1-5 Օգոստոս 1897թ. – Գրադարան – Mashtoz.org

1-5 Օգոստոս 1897թ.

1 ՕԳՈՍՏՈՍ
 
Սկսեց խոսել այն մեծ շնորհի մասին, որ ստացել էր Խաչված Հիսուսի պատկերներից մեկը դիտելիս, և որի մասին պատմում է նաև իր ինքնակենսագրության մեջ[1]: Ասաց ինձ այն, ինչն այն ժամանակ ասել էր ինքն իրեն.
 
Ա՜հ, չեմ կամենում, որ իզուր հոսի այդ անգին Արյունը: Կյանքս անցկացնելու եմ այն հոգիների համար հավաքելով:
 
Իր ինքնակենսագրության վերաբերյալ.
 
Մայր իմ, երբ մեռնեմ, կենսագրությանս մասին ոչ ոքի հետ չխոսեք, նախքան այն հրատարակելը: Խոսեցեք միմիայն մեր Մեծավորուհի Մոր համաձայնությամբ: Եթե ա՛յլ կերպ վարվեք, սատանան գործի կդնի մեկից ավելի խաբեություններ՝ Աստծո գործը ձախողելու համար ... . մի գործ, որ շատ կարևոր է:
 
Իմ համար չեն կարող ասել այն, ինչն ասում էին մեր Մայր Սրբուհի Թերեզայի մասին. «Մեռնում է, որովհետև չի մեռնում»[2]: Այո՛, բնությունս ձգտում է Երկինք գնալու, բայց շնորհը մեծ տիրապետություն է հաստատել բնությանս վրա, և այժմ միայն սա եմ կրկնում Աստծուն.
 
Ուզում եմ դեռ շա՜տ ու շա՜տ ապրել,
Տե՜ր, եթե Քո կամքը սա է.
Կամ հետևել Քեզ դեպի Երկինք,
Եթե դա հաճույք կպատճառի Քեզ:
Սերը, երկնային Հայրենիքի այս կրակը,
Սպառում է ինձ միշտ:
Ի՞նչ կարևորություն ունեն կյանքն ու մահը.
Իմ միակ երջանկությունը Քեզ սիրելն է[3]:
 
Ամեն ինչ անցնում է այս մահկանացու աշխարհում, և փոքրիկ Թերեզան նույնպես անցնում է ... : Բայց նա կվերադառնա:
 
Մեծ ուրախություն եմ զգում ոչ միայն այն ժամանակ, երբ ուրիշներն են ինձ անկատար գտնում, այլ՝ հատկապես երբ ես ինքս եմ ինձ այդպիսին տեսնում: Այս ուրախությունն իմ համար ավելի քաղցր է, քան բոլոր գովասանքները, որոնք ձանձրացնում են ինձ:
 
3 ՕԳՈՍՏՈՍ
 
«Ինչպե՞ս կարողացար հասնել այս հաստատուն խաղաղությանը, որ բնորոշ է քեզ»:
 
Մոռացա անձս և ջանացի երբեք չզբաղվել ինքս ինձնով:
 
Աղաչում եմ ձեզ, շա՜տ աղոթեցեք խեղճ մահամերձների համար: Եթե ըմբռնել կարողանայիք, թե ինչե՜ր են կրում: Քիչ բան է բավական, որ համբերությունը կորցնեն: Հարկավոր է եղբայրսիրություն ցուցաբերել և ներողամիտ լինել, ո՛վ էլ որ լինի այդ մահամերձը ... :
 
Մեզ՝ իր արյունակից երեք քույրերին.
 
Մեծ ուշադրություն ունեցեք կանոնների հանդեպ: Խոսարանում ազգականների հետ հանդիպելուց հետո զրույցի մի՛ բռնվեք ձեր միջև, որովհետև այլապես կլինեք ինչպես աշխարհում, ուր ոչնչից չեն հրաժարվում:
 
Ա՜հ, որքա՜ն է ցավում ուսս: Եթե իմանայիք ... :
 
Կամեցանք փափուկ բարձ դնել թիկունքին.
 
Ո՛չ, մի՛ խլեք ինձնից այս փոքրիկ խաչս:
 
4 ՕԳՈՍՏՈՍ
 
Իրեն ասված մի խոսքից հետո.
 
Ո՛չ, իսկապես չեմ համարում ինձ մի մեծ սրբուհի: Բայց մտածում եմ, որ Տերը կամեցավ հաղորդել ինձ այնպիսի շնորհներ, որոնք բարի ներգործություն ունեն ինչպես իմ, այնպես էլ այլոց համար:
 
Իր համար բերել էին հասկերի մի փունջ: Վերցրեց ամենագեղեցիկներից մեկն ու ասաց.
 
Մայր իմ, այս հասկը պատկերն է իմ հոգու: Ողորմածն Աստված ճոխացրեց ինձ Իր շնորհներով, իմ և շա՜տ ուրիշների համար ... : Ա՜հ, միշտ կամենում եմ կորանալ ու կքվել աստվածային պարգևների ծանրության ներքո:
 
Ապա, վախենալով հպարտ մտքեր արտահայտելուց, ավելացրեց.
 
Ա՜հ, որքա՜ն կուզենայի նվաստացված ու չարախոսված լինել, տեսնելու համար, թե ունե՞մ արդյոք սրտի խոնարհություն: Եվ սակայն, երբ մի ժամանակ ինձ նվաստացնում էին, շատ երջանիկ էի ինձ զգում ... : Այո՛, կարծում եմ, թե խոնարհ եմ ... : Բարին Աստված ցույց է տալիս ինձ ճշմարտությունը. շա՜տ լավ եմ զգում, որ ամեն ինչ գալիս է միայն Իրենից:
 
Ա՜հ, քանի՜ցս լավ եմ զգում, որ կկորցնեի արիությունս, եթե հավատք չունենայի, կամ ավելի ճիշտ՝ եթե չսիրեի մարդասերն Աստծուն:
 
Աղոթքի ժամանակ մի պահ քուն մտա: Երազիս մեջ զինվորների պակաս կար՝ պատերազմի առաքելու համար: Դուք ասացիք. «Ուղարկենք Հիսուս Մանկան Քույր Թերեզային»: Իսկ ես պատասխանեցի, որ կնախընտրեի մարտնչել հանուն սուրբ գաղափարների մղվող պատերազմում: Այնուհանդերձ, վերջիվերջո մեկնեցի:
 
Ապա ավելացրեց աշխույժ ոգևորվածությամբ.
 
Ա՜հ, Մայր իմ, որքա՜ն երջանիկ կլինեի, օրինակ, եթե պատերազմեի խաչակիրների դարում, կամ ավելի ուշ՝ պայքարեի ուղղափառ հավատքի թշնամիների դեմ: Ա՜հ ո՛չ, չէի վախենա հրացանների կրակոցներից կամ խարույկ բարձրանալուց:
Հնարավո՞ր բան է, որ ես անկողնում պառկած մեռնեմ:
 
5 ՕԳՈՍՏՈՍ
 
Կարեկցանքով էինք խոսում մեր Միաբանության անդամների մասին, որովհետև ծանր զգեստներ ենք հագնում նաև ամառվա տաքին:
 
Ա՜հ, Երկնքո՜ւմ, Երկնքո՜ւմ: Մարդասերն Աստված անշուշտ հաշվի է առնելու երկրի վրա հանուն Իր սիրո ծանր զգեստներ հագած լինելու հանգամանքը:
 
Քույր Մարիան ասաց, որ նրա մահվան պահին հրեշտակները կընկերակցեն մեր Տիրոջը, և որ նա կտեսնի նրանց շողարձակ ու շա՜տ գեղեցիկ լինելը: Պատասխանեց.
 
Պատկերացումներն ինձ ոչնչով չեն օգնում, միայն ճշմարտությամբ եմ կարողանում սնվել: Այդ իսկ պատճառով, երբեք չեմ կամեցել տեսիլքներ ունենալ: Երկինքն ու հրեշտակները երկրի վրա անհնարին է տեսնել այնպես, ինչպիսին են իրականում: Նախընտրում եմ մահիցս հետո սպասել:
 
Կրկնում եմ Հոբի նման. «Արշալույսին հուսով եմ չհասնել մթնշաղին, իսկ երեկոյան հուսով եմ կրկին չտեսնել առավոտը»[4]:
 
Իր անկողնու մոտ տեղադրել էինք Սուրբ Դեմքը պատկերող նկարներից մեկը, որը նա շատ էր սիրում, հաջորդ օրը՝ Օգոստոսի 6ին Պայծառակերպությունը տոնելու համար։ Ասաց ինձ.
 
Այո՛, մեր Տերը ճիշտ է վարվել՝ աչքերը խոնարհելով: Քանի որ աչքերը հոգու հայելին են, եթե կարողանայինք հայել Իր հոգուն, կմեռնեինք ուրախության հորդումից:
Ա՜հ, այս Սուրբ Դեմքը, որքա՜ն օգնեց ինձ կյանքիս ընթացքում: Երբ շարադրում էի «Ապրել սիրելով» բանաստեղծությունս, ներշնչեց ինձ և այն թղթին հանձնեցի առանց որևէ դժվարության: Պարզապես հիշողությամբ, երեք քառորդ գիշերվա լռության պահին, գրեցի այն տասնհինգ տները, որ հորինել էի օրերի ընթացքում: Այդ օրը սեղանատուն գնալիս դեռ նոր էի մտահղացել այս տունը.
«Ապրել ըստ սիրո՝ նշանակում է չորացնել արնածոր Դեմքդ և ներում աղերսել մեղավորների համար ... »:
Իր պատկերի առջևից անցնելիս կրկնում էի այս խոսքերը մե՜ծ սիրով: Դիտելով Նրան՝ չէի կարողանում զսպել արցունքներս:
 
Վերոհիշյալ պատկերը գտնվում է եկեղեցուց դեպի սեղանատուն տանող սրահում:
 
Եսայի մարգարեի այս խոսքերը. «Ո՞վ հավատաց խոսքերիդ, Տե՜ր, ... դրանք անշուք են ու անզարդ ... »[5], հիմքը կազմեցին Սուրբ Դեմքի հանդեպ ունեցածս ջերմեռանդության, կամ ավելի ճիշտ՝ իմ ամբողջ աստվածապաշտության: Ես նույնպես կամենում էի զուրկ լինել փայլից ու արտաքին գեղեցկություններից, միայնակ՝ խաղողը հնձանում տրորելիս[6], անծանոթ՝ բոլոր արարածներին:
 

[1] Հմմտ. Ձեռագիր Ա., հատ. 134:

[2] Այսինքն՝ այնքա՜ն է տենչում մահանալ, որ մահանում է չմահանալու վշտից: Santa Teresa d'Avila, Opere, Poesie, 1.

[3] Տե՛ս՝ Հավելված Է.:

[4] Հոբ 7, 4

[5] Հմմտ. Ես 53, 1-2

[6] Ես 63, 3

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։