Նամակներ Բեյեոյի Եպիսկոպոսին – Սպասման երեք ամիսները – Գրադարան – Mashtoz.org

Նամակներ Բեյեոյի Եպիսկոպոսին – Սպասման երեք ամիսները

186. Հազիվ հասանք Լիզյո, շտապեցի առաջին այցելությունս տալ Կարմեղոսին[1]: Ինչպիսի՜ քաղցր տեսակցություն էր դա: Բաժանման մեկ ամսից հետո՝ ասելիք շատ բաներ կային. մեկ ամիս, որն ինձ այնքա՜ն երկար էր թվացել ... , և որի ընթացքում ավելի շատ բան սովորեցի, քան բազմաթիվ տարիների ընթացքում ... :

Մայր իմ սիրելի, որքա՜ն ուրախ էի Ձեզ կրկին տեսնելուս և խոցված փոքրիկ հոգիս Ձեր առաջ բացելու համար: Այնքա՜ն լավ էիք հասկանում ինձ. մի խոսք կամ մի հայացք բավական էին Ձեզ՝ ամեն բան կռահելու համար: Այլևս Աստծո կամքին էի միայն հանձնվել. արել էի ինձնից կախում ունեցող հնարավոր ամեն բան, ամե՛ն բան, մինչև իսկ խոսել էի Հռոմի Սրբազան Քահանայապետի հետ, այնպես որ՝ չգիտեի, թե ավելի ի՞նչ կարող էի անել: Խորհուրդ տվեցիք նամակ գրել Գերապայծառ Եպիսկոպոսին և հիշեցնել նրան իր խոստումը: Գրեցի իսկույն, որքան լավ որ կարող էի, բայց վերջում մորեղբայրս այն չափազանց պարզունակ նկատեց: Ապա հենց ինքը վերաշարադրեց նամակս: Այն պահին, սակայն, երբ պատրաստվում էի առաքել այն, մի ուրիշ նամակ ստացա Ձեզնից, որով պատվիրում էիք չգրել, այլ՝ սպասել մի քանի օր: Հնազանդվեցի, որովհետև վստահ էի, որ հնազանդութունն էր ինքս ինձ չխաբելու միակ և լավագույն միջոցը: Վերջիվերջո, Սուրբ Ծննդից տասը օր առաջ, նամակս ճանապարհ ընկավ: Համոզված, որ պատասխանը չէր ուշանալու, ամեն առավոտ Պատարագից հետո Հայրիկի հետ նամակատուն էի գնում, հուսալով ստանալ դեպի Կարմեղոս ճախրելու թույլտվությունը: Բայց ամեն առավոտ իր հետ նոր հուսախաբություն էր բերում, առանց կարողանալու, սակայն, սասանել հավատքիս ու վստահությանս հիմքերը: Խնդրում էի Հիսուսին խորտակել ստրկությանս շղթաները: Փշրեց ու խորտակեց, այո՛, բայց ամբողջովին ա՛յլ կերպ, քան ինչպես ես էի պատկերացնում: Սուրբ Ծննդյան գեղեցիկ տոնը եկավ, բայց Հիսուսը չարթնացավ ... : Հատակին գցված թողեց Իր գնդակը, առանց վրան գեթ մի հայացք միայն նետելու:

 

187. Կոտրված սրտով գնացի կեսգիշերի Պատարագին, որին այլևս Կարմեղոսի վանդակապատից այն կողմ էի ուզում մասնակցել: Իսկապես, սա հավատքիս համար մեծ փորձություն եղավ, բայց «Նա, ում սիրտը հսկում է նաև Իր քնած ժամանակ»[2], հասկացրեց ինձ, որ հրաշքներ է կատարում նրանց համար, որոնց հավատքը մեծ է մանանեխի հատիկի չափ, և որ լեռներ է անգամ տեղափոխում, այդքան փոքրիկ հավատքը հաստատահիմն դարձնելու համար[3]: Նաև Իր մտերիմների, նաև Իր Մոր համար, մի՞թե հրաշքներ չգործեց նրանց հավատքը փորձության ենթարկելուց հետո միայն: Չթողե՞ց, որ Ղազարոսը մեռնի, թեև Մարթան ու Մարիամը Իրեն հայտնել էին, որ ծանրորեն հիվանդ էր[4]: Կանայի հարսանեկան խնջույքի ժամանակ Սուրբ Կույսը չխնդրե՞ց Հիսուսին օգնության հասնել տանտիրոջը և Հիսուսը նրան չպատասխանե՞ց, որ Իր ժամը դեռ չէր հասել[5]: Իսկ փորձությունից հետո՝ ինչպիսի՜ վարձատրում: Ջուրը գինի է դառնում ... , Ղազարոսը՝ հարություն առնում[6]: Այդպես վարվեց Հիսուսը նաև Իր Թերեզայի հետ. նրան երկար ժամանակ փորձելուց հետո՝ ի կատար ածեց նրա սրտի բոլոր իղձերը ... :

 

188. Լուսափայլ տոնի կեսօրից հետո, մի տոն, որը ես արցունքների մեջ անցկացրեցի, այցելելու գնացի իմ կարմեղականներին: Մեծագույն անակնկալի մատնվեցի, երբ դռների իմ առջև բացվելու պահին մի աննկարագրելի գեղեցկությամբ ճոխացած Հիսուս Մանուկ տեսա, ձեռքին մի փոքրիկ գնդակ, որի վրա գրված էր իմ անունը: Կարմեղականները, Հիսուսի փոխարեն, որը դեռ շատ փոքր էր խոսելու համար, իրենք երգեցին իմ համար մի երգ, որ շարադրել էր սիրելի Մայրս: Այդ երգի յուրաքանչյուր բառը քաղցրագույն մխիթարանք էր տարածում հոգուս մեջ, երբեք չեմ մոռանա մայրական սրտի այդ քնքշանքը, սիրտ, որ միշտ էլ լիացրեց ինձ իր ամենանուրբ խնամքներով: Հանդարտահոս արցունքների ընկերակցությամբ երախտագիտությունս հայտնելուց հետո, նրանց պատմեցի մի ա՛յլ անակնկալի մասին, որն ինձ մատուցեց Սելինը, կեսգիշերի Պատարագից վերադարձին: Սենյակիս կենտրոնում, գեղեցիկ ավազանի մեջ լողացող փոքրիկ նավակ էի գտել, որի մեջ էլ՝ քնած Հիսուս Մանկանը, որն իր կողքին մի գնդակ ուներ: Սպիտակ առագաստի վրա Սելինը գրել էր. «Ես այժմ ննջում եմ, բայց սիրտս արթուն է միշտ»[7], իսկ նավակի վրա հետևյալը. «Հանձնում Աստծո ձեռքերին»: Ա՜հ, եթե Հիսուսը լռում էր Իր փոքրիկ նշանածի առաջ, եթե Իր աստվածային աչքերը շարունակում էին փակ մնալ, գեթ հայտնվում էր ու քաջալերում այնպիսի հոգիների միջոցով, որոնք ի վիճակի էին հասկանալու Իր սրտի սերն ու նրբությունները:

 

189. 1888 թվականի առաջին օրը Հիսուսը կրկին Իր խաչը պարգևեց ինձ, բայց այս անգամ ստիպված էի միայնակ կրել այն, հետևաբար՝ այնքան ավելի ծանր էր, որքան անհասկանալի: Մայր Մարիամ Գոնձակայի նամակներից մեկն ինձ տեղեկացրեց, որ Դեկտեմբերի 28ին, Բեթհեղեմի Անմեղ Մանկանց տոնի օրը, ստացել էր Գերապայծառ Եպիսկոպոսի դրական պատասխանը, բայց ինձ չէր հայտնել, որովհետև որոշվել էր, որ Կարմեղոս կարող էի մտնել Քառասնորդաց Պահքից հետո միայն: Արցունքներս չկարողացա զսպել. այդպիսի երկարատև՜ հետաձգում: Այս վերջին փորձն իմ համար յուրահատուկ բնույթ ունեցավ. շղթաներս կործանված էի տեսնում աշխարհի կողմից, բայց այս անգամ սուրբ տապանն ինքն էր մերժում խոնարհ աղավնու մուտքը: Կարծում եմ, թե իրոք անտրամաբան պետք է թվայի, որովհետև չէի կարողանում ուրախությամբ ընդունել աքսորիս երեք ամիսները, բայց նաև կարծում եմ, առանց ինքնախաբության, որ այս փորձը հիրավի մեծ եղավ և բավական զարգացրեց ինձ նվիրման և ա՛յլ առաքինությունների ասպարեզում:

 

190. Ինչպե՞ս անցան հոգուս համար շնորհներով այդքա՜ն հարուստ երեք ամիսները: Նախևառաջ մտքովս անցավ ինքս ինձ չստիպել ապրելու այն խստականոն կյանքը, որին վարժված էի: Բայց շատ շուտով հասկացա ժամանակի արժեքը և առաջադրեցի ավելի քան երբեք տրվել լուրջ ու սանձված կյանքի: Երբ ասում եմ «սանձված», մի՛ կարծեք, թե ապաշխարություններով էի հարստացնում ապրածս պահը. ավա՜ղ, երբեք ապաշխարանք չեմ արել: Բավական հեռու գտնվելով այն գեղեցիկ հոգիներին նմանվելուց, որոնք մանկությունից ի վեր գործադրում են ամեն տեսակ ապաշխարանքներ, ոչ մի հրապույր չէի զգում դրանց հանդեպ: Սա, անկասկած, իմ իսկ վատասրտությունից էր բխում, որովհետև կարող էի, ինչպես Սելինը, տառապանքի հազար ու մի փոքրիկ առիթներ գտնել, մինչդեռ, դրա փոխարեն, միշտ թողել եմ, որ ինձ բամբակի մեջ դրած փայփայեն ու կերակրեն այն փոքրիկ թռչնակների նման, որոնք ճգնությունների կարիքը չունեն: Իմ ապաշխարանքները կայանում էին մշտապես պատրաստ կամքս կոտրելուն ինքս ինձ պարտադրելու, նեղացուցիչ խոսքերին չպատասխանելու, ծառայություններս մատուցելու՝ առանց երախտագիտություն պահանջելու, նստած ժամանակ չհենվելու և ա՛յլ նմանօրինակ փոքրիկ գործերում: Այս և-ո՛չ-իսկ-ոչինչների միջոցով էր, որ պատրաստվեցի Հիսուսի հարսնացուն լինելուն: Եվ չեմ կարող խոսքերով արտահայտել, թե որքա՜ն գեղեցիկ հուշեր է սրտիս խորքում թողել այդ սպասումը:

Երեք ամիսներն անցան սրընթաց: Վերջապես հասավ այդքա՜ն վառ կերպով ցանկացված պահը:

 

[1] Ուխտավորները Լիզյո հասան Դեկտեմբերի 2ին, կեսօրից հետո: Կարմեղոս կատարած այցելությունն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել հաջորդ օրը:

[2] Երգ 5, 2

[3] Հմմտ. Մտթ 17, 19

[4] Հմմտ. Հվհ 11, 3

[5] Հմմտ. Հվհ 2, 4

[6] Հմմտ. Հվհ 11, 44

[7] Երգ 5, 2

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։