Սրտաճմլիկ բաժանումը ազգականներից – Գրադարան – Mashtoz.org

Սրտաճմլիկ բաժանումը ազգականներից

191. Ապրիլի 9ը, երկուշաբթի, այն օրը, որում Կարմեղոսն ապրելու էր Ավետման տոնը, որ հետաձգվել էր Քառասնորդաց Պահքի պատճառով, որոշվեց որպես մուտքիս օրը: Նախորդ օրվա երեկոյան ամբողջ ընտանիքը համախմբվել էր սեղանի շուրջ, որի մոտ ես նստում էի վերջին անգամ: Ա՜հ, քանի՜ցս սրտակեղեք են հրաժեշտի ողջույնները: Երբ ուզում ես քեզ ավելի մոռացված տեսնել, սկսում են գուրգուրանքներ ու քնքշալի խոսքեր շռայլել, որոնք առավել շոշափելի են դարձնում բաժանման կսկիծը: Հայրիկը գրեթե չէր խոսում, բայց իր սիրալի հայացքը հաճախ էր կանգ առնում վրաս: Երբեմն երբեմն արցունքներով էին թրջվում մորեղբորս կնոջ այտերը, իսկ ինքը մորեղբայրս հազարավոր հոգատար խնամքների էր արժանացնում ինձ: Հովհաննան ու Մարիամը նույնպես շատ բարեհաճ էին իմ նկատմամբ, հատկապես Մարիամը, որն ինձ մի անկյուն քաշելով՝ ներողություն խնդրեց այն բոլոր տհաճությունների համար, որոնք կարծում էր ինձ պատճառած լինել: Եվ վերջապես նաև իմ թանկագին Լեոնիան, որ մի քանի ամիս առաջ տուն էր վերադարձել վանքից[1], լիացնում էր ինձ իր համբույրներով ու գրկախառնումներով: Միայն Սելինի մասին չխոսեցի, բայց դուք հասկանում եք, Մայր իմ սիրելի, թե ինչպիսի՛ հոգենորոգ զրույցներով անցկացրեցինք վերջին գիշերը:

 

192. Այդ մեծ օրվա առավոտյան, մի վերջին հայացք տալով Բուիսոնեին՝ մանկությանս այդ նվիրական օրրանին, որը չէի տեսնելու այլևս երբեք, մեկնեցի՝ սիրելի թագավորիս ընկերակցությամբ Կարմեղոսի լեռը բարձրանալու: Ինչպես նախորդ օրվա երեկոյան, ամբողջ ընտանիքն ի մի հավաքված տեսա՝ Սուրբ Պատարագին մասնակցելու ու հաղորդվելու համար: Հազիվ Հիսուսն իջավ սիրելիներիս սրտերի մեջ, հեծկլտոցներից բացի ուրիշ ոչինչ չլսեցի: Ես չարտասվեցի, բայց սիրտս այնպիսի՜ արագությամբ էր բաբախում, որ ինձ մի պահ անհնարին թվաց մի քայլ անգամ գցելու կարողությունը, երբ դեպի վանական դռները հրավիրեցին մեզ: Առաջանում էի, բայց ինքս ինձ հարցնելով, թե արդյոք մեռնելո՞ւ եմ սրտիս զարկերի ուժգնության հետևանքով: Ինչպիսի՜ պահ էր դա: Հարկավոր է դրանով անցած լինել՝ դրա ի՛նչ լինելն ըմբռնելու համար:

 

193. Հուզմունքս արտաքուստ չերևաց․ բոլոր ազգականներիս հետ գրկախառնվելուց հետո ծունկի եկա անհամեմատելի Հորս առաջ՝ խնդրելով իր օրհնությունը։ Նա նույնպես ծնրադրեց և տվեց իր օրհնությունը, արցունքների հետ միասին։ Այդ տեսարանը հուզմունք պատճառած պետք է լինի նաև հրեշտակներին․ մի ծերունի, որն իր դստերը Տիրոջն է նվիրում կյանքի գարնանամուտին։ Քիչ րոպեներ անց, սրբազնասուրբ տապանի դռները փակվեցին իմ ետևում և այնտեղ ընդունեցի սիրասուն քույրերիս համբույրները. նրանց, ովքեր իմ համար մայրիկներ էին եղել և ովքեր այդուհետև կյանքի օրինակ դարձան իմ համար։ Ահա՛ և կատարված էին բոլոր փափագներս, հոգիս այնպիսի՜ խորն ու քաղցր խաղաղության մեջ էր, որ անհնարին է խոսքերով արտահայտել: Յոթ ու կես տարիներ են անցել այդ օրից, բայց խաղաղությունս դեռ իմ հետ է. ամենածանր վշտակրությունների ժամանակ անգամ չլքեց ինձ:

[1] Լեոնիան, որ Քայենի «Այցելության» միանձնուհիների վանքն էր մտել 1887ի Հուլիսի 16ին, առողջական պատճառներով հարկադրվեց որոշ ժամանակով հայրական տուն վերադառնալ 1888ի Հունվարի 6ին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։