Սելինի մուտքը Կարմեղոս – Գրադարան – Mashtoz.org

Սելինի մուտքը Կարմեղոս

232. Բայց իղձերիցս ամենամեծն ու ամենահոգեհարազատը, որը չէի հավատում, թե կարող էր իրականանալ, Սելինի մուտքն էր մեր իսկ Կարմեղոս: Այս երազանքս ինձ անհավանական էր թվում. ապրել միևնույն հարկի տակ, ուրախություններ ու վշտեր կիսել մանկությանս ընկերուհու հետ: Այդպիսով, ամբողջական էի դարձրել զոհաբերումս, Հիսուսին էի հանձնել սիրելի քրոջս ապագան, ինչպես նաև առաջադրել էի խաղաղությամբ ընդունել նրա մեկնումը հեռավոր երկրներ, եթե անհրաժեշտ լիներ նաև դա: Միակ բանը, որ չէի կարողանում ընդունել, այն էր, որ նա Հիսուսի հարսը չլիներ, որովհետև սիրում էի նրան որքան ինքս ինձ և իմ համար անկարելի էր տեսնել նրան, որ իր սիրտը մի մահկանացուի տար: Արդեն իսկ բավական տառապում էի նրան աշխարհում տեսնելով, ուր ենթակա էր բազում վտանգների. վտանգներ, որոնք ինձ անծանոթ էին: Կարող եմ ասել, որ Կարմեղոս մտնելուցս հետո Սելինի հանդեպ ունեցածս հակումն ավելի մոր սեր էր, քան քրոջ:

Մի օր նա պետք է երեկույթի մասնակցեր, իսկ դա ինձ այնպիսի՜ վիշտ էր պատճառում, որ Տիրոջը պաղատում էի չթույլատրել նրան պարել: Մինչև իսկ, սովորությանս հակառակ, հեղեղանման արցունքներ թափեցի: Հիսուսը կամեցավ գոհացնել ինձ: Չթույլատրեց, որ Իր փոքրիկ հարսը կարողանար պարել այդ երեկոյան (թեև Սելինը չէր շփոթվում և, երբ հարկավոր էր լինում, շնորհալի կերպով պարում էր): Հրավիրված լինելով պարելու, առանց մերժել կարողանալու, իր ասպետն էր պարելու ամբողջական անկարողության մատնվել: Մեծ ամոթով դատապարտվել էր պարզապես քայլելու՝ իր տեղն առաջնորդելով Սելինին: Ապա խույս էր տվել և այլևս չէր երևացել ամբողջ երեկույթի ընթացքում: Այդ պատահարը, որ եզակի է իր տեսակի մեջ, ինձ աճել տվեց վստահության և սիրո մեջ Նրա, Ով Իր նշանը ճակատիս վրա դնելով՝ միաժամանակ դրոշմել էր նաև իմ սիրելի Սելինի ճակատին:

 

233. Անցյալ տարվա Հուլիսի 29ին մարդասերն Աստված, խզելով շղթաներն Իր անհամեմատելիորեն հավատարիմ ծառայի[1], կանչեց նրան ժառանգելու հավիտենական վարձատրությունը, և միևնույն ժամանակ արձակեց նաև այն կապը, որը տակավին աշխարհում էր պահում Իր հարսնացուին: Վերջինս արդեն կատարել էր իր առաջին առաքելությունը: Ստանձնած լինելով մեզ բոլորիս ներկայացնել մեր այնքա՜ն սիրելի Հոր մոտ, առաջադրանքն ի կատար էր ածել հրեշտակի նման, իսկ հրեշտակները չեն մնում երկրի վրա, այլ՝ երբ լիովին գործադրում են Աստծո կամքը, իսկույն վերադառնում են Իր մոտ, և հենց դրա համար է, որ թևեր ունեն: Մեր հրեշտակը նույնպես տարածել էր իր սպիտակ թևերը, Հիսուսին գտնելու համար պատրաստ էր թռչելու հեռո՜ւ հեռո՜ւ, բայց Հիսուսը շատ մոտ տեղ թռչել տվեց նրան: Գոհացավ մեր կողմից մի մեծ զոհի համակամ ընդունմամբ, որը բավական ցավալի էր եղել փոքրիկ Թերեզայի համար: Այսինքն, երկու տարիների ընթացքում, իր Սելինը թաքցրել էր մի գաղտնիք[2]: Ա՜հ, նա նույնպես շատ էր տառապել: Բայց վերջիվերջո, իմ սիրելի Թագավորը, որին հաճելի չեն երկրային քաշքշուկները, երկնային բարձունքներից շտապեց կարգավորել Իր Սելինի խճճված գործերը, և Սեպտեմբերի 14ին նա կարողացավ միանալ մեզ:

 

234. Մի օր, մինչ դժվարություններն այլևս անհաղթահարելի էին թվում, աղոթքի պահին ասացի Հիսուսին. «Գիտես, Աստված իմ, որքա՜ն եմ կամենում իմանալ, թե Հայրիկն ուղղակի Երկինք է եկել կամ ո՛չ: Չեմ խնդրում հայտնել ինձ խոսքերով, բայց մի նշան տուր ինձ: Եթե քույր Ա.Հ.ն[3] համաձայնվի Սելինի Կարմեղոս մտնելուն, կամ գոնե խոչընդոտներ չհարուցի, դա կնշանակի, որ Հայրիկն ուղղակի Քո մոտ է եկել»: Այդ միանձնուհին, գիտեք, Մայր իմ, գտնում էր, թե արդեն իսկ շատ էինք մենք երեքս և, հետևաբար, չէր կամենում թույլատրել չորրորդի մուտքը: Բայց Աստված, որ Իր բռունցքում է պահում արարածների սրտերը և ղեկավարում է դրանք ըստ Իր կամքի, շուտով փոխեց այդ կրոնավորուհու դիրքորոշումը: Ճիշտ նա եղավ այն առաջին անձը, որին հանդիպեցի աղոթքիցս հետո: Կանչեց ինձ սիրալի շեշտով, խնդրեց բարձրանալ իր մոտ և արտասվալի աչքերով խոսեց Սելինի մասին:

Ա՜հ, քանի՜ քանի՜ պատճառներ ունեմ Հիսուսին փառաբանելու, որ կամեցավ գոհացնել բոլոր բաղձանքներս:

 

[1] Պրն. Մարթինը մահացավ 1894ի Հուլիսի 29ին, Լա Մյուսս գյուղաքաղաքում:

[2] Թերեզան ակնարկում է Կանադայում առաքելական գործունեություն ծավալելուն, որը Սելինին առաջարկվել էր Հայր Փիշոնի կողմից:

[3] Քույր Ամատա Հիսուսի:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։