե կամքից թույլ էի:

 

130. Այս ճամփորդության ընթացքում էր, որ Լեոնիան Քլարիսների վանքը մտնելով կրոնավորուհի դառնալու փորձ կատարեց[8]: Ինձ մեծ տհաճություն պատճառեց այդ տարօրինակ մուտքը, որովհետև շատ էի սիրում նրան և չէի կարողացել վերջին համբույրս տալ մեկնումից առաջ:

Երբեք չեմ մոռանա սիրելի Հորս միաժամանակ բարությունն ու վիշտը, երբ մեզ հայտնեց, որ Լեոնիան Քլարիսների զգեստն է արդեն հագնում: Ինչպես մենք, նա նույնպես շատ տարօրինակ էր գտնում կատարվածը, բայց ոչինչ չէր ասում, տեսնելով, թե որքա՛ն դժգոհ էր Մարիան: Մեզ դեպի վանք առաջնորդեց, ուր սիրտս հանկարծ սկսեց ճմլվել, մի բան, որ մինչ այդ չէր պատահել ոչ մի վանքում. զգացումներս Կարմեղոսի հանդեպ տածածներիս ճիշտ հակառակն էին, ուր ամեն ինչ ընդարձակում էր սիրտս: Միանձնուհիներին տեսնելն ինձ ոչինչ չասաց և նրանց շարքերն ընդգրկվելու միտքն անգամ չունեցա: Ինչ, սակայն, վերաբերվում է Լեոնիային, հիրավի գեղեցիկ էր իր նոր հանդերձանքով. շարունակ պատվիրում էր մեզ նայել իր աչքերին, որովհետև շուտով այլևս երբեք չէինք կարողանալու տեսնել դրանք (Քլարիսները խոսելիս դեպի վար են խոնարհում իրենց հայացքները): Բայց մարդասերն Աստված գոհացավ միայն երկու ամսվա զոհողությամբ և Լեոնիան վերադարձավ ցուցադրելու մեզ իր գեղեցիկ երկնագույն աչքերը, որոնք հաճախ էին արցունքներով ողողվում:

Հոկտեմբերի 15ը եղավ բաժանման օրը: Բուիսոնեի կենսուրախ ու մարդաշատ ընտանիքում մնում էին միայն վերջին երկուսը: Աղավնիները հեռացել էին հայրական բնից. նրանք, որ մնացել էին, անձկագին փափագում էին ճախրել մյուսների նման, բայց նրանց թևերը դեռ շատ տկար էին թռիչք առնելու համար:

Մարդասերն Աստված, որ կամենում էր Իր մոտ կանչել նրանցից ամենափոքրին ու ամենատկարին, շտապեց ամրացնել նրա թևերը: Նա, որ Իր բարությունն ու զորությունը ակներև դարձնելու համար օգտագործում է նվաստ գործիքներ, որոշեց կանչել ինձ Սելինից առաջ, որն անկասկած ինձնից ավելի արժանի էր ստանալու այդ շնորհը. բայց Հիսուսը գիտեր, թե որքա՜ն տկար էի, այդ իսկ պատճառով ուզեց նախևառաջ ինձ թաքցնել ժայռի խոռոչում[9]:

 

131. Երբ Մարիան Կարմեղոս մտավ, դեռ բավական տառապում էի խղճահարություններիս ձեռքում: Այլևս չկարողանալով խոսակցել իր հետ, հայացքս դեպի Երկինք հառեցի: Դիմեցի այն չորս հրեշտակներին, որ ինձնից առաջ հեռացել էին երկրից, որովհետև խորհում էի, որ այդ անմեղ հոգիները, որ երբևէ չէին ենթարկվել երկրի փոթորիկներին ու սարսափներին, պարտավոր էին խղճալ իրենց փոքրիկ քրոջը, որ չարչարվում էր երկրի վրա: Խոսեցի նրանց հետ մանկական պարզությամբ, իրենց ուշադրությանը ներկայացրեցի այն հանգամանքը, որ ընտանիքի ամենափոքրը լինելով՝ միշտ ամենասիրվածն էի և քույրերիս կողմից ամենաշատ փայփայվածը. և եթե իրենք նույնպես մնացած լինեին երկրի վրա, անկասկած միևնույն սերը կունենային իմ նկատմամբ: Իրենց դեպի Երկինք մեկնումն ինձ մոռանալու բավարար պատճառ չէր թվում ինձ. ավելին, աստվածային գանձերին առավել մոտ գտնվելով՝ պետք է իմ համար խաղաղություն ստանային և այդպիսով ապացուցեին, որ Երկնքում դեռ գիտեն սիրել: Պատասխանը չստիպեց սպասել. շուտով խաղաղությունը ողողեց հոգիս իր քաղցր ալիքներով, և հասկացա, որ եթե սիրված էի երկրի վրա, այդպիսին էի նաև Երկնքում: Այդ օրվանից, ջերմեռանդությունս ավելացավ եղբայրներիս ու քույրերիս հանդեպ, և իմ համար հաճելի է նրանց հետ զրուցելը, խոսելով այս աքսորի տրտմության ու ձանձրույթի շուրջ, ... երկնային Հայրենիքում նրանց շուտով միանալու փափագիս շուրջ:

 

[1] Մարիան Լիզյոյի Կարմեղոս մտավ 1886ի Հոկտեմբերի 15ին, վերցնելով Քույր Մարիա Սուրբ Սրտի անունը:

[2] Պրն. Մարթինը Լիզյոյից մեկնեց 1885ի Օգոստոսի վերջերին: Թերեզայի և Սելինի հյուրընկալությունը Թռուվիլում, հետևաբար, պետք է տեղի ունեցած լինի Սեպտեմբերին:

[3] La Fontaine, Fables, 1.4, 5.

[4] Այս կարճատև արձակուրդը տեղի ունեցավ 1886ի Հուլիսին:

[5] Ամենայն հավանականությամբ՝ նույն Հուլիսին, Թռուվիլից վերադարձին է, որ Թերեզային հայտնում են Մարիայի որոշումը:

[6] Երրորդ հարկի սենյակներից մեկն էր, որի պատուհանները բացվում էին դեպի պարտեզ, մի քիչ ավելի հեռվում ունենալով ''de l'Etoile'' ծառուղու գեղեցիկ տեսարանը:

[7] Նմանություն Հիսուս Քրիստոսի, Գ, ԼԸ 1

[8] Դա տեղի ունեցավ 1886ի Հոկտեմբերի 7ին: Լեոնիան Պրն. Մարթինի հետ այցելել էր Քլարիս միանձնուհիներին, որոնց ճանաչում էր մանկուց ի վեր: Ցուցաբերելով վանք մտնելու աշխույժ փափագ, միանձնուհիներն ընդունել էին նրան իրենց շարքերը: Չափազանց տկար գտնվելով, սակայն, տվյալ միաբանության խստապահանջ օրենքների դիմաց, այնտեղից դուրս ելավ նույն տարվա Դեկտեմբերի 1ին:

[9] Հմմտ. Երգ 2, 14; Ել 33, 22

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։