Չդատել – Գրադարան – Mashtoz.org

Չդատել

322. Մայր սիրելի, քանի որ Ձեր հետ աշխատում եմ սկսել գովերգել այն արդեն երկրի վրա, այդ անսահման Ողորմությունը, պարտավոր եմ դեռևս խոսել հոգևոր մի մեծ օգուտի մասին, որ քաղեցի Ձեզնից ինձ հանձնված առաքելության դաշտում: Ժամանակին, երբ տեսնում էի, որ միաբանակից քույրերիցս մեկն իրեն թույլ էր տալիս մի արարք, որն ինձ տհաճ էր, որն ինձ թվում էր կանոնազանց, ինքս ինձ ասում էի. «Եթե կարողանայի հայտնել նրան այն, ինչ մտածում եմ, եթե հնարավորությունն ունենայի իր ուշադրությունը հրավիրելու իր սխալների վրա, որքա՜ն բարի ներգործություն կունենար դա իմ վրա»: Բայց երբ սկսեցի զբաղվել նորընծաներով, վստահեցնում եմ Ձեզ, Մայր իմ, որ արհեստը սովորելով՝ լիովին փոխեցի զգացումներս: Երբ ականատես եմ լինում միաբանակից քույրերիցս մեկի արարքին, որն ինձ անկատար է թվում, սփոփանքի հառաչանք եմ արձակում ու ասում. «Ի՜նչ երջանկություն, նորընծայուհի չէ, հարկադրված չեմ հանդիմանելու»: Եվ ապա իսկույն սկսում եմ արդարացնել նրան և փնտրել որոշ բարի դրդապատճառներ, որոնցից մղված է նա – վստահ եմ – այդպես վարվում: Այն օրից ի վեր, ինչ հիվանդ եմ, Մայր իմ, խնամքները, որ շռայլում եք ինձ, շա՜տ ու շա՜տ բաներ են սովորեցնում ինձ եղբայրասիրության վերաբերյալ: Դեղերից ոչ մեկը չի թվում Ձեզ չափազանց թանկ, և եթե մեկի ազդեցությունը չի պսակվում հաջողությամբ, Դուք, առանց հոգնելու, փորձում եք մի ուրիշը: Երբ զբոսանքի էի դուրս գալիս, որքա՜ն ուշադրություն էիք դարձնում իմ վրա, որպեսզի նստեի օդի հոսանքներից պաշտպանված հարմարավետ տեղում: Ինչ որ է: Եթե կամենայի գրի առնել բոլորը, երբեք չէի վերջացնի:

Մտածելով այդ բոլորի մասին, ինքս ինձ ասացի, որ պարտավոր եմ նույնքան կարեկցանք ունենալ միաբանակիցներիս հոգևոր տկարությունների նկատմամբ, որքան որ Դուք ունեիք իմ նկատմամբ, Մայր սիրելի, խնամելով ինձ այնքա՜ն մեծ սիրով:

 

323. Նկատել եմ (սա լիովին բնական է), որ ավելի սուրբ միաբանակիցները միշտ ավելի շատ սիրվածներն են. փնտրում ենք զրույցներ նրանց հետ, չխնդրված ծառայություններ ենք մատուցում նրանց: Մի խոսքով, այդ հոգիները, որ կարող են կրել իրենց հանդեպ հարգանքի ու փափկանկատության պակասը, նրանց տեսնում ենք բոլորի կողմից համակրանքով շրջապատված: Կարելի է նրանց վերագրել մեր Սուրբ Հայր Հովհաննես Խաչի խոսքերից հետևյալը. «Բոլոր բարիքները տրվեցին ինձ, երբ այլևս եսասիրությունից մղված չփնտրեցի դրանք»[1]:

Անկատար հոգիներն, ընդհակառակն, փնտրված անձեր չեն: Նրանց հանդեպ անշուշտ վարվում ենք վանական բարեկրթության կանոնների համաձայն, բայց, թերևս նվազ սիրալիր խոսքերով պատասխանելու վախից դրդված, խուսափում ենք նրանց ընկերությունից: Ասելով անկատար, չեմ հասկանում միայն հոգևոր թերությունները, որովհետև ամենասուրբ հոգիներն անգամ միայն Երկնքում կլինեն կատարյալ: Ուզում եմ ակնարկել դատողության ու դաստիարակության պակասին, այն դյուրազգացությանը, որ հատուկ է որոշ բնավորությունների տեր անձանց. բոլորն էլ բաներ, որ շատ հաճելի չեն դարձնում կյանքը: Լավ գիտեմ, որ բնավորության այդ հիվանդությունները պարբերական են, դարմանումի որևէ հույս չկա, բայց նաև գիտեմ, որ Դուք, Մայր իմ, կշարունակեք խնամել ու փորձել սփոփել ինձ, նույնիսկ եթե հիվանդ մնամ ամբողջ կյանքիս ընթացքում: Եվ ահա՛ եզրակացությունս, որին հանգում եմ. պարտավոր եմ զբոսանքների պահերին, «ազատության» ժամերին փնտրել ընկերությունը ա՛յն միաբանակիցների, որոնք նվազ հաճելի են ինձ, այդ վիրավոր հոգիների մոտ կատարելով բարի Սամարացու դերը[2]: Մի խոսք, մի սիրալի ժպիտ հաճախ բավական է՝ հոգու տխրությունը սփոփելու համար:

 

324. Բայց այդ նպատակին հասնելու համար չէ, բացարձակապե՛ս, որ կամենում եմ գործադրել եղբայրսիրությունը: Որովհետև գիտեմ, որ շուտով կհուսալքվեմ: Լավագույն դիտավորությամբ ասված խոսքն էլ կարող է ամբողջովին հակառակ մտքով մեկնաբանվել: Այդպիսով, ժամանակ չկորցնելու համար, կամենում եմ սիրալի լինել բոլորի հանդեպ (հատկապես սակավ սիրելի միաբանակիցների)՝ Հիսուսին ուրախություն պատճառելու և տվյալ հարցի շուրջ Իր տված խորհրդին համապատասխանելու համար. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ բարեկամներիդ, ո՛չ ազգականներիդ, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն և քեզ հատուցում լինի: Այլ՝ կանչիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին, և երանելի կլինես, քանի որ փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն[3]. որովհետև քո Հայրը, որ տեսնում է ծածկապես, կհատուցի քեզ[4]»:

Իր քույրերի համար ի՞նչ խնջույք կարող է պատրաստել կարմեղական միանձնուհին, եթե ո՛չ միայն՝ ուրախ ու գթառատ սիրո հոգևոր խնջույքը: Ես ուրիշ խնջույք չեմ ճանաչում, և ուզում եմ նմանվել Պողոս Առաքյալին, որն ուրախանում էր ուրախացողների հետ և վշտակցում էր արտասվողներին[5]: Ճիշտ է, արցունքները երբեմն պետք է երևան այն տոնախմբության ժամանակ, որ կամենում եմ հրամցնել, բայց միշտ պետք է ջանամ վերջում բերկրանքի փոխել այդ արցունքները[6], որովհետև Տերը սիրով է ընդունում նրանց, ովքեր ուրախությամբ են նվիրվում Իրեն[7]:

 

[1] Հմմտ. San Giovanni della Croce, Grafico del Monte Carmelo.

[2] Տե՛ս Ղկս 10, 25-37

[3] Հմմտ. Ղկս 14, 12-14

[4] Մտթ 6, 4

[5] Հմմտ. Հռմ 12, 15

[6] Հմմտ. Հվհ 16, 20

[7] Հմմտ. 2Կր 9, 7

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։