Միլանում, Վենետիկում, Պադովայում, Բոլոնիայում – Գրադարան – Mashtoz.org

Միլանում, Վենետիկում, Պադովայում, Բոլոնիայում

162. Աստծո ամենակարողությամբ զմայվելուց հետո, հնարավորությունն ունեցա զմայլվելու նաև մարդկանց ստեղծագործություններով: Իտալիայի առաջին քաղաքը, որ այցելեցինք, եղավ Միլանը: Մեր մանրամասն ուսումնասիրությունների առարկան դարձավ նրա ամբողջովին սպիտակ մարմարով կառուցված Մայր Տաճարը, որի արձանները գրեթե անթիվ են: Սելինն ու ես անվեհեր էինք, միշտ առաջինները, քայլում էինք հենց գերապայծառ Եպիսկոպոսի[1] ետևից՝ ավելի լավ տեսնելու և բացատրություններն ուշադիր լսելու համար: Այդպիսով, մինչ նա Պատարագի Սուրբ Զոհն էր մատուցում Սուրբ Կառլո Բոռռոմեոյի դամբանի վրա, մենք Հայրիկի հետ միասին խորանի ետևում էինք, գլուխներս հենած այն աճյունակալին, որն իր մեջ էր ամփոփում Սրբի հայրապետական զգեստներ հագած մարմինը: Թողնելով, որ վախկոտ տիկինները շենքի առաջին աստիճանների վրա հազիվ բարձրացած՝ ձեռքերով փակեին իրենց սարսափահար դեմքերը, մենք հետևեցինք ավելի համարձակ ուխտավորներին և հասանք մարմարյա զանգակատան վերջին կետին, որտեղից հաճույքն ունեցանք մեր ոտքերի առաջ սփռված տեսնելու ամբողջ քաղաքը. ժողովուրդը ներքևում փոքրիկ մրջնանոցի էր նմանվում: Մեր դիտակետից վար իջնելով՝ շարունակեցինք շրջագայությունը կառքով. շրջագայություն, որ տևելու էր մեկ ամիս և ցմիշտ հագեցնելու էր առանց հոգնության ընթանալու փափագս:

 

163. Գերեզմանատունն ավելի հիացրեց մեզ, քան եկեղեցին: Սպիտակ մարմարյա արձանները, որոնց թվում է, թե հանճարներից մեկի ձեռքը կենդանություն է հաղորդել, ննջեցյալների այդ ընդարձակ հողի վրա տարածվել էին մի տեսակ անհոգությամբ, ինչն, իմ կարծիքով, ավելացնում էր նրանց հմայքը: Այնքա՜ն կենդանի էին թվում, որ կամենում էի մխիթարական խոսքեր ուղղել այդ «անձանց», որ շրջապատում էին մեզ չորս կողմից: Նրանց դիմագծերի արտահայտություններն այնքա՜ն իրական էին, վիշտը՝ այնքա՜ն խաղաղ ու համակամ, որ անհնարին էր չընդունումն այն անմահ խորհրդածումների, որոնցով հուզվում էին վարպետների սրտերը, մինչ քանդակում էին այդ գլուխգործոցները: Ահա՛ մի մանուկ ծաղիկներ է նետում գերեզմանին, թվում է, թե մարմարը կորցրել է իր ծանրությունը: Անկշիռ թերթիկները սահում ընկնում են մանկական ափերից, քամին ահա՛ ցիրուցան է անում դրանք, ինչպես նաև ծածանում այրիների աղքատիկ քողերն ու օրիորդների վարսերը զարդարող ժապավենները: Հայրիկը հիացած էր ինչպես մենք. Շվեյցարիայում մի քիչ հոգնած էր զգում իրեն, բայց այժմ, կրկին զվարթանալով, վայելում էր այն գեղեցիկ տեսարանը, որը դիտելու հնարավորությունն էր ստացել: Նրա արվեստագետ հոգին բացահայտվում էր հավատքի ու հիացմունքի արտահայտություններով, որ նշմարվում էին իր գեղեցիկ դեմքին:

 

164. Մի տարեց պարոն (ֆրանսիացի), որն անկասկած նման բանաստեղծական հոգի չուներ, ծուռ աչքով էր մեզ նայում և ասում որոշակի կծու տրամադրությամբ, գրեթե ասել ուզենալով, որ ցավում էր մեր հիացումներին մասնակցել չկարողանալու համար. «Ա՜հ, քանի՜ցս հեշտությամբ են խանդավառվում ֆրանսիացիները»: Կարծում եմ, որ այդ խեղճ պարոնն ավելի լավ կաներ, եթե իր տանը մնար, քանի որ դժգոհ էր թվում ճամփորդությունից. հաճախ էր մեր մոտակայքում հայտնվում ու շարունակ տրտնջում. դժգոհ էր կառքերից, հյուրանոցներից, անձերից, քաղաքներից, մի խոսքով՝ ամեն ինչից: Հայրիկն, իր հոգու սովորական մեծության համաձայն, ջանում էր մխիթարել նրան, որովհետև ինքը գոհ էր միշտ և ամենուր, քանի որ իր դժգոհ հարևանի ճիշտ հակառակ բնավորությունն ուներ: Ա՜հ, որքա՜ն զանազան մարդկանց հանդիպեցինք, մեկը մյուսից տարբեր. աշխարհը հետաքրքրաշարժ ուսման դաշտ է իրենից ներկայացնում ... երբ պատրաստվում ես այն թողնել:

 

165. Վենետիկում տեսարանն ամբողջովին փոխվեց. մեծ քաղաքներին հատուկ աղմուկի փոխարեն, կատարյալ լռության մեջ, գոնդոլավարների աղաղակներն ու թիերից ծեծված ալիքների ծփանքն էր միայն լսվում: Վենետիկն իր յուրօրինակ հմայքն ունի, բայց ինձ այն շատ տխուր թվաց: Դոժական պալատը սքանչելի է, բայց չնայած ոսկիով, փայտով, թանկարժեք մարմարներով ու ամենահռչակավոր նկարիչների գործերով ճոխացած իր ընդարձակ դահլիճներին, սրանցով հանդերձ՝ այն նույնպես տխուր է: Երկար ժամանակից ի վեր նրա քաղցրահնչուն կամարներն այլևս չեն արձագանքում ձայնը դուքսերի, որ կյանքի ու մահվան դատավճիռներ էին արձակում այն դահլիճներում, որոնցով այժմ անցնում էինք մենք: Դադարել են տառապել այդ նույն դուքսերի կողմից բանտերում ու ստորգետնյա զնդաններում արգելափակված թշվառ կալանավորները: Այդ սարսափազդու բանտերն այցելելիս ինձ թվում էր, թե մարտիրոսների ժամանակներում էի ապրում, և շա՜տ էի կամենում այնտեղ մնալ՝ նրանց նմանվելու համար: Սակայն անհրաժեշտ եղավ պատրաստակամորեն հեռանալ և ճանապարհին անցնել «Հառաչանքների» կամուրջով, որն այդպես է կոչվում այն մխիթարական հառաչանքների պատճառով, որ դուրս էին գալիս մահապատժի ենթարկված բանտարկյալների բերանից, որովհետև այդ վերջիններն ավելի մահն էին գերադասում, քան ստորգետնյա զնդանների սարսափելի խոշտանգումները:

 

166. Վենետիկից հետո մեկնեցինք Պադովա և մեր հարգանքը մատուցեցինք Սբ. Անտոն Պադովացու անփուտ մնացած լեզվին: Ապա ուղևորվեցինք դեպի Բոլոնիա և տեսանք Սբ. Կատարինե Սիենացու նմանապես անփուտ մարմինը, որ դեռ պահպանում է Մանուկ Հիսուսի կողմից տեսիլքի ժամանակ իրեն տրված համբույրի լուսեղեն հետքը: Քանի՜ քանի՜ հետաքրքրաշարժ մանրամասներ կարող էի պատմել յուրաքանչյուր քաղաքի և մեր ճամփորդության ընթացքում պատահած հազարավոր դեպքերի մասին: Բայց այդպես վարվելով՝ երբեք չէի վերջացնի:

Մեծագույն ուրախությամբ հեռացա Բոլոնիայից, որն իմ համար անտանելի էր դարձել ուսանողների պատճառով, որոնցով լի էր և որոնք անթափանցելի պատ էին կազմում մեր առջև, երբ ոտքով փողոց ելնելու դժբախտությունն էինք ունենում: Եվ հատկապես այն փոքրիկ միջադեպի պատճառով, որ ունեցա նրանցից մեկի հետ[2], երջանիկ եղա, երբ ճանապարհ ընկանք դեպի Լորեթո: Չեմ զարմանում, թե ինչո՛ւ է Սուրբ Կույսն այդ վայրն ընտրել՝ այդտեղ փոխադրելու համար իր օրհնյալ տունը[3]. չորսբոլորդ խաղաղությունը, ուրախությունն ու համեստությունն է, որ թագավորում են անսահմանափակ իշխանությամբ. ամեն բան պարզ է ու նախնական, կանայք պահպանել են իրենց իտալական գեղեցիկ տարազը և չեն ներմուծել Փարիզի նորաձևությունը, ինչպես մյուս բոլոր քաղաքները: Մի խոսքով, Լորեթոն ինձ հմայեց:

 

[1] Գերապայծառ Ժեռմենը՝ Քութանսի եպիսկոպոսը:

[2] Այդ դեպքի վերաբերյալ Քույր Ժընըվիևը (Սելինը) հետագայում պատմել է հետևյալը. «Գնացքից իջնելով Բոլոնիայում, հայտնվեցինք ուսանողներից կազմված մի հորձանքում։ Խառնաշփոթության մեջ, նրանցից մեկը Թերեզային հանկարծ իր գիրկն առավ, այնպիսի ակնթարթային արագությամբ, որ մենք չկարողացանք արգելել: Բայց Թերեզան իսկույն իրեն Սուրբ Կույսին հանձնեց ու այնպիսի՜ ահարկու հայացք նետեց երիտասարդի վրա, որ խեղճը վախից գունատվեց ու անհապաղ ազատ արձակեց որսը» (տե՛ս՝ Բեյեոյի Առաքելական Դատավարական Ընթացքը, հտր. Բ, էջ 470):

[3] Ըստ ավանդության, Լորեթոյում է այժմ գտնվում այն տունը, որտեղ ապրել է Սուրբ Կույսը: Պատմվում է, որ այն այդտեղ է փոխադրվել հրեշտակների կողմից: Հնարավոր ենթադրությունն այն է, որ վերոհիշյալ փոխադրումը իրագործվել է “Angeli” տոհմանունը կրող իտալական մի ընտանիքի կողմից կամ միջոցներով (angeli = հրեշտակներ): Վերակառուցման ընթացքում տունը (կամ ավելի ճիշտ՝ տնակը) պատվել է մարմարյա ձյունափայլ հրաշագեղ քանդակներով: Ավելի ուշ կառուցվել է հսկայաշեն եկեղեցին (ադամանդի պատյանը) և այժմ Սուրբ Տունը գտնվում է եկեղեցու ներսում, կենտրոնից դեպի արևելք ձգտող մասում, տաճարի շինություններից անջատ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։