Մի մխիթարիչ երազ – Գրադարան – Mashtoz.org

Մի մխիթարիչ երազ

Հ.Մ.Հ.Թ.

8 Սեպտեմբեր 1896թ.[1]

 

ԻՄ ՇԱՏ ՍԻՐԵԼԻ՝ ՍՈՒՐԲ ՍՐՏԻ ՔՈՒՅՐ ՄԱՐԻԱՅԻՆ

 

246. Հիսո՜ւս, Սիրելի՜ իմ, արդյոք ո՞վ կարող է խոսքերով հայտնել, թե ինչպիսի՜ գորովով ու քաղցրությամբ ես առաջնորդում փոքրիկ հոգիս: Որքա՜ն հաճելի է Քեզ ամենաստվար փոթորիկիների մեջ անգամ փայլեցնել շնորհիդ ճառագայթը: Հիսո՜ւս, մրրիկն ուժգին շառաչում էր հոգուս խորքում հաղթանակիդ գեղեցիկ տոնից՝ Հարությանդ լուսաճաճանչ տոնից ի վեր, երբ մայիսյան մի շաբաթ օր[2], խորհրդածելով այն գաղտնիմաստ երազների շուրջ, որոնք երբեմն տրվում են որոշ հոգիների, մտածում էի, թե դրանք պետք է բավական քաղցր մխիթարություն պատճառեին ստացողներին: Մտածում էի, բայց նույնը չէի խնդրում իմ համար: Երեկոյան, փոքրիկ հոգիս, ճնշված այն թուխպերի ներկայությունից, որոնք ծածկում էին իր երկինքը, դարձյալ մտածում էր, թե մխիթարական երազներն իր համար չէին. և այդ փոթորիկի մեջ էլ ննջեց: Հաջորդ օրը Մայիսի 10ն էր, Մարիամի ամսվա երկրորդ Կիրակին, թերևս նաև տարեդարձն այն օրվա, որում Սուրբ Կույսը հաճեց ժպտալ իր փոքրիկ ծաղկին[3]:

 

247. Երբ արշալույսն հազիվ էր կարմիրով ներկում հորիզոնը, գտա ինձ (երազի մեջ) մի տեսակ պատկերասրահում, ուր կային ուրիշ բազմաթիվ անձինք ևս, բայց ինձնից հեռու: Միայն մեր Մայրն էր իմ մոտ կանգնած: Հանկարծ, առանց նրանց ներս մտնելը նկատելու, տեսա երեք կարմեղական միանձնուհիներ, զգեստավորված մեր միաբանության հատուկ հանդերձներով ու մեծ քողերով: Ենթադրեցի, թե գալիս էին մեր Մոր մոտ, բայց այն, ինչը որ հասկացա հստակ կերպով, նրանց Երկնքից ժամանելն էր: Սրտիս խորքում ասացի. «Որքա՜ն երջանիկ կլինեի, եթե տեսնեի այդ կարմեղականներից գեթ մեկի դեմքը»: Ճիշտ այդ պահին, կարծես խնդրանքս ընդունելով, սրբուհիներից ամենամեծն ուղղվեց դեպի ինձ: Իսկույն ծունկի եկա: Ա՜հ երջանկություն, կարմեղականը բարձրացրեց իր քողը, կամ ավելի ճիշտ՝ վերցրեց այն և ինձ նրանով ծածկեց: Առանց որևէ երկմտանքի ճանաչեցի երանաշնորհ Մայր Աննա Հիսուսին, Կարմեղոսի հիմնադրուհուն Ֆրանսիայում[4]: Նրա դեմքը փայլում էր աննյութական գեղեցկությամբ, ոչ մի ճառագայթ չէր բխում նրանից, և սակայն, չնայած քողին, որ ծածկում էր մեզ երկուսիս, տեսնում էի այդ երկնային դեմքը լուսավորված մի աննկարագրելի քաղցր լույսով, որ ծագում էր հենց իրենից:

Չեմ կարող պատկերել հոգուս ուրախությունը: Այս բաները զգացվում են, բայց անհնարին է արտահայտել դրանք: Մի քանի ամիսներ են արդեն անցել այդ հոգեթով երազից, բայց հիշատակը, որ այն թողել է հոգուս խորքում, ոչինչ չի կորցրել իր թարմությունից, իր երկնային հմայքից: Դեռ աչքերիս առջև են երանաշնորհ Մոր սիրալի հայացքն ու ժպիտը: Կարծես դեռ զգում եմ այն քնքշանքները, որ շռայլեց ինձ:

 

248. Ինձ այդքա՜ն սիրված տեսնելով, համարձակվեցի արտասանել հետևյալ խոսքերը. «Մա՜յր իմ, աղաչում եմ, ասա՛. Տերը դեռ երկա՞ր է թողնելու ինձ երկրի վրա: Շուտո՞վ կգա ինձ տանելու»: Պատասխանեց մեղմորեն ժպտալով. «Այո՛, շուտո՜վ, շուտո՜վ, խոստանում եմ քեզ»: «Մա՜յր իմ», շարունակեցի, «ասա նաև, թե մարդասերն Աստված չի՞ պահանջում ինձնից ավելին, քան խեղճ փոքրիկ գործերս ու փափագներս: Գո՞հ է ինձնից»: Սրբուհու դեմքն անհամեմատելիորեն ավելի գորովալի արտահայտություն ստացավ, նրա հայացքն ու շռայլած քնքշանքները հարցիս ամենաքաղցր պատասխանը եղան: Բայց նաև ասաց. «Մարդասերն Աստված քեզնից ուրիշ ոչինչ չի պահանջում: Նա գոհ է, շա՜տ գոհ»: Ինձ դեռ որոշ ժամանակ փայփայելուց հետո (մի սիրով, որով ամենազգայուն մայրն անգամ չի փարվում իր որդուն), տեսա, որ նա հեռանում էր: Սիրտս խնդության մեջ էր, բայց հանկարծ հիշեցի քույրերիս, կամեցա շնորհներ խնդրել նրանց համար, բայց, ավա՜ղ, արթնացա:

 

[1] Սրբուհին, խորհրդանշական նպատակով, նամակին տվել է իր ուխտադրության տարեդարձի թվականը (մինչ իրականում գրում էր Սեպտեմբերի 13ից 16ը):

[2] Այդ շաբաթ օրը 1896ի Մայիսի 9ն էր:

[3] Եվ իրոք, Մայիսի երկրորդ Կիրակի օրն էր, որ Սուրբ Կույսը ժպտացել էր Թերեզային 1883 թվականին, բայց այդ Կիրակին Մայիսի 13ն էր, ո՛չ թե 10ը:

[4] Աննա Լոբերացին 1570ին մտնելով Ավիլայի «Սուրբ Հովսեփ» կարմեղական վանքը՝ վերցրեց Քույր Աննա Հիսուսի անունը: Դարձավ խորհրդականն ու գաղափարակիցը Սբ. Թերեզա Մեծի (տե՛ս՝ Ձեռագիր Ա., 2րդ գլուխ, թիվ 60 հատվածի համապատասխան ծանոթագրությունը) և եղավ ժառանգը նրա ոգու: Հետագայում Կարմեղական Միաբանության վերանորոգումը տարածեց Ֆրանսիայում և ա՛յլ երկրներում, այսինքն՝ եղավ շարունակողը Սբ. Թերեզա Ավիլացու կողմից սկսված գործի:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։