Շվեյցարիան – Գրադարան – Mashtoz.org

Շվեյցարիան

160. «Հավիտենական Քաղաք» հասնելուց առաջ, որը մեր ուխտագնացության նպատակակետն էր, հնարավորությունն ունեցանք տեսնելու մեծ հրաշքներ: Նախևառաջ Շվեյցարիան, ամպերի մեջ կորած լեռնագագաթներով, վեհ ջրվեժներով, որ փայլում էին մեկը մյուսից տարբեր հազարավոր գույներով, ընդարձակ հովիտներով, որ լի էին փառավոր պտերներով ու վարդագույն փայտով: Ա՜հ, Մայր իմ սիրելի, բնության այդ այդքա՜ն շռայլորեն սփռված գեղեցկություններն այնքա՜ն լավ ազդեցություն թողեցին հոգուս խորքում: Բարձրացրեցին ինձ դեպի Նա, ում հաճելի եղավ այդպիսի գլուխգործոցներով զարդարել աքսորի այս երկիրը, որ տևում է միայն մեկ օր: Երկու աչքերս բավական չէին դիտելու համար: Պատուհանի մոտ՝ ոտքի վրա մնում էի գրեթե առանց շնչելու. կուզենայի գնացքի միաժամանակ երկու կողմում լինել, քանի որ շրջվելով տեսնում էի անպատմելի տեսարաններ, որոնք հիրավի տարբեր էին առջևումս տարածվողներից:

Երբեմն ինչ որ մի լեռան ծայրին էինք հայտնվում, մեր ոտքերի տակ այնպիսի՜ անդունդներ տեսնելով, որոնց խորքն անհնարին էր լինում դիտել անզեն աչքով. թվում էր, թե ուզում էին կլանել մեզ: Մի քիչ ավելի բարձրում, աննկարագրելի գեղեցկությամբ ճոխացած մի գյուղակ էր երևում, իր փայտաշեն տնակներով ու եկեղեցու զանգակատնով, որից ավելի վեր այլևս սպիտակափայլ ամպերն էին միայն օրորվում: Հեռվում, արևի վերջին ճառագայթներով ոսկեզօծված մի ընդարձակ լիճ կար. վճիտ ու հանդարտ կապույտ ալիքները խառնվում էին մայրամուտի կրակների հետ և մեր ապշած հայացքներին էին ընծայում այն ամենաբանաստեղծական ու ամենահմայիչ թատերգական բեմադրությունը, որ հնարավոր է երբևէ տեսնել: Հորիզոնի անսահմանափակ խորության մեջ գծագրվում էին լեռներ, որոնց անորոշ տեսքը թերևս կփախչեր մեր հայացքից, եթե նրանց լույսերով ողողված ձյունապատ կատարներն է՛լ ավելի դյութիչ չդարձնեին այն գեղատեսիլ լճակը, որ հիացնում էր մեզ:

 

161. Այդ բոլոր գեղեցկություններին ի տես, խորը մտածումներ էին արթնանում հոգուս մեջ: Թվում էր ինձ, թե արդեն իսկ հասկանում էի Աստծո մեծությունն ու Երկնքի հրաշալիքները: Վանական կյանքն աչքերիս առջև ուրվագծվում էր ճիշտ այնպես, ինչպես որ է, իր բոլոր ենթարկումներով և ծածուկ կատարվող իր փոքր զոհողություններով: Լավ էի հասկանում, թե որքա՜ն հեշտ է սեփական անձով զբաղվելը, կոչման վեհ նպատակների մոռացության մատնումը. այդպիսի պահերին քաջալերում էի ինձ, ասելով. «Ավելի ուշ, դժվարության ժամին, երբ Կարմեղոսում բանտված՝ չեմ կարողանա տեսնել ա՛յլ բան, եթե ո՛չ միայն՝ աստղազարդ երկնքի մի փոքրիկ անկյունը, կհիշեմ այն ամենն, ինչ տեսնում եմ այսօր. այս մտածումներն ինձ կզորացնեն, առանց որևէ դժվարության կմոռանամ իմ խղճուկ շահերը, որովհետև կտեսնեմ մեծությունն ու կարողությունը Աստծո, որին եմ միայն կամենում սիրել: Չնչին իրերին կապվելու թշվառությունը չեմ ունենա այլևս, որովհետև “սիրտս արդեն իսկ համն առել է այն ամենի, ինչը որ Հիսուսը պատրաստել է Իրեն սիրողների համար”[1]»:

[1] 1Կր 2, 9

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։