Սերը զոհողություններով է սնվում – Գրադարան – Mashtoz.org

Սերը զոհողություններով է սնվում

305. Եթե արվեստագործի նկարներից մեկը հնարավորություն ստանար մտածելու և խոսելու, վստահ եմ, որ չէր դժգոհի վրձնի կողմից իր հպված ու վերահպված լինելու համար, և ո՛չ էլ կնախանձեր այդ գործիքի ճակատագրին, որովհետև քաջ կգիտակցեր, որ ո՛չ թե վրձնին, այլ՝ այն իր ձեռքում բռնող նկարչին է պարտական իր գեղեցկությունը: Եվ վրձինն էլ իր հերթին չի կարող պարծենալ ստացված գլուխգործոցների համար, որովհետև գիտի, որ արվեստագետներն անելանելի վիճակների չեն ենթարկվում, որ ժպտում են դժվարությունների դիմաց, և երբեմն էլ սիրում են ընտրել տկար ու ո՛չ այնքան կատարյալ գործիքներ:

Մայր իմ, Հիսուսից ընտրված մի վրձին եմ, Ձեր կողմից ինձ վստահված հոգիների մեջ Իր իսկ պատկերը նկարելու համար: Բայց արվեստագետը չի գործածում միայն մի վրձին, նրան անհրաժեշտ են առնվազն երկուսը: Առաջինն ամենաօգտակարն է, նրանով է կտավը ծածկում ընդհանուր գույներով, կարողանալով գործը կարճ ժամանակամիջոցում վերջացնել: Երկրորդը, փոքրիկը, ծառայում է մանրամասնությունները ճշտելու համար[1]:

Մայր իմ, Դուք եք այն թանկարժեք վրձինը, որ Հիսուսը գործածում է մեծ սիրով, երբ կամենում է ինչ որ մի մեծ գործ կատարել Իր դուստրերի հոգիներում: Իսկ ես այն փոքրագույնն եմ, որին բարեհաճում է գործի դնել վերջում, գրեթե աննկատելի զարդերանգները վրձնագրելու համար:

 

306. Առաջին անգամ, որ Հիսուսը գործի դրեց Իր փոքրիկ վրձինը, 1892ի Դեկտեմբերի 8ին մոտ մի օր էր: Միշտ հիշելու եմ այդ շնորհալի օրերը, և այժմ կաշխատեմ հայտնել Ձեզ, Մայր իմ սիրելի, այդ քաղցր հիշատակները:

Տասնհինգ տարեկան հասակում, երբ երջանկությունն ունեցա Կարմեղոս մտնելու, գտա նորընծայակից մի ընկերուհի[2], որ վանք էր մտել ինձնից մի քանի ամիս առաջ: Ինձնից ութ տարով մեծ էր, բայց իր մանկական բնավորությունը մոռանալ էր տալիս տարիքի տարբերությունը: Այդ իսկ պատճառով, Մայր սիրելի, Դուք շուտով ուրախությունն ունեցաք տեսնելու, թե ինչպե՛ս էին Ձեր փոքրիկ հայցվորուհիները հասկանում միմյանց հրաշալի կերպով և դառնում անբաժանելի: Նպաստելու համար այդ նորածին մտերմությանը, որը Ձեզ թվում էր առատ պտղաբերման ընդունակ, թույլատրեցիք մեզ երբեմն երբեմն հոգևոր խոսակցություններ ունենալ: Ընկերուհիս հմայում էր ինձ իր անմեղությամբ, միամտությամբ, իր հաղորդական նկարագրով, բայց մյուս կողմից էլ ապշում էի՝ տեսնելով, թե ինչպե՛ս էր իմ հանդեպ տածած մտերմության իր զգացումը բավական տարբերվում իր հանդեպ սնած իմ զգացումներից: Կուզենայի նաև, որ սրբագրեր նորընծայակից քույրերի հետ իր վարվելաձևի որոշ գծեր: Այդ շրջանում էր, որ Աստված հասկացրեց ինձ, թե ինչպե՛ս Իր ողորմությունը չի հոգնում որոշ հոգիների սպասելուց, որոնց տալիս է Իր լույսը միայն աստիճան առ աստիճան: Այդ իսկ պատճառով, խուսափում էի ընկերուհուս համար սահմանված ժամը կանխելուց, և սպասում էի մեծ համբերությամբ, որ Հիսուսն Ինքը հասունացներ այդ պահը:

 

307. Մի օր, մտածելով այն թույլտվության շուրջ, որ շնորհել էիք մեզ, ինչպես գրված է մեր սրբաօծ սահմանադրության մեջ. «Աստծո սիրո մեջ միմյանց ավելի ու ավելի բոցավառելու համար», տխրությամբ նկատեցի, որ մեր զրույցները չէին հասնում սպասված նպատակին: Այնժամ զգացի, որ Տիրոջ կողմից սահմանված պահը հասել էր, և որ այլևս չպետք է խուսափեի խոսելուց, այլապես՝ պարտավոր էի դադարեցնել այդ խոսակցությունները. դրանք նմանվում էին, իրոք, աշխարհաբնակ ընկերուհիների զրույցներին: Այդ օրը շաբաթ էր: Հաջորդ առավոտյան, հետպատարագյա գոհության աղոթքիս ժամանակ, Տիրոջն աղաչեցի ներշնչել ինձ քաղցր ու համոզիչ խոսքեր, կամ ավելի շուտ՝ որ իմ միջոցով հենց Ինքը խոսեր: Հիսուսը լսեց աղոթքս և կամեցավ, որ արդյունքը լիովին գոհացնի հույսերս, որովհետև «նրանք, որ դեպի Տերն են հառում իրենց հայացքը, լուսավորվում են»[3] և «խավարում լույս է ծագում նրանց համար, ում սրտերն ուղիղ են»[4]: Առաջին խոսքն ուղղված է ինձ, իսկ երկրորդն՝ ընկերուհուս, որի սիրտն իրոք մաքուր էր, և ինքն՝ ուղղամիտ:

Երբ հասավ մեր զրույցների սովորական ժամը, խեղճ ընկերուհիս աչքերը վրաս հառելով իսկույն նկատեց, որ այլևս նույնը չէի: Նստեց իմ մոտ, կարմրած դեմքով, իսկ ես, կրծքիս հենելով իր գլուխը, արտասվալի ձայնով ասացի այն ամենը, ինչ մտածում էի իր մասին, բայց այնքա՜ն քնքշալի արտահայտությամբ, այնքա՜ն գորովով, որ շուտով իր արցունքները նույնպես խառնվեցին իմոնց: Ընդունեց մեծ խոնարհությամբ, որ այն, ինչ ասում էի, ճշմարիտ էր: Ապա խոստացավ նոր կյանք սկսել, ինչպես նաև որպես շնորհ խնդրեց միշտ տեղյակ պահել իրեն իր թերություններին: Վերջապես, բաժանման պահին մեր մտերմությունը դարձել էր ամբողջովին հոգևոր, մարդկային այլևս ոչինչ չկար նրանում: Եվ մեր մեջ նույնպես իրականացավ Սուրբ Գրքի հետևյալ խոսքը. «Միմյանց օգնության հասնող եղբայրները նման են պարսպապատ հզոր քաղաքների»[5]:

 

308. Այն, ինչը որ Հիսուսը կատարեց Իր փոքրիկ վրձնի միջոցով, շատ շուտով ի չիք կդառնար, եթե Նա չգործեր նաև Ձեր միջոցով, Մայր իմ, իրականության վերածելով Իր նպատակներն այն հոգու մեջ, որին կամենում էր տեսնել ամբողջովին Իրենը: Կրած վիշտը չափազանց դառն թվաց խեղճ ընկերուհուս, բայց այն հաստատակամությունը, որով Դուք, Մայր իմ, օգնության հասաք նրան, հաղթանակեց: Այնժամ ես, ջանալով մխիթարել նրան, որին ինձ որպես քույր էիք տվել բոլորի միջից, կարողացա բացատրել նրան, թե ինչի՛ մեջ է կայանում իրական սերը: Ցույց տվեցի իրեն, որ սիրում էր իր իսկ անձը և ո՛չ թե Ձեզ, Մայր իմ. հայտնեցի իրեն, թե ինչպե՛ս էի ես սիրում Ձեզ և թե ինչպիսի՛ զոհողություններ էի ստիպված կատարում վանական կյանքիս սկզբում, Ձեզ նյութապես չկապնվելու համար, նման այն շանը, որ կապնվում էի իր տիրոջը: Սերը սնվում է զոհողություններով. որքան ավելի է հոգին ինքն իրեն զրկում բնական գոհունակություններից, այնքան ավելի է քնքշանքը դառնում հզոր ու անշահախնդիր:

 

[1] Հիշենք, որ նորընծայուհիների վերակացուն նույն ինքը Մայր Մարիամ Գոնձական էր, մինչ Թերեզան վարում էր փոխմեծավորուհու պաշտոնը:

[2] Քույր Մարթա Հիսուսի:

[3] Հմմտ. Սղմ 33, 6

[4] Հմմտ. Սղմ 111, 4

[5] Առկ 18, 19

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։