Ո՛չ թե մեծ գործեր, այլ՝ մանկան երախտագետ ինքնահանձնում ընդմեջ հայրական բազուկների – Գրադարան – Mashtoz.org

Ո՛չ թե մեծ գործեր, այլ՝ մանկան երախտագետ ինքնահանձնում ընդմեջ հայրական բազուկների

243. Ա՜հ, եթե բոլոր թույլ ու անկատար հոգիները զգային այն, ինչ զգում է նրանցից ամենափոքրը՝ հոգին ձեր Թերեզայի, չէին հուսահատվի և չէին հրաժարվի սիրո լեռան գագաթն հասնելու իրենց փափագից: Այո՛, որովհետև Հիսուսը չի պահանջում մեծամեծ գործեր, այլ՝ միայն ու միայն վստահություն ու երախտագիտություն: Եվ իրոք, ահա՛ թե ինչ է ասում Նա սաղմոսների գրքում. «Ձեր փարախների այծերի կարիքը չունեմ, որովհետև իմն են անտառի բոլոր կենդանիները և այն հազարավորները, որ արածում են հովիտներում. մեկ առ մեկ ճանաչում եմ սարերի թռչուններից յուրաքանչյուրին: Եթե քաղցեմ, ձեզնից չեմ խնդրի, որովհետև ինձ է պատկանում աշխարհը և այն ամենն, ինչ պարունակում է: Մի՞թե ես հորթերի միս եմ ուտում կամ այծերի արյուն խմում: Մատուցեք Աստծուն զոհեր գովքի ու երախտագիտության»[1]:

Ահա այն, ինչ Հիսուսը պահանջում է մեզնից. կարիք չունի մեր գործերի, այլ՝ մեր սերն է միայն ուզում, որովհետև այս նույն Ինքն Աստված, որ հայտարարում է, թե կարիք չունի մեզ ասելու, որ քաղցած է, չվարանեց մի քիչ ջուր մուրալ սամարացի կնոջից: Ծարավի էր ... : Բայց ասելով. «Ինձ խմելու ջուր տուր»[2], Իր խեղճ արարածի սերն է, որ խնդրում էր տիեզերքի Արարիչը: Սիրո ծարավն ուներ ... ։ Ա՜հ, զգում եմ դա առավել քան երբեք, Հիսուսը ծարավի է. աշխարհին հարողների շարքերում ապերախտների ու անտարբերների է միայն հանդիպում, և Իր իսկ աշակերտների մեջ նույնպես շատ քիչ սրտեր է գտնում, որոնք նվիրվում են Իրեն առանց վերապահումների և, հետևանքում, հասկանում Իր անսահման սիրո գորովը:

 

244. Քույր թանկագին, որքա՜ն երջանիկ ենք մենք, որ ըմբռնում ենք մեր Փեսայի գաղտնիքները: Ա՜հ, եթե Դուք կամենայիք գրի առնել այն ամենն, ինչ գիտեք դրանց շուրջ, ընթերցելիք շքեղ էջեր կունենայինք: Բայց ես հասկանում եմ Ձեզ. նախընտրում եք Ձեր սրտի խորքում թաքցնել «Թագավորի գաղտնիքները», իսկ ինձ ասում եք, թե «բարի է հռչակել Բարձրյալի փառահեղ գործերը»[3]: Այո՛, հիմնավոր եմ գտնում Ձեր լռությունը, և Ձեզ հաճույք պատճառելու համար է միայն, որ գրում եմ այս տողերը, քանի որ զգում եմ իմ անկարողությունը՝ երկրային խոսքերով վերարտադրելու երկնային գաղտնիքները: Ինչպես նաև, էջեր ու էջեր ուրվագծելուց հետո ինձ թվում է, թե տակավին չեմ սկսել անգամ: Այնքա՜ն զանազան են հորիզոնները, այնքա՜ն անսահմանորեն բազմազան են նրբերանգները, որ աստվածային Նկարչի վրձինը միայն կկարողանա, այս կյանքի խավարից հետո, մատակարարել ինձ ներկեր, որոնք ի զորու կլինեն վերարտադրելու այն հրաշալիքները, որ Նա Ինքն է հայտնում իմ հոգու աչքերին:

 

245. Քույր իմ թանկագին, խնդրեցիք թղթին հանձնել երազս և «փոքրիկ վարդապետությունս», ինչպես այն անվանում եք Դուք: Արեցի դա հետագա էջերում, բայց այնքա՜ն վատ, որ կարծում եմ, թե անհնարին է, որ հասկանաք ինձ: Թերևս չափազանցված կգտնեք արտահայտություններս: Ներեցե՜ք ինձ: Դա հետևանքն է իմ ո՛չ այնքան դուրեկան ոճի: Վստահեցնում եմ Ձեզ, որ ոչ մի չափազանցություն չկա իմ փոքրիկ հոգում, ամեն բան նրանում խաղաղ է ու հանգիստ[4]:

Գրելով՝ խոսում եմ Հիսուսին. այսպես ինձ ավելի հեշտ է արտահայտել մտքերս: Սա, ավա՜ղ, արգելք չէ, որ դրանք արտահայտված լինեն բավական վատ:

 

[1] Սղմ 49, 9-14

[2] Հվհ 4, 7

[3] Տբթ 12, 7

[4] Ուշագրավ է Սրբուհու ակամա արտահայտած միտքը, ըստ որի՝ հոգու խռովքի ու հոգնության գլխավոր պատճառներից մեկը չափազանցություններն են:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։