Սբ. Հովհաննես Խաչի դպրոցում – Գրադարան – Mashtoz.org

Սբ. Հովհաննես Խաչի դպրոցում

235. Այժմ միայն մի փափագ ունեմ. սիրել Հիսուսին խենթի նման: Մանկական իղձերս անհետացել են: Անշուշտ, դեռ սիրում եմ ծաղիկներով զարդարել Հիսուս Մանկան խորանը, բայց այն բանից հետո, ինչ ինձ տվեց անձկությամբ փափագված ծաղիկը՝ իմ Սելինը, չեմ ցանկանում ուրիշ ո՛չ մի ծաղիկ: Նրա՛ն եմ նվիրում Իրեն իբրև ծաղկեփունջն իմ ամենադյութիչ:

Չեմ տենչում այլևս ո՛չ տառապել, և ո՛չ իսկ մեռնել, թեև հմայում են ինձ երկուսն էլ, այլ՝ միայն սերն է, որ ձգում է ինձ: Երկա՜ր ժամանակ հետամուտ եղա դրանց. տառապեցի և կարծում էի, թե հասել եմ Երկնքի խաղաղ նավահանգիստ, կարծում էի, թե փոքրիկ ծաղիկը քաղվելու է իր գարունը միայն ապրած: Այժմ Աստծո ձեռքերի մեջ սեփական անձի վստահասիրտ հանձնումն է միայն առաջնորդում ինձ, չունեմ ա՛յլ կողմնացույց: Չեմ կարողանում այլևս ջերմեռանդությամբ խնդրել ոչինչ, եթե ո՛չ միայն՝ անձիս մեջ Տիրոջ կամքի կատարյալ կատարումը, առանց որ արարածները կարողանան խոչընդոտել դրան: Կարող եմ կրկնել մեր Սուրբ Հայր Հովհաննես Խաչի հոգևոր գովերգի խոսքերը. «Իմ Սիրելիի գինու մառանում արբեցի, և երբ դուրս ելա, այս ամբողջ հարթավայրում չէի ճանաչում այլևս ոչինչ, կորցրել էի նաև այն հոտը, որին նախապես հետևում էի: Հոգիս իր ողջ կարողությամբ ի սպաս դրեց իրեն Նրա ծառայությանը. չունեմ հոտ, չունեմ ա՛յլ պարտականություններ, որովհետև այժմ իմ միակ առաջադրանքը սիրելն է»[1]: Եվ կամ այս մյուսը. «Այն օրվանից ի վեր, ինչ ճաշակեցի Իրեն, Սերն այնքա՜ն հզոր է Իր գործերում, որ շահի է վերածում ամեն ինչ, և՛ բարին, և՛ չարը, որ գտնում է իմ մեջ, գոյափոխելով հոգիս Իրեն»[2]: Ա՜հ, Մայր իմ, քանի՜ցս քաղցր է սիրո ուղին: Անկասկած, հնարավոր են անկումները, անհավատարմությունները, բայց Սերը, կարողանալով շահի վերածել ամեն ինչ, իսկույն անէացնում է այն, ինչը որ կարող է տհաճ լինել Հիսուսին, հոգու խորքում խոնարհ ու հաստատուն խաղաղություն միայն թողնելով:

 

236. Քանի՜ քանի՜ խորհուրդների լուսաբանումներ գտա մեր Սուրբ Հայր Հովհաննես Խաչի գործերում: Տասնյոթ և տասնութ տարեկան հասակում չունեի հոգևոր ուրիշ սնունդ, բոլոր գրքերը ցամաքության մեջ էին գցում ինձ, և այժմ նույնպես, այո՛, նույն վիճակում եմ: Եթե բացում եմ հոգևոր հեղինակների կողմից գրված գրքերը (նույնիսկ ամենագեղեցիկները, ամենահուզիչները), իսկույն զգում եմ, որ սիրտս սեղմվում է և կարդում եմ գրեթե առանց հասկանալու, իսկ եթե հասկանում եմ, հոգիս կանգ է առնում առանց խորհրդածել կարողանալու:

Այս լիակատար տկարությանս մեջ օգնության են հասնում ինձ Աստվածաշունչն ու Նմանության գիրքը: Նրանցում եմ գտնում կազդուրիչ անբիծ սնունդս: Բայց հատկապես Ավետարանն է գրավում ինձ աղոթքներիս պահին, նրանում եմ գտնում խեղճ հոգուս կարիքների բավարարումը: Բացահայտում եմ նրանում միշտ նորանոր պարզաբանումներ, նորանոր իմաստներ թաքուն ու գաղտնածածուկ խորհուրդների:

Լավ եմ հասկանում և գիտեմ փորձառությամբ, որ «Աստծո Արքայությունը մեր մեջ է»[3]: Հիսուսը, հոգիներին կրթելու համար, կարիք չունի ո՛չ գրքերի, ո՛չ էլ ուսուցիչների: Նա՝ ուսուցիչների Ուսուցիչը, սովորեցնում է առանց խոսքերի ժխորի[4]: Երբեք չեմ լսել Նրա ձայնը, բայց զգում եմ, որ իմ մեջ է, ամեն վայրկյան, և առաջնորդում է ինձ, նաև ներշնչում այն, ինչ պարտավոր եմ ասել կամ անել: Բացահայտում եմ (ճիշտ այն պահին, երբ դրանց կարիքն ունեմ) իմաստներ, որոնք մինչ այդ չէի ըմբռնել, և հաճախ աղոթքի պահին չէ, որ դրանք առատորեն հոսում են սրտիս մեջ, այլ ավելի՝ առօրյա գործերի ընթացքում:

 

237. Մայր սիրելի, այսքա՜ն շնորհներից հետո մի՞թե չեմ կարող բացականչել սաղմոսերգուի հետ. «Աստված բարի է, հավիտյան է Նրա ողորմությունը»[5]: Թվում է ինձ, որ եթե բոլոր մարդիկ ընդունեին այն նույն շնորհները, որ ստացել եմ ես, նրանցից ոչ ոք չէր սարսափի Տիրոջից, այլ՝ բոլորն էլ կսիրեին Նրան խենթի նման և բոլորն էլ կխուսափեին Նրան վշտացնելուց, հանուն սիրո՛, և ո՛չ թե սարսափի ազդեցությամբ: Եվ սակայն հասկանում եմ, որ բոլոր հոգիները չեն կարող նմանվել միմյանց, պետք է որ գոյություն ունենան տարբեր խմբեր, յուրօրինակ կերպով մեծարելու համար Աստծո ստորոգելիներից յուրաքանչյուրը[6]: Ինձ Նա տվեց Իր անսահմանորեն մեծ ողորմությունը, որի միջով եմ դիտում ու պաշտում Իր մյուս հատկությունները: Այդպիսով, դրանք բոլորն էլ իմ առաջ ուրվագծվում են որպես լուսարձակներ սիրո. արդարությունն անգամ (և թերևս ավելի, քան մյուսները) թվում է սիրով պատված: Ինչպիսի՜ բերկրանք է մտածելը, որ մարդասերն Աստված արդար է, այսինքն՝ որ հաշվի է առնում մեր տկարությունները, որ լիովին ճանաչում է մեր մարդկային բնության դյուրաբեկությունը: Ինչի՞ց, ուրեմն, պիտի սարսափեմ: Ա՜հ, անչափորեն արդարն Աստված, որ այնքա՜ն բարությամբ ներեց անառակ որդու հանցանքները, արդար չի՞ գտնվի նաև իմ հանդեպ. իմ, որ «միշտ Իր հետ եմ»[7]:

 

[1] San Giovanni della Croce, Cantico Spirituale, str. 26-28.

[2] San Giovanni della Croce, Poesie, Chiosa sul divino, 8.

[3] Հմմտ. Ղկս 17, 21

[4] Նմանություն Հիսուս Քրիստոսի, Գ, ԽԳ 3

[5] Հմմտ. Սղմ  117, 1

[6] Աստծո ստորոգելիներ ասելով հասկանում ենք Նրա արդարությունը, ողորմածությունը, անսահմանությունը, բարությունը, ամենակարողությունը, իմաստությունը, պարզությունը, կատարյալ ազատությունը, ճշմարտությունը, սրբությունը, գեղեցկությունը, հավիտենականությունը՝ անսկիզբ և անվերջ լինելը. մի խոսքով, գոյություն ունեցող դրական բոլոր հատկանիշները:

[7] Տե՛ս՝ Ղկս 15, 11-32

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։