Միայն Սերը կարող է մեզ հաճելի դարձնել Աստծուն – Գրադարան – Mashtoz.org

Միայն Սերը կարող է մեզ հաճելի դարձնել Աստծուն

241. Մի՛ կարծեք, թե մխիթարությունների միջով եմ նավարկում: Ո՛չ: Իմ մխիթարությունը՝ երկրի վրա մխիթարություններ չունենալն է: Առանց երևալու, առանց խոսելու, Հիսուսը կրթում է ինձ հոգուս խորքում: Դա չի կատարում գրքերի միջոցով, որովհետև չեմ հասկանում այն, ինչ ընթերցում եմ, բայց երբեմն մեկ բառն անգամ բավական է լինում ինձ մխիթարելու համար, ինչպես ահա՛ այս կարճ նախադասությունը, որ գտա աղոթքիս վերջում, լռության ու ցամաքության մեջ մնալուց հետո. «Ահա՛ ուսուցիչը, որ տալիս եմ քեզ, կհայտնի այն ամենն, ինչ պարտավոր ես անել: Կամենում եմ, որ այն կարդաս կյանքի գրքում, ուր պարփակված է Սիրո գիտությունը»[1]: Սիրո գիտությունը ... . ա՜հ, այո՛, այս խոսքը քաղցրությամբ է ղողանջում հոգուս խորքում, ա՛յս գիտությունն եմ միայն փնտրում: Այն ձեռքբերելու համար բոլոր հարստություններս տալով հանդերձ, թվում է ինձ, ինչպես Երգ Երգոցի սիրուհուն, թե ոչինչ էլ չեմ տվել[2]: Այնքա՜ն լավ եմ հասկանում, որ միայն սերը կարող է հաճելի դարձնել մեզ Տիրոջը, որ այն է կազմում իմ միակ ներշնչարանը:

 

242. Հիսուսը կամեցավ հայտնել ինձ այն միակ ուղին, որն առաջնորդում է դեպի աստվածային հնոցը. այն է՝ իր հոր գրկում անվախ ննջող մանկան խաղաղությունը: «Ով մանուկ է, թող գա իմ մոտ», ասում է Սուրբ Հոգին Սողոմոնի միջոցով[3], և սիրո միևնույն Հոգին մի ա՛յլ տեղ ասում է, որ «Ողորմությունը շնորհված է փոքրերին»[4]: Նրա Անունից խոսելով, Եսայի Մարգարեն ասում է, որ վերջին օրը «Տերը հովվելու է Իր հոտը հովվի նման, Իր բազուկների վրա է հավաքելու փոքրիկ գառնուկներին և Իր սրտին է սեղմելու նրանց»[5]: Եվ կարծես թե այս բոլոր խոստումները բավական չէին, նույն Մարգարեն, որի հայացքը ներթափանցում էր մինչև հավիտենական խորքերը, ասում է Տիրոջ անունից. «Ինչպես մայրն է գգվում իր մանկանը, այնպես էլ ես եմ ձեզ մխիթարելու. կրելու եմ ձեզ իմ գրկում և փայփայելու եմ ծնկներիս վրա»[6]: Ա՜հ, Կնքամայր իմ սիրելի, այսպիսի խոսքերից հետո չի մնում անել ոչինչ, եթե ո՛չ՝ լռել միայն ու արտասվել, երախտագիտությունից ու սիրուց տարված:

 

[1] Petit bréviaire du Sacré Cœur de Jésus, Nuncy 1882.

[2] Հմմտ. Երգ 8, 7

[3] Առկ 9, 4

[4] Իմ 6, 7

[5] Ես 40, 11

[6] Հմմտ. Ես 66, 13

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։