Մտերմությունը Սելինի հետ – 15 տարեկանում Կարմեղոս մտնելու փափագը – Գրադարան – Mashtoz.org

Մտերմությունը Սելինի հետ – 15 տարեկանում Կարմեղոս մտնելու փափագը

139. Սելինը դարձել էր մտածումներիս միակ ընկերուհին: Սուրբ Ծննդյան գիշերից սկսած, այլևս կարողանում էինք հասկանալ միմյանց: Տարիքի տարբերություն արդեն գոյություն չուներ, որովհետև մեծացել էի և՛ հասակով, և՛ հատկապես շնորհով: Մինչ այդ հաճախ էի դժգոհում Սելինի գաղտնիքներին հաղորդակից չլինելուս համար. պատասխանում էր, որ դեռ չափազանց փոքր էի, հարկավոր էր, որ «աթոռակից ավելի բարձր» լինեի, որպեսզի կարողանար վստահել ինձ: Շատ էի զվարճանում, երբ բարձրանում էի այդ այնքա՜ն թանկագին աթոռակի վրա և խնդրում ավելի մտերմորեն խոսել հետս: Բոլոր հնարքներս, սակայն, ապարդյուն էին անցնում. որոշակի տարածք մեզ այնուամենայնիվ բաժանում էր:

Հիսուսը, որ կամենում էր տեսնել մեր համատեղ առաջադիմությունը, արյունակցական պարզ կապերից ավելի հզոր հարաբերություններ հաստատեց մեր սրտերի միջև: Մեզ հոգևոր քույրեր դարձրեց, մեր մեջ իրագործվեցին Սբ. Հովհաննես Խաչի հետևյալ խոսքերը (դիմելով Փեսային, Հարսը բացականչում է[1]). «Հետևելով քո հետքերին, երիտասարդներն ընթանում են առանց հոգնության. նրանց հպումը կայծին և բուրումնավետ գինուն, առաջացնում է նրանց մեջ իղձեր՝ աստվածապես օծուն»[2]: Այո՛, առանց հոգնության էինք ընթանում Հիսուսի հետքերով դրոշմված ճանապարհով. սիրո կայծերը, որոնցով Նա օծում էր մեր հոգիները շռայլորեն, համեմված գինին, որ տալիս էր մեզ խմելու, մեր աչքերի առջևից անհետացնում էին վաղանցուկ իրողությունները, և մեր շուրթերից դուրս էին փախչում սիրո հառաչանքներ, որոնք Իրենից էին ներշնչված: Որքա՜ն քաղցր էին խոսակցությունները, որ ամեն երեկո ունենում էինք պատշգամբում: Հեռո՜ւ հեռուներում ընկղմված հայացքներով դիտում էինք սպիտակափայլ լուսինը, որ առանց շտապելու բարձրանում էր ծառերից վեր ... արծաթյա փայլը, որ սփռվում էր նիրհող բնության վրա ... աստղերը, որ կայծկլտում էին մթին կապույտի մեջ ... ուշ երեկոյի մեղմիկ, բայց արդեն ցրտաշունչ հովը, որ մի զմայլելի ծփանք ու ալեկոծում էր առաջացնում անձրև սպառնացող գորշ ամպերի մեջ: Ամեն բան վերամբարձում էր մեզ դեպի Երկինք, դեպի այն գեղեցիկ Երկինքը, որից առայժմ ոչինչ չէինք տեսնում, եթե ո՛չ միայն՝ «ջինջ ցոլացումը»[3]:

Չգիտեմ, թե սխալվում եմ կամ ո՛չ, բայց ինձ թվում է, թե մեր հոգիների արտազեղումը նման էր Սրբուհի Մոնիկայի և իր որդու հոգևոր զմայլումին[4], որոնք Օստիա նավահանգստում հափշտակության մեջ էին ընկնում, ապշանքով լի, երբ իրենց առջև տարածված էին տեսնում Արարչի հրաշագործությունները: Թվում է ինձ, թե այնպիսի բարձրակարգ շնորհներ էինք ստանում, ինչպիսիք տրվում են մեծ Սրբերին: Ինչպես Նմանության գիրքն է նկարագրում, Տերը երբեմն պայծառ լույսով է հայտնվում, երբեմն էլ՝ «ստվերների ու խորհրդավոր պատկերների ներքո քաղցրորեն քողարկված»[5]. այս եղանակով էր հայտնվում մեր հոգիներին, բայց որքա՜ն նրբին ու թեթև էր այդ քողը, որ թաքցնում էր մեզնից Հիսուսին: Կասկածն արդեն անհնարին էր, հավատքն ու հույսը հարկավոր չէին այլևս. սերը երկրի վրա մեզ գտնել էր տալիս Նրան, Ում մենք փնտրում էինք: «Նրան միայնակ գտնելով՝ Նա մեզ տվել էր Իր համբույրը, որպեսզի ապագայում ոչ ոք չկարողանար արհամարհել մեզ»[6]:

 

140. Այդքա՜ն մեծ շնորհների զեղումը չէր կարող անպտուղ մնալ. ընդհակառակն, այդ պտուղները շատ առատ եղան և առաքինությունների գործադրումը մեր համար դարձավ քաղցր ու բնական: Սկզբից ի վեր, դեմքիս արտահայտությունները հաճախ էին մատնում հոգուս խռովահույզ վիճակն ու պայքարները, բայց կամաց կամաց այդ արտահայտությունները վերացան և անձիցս հրաժարվելը շատ ավելի հեշտ դարձավ իմ համար[7]: Մի՞թե Հիսուսը չի ասել արդեն. «Ով ունի, նրան ավելի կտրվի և կավելացվի նրա ունեցվածքը»[8]: Հավատարմությամբ ընդունված մի շնորհի փոխարեն Նա ինձ պարգևում էր շա՜տ ու շա՜տ ուրիշներ: Իր Անձն էր տալիս ընդմեջ Սուրբ Հաղորդության, որն այդ օրերին ավելի հաճախ էի ստանում, քան համարձակվում էի հուսալ: Մի կանոն էի որդեգրել, ըստ որի՝ բաց չէի թողնում և ո՛չ իսկ մեկն այն Հաղորդությունների, որոնք խոստովանահայրս թույլատրել էր ընդունել, առանց սակայն դրանց թիվն ավելացնել խնդրելու: Այն ժամանակ այսօրվա համարձակությունը դեռ չունեի, ապա թե ոչ՝ ա՛յլ կերպ կվարվեի, որովհետև վստահ եմ, որ հավատացյալը պարտավոր է հայտնել իր խոստովանահորը, թե ինչպիսի՛ հոգևոր երանություն է պատճառում իրեն Ամենասուրբ Հաղորդության միջոցով Աստծո հետ միանալը: Ոսկյա սրբատուփի մեջ մնալու համար չէ, որ Նա իջնում է Երկնքից ամեն օր, այլ՝ մի ուրիշ Երկինք գտնելու համար, և այս վերջինն անհամեմատելիորեն ավելի սիրելի է Իրեն, քան առաջինը. մեր հոգիների Երկինքը, որ ստեղծված է Իր պատկերով ու նմանությամբ, և որ կենդանի տաճարն է պաշտելի Երրորդության:

Հիսուսը տեսնում էր բարի կամքս և սրտիս ուղղությունը: Մայիս ամսվա ընթացքում խոստովանահայրս թույլատրեց հաղորդվել շաբաթը չորս անգամ, իսկ Հունիսին ավելացրեց նաև հինգերորդը:

Երբ դուրս էի գալիս խոստովանարանից, լալիս էի անսահման քաղցրությամբ. թվում էր, թե Հիսուսն Ինքն էր փափագում նվիրվել ինձ, որովհետև խոստովանանքս շատ կարճ էր տևում, մի բառ անգամ չէի ասում ներքին զգացմունքներիս մասին, քանզի այնքա՜ն հարթ էր ճանապարհը, որով ընթանում էի, և այնքա՜ն ուղիղ, այնքա՜ն լուսավոր, որ Հիսուսից բացի ուրիշ առաջնորդի կարիք չունեի: Առաջնորդներին նմանեցնում էի հավատարիմ հայելիներին, որոնց միջոցով Հիսուսն արտացոլվում է հոգիների մեջ, և ասում էի, որ իմ պարագային բարին Աստված չէր օգտագործում միջնորդներ, այլ՝ ազդում էր ուղղակի կերպով:

 

141. Երբ որևէ պարտիզպան հատուկ խնամքներ է շռայլում բույսերից մեկին, նրա պտուղները ժամանակից շուտ հասունության հասցնելու համար, դա չի անում պտուղները ծառից կախված թողնելու նպատակով, այլ՝ որպեսզի տոնական սեղանի վրա ներկայացնի դրանք: Նմանօրինակ դիտավորությամբ էր վարվում նաև Հիսուսը, երբ շնորհների անձրև էր տեղում Իր փոքրիկ ծաղկի վրա: Հիսուսը, որ Իր երկրային կյանքի ընթացքում բացականչում էր ուրախությամբ խանդավառ. «Գոհությո՜ւն եմ հայտնում Քեզ, Հա՜յր, որովհետև ծածկեցիր այս բաները իմաստուններից ու գիտուններից, և հայտնեցիր մանուկներին»[9], կամենում էր ինձնում ճառագայթել Իր ողորմությունը. քանի որ փոքրիկ էի ու տկար, խոնարհվում էր դեպի ինձ և շշուկով ուսուցանում Իր սիրո գաղտնիքները: Ա՜հ, եթե գիտուններն իրենց ամբողջ կյանքն ուսումների մեջ անցկացնելուց հետո գային ինձ հարցուփորձ անելու, անկասկած ապշած կմնային՝ տեսնելով տասնչորսամյա մի աղջնակ, որ ըմբռնում է կատարելության գաղտնիքները. գաղտնիքներ, որ իրենց գիտությունը չի կարող բացահայտել, որովհետև դրանց տիրանալու համար հարկավոր է հոգով աղքատ լինել:

Ինչպես ասում է Սբ. Հովհաննես Խաչը. «Ո՛չ առաջնորդ ունեի, և ո՛չ էլ լույս, բացի նրանից, որ շողում էր սրտիս մեջ. այդ լույսն առաջնորդում էր ինձ կեսօրվա արևից ավելի անվրեպ, դեպի այն վայրը, ուր սպասում էր ինձ Նա, Ով ճանաչում է ինձ կատարելապես»[10]: Այդ վայրը Կարմեղոսն էր, բայց փնտրածս Անձի հովանու ներքո հանգչելուց առաջ[11] պարտավոր էի բազում տառապանքների միջով անցնել: Աստվածային կանչը, սակայն, այնքա՜ն հզոր էր, որ եթե նույնիսկ բոցերի միջով անցնելու կարիքը զգացվեր, կանեի դա՝ Հիսուսին հավատարիմ լինելու համար:

 

142. Կոչումս քաջալերելու համար միայն մի անձ գտա, այն է՝ սիրելի Մայրս։ Սիրտս հավատարիմ արձագանք գտավ նրա սրտում և առանց նրա դժվար թե կարողանայի հասնել այն օրհնյալ ափին, ուր նա ապրում էր արդեն հինգ տարի։ Այո՛, արդեն հինգ տարի էր, ինչ հեռու էի Ձեզնից, Մայր իմ, կարծում էի, թե այլևս կորցրել էի ձեզ, բայց փորձության պահին Ձեր ձեռքն էր, որ ինձ մատնանշեց անցնելիք ճամփաս։ Այդ մխիթարության կարիքն իրոք ունեի, որովհետև Կարմեղոսի շուրջ խոսակցություններն օրըստօրե ավելի տաժանելի էին դարձել իմ համար, չէի կարողանում այնտեղ մտնելու բաղձանքիս մասին խոսել՝ առանց մերժման դառը դատավճիռն ունկնդրելու։ Մարիան, տարիքս որպես պատճառ ունենալով, անում էր ամեն բան՝ խափանելու Կարմեղոս կատարելիք մուտքս․ Դուք ինքներդ էլ, Մայր իմ, անկեղծությունս փորձելու համար, աշխատում էիք որոշակի սահմանների մեջ հավաքել եռանդս։ Եվ իրոք, եթե իրական կոչում չունենայի, սկզբից ևեթ կհրաժարվեի, քանի որ միայն արգելքների էի հանդիպում, հազիվ թե փորձում էի պատասխանել Հիսուսի կանչին։ Այդ ամենից ճնշված, չէի կամենում Կարմեղոս մտնելու փափագս հայտնել նույնիսկ Սելինին, որի պատճառով էլ շատ էի տանջվում, քանի որ իմ համար շատ դժվար էր նրանից որևէ բան գաղտնի պահելը։ Այդ տառապանքս, սակայն, երկար չտևեց․ շուտով սիրելի քույրս տեղեկացավ որոշմանս և, բոլորի նման տարհամոզման փորձեր կատարելու փոխարեն, սքանչելի քաջությամբ ընդունեց զոհողությունը, որ պահանջում էր իրենից Աստված։ Բայց իր պատասխանի մեծությունը լավ ըմբռնելու համար հարկավոր է իմանալ, թե ի՛նչ աստիճանի էինք իրար միացած։ Ապրում էինք միևնույն գաղափարականով, մի քանի ամսից ի վեր վայելում էինք այն ամենաքաղցր կյանքը, որի մասին երկու ընկերուհիներ երազել միայն կարող են․ շրջակա ամեն բան համապատասխանում էր մեր ճաշակներին, մեզ տրված էր մեծ ազատություն, մի խոսքով՝ համոզված էի, որ դա էր ամենամեծ երջանկությունը, որ հնարավոր է ճաշակել երկրի վրա։ Հազիվ էինք սկսել համտեսել այդ ամենամեծ երջանկությունը, երբ անհրաժեշտությունը զգացվեց միմյանցից ազատորեն բաժանվելու․ և Սելինը չըմբոստացավ։ Հիսուսը կանչում էր ինձ իրենից առաջ և, թերևս, նա իրավունք ուներ դժգոհելու․ զգալով միևնույն կանչը, որ ձգում էր ինձ, իրենն էր մեկնելու հերթը։ Բայց ինչպես մարտիրոսների ժամանակներում, նրանք, որ մնում էին բանտում, իրենց վերջին զվարթ համբույրն էին տալիս մեկնող եղբայրներին, որոնք գնում էին իրենց արյունը հեղելու հանուն Հիսուսի, թերևս մխիթարվում էին այն մտքով, որ իրենց համար գուցե առավել ևս արյունալի խոշտանգումներ էին վերապահված, այնպես էլ Սելինը թողեց, որ իր Թերեզան հեռանար և ինքը միայնակ մնար այն փառահեղ ու արյունալի պայքարում[12], որն Հիսուսից ստացած իր առանձնաշնորհումն էր։

 

[1] Ինչպես Աստվածաշնչում (տե՛ս՝ Երգ Երգոց), այնպես էլ գրեթե բոլոր Սուրբ Հայրերի գործերում, արտահայտելու համար Աստված-Եկեղեցի հարաբերությունը՝ իշխող կերպով օգտագործվում է (այլաբանորեն) Փեսա-Հարս հարաբերությունը, քանի որ երկրային վիճակում ամուսնական միությունն է նկատվում որպես սիրո ամենաբարձր արտահայտություն, երբ անշուշտ ապրվում է ըստ Աստծո կամքի ու օրհնության, պահպանելով իր երեք հատկանիշները. միակությունը, անբաժանելիությունը, արգասավորությունը: Գործածվում է նաև հոր և որդու այլաբանական պատկերը (տե՛ս՝ սույն գրքի թիվ 120 հատվածը), ինչպես որ Տերն մեր Հիսուս, երբ ուսուցանում է մեզ աղոթել, ասում է. «Հայր մեր, որ երկնքում ես ... »։

[2] San Giovanni della Croce, Cantico Spirituale, str. 25.

[3] Alfred Besse de Larze (1848-1904). L'envers du Ciel.

[4] Սրբուհի Մոնիկայի որդին Սուրբ Օգոստինոս Հիպպոնացի Հայրապետն է, Ընդհանրական Եկեղեցու աստվածաբանության և իմաստասիրության գլխավոր ներկայացուցիչներից մեկը: Ծնվելով 354ին, փոթորկահույզ կյանք է ապրում մինչև 384 թվականը, ապա դարձի է գալիս և 387ի Ավագ Շաբաթ օրը մկրտվում է Միլանի Ամբրոսիոս եպիսկոպոսի ձեռքով: Իր կամքին հակառակ, ժողովրդի բռնի հարկադրանքով, քահանա է ձեռնադրվում 391ին, իսկ 396ին նրան է հանձնվում Հիպպոնա քաղաքի եպիսկոպոսական աթոռը: Մահացել է 430ին, աճյունը տեղափոխվել ու թաղվել է Իտալիայի Պավի՛ա քաղաքի Սուրբ Պետրոս եկեղեցում: Հեղինակն է աստվածաբանական ու իմաստասիրական 232 գրքերի, որոնց մեջ կենտրոնական դիրք են գրավում «Խոստովանություններ»ը, «Սաղմոսաց մեկնություն»ը, «Երրորդության մասին» և «Աստծո քաղաքի մասին» աշխատությունները: Իր աստվածապաշտության առանցքն է հանդիսանում մարդու ներաշխարհը՝ աստվածային շնորհի լույսի ներքո դիտված. «Ինքդ քեզնից դուրս մի՛ ել, քանի որ ճշմարտությունը ներքին մարդու մեջ է բնակվում»: Միմիայն խղճի հետ համաձայնության դեպքում է հստակվում միտքը, ազատվում կասկածներից և միաժամանակ բացահայտում Աստծո ներկայությունն իր կյանքից ներս:

[5] Նմանություն Հիսուս Քրիստոսի, Գ, ԽԳ 4

[6] Երգ 8, 1

[7] Սրբուհին ի  նկատի ունի տառապանքներին ու ամեն տեսակ նեղություններին ուրախ դեմքով համբերելը: Հմմտ. Մտթ 6, 16-18

[8] Մտթ 13, 12

[9] Մտթ11, 25

[10] San Giovanni della Croce, Notte oscura, str. 3-4.

[11] Երգ 2, 3

[12] Թերեզան ակնարկում է հիվանդությանը Պրն. Մարթինի, որի խնամքները ծանրացել էին Սելինի վրա, քանի որ միայն նա էր մնացել հայրական տանը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։