ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ – Գրադարան – Mashtoz.org

ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ

«Վերջին Խոսքը» տիտղոսագրով, 1986ին Լիզյոյի Կարմեղոսը հրատարակում էր մի փոքրիկ գրքույկ, որն իրենում բովանդակում էր «Հիսուս Մանկան Սրբուհի Թերեզայի վերջին խոսքերը», որոնք 1897ի Մայիս-Սեպտեմբեր ամիսներին Մայր Ագնես Հիսուսին գրի էր առել օրեցօր:

Լիզյոյի հրատարակությունը, սակայն, ամբողջական չէր և զերծ չէր այն ուղղումներից ու հպումներից, որոնք Սրբուհու քույրն այլևս վարժ էր կատարել իր «դստեր» գրությունների վրա: Թերեզայի ծննդյան հարյուրամյակի առիթով էր միայն, որ Լիզյոյի Կարմեղոսը պատրաստեց և հրատարակեց Սրբուհու «վերջին խոսքերի» քննական բնագիրը, որոնք առավել կենդանի գույներով են ցոլացնում երիտասարդ կարմեղուհու հոգին, ընդմեջ այն վեհ ներշնչումների ու փափագների, որոնք գալիս են մեկ անգամ ևս հաստատելու իր հոգեկանության առանցքային գիծը, այն է՝ պարզությամբ և ուրախությամբ ամբողջական անմնացորդ ինքնանվիրում Հիսուսին և, ընդմեջ Հիսուսի, մերձավորին: Եվ ինչպես Ինքնակենսագրական Ձեռագրերի, այնպես էլ այս էջերի ընթերցումով հստակվում է, թե որքա՜ն տեղին են ասված Հռոմի Սրբազան Քահանայապետ Պողոս Վեցերորդ Պապի խոսքերը. «Սրբուհի Թերեզան վկան է քրիստոնեկան հոգեզվարթության»:

Այստեղ ներկայացվող էջերը շատ մոտ են վերոհիշյալ քննական հրատարակմանը. սա այն բնագիրն է, որի վերաբերյալ Մայր Ագնես Հիսուսին հանդիսավոր երդում տվեց 1910 թվականին:

Ինչպես շատ պարզ կերևա ընթերցման պահին, նախկին Մի Կյանքի Պատմության տասներկուերորդ գլուխն այս էջերում է գտնում իր հիմնական աղբյուրը: Առանց հարկն ունենալու որևէ բացատրության կամ մեկնաբանման, Սրբուհու երկրային վերջին օրերի ընթացքում արտասանված այս խոսքերը տալիս են վրձնի մի հետին հպում – հպումը շնորհի – Թերեզայի վավերական կերպարին, մեզ ընծայված Ինքնակենսագրական Ձեռագրերի կողմից:

Սրանք հոգևոր մտքեր են ամենազանազան հարցերի շուրջ, ինչպես ճշգրտումներ, հանձնարարումներ, աղոթքներ: Թեև խոսքը Սրբուհու իսկ ձեռքով շարադրված գրության մասին չէ, այդուհանդերձ թվում է, որ կարելի է ներկայացնել այն որպես հավասար Ինքնակենսագրական Ձեռագրերին և որպես դրանց վերջաբան:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։